×


Հռիփսիմե Նահապետյան. «Ծնողներիս շնորհիվ հասկացել եմ, թե ինչպես պետք է կինն ու տղամարդն իրար սիրեն»

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանի անվան ընտրության հետ կապված հետաքրքիր պատմություն կա: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է նաեւ դեմքի յուրահատուկ նշանի, հոր ծանր կորստի ու նրանից ստացած մեծ սիրո, 3 թատրոնում աշխատելու եւ կյանքի ամեն պահը վայելելու կարեւորության մասին:

- Հռիփսիմե, մեր ծանոթությունը սկսեցինք հարդասենյակից, որը շատ բան պատմեց Ձեր մասին՝ փաստորեն սիրում եք «Լեոն» ֆիլմը, որի պաստառը փակցրել եք պատին, հիացած եք Օդրի Հեփբերնով եւ Տոլստոյ եք կարդում:

- «Լեոն» ֆիլմն առաջին անգամ դիտել եմ 17 տարեկանում ու բազմիցս վերանայել՝ մթնոլորտն ու կերպարները մտել են սիրտս ու դուրս չեն գալիս։ Անչափ հավանում եմ նաեւ Հեփբերնին ու նրա ֆիլմերը: Մեծացել եմ Ռուսաստանում, ռուսական գրականությունն ու արվեստն ինձ մոտ են, դրա համար էլ որոշեցի «Պատերազմ եւ խաղաղությունը» նորից կարդալ: Հարդասենյակը կիսում եմ իմ մտերիմ ընկերուհու՝ Հայարփի Զուռնաչյանի հետ, միասին ենք սովորել ու միաժամանակ թատրոն ընդունվել: Սա մեր փոքրիկ անկյունն է, որտեղ ամեն տարի նոր բան է ավելանում՝ նկարներ, լույսեր, իրեր, փորձում ենք լավ երաժշտություն լսել ու ջերմ մթնոլորտ ստեղծել: Թատրոնում բոլորն էլ սիրում են մեր գրիմանոցն ու անտարբեր չեն անցում կողքով (ծիծաղում է,-հեղ.): Այստեղ շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել՝ գեղեցիկ զրույցներ ու հանդիպումներ, երջանկության պահեր եւ լարված իրավիճակներ:

Հռիփսիմե Նահապետյանը


- Տարեվերջն ու 2024-ի սկիզբը շատ հագեցած էին Ձեզ համար. ներկայացումներ ունեիք, նաեւ դեկտեմբերի 30-ին Ձեր տարեդարձն էր, ինչպե՞ս նշեցիք:

- Սովորաբար, որեւէ արտառոց բան չեմ պլանավորում, որովհետեւ բարդ օր է: Նախորդ տարի ընկերներիցս մեկն առաջարկեց տոնել, սկզբում մերժեցի, բայց հետո մտափոխվեցի ու վեջին տարիների լավագույն տարեդարձն ունեցա՝ շատ ջերմ մթնոլորտում հավաքվել էին մտերիմներս։ Նայում էի, թե որքան ուրախ են նրանք ու դրանում իմ փոքրիկ ներդրումն ունեի, ինչն ինձ ավելի երջանկացրեց: 2023-ը լեցուն տարի էր՝ բազում պրեմիերաներ ու լավ ներկայացումներ եղան: Դեկտեմբերին «Բաբելոն» թատրոնում հանձնեցի «Կալիգուլա»-ն, իսկ ռուսական թատրոնում՝ «Փոքրիկ ողբերգություններն» ու երեխաների համար ամանորյա ներկայացումը. օրական մինչեւ 5 անգամ խաղում էինք:

- Եվ ինչպե՞ս է փոքրիկների համար խաղալը, այդ ներկայացումներն ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ են։

- Երբեմն էներգիադ սպառված մտնում ես բեմ ու մտածում, թե ինչպես ես խաղալու արդեն 4-րդ անգամ (ծիծաղում է,-հեղ.), բայց երբ տեսնում ես, թե երեխաներն ինչպես են սպասում, ամեն ինչ անցնում է: Ներկայացման մեջ գայլ էի, գոռում էին ու փորձում օգնել Կարմիր գլխարկին եւ տատիկին. «Գայլն այնտեղ է», դրանից ոգեւորվում ես ու չես կարող վատ խաղալ։ Փոքրիկների դեպքում, երեւի, ավելի ազնիվ ես վերաբերվում գործին ու յուրահատուկ զգացողություն ունես, որ չես կարող քիչ անել:


- Ինչո՞վ էր «Կալիգուլա»-ն առանձնահատուկ Ձեզ համար ու ինչպե՞ս պատրաստվեցիք դերին։

- Ինձ համար նոր ձեւաչափ էր՝ իմերսիվ թատրոնում նստելու տեղեր չկան, հանդիսատեսն ազատ է ու գնում է գործողությունների հետեւից, կարող է ներկայացումը ցանկացած անկյունից նայել ու չափազանց մոտ է քեզ։ Լարված էի ու մտածում էի, գուցե, խանգարեն, կամ չկարողանամ 1,5 ժամ կերպարիս մեջ մնալ, բայց ամեն ինչ հաղթահարեցի: Սովորաբար, սիրում եմ ներկայացումներ ստանալու ընթացքն ու պրեմիերաներին մոտենալիս հաճելի լարվածություն եմ զգում: Ամեն անգամ նոր պատմության մեջ ես սուզվում, նոր մարդու տեսակներ եւ հոգեվիճակներ բացահայտում, նույնը նաեւ քո ներսում է կատարվում, ինչի արդյունքում հասկանում ես, թե մարդու զգացմունքների պաշարը որքան մեծ է։ Երբ ռեժիսոր-դերասան ու դերասան-խաղընկեր կապը համընկնում է, սկսվում է իսկական հրաշքը։

- Հռիփսիմե, միանգամից երեք թատրոնում եք աշխատում ՝ Ստանիսլավսկիում, «Տանիքում» եւ «Բաբելոն»-ում: Ի՞նչ է ամեն մեկը տալիս Ձեզ ու ինչպե՞ս փոխում:

- Թեեւ բոլորն իրարից շատ տարբեր են, բայց երեքն էլ սիրում եմ: «Բաբելոն»-ում մեկ ներկայացմամբ եմ հանդես գալիս: Կար ժամանակ, որ «Տանիք»-ում շատ ակտիվ էի, հիմա միայն «Ակվարիում»-ում կամ, երեւի, պետք էր հանդիսատեսն էլ ինձնից հանգստանա։ Ամենաշատը լեզուն է ինձ փոխում. ռուսերենով ու հայերենով ձայնդ եւ ելեւէջներդ ուրիշ են, անգամ «Ես քեզ սիրում եմ» ասելը տարբեր է հնչում, ինչից ես էլ եմ փոխվում:

Ռուսական թատրոն 3-րդ կուրսում եմ ընդունվել եւ «Ամպրոպ» ներկայացման մեջ գլխավոր դեր խաղացել, այն ինձ համար իսկապես տուն ու հարազատ տեղ է դարձել։ Իմ կյանքի անբաժան մասն է, այստեղ շատ բան եմ սովորել, շատ եմ խաղում ու կարեւոր փորձ ձեռք բերում, տարբեր ռեժիսորների հետ աշխատում: «Թատրոն տանիքում»-ն իմ կյանքում հայտնվեց 2018-ին. այլ է՝ գլխավերեւում ու շուրջդ ոչինչ չկա: Առանց կուլիսների ես խաղում ու որեւէ բան պատահելու դեպքում չես կարող թաքնվել ու շտկել, խաղընկերներդ փոխվում են ու ցանկացած ներկայացում ամեն ինչով տարբերվում է նախորդներից։ Հաշվի ես նստում առաջին հերթին բնության հետ, իսկ այն շատ անկանխատեսելի է, պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Այնտեղ սովորել եմ իմպրովիզ անել, բայց չշեղվել թեմայից։


- Տարբեր լեզուներով խաղալն առավելություն է դերասանի համար, բայց անցումներն ինչպե՞ս են տրվում ու ի՞նչ բարդություններ առաջանում։

- Ավելի հեշտ է ռուսերենով, որովհետեւ ավելի շատ եմ խաղացել, հայերենով առաջին անգամ «Տանիքում» եմ փորձել, շատ սթրեսային էր, քանի որ ներկայացումը սրճարանում էր, վերջում պետք է իմպրովիզ անեի, խոսեի հանդիսատեսի հետ ու հրավիրեի պարելու: Շատ լարված էի, որ խոսակցական բառեր չօգտագործեմ, բայց ժամանակի ընթացքում ընտելացա լեզվին, վերջին 2 տարիներին սկսեցի սիրել հայերենն ու հաճույք ստանալ նրանից, ոչ թե պայքարել հետը: Բարդություններ հիմնականում լինում են, երբ մի լեզվով շատ եմ խաղում ու պետք է անցում կատարեմ մյուսին, բայց առաջին 2 ներկայացումից հետո ամեն ինչ տեղն է ընկնում:

- Ձեր մանկությունը մինչեւ 13 տարեկանն անցել է Ռուսաստանում, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ ու մշակութային անցումներն ինչպե՞ս տրվեցին Ձեզ:

- Ծնվել եմ Էջմիածնում, ու տեղափոխվել ենք, երբ 1 տարեկան էի: Սիբիրում փոքրիկ քաղաքում՝ Շարիպովոյում, էինք ապրում, շատ ցուրտ էր ու համարյա միշտ ձմեռ, տարվա ընթացքում միայն 2 շաբաթ էր ամառ լինում (ծիծաղում է,-հեղ.): Լավ ընկերներ ունեի, դպրոցն էի սիրում ու լավ սովորում, բայց երկու ավագ եղբայր ունեմ, եւ ծնողներս որոշեցին, որ նրանք պետք է Երեւանում սովորեն ու կյանքն այստեղ դասավորեն: Առաջին կես տարին շատ բարդ էր ինձ համար, ուզում էի վերադառնալ ծնողներիս մոտ, բայց հենց ընկերներ ձեռք բերեցի, ամեն ինչ փոխվեց՝ էլ նման մտքեր չէի ունենում: Ցավոք, հետագայում հայրիկս մահացավ ու մայրիկն էլ ստիպված էր միանալ մեզ: Սիրում եմ Հայաստանը, բայց նաեւ ուրախ եմ, որ Ռուսաստանում եմ մեծացել, քանի որ այնտեղ է ձեւավորվել մտածելակերպս ու ներքին աշխարհս։

- Հայրիկի կորստին ինչպե՞ս կարողացաք դիմանալ ու հարմարվել առանց նրա։

- Դրան երբեք էլ չես սովորի, բայց մայրս սովորեցրել է, որ երբեք չի կարելի վհատվել: Փորձում ենք հաղթահարել, իհարկե, կյանքը փոխվում է, երբ կարեւորագույն մարդկանցից մեկը հեռանում է, շատ բաներ ես ուզում կիսել հետը ու պատկերացնում ես, թե ինչպես կլիներ նրա հետ: Բայց նա այնքան մեծ ազդեցություն է ունեցել ու այնպիսի հայր եւ ամուսին եղել, որ իր տված սերը մինչեւ հիմա զգում ենք։ Ինձ այդպես եմ մխիթարում, որ 17 տարի հիանալի հայր եմ ունեցել:

Հռիփսիմե Նահապետյանը


- Իսկ անցումային տարիքում եղբոր հետ միայնակ ապրելն ինչպե՞ս էր ու կենցաղային գործերին հե՞շտ սովորեցիք:

- Ստիպված եմ սովորել: Այդ տարիների շնորհիվ սովորեցի ավելի հավաք ու պատասխանատու լինել, նույնիսկ ուրախ եմ, որ ամեն ինչ հենց այդ կերպ դասավորվեց: Պարզապես հիմա պատրաստելու ցանկությունն իսպառ կորել է (ծիծաղում ենք,-հեղ.), արդեն վայելում եմ մայրիկի կերակուրները։

- Ձեր անվան ու նշանի հետ կապված հետաքրքիր պատմություն կա, որ մայրիկը երազ է տեսել, մեզ էլ կպատե՞ք այդ մասին:

- Իմ հենց այդ կողմն եմ սիրում, ինձ թվում է՝ ավելի ֆոտոգենիկ է (ծիծաղում ենք,-հեղ.)։ Երբեք ինձ համար բարդություն չի եղել այն ընդունել, ինչն, իհարկե, ընտանիքիս վերաբերմունքի շնորհիվ է:

- Այն իսկապես շատ գեղեցիկ է ու Ձեզ յուրահատուկ է դարձնում:

- (Ծիծաղում է,-հեղ.): Երբ մարդիկ ինձ առաջին անգամ են տեսնում, շատ տարբեր արձագանքներ են լինում. «Ինչպե՞ս չես հոգնում կամ նյարդայնանում», երբեմն էլ մտածում են՝ ընկել եմ կամ ինձ հարվածել են: Ընտանեկան բռնության չեմ ենթարկվում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ավագ եղբայրներս ինձնից 10 եւ 8 տարով մեծ են ու մայրիկս ինձ այն տարիների համար բավական մեծ տարիքում՝ 36-ում է ունեցել: Շատ էր ուզում աղջիկ ունենալ, իսկ աշխատանքի գնալու ճանապարհն անցնում էր Սուրբ Հռիփսիմե եկեղեցու կողքով, մի օր ներս է մտել ու խոստացել աղջիկ ունենալու դեպքում Հռիփսիմե անվանել: Բացի այդ էլ հետաքրքիր երազ է տեսել՝ եկեղեցում շարքով կանգնած կանանց կապույտ զգեստով մեկն արծաթյա զարդեր էր նվիրում: Քանի որ ուշ է հասնում, ամաչում է նրանց միանալ ու դռան մոտ է սպասում: Այդ կինն ինքն է մոտենում մայրիկին, բայց քանի որ զարդերը վերջացած են լինում, նրան ծաղիկներից երկու ականջօղ է տալիս ու կապույտ պսակ դնում գլխին: Տարիներ անց եկեղեցում մի սրբապատկեր տեսնելով՝ պարզում է, որ իրեն այդ պարգեւները տված կինը հենց Սուրբ Հռիփսիմեն է եղել:

- Ու փաստորեն այդ կապույտ ծաղիկներից պսակն էլ Ձեզ պարգեւել է նշանը։

- Այո, երբ ծնվել եմ, բժիշկները շատ են վախեցել, քանի որ գլխիս կեսն ու դեմքս կապույտ էին: Մայրիկին վստահեցնում են. «Երեխային չենք գցել կամ հարվածել, զգույշ ենք եղել», բայց մամաս հիշում է երազն ու ասում, որ ամեն ինչ կարգին է (ծիծաղում է,-հեղ.):


- Իսկ ինչպե՞ս հասկացաք, որ հենց դերասանուհի եք դառնալու:

- Փոքր տարիքում երաժշտական դպրոց էի գնում ու մտածում երգչուհի դառնալու մասին, հետո խորհուրդ տվեցին լուրջ մասնագիտություն ձեռք բերել: Ես էլ սկսեցի մտածել լեզվաբան կամ իրավաբան դառնալու մասին: Երբ Հայաստան տեղափոխվեցի, մեր դպրոցի տարածքում բացվեց «Ծիածան» վոկալ ստուդիան, որտեղ հաճախում էի ու տարեվերջյան համերգներ էինք ունենում: Մեր ղեկավարը՝ Ռուզաննա Ջամբազյանը, հարցրեց՝ արդյոք չեմ ցանկանա Թատերական ինստիտուտ գնալ, այդպես էլ հասկացա, որ հենց դա է իմ երազանքը՝ կյանքս կապել բեմի հետ:

- Սովորել եք Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում, նրա շնորհիվ ի՞նչ իմացաք Ձեր մասնագիտության մասին:

- Շատ ջերմ հիշողություններ ունեմ ու անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար: Մեծություն էր, նրան լսելն ու հետը շփվելը մեծ պատիվ էր, որովհետեւ շատ լիքն էր։ Պետք էր տեսնել, թե ինչպես էր կերպարները վերլուծում ու նրանց մասին խոսում: Մի օր այնպես էր գրավիչ ու գունեղ պատմում, որ փորձեցի հեռախոսով թաքուն նկարել, բայց ջղայնացավ՝ մտածելով, որ իրեն չեմ լսում (ծիծաղում է,-հեղ.): Նրա շնորհիվ հայտնվեցի ռուսական թատրոնում, մեծ բան է 3-րդ կուրսում գլխավոր դեր ստանալ ու պրոֆեսիոնալ դերասանների հետ հանդես գալ: Երեւի, նա ինձ հավատաց, ինչի համար շատ շնորհակալ եմ. մեծ հետք է թողել իմ կյանքում։

- Ի՞նչ եք ինքներդ ուզում սովորել ու նորովի իմանալ:

- Միշտ վախ ունեմ, որ հանկարծ չկրկնեմ, չնայած՝ երբեմն դա անխուսափելի է: Փորձում եմ իրարից շատ տարբեր կերպարներ ընտրել, ինչում օգնում է տարբեր ռեժիսորների հետ աշխատանքը, որովհետեւ ամեն մեկը քեզ տարբեր կողմից է տեսնում։ Կցանկանամ ավելի ու ավելի շատ կրթվել, խորը ստեղծագործել, որ հոգիս լայնանա։ Նախ միշտ պետք է հետեւել, թե շուրջդ ինչ է կատարվում, նաեւ ճանապարհորդել ու օդ փոխել. ամեն ճանապարհից մի փոքր ուրիշ ես վերադառնում՝ կապ չունի՝ ուր ես գնում, հեռու, թե մոտիկ։ Բայց ամենակարեւորն այն է, որ ինքս ինձ հետ երբեմն զրուցում եմ, փորձում ազնիվ ու անկեղծ լինել, վերլուծել արածներս: Աշխատում եմ երբեք չտրվել իմ հասցեին հնչող լավ խոսքերին, միանշանակ ընդունում եմ ու վայելելում, բայց ազդեցության տակ չեմ մնում: Ամեն անգամ պետք է զրոյից սկսես քեզ վերլուծել:

- Մասնագիտությունն ու բեմը Ձեզ ինչպե՞ս են փոխել ու ի՞նչ հնարավորություն տվել, որ կյանքում հաստատ չէիք զգա եւ իմանա:

- Ամեն կերպարի հետ բացվում են զգացմունքային նոր կետեր, կյանքում նման իրավիճակներում կարող ես եւ չհայտնվել։ Երբ այս մասնագիտության մեջ խորանում ես, ողջ կյանքդ ու գրաֆիկդ փոխվում են, շատերի համար մեր գործը կարող է տարօրինակ թվալ. երբ բոլորն երկուշաբթի աշխատանքի են գնում, մենք հանգստանում ենք: Ու սովորաբար աշխատում ենք այնպես, որ մյուսների լավ հանգիստն ապահովենք: Մայրս է մեկ-մեկ հոգոց հանում, բայց ամեն առումով աջակցում է ինձ: Երբեմն սպառված ու առանց էներգիայի եմ տուն գնում, անգամ խոսել չեմ կարողանում: Երբ նա ներկայացումներիս ներկա է լինում, հասկանում է, թե ինչու եմ այդքան հոգնում (ծիծաղում է,-հեղ.): Հենց մի քիչ ազատ ժամանակ եմ ունենում, ընկերներիս հետ եմ անցկացնում, բախտս բերել է, որ կողքիս այդքան լավ մարդիկ կան:

- Ի՞նչ եք ժառանգել ծնողներից, որ ուղեկցում է Ձեզ կյանքում։

- Ծնողներիցս շատ շնորհակալ եմ, որովհետեւ իմ մեջ սերմանել են կարեւոր ու մարդկային բարի կողմեր, թեեւ ես նրանց չափ լավը լինել չեմ կարող: Սովորել եմ ազնվություն, սիրելու եւ նվիրվելու ունակություն, նրանք օրինակ են ինձ համար, այնպես չէ, որ բառերով են բացատրել: Տեսել եմ, թե ինչպես պետք է կինը տղամարդուն ու տղամարդը կնոջը սիրի, որովհետեւ ծնողներս շատ գեղեցիկ ու յուրահատուկ հարաբերություններ են ունեցել։

- Իսկ Դուք գտե՞լ եք կամ մո՞տ եք նմանատիպ հարաբերություններին:

- (Ծիծաղում է,-հեղ.) հենց այդպիսին եմ պատկերացնում, բայց դեռ չեմ գտել ու ընտանիք կազմելու ճանապարհին չեմ։ Կուզեմ ճանաչված դերասանուհի դառնալու դեպքում սպասեն իմ դերերին ու գործին, իսկ անձնական կյանքս փակ մնա: Առանց այն էլ համացանցը շատ բան է պատմում բոլորիս մասին, ես էլ այդ աշխարհի մասնիկն եմ: Դրա համար երազանքս է, որ ինչպես ես եմ սպասում իմ սիրելի դերասանների դերերին, այդպես էլ իմ գործերին վերաբերվեն:

- Իսկ ովքե՞ր են նրանք, որոնց ֆիլմերին այդպես անհամբերությամբ եք սպասում։

- Շատ եմ սիրում Նատալի Փորտմանին, անգլիական դպրոցի ներկայացուցիչներին` Ջուդ Լոու, Ռեյֆ Ֆայնս, ինչպես նաեւ Բրեդ Փիթին ու Մերիլ Սթրիփին։ Միշտ լավ բաներով սնուցվելու դեպքում քո աշխատանքն էլ է փոխվում։

Հռիփսիմե Նահապետյանը


- Հռիփսիմե, Դուք ընկնելու սովորություն ունեք, «Արտավազդ» ստանալիս էլ այդպես եղավ, ո՞նց իրավիճակից դուրս եկաք:

- (Ծիծաղում ենք,-հեղ.) արդեն հումորով եմ դրանց վերաբերվում, քանի որ իմ անբաժանելի մասն են՝ բեմում էլ ներկայացումների ժամանակ բազմիցս ընկել եմ, ինչ-որ բան կոտրել, շորս է պատռվել։ Ընկերներս էլ սովորել են հանգիստ վերաբերվել ու ժպտալ: Անգամ ապակե դռները կարող եմ չնկատել ու հարվածել (ծիծաղում ենք,-հեղ.)։ «Արտավազդ» ստանալիս բարձրակրունկներով էի, հուզվել էի ու մթության մեջ աստիճաններով բարձրանալիս ընկա, հագուստս կոշիկի կրունկի մեջ խճճվեց, չէի կարողանում վեր կենալ: Կոշիկներս հանեցի ու ոտաբոբիկ բարձրացա բեմ, այդ միջադեպի շնորհիվ ինձ հիշեցին:

- Իսկ ինչի՞ համար եք ամենաշատը սիրում թատրոնը:

- Շատ-շատ եմ սիրում (ծիծաղում ենք,-հեղ.), որովհետեւ թատրոնը միշտ տոն է, այստեղ կարող ես շատ բաներ հաղթահարել, շատ բաների մասին մոռանալ, ուրիշ կերպ ընկալել եւ ավելի խոր զգալ։

- Իսկ տեսախցիկի հետ աշխատանքն ինչպե՞ս է ստացվում ու էկրանին հե՞շտ եք նայում Ձեզ:

- Նայելը միշտ մի քիչ բարդ է, թատրոնը երեւի դրա համար էլ եմ սիրում, որ ինձ չեմ տեսնում, իսկ էկրանին ինձ անհարմար եմ զգում: Կար ժամանակ, որ խուսափում էի նկարահանումներից, բայց փորձի շնորհիվ սկսեց ստացվել: Էկրանին, ինչպես եւ բոլոր կանայք, նախ նայում եմ տեսքիս, սովորաբար, ինձ չեմ հավանում, հետո այդ հատկությունս անջատում եմ ու խաղին ուշադրություն դարձնում (ծիծաղում ենք,-հեղ.): Առաջին անգամ Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար նկարահանվեցի, այդ ժամանակ զգացի այդ մասնագիտության նկատմամբ պրոֆեսիոնալ վերաբերմունքը: 2018-ին մասնակցեցի հայ-ամերիկյան «Չարի հպումը» մինի սերիալի աշխատանքներին, որտեղ ամերիկացի դերասանների հետ նաեւ անգլերենով էի խաղում, լավ փորձ էր ինձ համար։ Վերջերս էլ նկարվել եմ «Վտանգավոր նվեր» սերիալում:

- Իսկ ինչո՞ւ են մարդիկ սիրում թատրոնն ու ի՞նչ են ստանում նրանից։

- Շատ տարբեր հանդիսատես ունենք ու ամեն թատրոնում նրանք ուրիշ են: Մարդիկ սիրում են թատրոնը, երբ անկեղծ ես լինում, զգում են ու շնորհակալ լինում: Թատրոնում նրանք զգացմունքներ եւ սեր են ստանում, այս ոլորտում աշխատող մարդիկ սովոր են էմոցիոնալ լինել ու նման ակտիվ մթնոլորտում ապրել, իսկ շատերի կյանքում միօրինակություն է՝ աշխատանքի են գնում ու նրանց հետ արտառոց ոչինչ տեղի չի ունենում, զգացմունքները մնում են ներսում, եւ երբ գալիս են թատրոն, օգնում ենք նրանց այդ ամենը ներսից հանել կամ որոշ բաներ վերհիշել: Կարծում եմ՝ կյանքում զգալն ամենակարեւոր բանն է, եւ մարդն ապրում է այնքան, որքան զգում է։

- Դուք ի՞նչն եք սիրում զգալ ու առանձնահատուկ համարում Ձեզ համար:

- Բնության հետ կապված տարբեր երեւույթներն եմ սիրում, օրինակ՝ գեղեցիկ մայրամուտը, երջանկանում եմ լավ մարդկանց հանդիպելիս, երբ վայելում ես նրանց ներկայությունն ու հետո էլ դեռ երկար մնում են քեզ հետ:

- Ե՞րբ եք վերջին անգամ չափազանց գոհ եղել Ձեր աշխատանքից։

- (Լռություն,-հեղ.) «Շնիկով տիկինը» ներկայացման հանձնման ժամանակ։

- Արագ անցնեք Ձեր դերերով, ասեք՝ առաջինն ինչ կգա ձեր մտքին ու նաեւ կերպարից մեջբերումներ արեք: «Օնեգին»-ում՝ Տատյանա:

- Տատյանայի դերում ես ներմուծվել եմ. նախ վախ էի զգում, որ բանաստեղծությունը չմոռանամ ու ամեն ինչ ասեմ (ծիծաղում ենք,-հեղ.)։ Շատ հետաքրքիր ու բարդ դեր էր, ցույց է տալիս կնոջ երկու տեսակ, երբ նա սիրում է, համարձակ է դառնում ու նրա համար խոչընդոտներ չկան, գերբնական ուժ է մտնում մեջը: Դառնում է ավելի ուժեղ ու հասուն, կարողանում զգացմունքները վերահսկել ու երբեմն ոչնչացնել։

«Նա սիրված էր, համենայն դեպս, ինքն էր այդպես մտածում, եւ երջանիկ»:

- «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում՝ Ջուլիետ։

- Ջուլիետին չէի սիրում մինչ այն պահը, երբ սկսեցինք նրան վերլուծել: Ամեն դեպքում երազանքի դեր չի եղել ինձ համար։ Հինգ տարի առաջ եմ խաղացել, ու կարծում եմ՝ այլեւս Ջուլիետ չեմ՝ մեծացել եմ (ծիծաղում ենք,-հեղ.), բայց խաղացանկում այն դեռ կա:

-Էլիս՝ «Թագավորների խաղեր»-ում:

- «Բայց ես ոչինչ չունեմ կորցնելու, ու դա ինձ վտանգավոր է դարձնում»։ Էլիսը հետաքրքիր ու լարված ժամանակ եղավ, որովհետեւ մի քանի պրեմիերա ունեինք: Պիեսում սիրո պակաս էր զգացվում, առհասարակ, կյանքում էլ սիրո բացակայությունից են մարդիկ պայքարում իրար դեմ եւ ձգտում իշխանության: Այդ մթնոլորտում էլ կերպարը ստեղծվեց:

Հասմիկ Բաբայանը եւ Հռիփսիմե Նահապետյանը


- «Գարդենիա»-ում՝ չորրորդ կին։

- Գոռ Մարգարյանն այնպես է անում, որ դերասանն ուղղակի խաղա. նրա շուրջն ամեն ինչ ստեղծում է։ Կերպարս այդ ընտանիքի լույսն է։ Հենց նրա վերջին բառերն էլ կառանձնացնեմ. «Ես հույսն եմ»։

- Կարմեն:

- Շատ ուժեղ կերպար էր իմ կյանքում, որին հասկանալու համար երկար ժամանակ պահանջվեց՝ բռնվելու տեղ չկար: Կարմենը քամի է, փոթորիկ, իսկը՝ բնություն։ Այն դերերից էր, որ քո ներսում նոր պաշար ու անկյուններ ես բացահայտում։ Շատ համարձակ դեր էր առաջին հերթին զգացմունքայնության առումով: Վերջում Կարմենը Խոսեին ասում է. «Ես քեզ չեմ սիրում, բայց այն մտքով եմ ասում, որ սիրում եմ, բայց ոչ՝ իմ ազատությունից ավելի»։

- Ի՞նչ եք Ձեզ հետ բերել մանկությունից։

-Ժպիտս։

- Ձեր որ կերպարի զգեստը կուզեիք գողանալ, եթե կարողանայիք:

- Ոչ մեկինը. ես իմն ունեմ (ծիծաղում է,-հեղ.)։

- Գրքեր, որոնք Ձեզ ոգեշնչում են:

- «Փոքրիկ իշխանը», այն մեծ տարիքում եմ կարդացել: Գիրքն ինձ երբեմն հեռու էր պահում նրանից, որ չչարանամ։

- Եթե երկար քայլեք Երեւանում, ո՞ր հատվածով կուզեք անցնել:

- Սիրում եմ Աբովյան փողոցը, քանի որ հրապարակը մոտ է, երբեմն գնում եմ ու երկար նստում այնտեղ: Նաեւ սիրում եմ Արամ Խաչատրյան փողոցը, որտեղ դպրոց եմ գնացել։

Հռիփսիմե Նահապետյանը


- Կատարյալ նախաճաշը Ձեզ համար:

- Սովորաբար, չեմ նախաճաշում, միայն սուրճ եմ խմում, բայց կատարյալը հյուրանոցայինն է (ծիծաղում ենք,-հեղ.), շատ եմ սիրում ուտելիքներ ընտրել։

- Ամենաարժեքավոր բանը, որ ունեք:

- Հարազատ մարդիկ:

- Ի՞նչ պարտադիր կետեր կան Ձեր ցանկությունների ցանկում:

- Ճանապարհորդել, շատ լավ ներկայացման մեջ ու գեղարվեստական ֆիլմում խաղալ, շատ ուրախ եւ երջանիկ օրեր ունենալ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW