Դերասան Նարեկ Ներսիսյանը՝ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի թոռը, շուրջ 10 տարի է, ինչ բնակվում է Գլենդելում, ձեռք է բերել նոր մասնագիտություն, բայց վերջերս վերսկսել է նաեւ նկարահանվել։ BRAVO.am-ը զրուցել է դերասանի հետ մասնագիտական զբաղվածության, հեռվից hայաստանյան իրադարձություններին հետեւելու եւ այլ թեմաների շուրջ։
- Նարեկ, ի՞նչ գտար Միացյալ Նահանգներում, ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիր:
- Բնակվում եմ Հայաստանի մարզում՝ Գլենդելում: Նպատակ ունեի դերասանական արվեստի մեջ ավելի խորանալ ու ավելի պրոֆեսիոնալ ասպարեզում աշխատել, քանի որ Հայաստանում արդեն փորձ ունեի ամերիկյան ֆիլմում ամերիկյան խմբի հետ աշխատելու, ինչն ինձ համար դարձել էր լավ օրինակ: Ընդունվեցի Գլենդելի քոլեջ, սակայն նոր միջավայրը բերում է նաեւ նոր խնդիրներ, առաջին հերթին՝ ֆինանսական, եւ ստիպված էի ժամանակավորապես թողնել դասերը: Բոլոր հայտնի ձեւերը, որոնցով շատերն այստեղ գումար են վաստակում, ինձ անհետաքրքիր էին, ավելի կայուն ապագա ունենալու համար որոշեցի երկրորդ մասնագիտություն ձեռք բերել եւ ընտրեցի բժշկության ոլորտը: Զուգահեռ զբաղվում էի հարսանիքներ վարելով եւ, իհարկե, ներկայացումներով, որոնք հիմնականում եղել են մանկական ուղղվածության: Իհարկե, 27 տարեկանում սկսել զրոյից սովորել մի մասնագիտություն, որի մասին երբեք չես մտածել, այդքան էլ հեշտ չէր, բայց գոհ եմ, որ մարտահրավերը հաղթահարեցի:
Նարեկ Ներսիսյանը
- Բժշկական ի՞նչ մասնագիտացում ունես:
- Սովորել եմ չորս տարի, բուժեղբայր (RN) եմ: Արդեն 3 տարի է՝ աշխատում եմ եւ ուրախ եմ, որ ուսման տարիների ծանրաբեռնվածությունն ու դժվարությունները հիմա իրենց արդարացնում են։
- Նկատել եմ՝ քաղաքացիություն եւս ստացել ես:
- ԱՄՆ քաղաքացի դարձել եմ գալուցս 8 տարի անց: Դա էլ մի առանձին երկար ու դժվար պատմություն էր: Բայց ես ամեն տարի այցելում եմ Հայաստան, իմ կյանքը պատկերացնում եմ երկու երկրում միաժամանակ: Կան հետաքրքիր ֆիլմերի եւ սերիալների գաղափարներ, որոնք ուզում եմ իրագործել երկու երկրում էլ։
- Հեռացար կարիերայի ծաղկման շրջանում, երբ քեզ բոլորը սիրում էին, կարծես դերերի պակաս էլ չունեիր:
- Շատերն են զարմանում՝ ասելով. «Ի՞նչի գնացիր, դու Հայաստանում ունեիր ինքնարտահայտվելու հանարավորություն»: Ճիշտ են ասում, բայց մետաղադրամը երկու կողմ ունի: Փորձեմ հնարավորինս պարզ ասել: Կային նախագծեր, որոնցում լրիվ բացահայտում էի ինձ, եւ կային նախագծեր, որոնցում պարզապես գումար էի աշխատում: Հանդիսատեսն ինձ հեռուստանախագծերից սկսեց ճանաչել եւ բավական ուշ, որովհետեւ մինչեւ այդ նկարահանվում էի «արտհաուս» ժանրի ֆիլմերում եւ մասնակցում միջազգային կինոփառատոնների, ինչն էլ հենց նախընտրում եմ: Մի բան է հայտնի լինելը, զբաղված լինել հաջողված նախագծերում, բոլորովին այլ բան է աշխատել նախընտրելի չափանիշներով պայմաններում:
Նարեկ Ներսիսյանը
- Նարեկ, վստահ եմ՝ ընթերցողին նաեւ հետաքրքիր է, թե այսքան տարիներ հետո քո սիրտը դեռ ազատ է:
- Զբաղվածության պատճառով ժամանակ չի լինում անձնականով զբաղվել։ Չգիտեմ, երեւի դեռ լավ ուշադրություն չեմ դարձնում այդ հարցին։
- Նոր ֆիլմից պատմիր:
- Քանի որ երկար տարիներ չէի երեւում էկրանին, որոշեցի ձեռնարկել մի բան, որն առաջին հերթին ինձ կլինի հետաքրքիր: Թե՛ պատմությունը, եւ թե՛ կերպարը պետք է լինեին նորություն, որ հաճույքով աշխատեի: Արհեստական բանականության մասին ողջ աշխարհն է խոսում, եւ քանի որ սերիալը նախատեսված է հայ հանդիսատեսի համար, բնական է՝ գործողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում բնակվող հայ ընտանիքում: Գաղափարը սցենարիստներ Անդրանիկ Իսահակյանի եւ Արթուր Սարգսյանի հետ քննարկելուց հետո նկարահանեցինք 12 սերիա: Ռեժիսոն է Կարեն Խոսրովյանը, որի ֆիլմերը ցուցադրվել են միջազգային կինոփառատոններում:
- Նաեւ հասցնում ես ճանապարհորդել, ի՞նչ է այն տալիս քեզ:
- Տեսնում ու զգում ես այն ամենն, ինչը անհնարին է զգալ առօրյայում, օրինակ՝ պատարագ Իտալիայում, երբ առավոտյան եկեղեցու զանգերին ընդառաջ մտնում ես ներս, հայտնվում ահռելի երգեհոնների, հոյակերտ արձանների, վիտրաժների մեջ, լսում լատիներեն շարականը եւ զգում ես քեզ, կարծես, երկնքում: Այ, օրինակ, Գլենդելում ո՞նց կարելի է նման զգացողություն ունենալ, երբ «սպիտակ յաշիկի» մեջից ռաբիսը ողողում է փողոցը:
- Նարեկ, հեռվում ես եղել Հայաստանում եւ Արցախում կատարվող իրադարձությունների ժամանակ, ի՞նչ էիր զգում այդ շրջանում:
- Ինձ մեծ ցավ պատճառեց պատերազմը: Այստեղ բոլորս էլ ցավում էինք մեր զոհերի եւ պատերազմական անհաջողությունների համար, մասնակցում էինք հանգանակություններին: Բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ ուղղակի իրարից հեռացան քաղաքական հայացքների պատճառով։ Ինչպես բոլորը, ես էլ չեմ համակերպվում Արցախի կորստի հետ:
Զրուցեց Արմինե Բրսոյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Ներսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: