×


«Մարդը ափի մեջ». Սեւակի կիրքն ու ոգին՝ Համազգային թատրոնի բեմում

Ձմեռային ցուրտ երեկոն ջերմացրին ու զգացմունքների իսկական տեղատարափ առաջացրին Պարույր Սեւակն ու համազգային թատրոնի դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Հարություն Սարգսյանը, Անդրանիկ Միքայելյանը, Վահագն Սամվելյանը եւ Միլենա Ղազարյանը: Նրանք Սեւակի 100-ամյակին նվիրված «Մարդը ափի մեջ» բեմադրությամբ բանաստեղծին ներկայացնում են նորովի ու տարբերվող, բռնկուն ու սիրահարված, խենթ ու համարձակ, երաժշտական ու ժամանակի շունչը զգացող, համամարդկային ու նաեւ մեզնից մեկը դարձած:

Նարինե Ղազարյանին փրկած Սեւակը

Բեմադրման հեղինակը BRAVO.am-ին պատմեց, որ Պարույր Սեւակի 100-ամյակին նվիրված ներկայացում անելու առաջարկություն են ստացել գրականագետ Սեւակ Ղազարյանից: Նա ցանկություն է հայտնել անդրադառնալ Սեւակի անավարտ վեպին կամ էլ «Մարդն ափի մեջ» ժողովածուին։


«Տաթեւ Ղազարյանն արդեն վեպը կարդացել էր, ես էլ ծանոթացա, բայց այդ անավարտությունն ինձ մի քիչ խանգարեց: Ամեն դեպքում մենք Սեւակին մի քիչ այլ կերպ գիտենք, իսկ բեմադրելու համար պետք է քո ճանաչած մարդուն ներկայացնես: Սեւակին անդրադառնալն ինձ համար կարեւոր էր, որովհետեւ արցախյան դեպքերից հետո փակվել էի իմ մեջ եւ որեւէ բան անելու ցանկություն չունեի: Տարիներ շարունակ ապրել ենք Արցախ ունենալու գիտակցումով ու պայքարով, հանկարծ ամբողջ կյանքն իմաստազրկվեց։ Իմ գերդաստանն է այստեղ՝ անտուն, անտեր, այդ ամենից թեւաթափ ես լինում ու կոտրվում, բայց պետք է շնորհակալություն ասեմ Պարույր Սեւակին, որն ինձ շատ օգնեց»,- խոստովանեց Գրիգորյանը:


Բանաստեղծն իր համար առանձնահատուկ է նաեւ նրանով, որ հայրիկն էր շատ սիրում ու հավաքույթների ժամանակ անպայման արտասանում «Ուզում եմ» ու «Գժվում եմ» գործերը, իսկ ինքը՝ «Բարեւ»-ը:

«Պապայիս հետ խաղ ունեինք. նա ասում էր «Պարտականության ու սիրո միջեւ», ես  շարունակում էի. «Այդ ես եմ տնկված՝ ուղեփակոցի գերանի նման»։ Այդ խաղը մեզ հաճույք էր պարգեւում, եւ ինչպես «Դու» բանաստեղծության մեջ է ասում. «Եվ ահա ես երջանկության համն եմ զգում իմ բերանում», անկեղծ՝ ներկայացումն անելիս անընդհատ այդ համն եմ զգացել իմ բերանում: Պրեմիերային չեմ վախեցել ու մտածել՝ արդյոք կհավանեն, երջանկություն էր ներկայացնել նման լայն մտածող մարդու գործերն ու փիլիսոփայությունը, որոնք միեւնույն ժամանակ այնքան սիրուն են»,- նշեց նա:


Սեւակի ազդեցությունը

«Մարդը ափի մեջ» ներկայացման պրեմիերան հունվարի 24-ին էր՝ բանաստեղծի 100-ամյակին, տոմսերը սպառվել են ժամերի ընթացքում: Ներկայացումն այնպիսի հետաքրքրություն է առաջացրել, որ որոշել են եւս մեկն էլ հունվարի 29-ին ավելացնել: Նարինե Գրիգորյանը հաջողությունը պայմանավորում է Սեւակի ազդեցությամբ. մարդիկ բեմադրությանը ծանոթ չլինելով՝ այդքան շատ են ուզում այն դիտել:

«Սեւակը բարձր տեղ ու ժողովրդականություն ունի՝ այնքան մերն է ու մեր սրտին մոտ, հանդիսատեսն ինքն է որոշել, թե ինչպիսին պիտի լինի ներկայացումը։ Նախ փոքր դահլիճում էինք որոշել անել, սակայն փորձերի ընթացում հասկացանք, որ տեղը փոքր է, բարեբախտաբար, բեմն ազատ էր ու թատերական ինստիտուտն այն մեզ տրամադրեց: Հանդիսատեսը նստում է բեմի վրա ու դերասաններին ափի մեջ վերցնում»,- ոգեւորված պատմեց նա:


Ստեղծման բուռն ու արագ ընթացքը

Ներկայացման խոսքի վրա աշխատել է դերասանուհի Տաթեւ Ղազարյանը, նրա ընտանիքում էլ Սեւակի մեծ սիրահար է մայրը՝ Արեւ Սանթրոսյանը.
«Մայրս ռոմանտիկ մարդ է ու դիտողություն անելիս, թե գովերգելիս Սեւակին է մեջբերում: Մի օր էլ ասաց. «Եվ ինձ լսելով՝ կարող են ասել «Գժվե՞լ է, ինչ է»»։

Ղազարյանը նշեց, որ ներկայացումը շատ արագ են ստեղծել՝ մոտ 15 օրում, մինչեւ ուշ գիշեր ամբողջ կազմով մնացել են թատրոնում, միասին հետաքրքիր ու հաճելի ստեղծագործական ընթացք վայելել: Սակայն անգամ իրենք չէին կարող պատկերացնել, թե վերջնական արդյունքում ինչ կստացվի:

Նարինե Գրիգորյանը, Ղուկաս Մադոյանը եւ Տաթեւ Ղազարյանը


«Միայն մեկ բանում էինք համոզված, որ Համազգային թատրոնն անպայման պետք է անդրադառնա Սեւակի 100-ամյակին։ Սկզբում մտածեցինք ներգրավել ասմունքի ասպարեզում մասնագիտացած Դավիթ Հակոբյանին ու Արման Նավասարդյանին, բայց գնացինք հակառակ ճանապարհով՝ որոշեցինք Սեւակին հնչեցնել երիտասարդ սերնդի միջոցով»,-շեշտեց նա:

Նախ դերասաններին են առաջարկել ընտրել իրենց սիրելի գործերը. եթե դրանք նրանց հոգուց չբխեին ու ապրված չլինեին, հանդիսատեսին էլ չէին կարող հուզել: Ապա Գրիգորյանն ու Ղազարյանը հասկացել են, որ պետք է Սեւակին այնպես անդրադառնալ, ինչպես նախկինում ոչ մեկը չի արել, այլապես անիմաստ կլիներ: Նախկինում Վլադիմիր Աբաջյանը, Արթուր Ութմազյանը, Սարգիս Նաջարյանն ու ուրիշներ ներկայացրել են բանաստեղծի գործերն, ու Համազգայինը պետք է Սեւակի սեփական մեկնաբանությունը գտներ:

«Մեզ միացավ թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի երաժշտական խմբի դաշնակահար Արմեն Շահինյանը, նրա մանկության երազանքն է եղել թատրոնում դերասանների հետ որեւէ գործ անել: Նա նաեւ ներկայացման համար երգեր է գրել Սեւակի խոսքերով»,- ավելացրեց Նարինե Գրիգորյանը:


Ներկայացումը 3 օղակի շուրջ են կառուցել՝ «Ես» («Խոստանում եմ», «Ատում եմ», «Գժվում եմ», «Վիճում եմ», «Աղաչում եմ»), «Դու» («Դու», «Դու մի հարցրու», «Քո անունը», «Սերը»), «Մենք» («Երգել», «Մեռնել», «Ապրել»): Ինչպես Նարինե Գրիգորյանն է իրավացիորեն ասում, «Մարդը ափի մեջ»-ը ոչ թե պատմելու, այլ տեսնելու եւ զգալու ներկայացում է, որովհետեւ անհնար է փոխանցել բեմի վրա հայտնված «չորս Սեւակների» ու նրա մուսայի՝ կարմրազգեստ կնոջ բռնկումները, շշունջները, վեճերը, միմյանց հետ չհամաձայնելը, խմելն ու երգելը:

«Ուրախ եմ, որ մեր թատրոնում նման ներկայացում ստեղծվեց եւ այն դեռ երկար կյանք կունենա: Դա նաեւ մեր դերասանների հրաշալի կատարման շնորհիվ է: Լավ աշխատեցին ու ամեն ինչ հաղթահարեցին՝ դուրս գալով ասմունքի շրջանակներից, նրանց կատարմամբ բանաստեղծությունները զրույց դարձան, վեճ, սեր, ամեն տեսակ հարաբերություն: Սեւակը բոլորիս իր շուրջն էր հավաքել, ու դրանում մոգական բան կար: Մեր թատերախմբի վարիչ Գայանե Անդրեասյանը, ով անձամբ է ճանաչել Սեւակին, ասաց. «Մի բան հաստատ է՝ Պարույրը սա շատ կսիրեր», ինչը մեզ համար մեծ գնահատական է»,- ավելացրեց Տաթեւ Ղազարյանը:


«Սեւակով կարելի է իրոք ապրել, ոչ թե ասմունքել»

Համազգային թատրոնում ներկայացումը դիտելու էին եկել նաեւ Պարույր Սեւակի ընտանիքի անդամները՝ որդին ու թոռները:

Պարույր Սեւակի որդին՝ Արմեն Ղազարյանը (մեջտեղում)


Պարույր Սեւակի թոռը՝ գրականագետ Սեւակ Ղազարյանը, որը նաեւ բանաստեղծի տուն-թանգարանի տնօրենն է, խոստովանեց, որ ներկայացումը շատ է հավանել. «Մոտեցումներն էին նորովի, հետաքրքիր, արդիական ու նաեւ շատ սեւակյան: Սեւակի ոգին, շունչը, կիրքն ու կյանքային եռքը, որ միշտ հատուկ է եղել իրեն՝ որպես մարդու, գրողի, ու իր գրականությանն ընդհանրապես ներկայացման մեջ կային։ Այսպիսի գործերը նորովի են բացահայտում Սեւակին, եւ որպես հարյուրամյակի մաղթանք՝ կցանկանամ, որ նման ներկայացումներ շատ լինեն»:

Պարույր Սեւակի թոռը՝ Սեւակ Ղազարյանը


Նա չի էլ պատկերացրել, որ «Ատում եմ» բանաստեղծությունը կարելի է վեճի տեսքով ներկայացնել, բայց նաեւ նշում է, որ մեծ գրականությունը հենց դրանով է հրաշալի՝ մեկնաբանություններն ու մոտեցումները կարող են տարբեր լինել։

«Վստահ եմ՝ ոչ մի հանդիսատես անտարբեր չի գնա, նորից կբացեն ու Սեւակ կկարդան, իսկ դա գլխավոր նպատակն է, որ սեւակյան խոսքը նորից մարդկանց հասնի: Հանդիսատեսը կհասկանա, որ Սեւակով կարելի է իրոք ապրել, ոչ թե ասմունքել եւ արտասանել, նրա գործերը կյանքային են ու մեզ հետ պետք է լինեն ոչ թե հատուկ պահերի ու առիթների, այլ ամեն օր»,- ավելացրեց Սեւակ Ղազարյանը:
 
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW