×


«Սպենդիարյանի չարչարանքները». հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի ծնունդը

Հայ երաժշտության զարգացման մեջ մեծ է հատկապես Ալեքսանդր Սպենդիարյանի ունեցած ավանդը, ով տվել է հայկական ժողովրդական հարուստ երաժշտության օգտագործման հոյակապ նմուշներ, նպաստել ռոմանսի ու հատկապես օպերայի հետագա զարգացմանը, եւ ում անվան հետ է կապվում ազգային դասական սիմֆոնիկ երաժշտության եւ հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրումը:

«Իմ խորին համոզմամբ Սպենդիարյանը եւ Կոմիտասը հանդիսանում են հայ դասական երաժշտության հիմնադիրները: Նրանք նշեցին հայ երաժշտական ստեղծագործության զարգացման գլխավոր ուղիները շատ տասնամյակներ առաջ»,- ասել է Արամ Խաչատրյանը («Երեկոյան Երեւան», Մարդ՝ մեծատառով, դեկտեմբերի 17, 1971 թ., էջ 1):

Եզները տանում են բեռները

1919 թվական: Իր նամակներից մեկում Ալեքսանդր Սպենդիարյանը գրում է. «Չեմ կարող չհայտնել իմ մեծ ցանկությունն ապագայում Հայաստանի մշակութային գլխավոր կենտրոնում հաստատվելու մասին...»:

1924 թվական: «Ցարսկայա» փողոցով մի սայլ էր բարձրանում՝ բեռնված Ալեքսանդր Աֆանասեւիչի իրերով: Կատարվել էր կոմպոզիտորի վաղեմի երազանքը՝ նրան բնակարան էին տվել Հայաստանում՝ Կոնդի ամենավերին մասում: Սկզբնական շրջանում Մարտիրոս Սարյանի հետ դեպի Կոնդ բարձրանալիս Հայաստանի գրավիչ պեյզաժներով հիացող կոմպոզիտորի համար դրանք դարձան լոկ ֆոն. նրան սկսել էր գրավել աշխատանքը:

Իսկ աշխատանքը եռում էր ամենուրեք: Ստեղծվում էին բոլոր «առաջինները»՝ առաջին հիդրոկայանը, առաջին պետական դրամատիկական թատրոնը, առաջին գեղարվեստական ստուդիան, առաջին համալսարանը: «Առաջնեկների» ստեղծման գործընթացում նա նույնպես որոշեց հայրենիքի զարգացման գործում իր ավանդն ունենալ:

Մի անգամ, Հայաստան գալուց մի երկու շաբաթ հետո, նա մտել է նորաստեղծ կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանի մոտ եւ ասել նրան, որ անհրաժեշտ է սիմֆոնիկ նվագախումբ ստեղծել:

Այդ հարցի կապակցությամբ վեճերը կոմպոզիտորից արժեքավոր ժամանակ են խլել: Ալեքսանդր Սպենդիարյանն առաջարկել է այն ստեղծել՝ հենվելով կոնսերվատորիայի ուժերի վրա: Լսելով Սպենդիարյանի առաջարկը՝ ռեկտոր Արշակ Ադամյանը տարակուսել է, որ այդ ձեռնարկումն անժամանակ է՝ նկատի ունենալով ուսանողների դեռ «թույլ» լինելը եւ փողային գործիքներ նվագողներ չունենալը: Իսկ Սպենդիարյանը նրան պատասխանել է. «Ոչինչ, Արշակ Աբգարովիչ, այդ ամենը մենք կհաղթահարենք», եւ անմիջապես սկսել է նվագախմբի անդամների ցուցակ կազմել:

Լուսանկարը՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքից Արշակ Ադամյանը` Կոնսերվատորիայի առաջին սիմֆոնիկ նվագախմբի հետ


Ռոմանոս Մելիքյանը նորաստեղծ Կոնսերվատորիայում հերթական պարապմունքն էր անցկացնում, ստեպ-ստեպ հանում էր գրպանի ժամացույցն ու ստուգում ժամանակը: Պարզ էր, որ նա նշանավոր այցելուի էր սպասում: Շուտով երեւում է փառահեղ մուշտակի մեջ փաթաթված վտիտ, նիհարակազմ ու միջահասակ մի մարդ՝ պարզ ու բարի դեմքով, գրավիչ ու առինքնող: Ռոմանոս Մելիքյանը ջերմորեն ողջագուրվում է եկվորի հետ եւ թեւանցուկ առաջնորդում իր աշխատանոցը:

Դահլիճում էին հավաքվել կոնսերվատորիայի մեծահասակ ուսանողները եւ դասախոսները՝ իրենց գործիքներով: Քիչ անց գալիս է Սպենդիարյանը:

«Այսօր բոլորիս համար պատմական նշանակալից օր է: Մեր սիրելի Ալեքսանդր Աֆանասեւիչի գլխավորությամբ եւ ղեկավարությամբ հիմք ենք դնում լարային նվագախմբին, եղե՛ք լրջամիտ եւ ուշադիր: Շնորհակալ ենք մեր մեծ երաժշտից, որ համաձայնեց հանձն առնել այս կարեւոր գործի ղեկավարությունը, եւ որի նշանակությունն այնքան մեծ է մեր մշակութային կյանքում»,- դիմելով հավաքվածներին՝ ասել է Ռոմանոս Մելիքյանը:

Բոլորը հուզվել էին, արտաքնապես հանգիստ էր միայն Սպենդիարյանը:

«Մենք պատկերացնել անգամ չէինք կարող, թե որքան դժվար է անփորձ ուսանողներով եւ թերակազմ նվագախմբով, որտեղ բացակայում են փայտյա եւ պղնձյա փողային մի շարք գործիքներ, կատարել լրիվ կազմի համար գրված սիմֆոնիկ երկեր»,- ասել է նորաստեղծ նվագախմբի անդամ Խորեն Թորջյանը:

Պարզ եւ մատչելի կոմպոզիտորը

Մի շատ սովորական օր հուզմունքից կարմրած 19 պատանիներ դահլիճում իրենց առջեւ էին դրել դասարանական նոտակալները, եւ Ալեքսանդր Աֆանասեւիչը կանգնել էր դիրիժորական վահանակի առաջ: Նվագախումբը կազմվել էր լարային դասարանների հինգ մանկավարժներից եւ առավել առաջավոր աշակերտներից: Աշխատանքը սկսել էր եռալ:

«Մինչ այդ Կոնսերվատորիայում աղմուկ չէր լսվում եւ ոգեւորություն չէր զգացվում: Լսվում էին միայն վարժությունների միատոն հնչյուններ. այդ իրենց գործիքների վրա նվագում էին «միայնակները»: Բայց ահա ժամանեց Սպենդիարյանը, մտավ դասարաններից մեկը, երկրորդը եւ զգաց, որ կան թաքնված ուժեր, եւ որ ժամանակն է հայտնաբերել ու համախմբել նրանց: Այդ ժամանակվանից Կոնսերվատորիան վերածվեց մի ամբողջության, եւ Ալեքսանդր Աֆանասեւիչը դարձավ նրա հոգին»,- գրել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը:

Փորձերը տեղի էին ունենում առավոտյան եւ երեկոյան: Երկու անգամ Կոնդ չբարձրանալու համար Ալեքսանդր Սպենդիարյանն իր ցերեկային հանգիստն անց էր կացնում ծանոթների՝ մեծ մասամբ միասին բնակվող Սպիրիդոն Մելիքյանի եւ Միքայել Միրզոյանի մոտ, որոնք անչափ հոգատար էին իրենց գործունյա, բայց փխրուն ընկերակցի նկատմամբ:

Լուսանկարը՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքից Կոնսերվատորիայի առաջին դասախոսները


Կարճատեւ քնից հետո, թարմացած ուժերով կոմպոզիտորը կրկին գնում էր Կոնսերվատորիա՝ ճանապարհին հանդիպելով ուսանողների, որոնք նրանից չէին կտրում իրենց հետաքրքրասեր հայացքները:

«Հարգանքներս»,- բարձրաձայն դիմում էր նրանց կոմպոզիտորը՝ բարձր վեր հանելով գլխարկը: Նա զարմացնում էր նրանց իր պարզությամբ:

«Մի օր ինչ-որ առիթով մոտեցա նրան եւ հարցրի՝ «Ղրիմի էսքիզները» Ձե՞րն է: Ես նրան այդպես հարցրի, որովհետեւ մեր առաջին իսկ հանդիպմանը նա ինձ զարմացրեց իր պարզությամբ: Արվեստի աշխատողների պրոֆեսիոնալ միությունում էր: Այդտեղ էր եկել գրանցվելու կարճահասակ, ռուսադեմ մի մարդ: Նրան դիմեցին. «Ձեզ ինչպե՞ս գրանցենք»: Նրա պատասխանը շատ պարզ էր, ասես հիշատակում էր մի շարքային ազգանուն. «Սպենդիարյան, կոմպոզիտոր»: Ես չհավատացի ականջներիս: Իմ պատկերացմամբ Սպենդիարյանը բարձրահասակ էր, սեւահեր, գոռոզ եւ մռայլ, ինչպես սովոր էի տեսնել հռչակավոր մարդկանց: Որոշեցի՝ այն Սպենդիարյանը չէ, որի «Էսքիզները» լսել էի Թիֆլիսում, այդ պատճառով էլ այդպիսի հարց տվեցի»,- ասել է կոմպոզիտոր Սերգեյ Շաթիրյանը:

Գնում էր «Ինտերնացիոնալ» ճաշարան, որտեղ սովորաբար ճաշում էին ժամանակի մտավորականներն՝ աշակերտների մի հսկայական բազմության հետ: Նրանց համար մի քանի սեղան էր զբաղեցնում եւ ճաշելով նրանց ինչ-որ բաներ էր բացատրում, չափ էր տալիս եւ երգում էր:

Ալեքսանդր Սպենդիարյանը գլխովին թաղվել էր Երեւանի երաժշտական կյանքի մեջ՝ ուսումնասիրելով նրա հնարավորությունները: Նա տառացիորեն ամենուրեք էր: «Սպենդիարո՜վը, Սպենդիարո՜վը»՝ բացականչում էին Պիոներական նվագախմբի փոքրիկ փողհարները՝ հեռվից նկատելով ծանր մուշտակի մեջ փաթաթված ծանոթ մարդուն: Մի անգամ կոմպոզիտորը Պիոներական նվագախմբի կապելմեյստեր Թեյմուրազյանի մոտ բերեց «գջլոտ», անապաստան, բայց շատ ժիր երեխաների:

«Սրանք դժբախտ երեխաներ են, որոնք որբ են մնացել հայերին պատահած աղետի հետեւանքով: Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան ընդունակ են սրանք»,- ասել է Սպենդիարովը կապելմեյստերին:

Տարված այն մտքով, որ տղաներին կարելի է արվեստին հաղորդակից դարձնել՝ նա տաքացած կրկնում էր. «Չէ՞ որ երեխաները երկրի ապագան են: Մի՞թե կարելի է թույլ տալ, որ նրանցից ավազակներ դուրս գան»:

Նրան հաճախ կարելի էր տեսնել Երեւանի աղոտ լուսավորված փողոցներում: Կանգնելով տափակ կտուրներով տների լուսամուտների տակ՝ նա ուշադիր ականջ էր դնում այնտեղից եկող երաժշտությանը, գրի էր առնում երաժիշտների հասցեները, հրավիրում էր նրանց Կոնսերվատորիա:

Ալեքսանդր Սպենդիարյանի դիրիժորական փայտիկի պատյանը, բաճկոնն ու ուսանողների նվիրած պայուսակը


«Հայաստանի երաժշտական կյանքի սկիզբն է, երաժշտական կրթության, համերգային կյանքի սկիզբը, ֆիլհարմոնիայի, օպերայի սկիզբը: Պետք է երիտասարդ, շնորհալի մարդկանց նկատմամբ ցուցաբերել հատուկ հոգատարություն եւ ուշադրություն»,- ասել է նա իր կոլեգաներին եւ աշակերտներին (Մարինա Սպենդիարյան, «Երաժշտի կյանքը», Երեւան, 1971 թ.):

Ծխուկով նվագախումբ ղեկավարողը

Ինչպես հիշում է հայկական ժողովրդական երգի-պարի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թաթուլ Ալթունյանը, նա աշխատում էր անչափ մանրակրկիտ՝ ուղղելով հնչյունը՝ ռիթմիկ ու ինտոնացիոն իմաստով, եւ ձգտում էր, որ այն հնչի առավելագույն ճշգրտությամբ:

Փորձի կեսին նա հանում էր իր պիջակը եւ խնամքով կախելով աթոռի մեջքին՝ շարունակում էր ղեկավարել նվագախումբը:

«Բորբոքվելով նա իր ձեռքը մեկնում էր առաջին ջութակների կոնցերտմայստերին եւ վերցնում իրեն հապճեպ մատուցվող ծխախոտատուփից գլանակներ, մեկը ծխում էր, մյուսը՝ թաքցնում ականջի հետեւը: Եվ ոչ մի վայրկյան չընդհատելով նվագախմբին՝ շարունակում էր ծխուկով ղեկավարել»,- պատմել է կոմպոզիտոր, դիրիժոր Սերգեյ Շաթիրյանը:

Փորձը վերջանում էր, բայց աշակերտները չէին ցրվում: Նրանք միշտ առիթ էին որոնում մոտենալու նրան, զրուցելու նրա հետ, օգտավետ խորհուրդներ քաղելու նրանից: Ավագ ուսանողները սեղմ օղակով շրջապատում էին նրան, հարցասեր պատանիները ջանում էին խցկվել նրա մոտ: Սպենդիարյանը, ով փորձի ժամանակ խիստ ու պահանջկոտ էր, դառնում էր ուրախ ու սրտաբաց, երբ ավարտվում էին պարապմունքները: Նա նկատում էր իր աշակերտներից յուրաքանչյուրին, պատասխանում բոլոր հարցերին՝ շռայլորեն հաղորդելով նրանց իր փորձը:

Պատանի կոմպոզիտորները նրան ցույց էին տալիս իրենց ստեղծագործությունները: Հենց դասարանում, տեղավորվելով դաշնամուրի մոտ, նա ուշադիր զննում էր նրանց ծուռումուռ ձեռագրերը՝ մանրակրկիտ կերպով պարզաբանելով նրանց սխալները եւ ջանալով խորհուրդների ու օրինակների հիման վրա սովորեցնել (Սովետական Հայաստան, Աշակերտները, համար 12, 1961 թ., էջ 27):

Լուսանկարը՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքից Ալ. Սպենդիարյանի դիմանկարը, Սիմոն Գալստյան, 1971 թ.


«Ալեքսանդր Աֆանասեւիչը միշտ այնպիսին էր, ինչպես տանը: Արտաքին ոչ մի անսովորություն, տիրական, բայց եւ պարզ էր, ամեն ինչ հորդում էր ներսից, երաժշտական բարձրագույն վիճակից: Ես երազում էի, որ նա լսեր իմ ստեղծագործությունները, բայց նրա զբաղվածությունն ինձ թույլ չէր տալիս այդ մասին խնդրել: Երբ ես կակազելով փորձեցի խնդրել, նա բացականչեց՝ «Աղավնյա՜կս, մեծ ուրախությամբ»: Եվ նշանակեց ինձ համար այդ կարեւոր օրը:

Եկա կատարողների հետ: Կատարվեցին թավջութակի պիեսները («Երազ» թավջութակի պոեմը), ջութակի համար գրված պարը եւ դաշնամուրային պոեմներ: Նա նստած էր դաշնամուրի կողքին եւ ուշադրությամբ հետեւում էր նոտաներին: Յուրաքանչյուր գործից հետո պահանջում էր դադար եւ ինչ-որ բանի մասին մտածում: Երբ բոլորը կատարվեց, նա ասաց. «Չափազանց տաղանդավոր է, չափազանց վառ»: Նա ասաց, որ եթե ուսումնասիրեմ կոմպոզիտորի տեսությունը, ինձնից լուրջ կոմպոզիտոր դուրս կգա»,- ասել է Արամ Խաչատրյանը (Ավանգարդ, Արամ Խաչատրյան, համար 148, 1971 թ., էջ 4):

Նվագախմբում մասնակցող մանկավարժների հետ ընթրիքի նստելով՝ կոմպոզիտորը ավարտում էր աշխատանքային օրը: Նա տուն էր վերադառնում ուշ երեկոյան՝ դժվարությամբ քարշ տալով ոտքերը, հոգնած ու լռակյաց: Բայց երբ իրեն ուղեկցում էին իր աշակերտները՝ բացելով զրույց տեսության մասին, աշխուժանում էր: Ուրախ, ոգեւորված, րոպե առ րոպե դառնալով դեպի իրեն ճանապարհող աշակերտները՝ նա իջնում էր Կոնսերվատորիայի աստիճաններով եւ քայլում փողոցով:

Ալեքսանդր եւ Ելենա Մելիք-Աղամովներն ու նրանց տունը


Լսելով նրա կրակոտ ճառերը՝ նրանք շարքով գնում էին նրա հետեւից: Կանգ առնելով Մելիք-Աղամալյանների առանձնատան դարպասների մոտ՝ Կոնդում միակ լապտերի լույսի տակ, Սպենդիարյանը դեռ երկար ժամանակ խոսում էր՝ փոխեփոխ շարժելով ոտքերը, բառերը ուղեկցելով ձեռքի եռանդուն շարժումներով: Վերջապես լսվում էր դարպասի մոտ կախված զանգի խուլ զնգոցը, որին հետեւում էր լռակյաց ծառայի բոբիկ ոտքերի շմփոցը: Կոմպոզիտորի դեմքը մտահոգվում էր, նա հապճեպ հրաժեշտ էր տալիս աշակերտներին եւ հենվելով ձեռնափայտին՝ իջնում էր քարե սանդուղքներով:

Իսկ տանը նրան սպասում էին նամակները՝ ստացած Սուդակից, որտեղ գտնվում էին իր կինն ու երեխաները: Դրանք լի էին Երեւանին վերաբերող վառվռուն հարցերով եւ ծիծաղելի պատմություններով երեխաների կյանքից: Վերջում գրված էին երեխաների ոտքերի չափսերը, եթե, իհարկե, երեւանյան խանութներում հնարավոր էր մանկական կոշիկ ճարել: Նյութական դրության նեղվածություն էր կարդացվում նամակների տողամիջում:

Առաջին սիմֆոնիկ նվագախումբը՝ բեմին

Համերգի հայտագիրը բաղկացած էր Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից՝ «Ղրիմի էսքիզներ»-ի առաջին եւ երկրորդ շարքից, «էտյուդ հրեական թեմաներով»-ից: Առաջին օրը փորձել են «Պարայինը» եւ «Էլեգիականը», որոնք գործիքավորման տեսակետից ավելի պարզ էին ու կատարման տեսակետից ավելի մատչելի:

«Այդ օրը աշխատեցինք 4 ժամ: Առաջին իսկ հնչյունները գերեցին մեզ, եւ մենք չնկատեցինք անգամ, թե ինչպես անցան ժամերը: Անսահման էր Ալեքսանդր Աֆանասեւիչի ոգեւորությունը, եւ այդ ոգեւորությունը թեւավորում էր մեզ՝ սկսնակ երաժիշտներիս: Չեմ կարող հավաստիացնել, թե մեզ նման անփորձ ու սկսնակ երաժիշտներից բաղկացած նվագախմբի հետ աշխատելը բավականություն պատճառեր Սպենդիարյանին: Փորձերը կանոնավոր կերպով տեղի էին ունենում Կոնսերվատորիայի դահլիճում, մինչեւ համերգի օրը»,- պատմել է Խորեն Թորջյանը:

Լուսանկարը՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքից Մարտիրոս Սարյանը եւ Վադիլեն Բալյանը (Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի առաջին տնօրեն)


Նվագախմբի առաջին համերգը նշանակված էր դեկտեմբերի 10-ին: Ալեքսանդր Աֆանասեւիչը, որ վերջին փորձերի ժամանակ առանձնապես հուզված էր, րոպե առ րոպե ձեռքը մեկնում էր ծխախոտատուփին եւ տեղ չգտնելով, ուր կարող էր ծխուկը նետել, ղեկավարում էր նվագախումբը՝ հարմարեցնելով այն մատների արանքում:

Երեւանի հասարակության կողմից անհամբերությամբ սպասվող դեկտեմբերի 10-ի երեկո: Պետական թատրոնի շենք: Երաժիշտներն իրենց տեղերում նստած լարում էին գործիքները: Այդ նույն պահին արտիստական նախասրահում հուզմունքով քայլող Սպենդիարյանի գունատ, սափրած դեմքը գրավեց  դերասաններից մեկի ուշադրությունը:

«Նրա աջ ականջի ետեւում գլանակ էր խցկված:

- Մաեստրո՛, Ձեզ ի՞նչ է պատահել,- դիմեցի նրան՝ զգալով նրա լարված տրամադրությունը: Ետ դառնալով՝ նա խոսեց արագ, կրքոտ, ինձ՝ այն ժամանակ սկսնակ դերասանիս, ապշեցնող անկեղծությամբ:

- Հուզվում եմ, սոսկալի հուզվում եմ: Չէ՞ որ սա հայկական սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգն է: Միայն հինգն են իսկական երաժիշտներ, մյուսները նվագախմբին մասնակցում են միայն մեկ ու կես ամիս: Վախենում եմ, որ նրանք մոռանան նրբերանգները…

Լսվեց երրորդ զանգը, նա սթափվեց եւ արագորեն ուղեւորվեց դեպի բեմ: Ես հազիվ կարողացա նրա ականջի ետեւից հանել գլանակը: Մտնելով դահլիճ՝ մաեստրոյի մեջքից ու նրա կամային շարժումներից հասկացա, որ կարողացել էր հաղթահարել իր հուզմունքը»,- պատմել է Օրի Բունիաթյանը (Սովետական Հայաստան, Նվագախմբի առաջին համերգը, համար 12, 1961 թ., էջ 28):

Նվագախումբը կատարել է «Էտյուդ հրեական թեմաներով»-ը, «Ղրիմի օրորոցային»-ը, «Սիրուհուս»-ը եւ հիասքանչ էլի մի քանի պիեսներ: Այնուհետեւ Սպենդիարյանը Արշակ Ադամյանի հետ դաշնամուրի վրա նվագել է հատվածներ «Ալմաստ»-ից:

«Այդ ժամանակ մենք զգացինք, թե ինչպիսի մեծ երաժիշտ է կանգնած մեր առջեւ եւ ինչպիսի անսպառ համբերությամբ ու սիրով է պարապում նա մեզ հետ»,- պատմել է  նվագախմբի անդամ Ռուբեն Վարդանյանը:

«Նա հայրենիքից հեռու էր ծնվել: Մանկուց նրա ականջներում չէր հնչել հայրենի բնաբուխ երգը, նա բախտ չէր ունեցել հայ գեղջուկի շուրթերից լսելու նրա հորովելներն ու անտունիները. հազարամյակների խորքից ձգվող նրա տաղերն ու խաղերը: Բայց քանի որ նա մեծ էր ծնվել, ապա չէր կարող նաեւ ազգային չլինել»,- ասել է Վահագն Դավթյանը (Երեկոյան Երեւան, Հայրենի երգի ուխտավորը, դեկտեմբերի 17, 1971 թ., էջ 1):

Համերգին հանդես են եկել նաեւ Ռոմանոս Մելիքյանի կինը՝ Արուս Բաբալյանը, եւ երգիչներ Մուշեղ Աղայանը, Մ. Միհրանյանը: Այնքան ունկնդիրներ են հավաքվել, որ ասեղ գցելու տեղ չի եղել: Եկել էին կուսակցական եւ պետական ղեկավարները, պաշտոնական անձինք, արվեստի, մշակույթի եւ գիտության նշանավոր դեմքեր:

Լուսանկարը՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքից Հայաստանի սիմֆոնիկ եւ Թիֆլիսի պետ. օպերային թատրոնների նվագախմբերը


Համերգն ունեցել է անասելի հաջողություն: Յուրաքանչյուր գործը հանդիսականների պահանջով կրկնվում էր երկրորդ անգամ: Համերգի վերջանալուց հետո ունկնդիրները երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էին օրվա հերոսին: Հուզմունքից եւ երջանկությունից փայլում էր Սպենդիարյանի դեմքը, թեպետ նա չէր ենթադրել այսպիսի ցնծագին եւ խանդավառ ընդունելություն: Բայց անսպասելին դեռ առջեւում էր: Ճեմասրահում կանգնած էր հասարակությունը եւ անհամբեր սպասում էր Սպենդիարյանի երեւալուն: Հենց որ նա հայտնվել է ճեմասրահում, շրջապատվել է, ու մի քանի հզոր բազուկներ գրկել եւ նրան թռցրել են վերեւ, ապա, ուսերին առած, դուրս բերել:

«Ցանկանում եմ վերջնականապես պարզել մի թյուրիմացություն: Կան երաժշտագետներ, որոնք փորձում են ապացուցել, որ լարային նվագախմբի ստեղծման նախապատվությունը պատկանում է Արշակ Ադամյանին (որը 1925-26 ուսումնական տարում եղել է Երեւանում): Այդ թյուրիմացությունը արդյունք է Սպենդիարյանի մեծ բարեհոգության: Իր կոլեգային չվշտացնելու համար նա Խորհրդային Հայաստանում նվագախմբի ստեղծման նախապատվությունը վերագրում է նրան»,- ասել է Սպենդիարյանի աշակերտներից  Խորեն Թորջյանը (Ավանգարդ, Անմոռաց եւ երջանիկ պահեր, համար 148, 1971 թ., էջ 3):

Սպենդիարյանն ամենուրեք էր: Կոմպոզիտորի դուստրերը էլ որտեղ ասես չէին գտնում նրան, երբ պատրաստվում էին Կոնդ բարձրանալ: Մերթ հայտնաբերում էին նրան սովորական մի ակումբում, ուր ապագայի իր ուղին էր հարթում հայկական առաջին ժողովրդական նվագախումբը, մերթ նախկին տպարանում, երբ նա ուշադիր հետեւում էր պարարվեստի անսամբլի պարապմունքներին, մի անսամբլ, որը հետագայում իր անվան թատրոնի բալետային խմբերից մեկը պետք է դառնար:

Երջանիկ Հարությունյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW