×


Վաչե Երիցյանի եւ Սրբուհի Բալայանի նորաստեղծ ընտանիքը. «Աստված երկրի վրա սիրո միջոցով է ներկա»

Դերասաններ Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանը «Եվ խոսեց սերը» շարքի համար BRAVO.am-ին հյուրընկալեցին իրենց տաքուկ ու բարձր հարկում գտնվող բնակարանում: Զույգը պատմեց մասնագիտական գաղտնիքների ու բեմը շատ սիրելու, միմյանց հետ ճանապարհորդելու ու միասին ապրելու որոշման մասին:

- Երկուսդ էլ դերասաններ եք, ինչպե՞ս եք ընտրել այս մասնագիտությունն ու ի՞նչն է հատկապես գրավել Ձեզ։

Վաչե. Դերասան դառնալու մասին չեմ էլ մտածել, ուզում էի կոնսերվատորիայում սովորել, բայց չստացվեց: Ընդունվեցի Թատերական ինստիտուտ, որպեսզի հետո որեւէ բանով զբաղվեմ։ Այնտեղ ինձ դուր էր գալիս «ֆոկուս» ասվածը. ուզեցի ընկնել այդ հեքիաթի մեջ ու ստացվեց:

Սրբուհի. Արցախում սովորելիս իմ գյուղից դպրոց հասնելու համար ոտքով 4 կմ ճանապարհ էի անցնում, ու դա կյանքիս ամենաբարդ բանն էր թվում (ծիծաղում է,-հեղ.): Մտածում էի՝ տեսնես կա՞ մի մասնագիտություն, որը հնարավորություն կտա այդ ամենի մասին պատմել։ Առաջինը մտքիս գրելն եկավ, ու 10 տարեկանից փոքր տեքստերս ծնողներիս համար էի կարդում, հետագայում որոշեցի դերասանուհի դառնալ: Բազում տարբերակներ ունեի, թե Երեւանում թատերական ընդունվելիս ինչ եմ ասելու, բայց ոչ մեկն էլ չօգտագործեցի: Հաջողությամբ ընդունվեցի ու հասկացա, որ դերասանուհի դառնալն իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր:

- Կհիշե՞ք ձեր առաջին դերը, երբ հասկացաք, որ ճիշտ տեղում եք հայտնվել:

Սրբուհի. Ուսանողական տարիներին Լյուդմիլա Ռազումովսկայայի «Դեպի տուն» ներկայացումը խաղալուց հետո եմ մասնագիտությանս մասին շատ բան հասկացել: Իմ առաջին մեծ դերն էր՝ ամենասիրելի ու դժվար, որի շնորհիվ էյֆորիա ապրեցի ու զգացի ծափահարությունների ուժը: Հետո եղան ֆիզիկական պատրաստվածություն պահանջող դերեր, ինչն ազդակ էր, որ եթե չեմ բողոքում ու հոգնում, ցավն ինձ չի խանգարում, ուրեմն զբաղվում եմ սրտիս ուզած գործով:

Վաչե Երիցյանը եւ Սրբուհի Բալայանը


Վաչե. Բեմի վրա առաջին անգամ արած ու սրտիս կպած գործողությունը քննության ժամանակ կենդանիներ ցույց տալն էր (ծիծաղում է,-հեղ.): Պինգվին էի ու պիտի բնավորություն եւ էմոցիա չունենայի, անեի այն, ինչ հատուկ է նրան: Թեեւ ընդամենը 15 վայրկյան է տեւել, բայց իմ ամենակարեւոր ու ճանապարհ բացող բեմելն էր։

- Ինչպե՞ս եք ձեզ զգում բեմի վրա ու ի՞նչ եք ստանում, որ ոչ մի ուրիշ բան չի կարող փոխարինել։

Վաչե. Հենց այդ պահին ու այդ վայրկյանին տեղի ունեցողն է: Մենք հենց հիմա նստած զրուցում ենք, ու դա էլ չի կրկնվի, իսկ բեմն այդ ամենի խոշորացույցն է ու ցույց է տալիս տեղի ունեցողը, ինչն ամենահաճելին է։ Իսկ ծափը թույլ է տալիս հիշել մեկ ժամ առաջ քո արածը:

Սրբուհի. Քանի որ ես սենտիմենտալ եմ, ինձ համար այն նման է սիրելուն՝ առաջին անգամ տեսնում ես, հիանում, հետո բացահայտում, հարմարվում պայմաններին, ապրում դրանով, ամեն օր ավելի շատ գերվում ու հասկանում, որ առանց դրա ապրել չես կարող: Կարող եմ ոչինչ չանել, բայց թատրոնում պիտի լինեմ, թեկուզ հիմարություն լինի արածս, բայց բեմում չեմ կարող չխաղալ:

- Միասին խաղալու մասին մտածե՞լ եք կամ առաջիկայում պլանավորո՞ւմ եք համատեղ որեւէ նախագիծ անել:

Վաչե. Որեւէ մեկին չեմ առաջարկի, որ Սրբուկի հետ միասին գործ անենք։ Նախ եւ առաջ դերասան եմ, ոնց որ նրան եմ վերաբերվում, այդպես էլ՝ իմ գործին։

Սրբուհի. Իսկ ես կասեմ (ծիծաղում ենք,-հեղ.): Մի թաքուն երազանք ունեմ, որ սիրուն վերաբերվող բոլոր գործերը պիես դառնան ու մենք միասին խաղանք։ Սիրուն ակնհայտորեն տարբեր կերպ ենք վերաբերվում։ Նա սիրո մեջ ավելի համբերատար է, նրբանկատ եւ վերլուծող, երբեք միտքն արագ չի արտահայտի, իսկ ես՝ բռնկուն ու տաքարյուն։ Նման սերեր ֆիլմերում ու գրականության մեջ եմ տեսել, կյանքում նման օրինակ չունեմ, այնքան եթերային ու չշոշափվող է։

- Սրբուհի, գրառում էիք արել ու նշել. «Տարին դժվար էր առանց թատրոն, որից հրաժարվեցի, բայց որոշմանս հասցրին ուրիշները»: Ինչո՞ւ հասցրին:

- (Ծիծաղում է,-հեղ.), 3 տարի աշխատել եմ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում... Տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ ունենալու պատճառով ենք որոշել դադարեցնել համագործակցությունը: 1,5 տարուց ավելի ոչ մի թատրոնում չկայի, «Մհեր Մկրտչյան» 3-րդ կուրսից էի գնացել, շատ հարազատ վայր էր դարձել ինձ համար, բայց հույսս երբեք չեմ կորցնում. լավ կլինի։

Վաչե Երիցյանը եւ Սրբուհի Բալայանը


- Վաչե, Ձեր թատրոնի՝ «Գոյ»-ի համար էլ նախորդ տարին բավական բարդ էր, պայքարի մեջ էիք։ Ինչպե՞ս եք պատկերացնում թատրոնի ապագան:

- Բարդ է նաեւ այս տարին ու այս օրը, այդ նյարդն անընդհատ ուղեղդ սղոցում է, ստեղծագործելը 2-րդ պլան մղվում։ Ամեն ինչ անելու ենք, որ «Գոյ»-ը մնա, Արմեն Մազմանյանի ստեղծած թատրոնն ու մտածողությունը մնան, ինչ կարգավիճակով ու տառերով՝ ՊՈԱԿ, թե ՀՈԱԿ, մեզ բացարձակ չի հետաքրքրում: «Գոյ»-ն առաջին հերթին Մազի մտածողությունն է, ու մենք՝ որպես նրա «աշկերտներ», ինչպես նա էր այս բառն ասում, ամեն ինչ կանենք այն պահելու համար:  

- Սրբուհի, «Գեղեցիկ թիթեռների կյանքը» ներկայացման առաջնախաղին եք պատրաստվում, ի՞նչ հույզեր ունեք նորից խաղալուց առաջ։

- Մինչ այդ էլ «Նատաշայի երազանքը» մոնոներկայացումն եմ խաղացել. այն թատրոնում լինելու իմ միակ հենարանն էր, ապա հանդես եմ եկել ուսանողների կուրսային աշխատանքներում, որոնցից էր նաեւ «Պիկնիկը»: Իսկ հիմա Գայանե Անդրեասյանի 2-րդ գործում եմ լինելու, լուրջ փորձառություն է ինձ համար, քանի որ մինչ այս ռուսերենով երբեք չեմ խաղացել։ Յուրօրինակ ներկայացում է՝ հիմնված իրական պատմության վրա, բայց նաեւ շատ եթերային է։

- Իսկ միմյանց գործերին հաճա՞խ եք հետեւում ու արդյո՞ք իսկական քննադատ եք, թե հիմնականում փորձում եք քաջալերել:

Սրբուհի. Ես սկսեմ (ծիծաղում է,-հեղ.), Վաչեն, որ «Էջանիշ»-ում բանաստեղծություններ է կարդում, միշտ միասին ենք լսում։ Նրան դժվար եմ որեւէ բան ասում, որովհետեւ իմ աչքերում շատ բարձր կետում է, բայց նկատելիս անպայման նշում եմ: Իմ ամենախիստ հանդիսատեսն է, երբեք ավելի գովեստի խոսքեր չի շռայլի, որ ինձ բավարարի, բայց այնքան չի էլ փնովի, որ ինչ-որ բանից վախենամ: Միշտ իրար չափի մեջ օգնում ենք, ինքն ինձ՝ ավելի շատ։

Վաչե. Կարծիք հայտնելիս ճիշտն եմ ասում, կամ էլ լռում եմ: Հիմնականում այնպես է ստացվում, որ վատ եմ ասում, կարելի էր ավելի մեղմ լինել։ Սրբուհու կարծիքը շատ եմ գնահատում, եւ եթե որեւէ գործ չհավանի, ուրեմն՝ պետք է դրանում չլինեի (ծիծաղում է,-հեղ.):

Վաչե Երիցյանը եւ Սրբուհի Բալայանը


- Իսկ ո՞ր դերում եք իրար հատկապես հավանել ու նայել եք ոչ թե հարազատ մարդու, այլ՝ դերասանի։

Վաչե. «Պիկնիկ»-ում, իհարկե, լարվում էի նրա համար, բայց ներկայացումն ինձ համար շատ հետաքրքիր էր: Դուրս եկավ իր մտածողությունը, էությունն ու այն ամենն, ինչ ապրում էր բեմի վրա. նրան այդպիսին չէի տեսել:

Սրբուհի. Ախր, ես իրեն շատ եմ է սիրում (ծիծաղում ենք,-հեղ.):

Վաչե. Դու ինձ «Ես եմ» ֆիլմում ես սիրահարվել։

Սրբուհի. Վայ, իսկապես: Ֆիլմն Արցախում բանակի օրվա կապակցությամբ միշտ հեռարձակվում էր, Վաչեն՝ Ճուտոյի կերպարում էր, երբեւէ չէի կարող պատկերացնել, որ նրան կտեսնեմ, մտածում էի. «Ի՜նչ լավն է այս Ճուտոն»։ Ուզում էի ինձ էլ դպրոցում Ճուտո ասեն. դե, փոքր-մոքր եմ, ու բոլորին ստիպում էի ինձ այդպես դիմեն։ Կերպարն առանց թրաշի ու կարճ մարզերով է, ու երբ Վաչեին ինստիտուտում տեսա, չճանաչեցի: «Սյուրպրիզ» սերիալը սիրում եմ միայն նրա համար, որ Վաչեն իր կերպարը փառահեղ է գտել, իհարկե, թատրոնում անքննելի է «Լոնդոն բլյուզը», «Առը հա Շեքսպիրը», որտեղ շատ տարբեր դերեր է մարմնավորում։

- Իսկ հույզերը տուն բերո՞ւմ եք, թե՞ մնում են թատրոնում։

Վաչե. Ինչքան որ պետք է, բերում եմ, բայց կան բաներ, որ պետք է միայն դու իմանաս:

Սրբուհի. Ես՝ միշտ։ Վերջերս եմ հասկացել՝ եթե ինձ անհանգստացնող խնդիրները Վաչեի հետ չեմ քննարկում, լուծում չեմ գտնում, անգամ եթե դրանք քթիս տակ են:

Վաչե. Ես քո խոստովանահայրն եմ (ծիծաղում ենք,-հեղ.):

Վաչե Երիցյանը եւ Սրբուհի Բալայանը


- Որպես դերասաններ միմյանց ո՞ր որակները կուզեիք ունենալ։

Սրբուհի. Կուզեի Վաչեի ձայնի տեմբրն ունենալ ու նրա պես մտածել կարողանալ։

Վաչե. Վաչեի տեմբրն ունենայիր, հետդ չէի ամուսնանա (ծիծաղում ենք,-հեղ.):

Սրբուհի. Նկատի ունեմ՝ կարողանայի պոեզիան քո պես կարդալ, նյութը մարսել ու վերարտադրել: Կյանքում արագ լինելն ինձ բեմում էլ է խանգարում, իսկ Վաչեն դանդաղ է մտածում ու վերլուծում, ասեղնագործում է:  

Վաչե. Քանի որ մեր մասնագիտությունն ապրելակերպ է, դանդաղ ապրում եմ, ես փորձին պարզապես գնում եմ, ոչ թե հասցնում: Երբեք տեքստը չեմ դասավորում ու հետս տանում, նշում եմ ու հիշում, իմ ձեւն ունեմ, իսկ Սրբուկը պերֆեկցիոնիստ է. պիեսը պարտադիր հետն է: Այ, կուզեի լավ իմաստով մի քիչ այդ գերազանցիկությունն ունենալ, իսկ ես երեքի ուսանող եմ։

- Իսկ ի՞նչն եք սիրում ձեր աշխատանքում, որը երբեք թույլ չի տալիս նրանից հոգնել:

Վաչե. Մեծերի տունտունիկ է՝ քեզ խաբում ու գցում է խաղի մեջ։

Սրբուհի. Շատ սիրուն ձեւակերպում էր։ Ինձ համար մասնագիտությունը սկսվում է փորձասենյակում. երբեք կենցաղում չեմ խաղա։ Ես իրեն եմ սիրում ու պահում, ինքն՝ ինձ. ուրիշ փոխհարաբերություններ են։ Առաջին անգամ ինձ թեւ ու թիկունք պարոն Ծատուրյանն է եղել, որը երբեք չի գովում, որեւէ մեկի մասին առավելագույնը կասի՝ շնորհքով է: Իմ ներկայացումից հետո կուրսեցուս ասել էր. «Տաղանդավոր է, էլի», բայց ինձ երբեք այդ մասին չասաց,  հակառակը՝ նախատում է սխալներիս համար:

- Սրբուհի, միաժամանակ 6 տեղում էիք սկսել աշխատել, որոնցից շատերը հիմա էլ Ձեր կյանքում կարեւոր տեղ են զբաղեցնում: Ի՞նչ աշխատանքներ էին ու ինչպե՞ս էիք ամեն ինչ հասցնում:

- (Ծիծաղում է,-հեղ.), արդեն 9 են դարձել։ Շատ աշխատելու համախտանիշն առաջացավ պատերազմից հետո. ուզում էի շատ վաստակել, որ որեւէ բանի պակաս չունենանք, նաեւ ուզում էի ազատ րոպե չունենալ՝ ոչինչի մասին չմտածելու համար: Արցախի երեխաներին էի դերասանի վարպետություն դասավանդում, հետո ավելացավ Աբովյանի մասնաճյուղը, ապա՝ «Երիցյան» վարժարանն ու մանկական կազմակերպությունը... Շատ գաղափարական է. այնտեղ ամեն ինչ հայրենիքի համար եմ անում: Միջոցառումներ եմ վարում, ուղեկցորդ եմ էքսկուրսիաների ժամանակ, հիմա հեռուստաալիքներից մեկի առավոտյան ծրագրում խմբագիր եմ: Փորձում եմ բաներ, որոնց մասին նախկինում չեմ էլ մտածել՝ SMM-ով եմ զբաղվում։ Դեռ չի եղել որեւէ դեպք, որ գործերից մեկը ձախողեմ, բայց վերջերս մի քիչ գերհոգնում եմ:  

Սրբուհի Բալայանը


- Երեխաների հետ աշխատելիս ավելի շատ Դո՞ւք եք նրանց տալիս, թե՞ հակառակն է լինում։

- Մանկական կազմակերպությունում՝ ես, արցախցի երեխաների դեպքում իրենք են ինձ ամեն ինչ տալիս՝ վերաբերմունք, կյանքը սիրելու եւ ուժեղ լինելու ուրիշ ձեւ։ Այդ երեխաները շատ բաների միջով են անցել, բայց օրվա ընթացքում երբեք չեն տրտնջանում: Երբ նրանց հարցնում եմ, թե ինչու երթուղայինում բարբառով չեն խոսում, պատասխանում են, որ մարդկանց չտխրեցնեն: Նրանք գիտեն, որ քո ցավը չպիտի փաթաթես դիմացինի վզին ու պարտավոր ես ապրել: Փոքր երեխաներ են, բայց չեմ կարող նկարագրել, թե հայրենիքի հանդեպ ինչ վերաբերմունք ունեն, շատ ուժեղ ու գիտակից են:  

Սրբուհուն նորից ժպտալ սովորեցրած Վաչեն

- Ե՞րբ ու ինչպե՞ս է եղել Ձեր առաջին ծանոթությունն ու կարո՞ղ էիք պատկերացնել, որ մի օր ընտանիք եք կազմելու։

Սրբուհի. Առաջին հանդիպումից հիշում եմ Վաչեի գունավոր գուլպաները. «Ինչպե՞ս կարող է տղան, որը քիչ չէ գանգրահեր է, գունավոր գուլպա հագնել»,-մտածում էի, չնայած՝ մազերի գույնը շատ էի հավանում։ Վաչեն ընկերոջ մոտ ինստիտուտ էր գալիս, քայլելիս ձեռքերը մեջքի հետեւն էր դնում, ինչից նյարդայնանում էի։ Նույն հարսանիքին էինք հրավիրված, պատկերացնում չունեմ, թե ինչու, բայց մոտեցա ու հարցրի. «Դո՞ւ էլ ես լինելու հարսանիքին, հենց քեզ հետ էլ ուրախանալու եմ»։ Բնականաբար, հարսանիքին իրեն չեմ էլ հիշել, հետո ինստիտուտում ասաց. «Վա՜յ, քեզ խառնել եմ ուրիշ աղջկա հետ, ծաղիկ էի բերել, նրան եմ տվել, գնա՞մ վերցնեմ» (ծիծաղում ենք,-հեղ.): Մտածում էի՝ կատակում է։

Վաչե. Իսկապես խառնել էի։

Սրբուհի. Անընդհատ մեր ճանապարհները խաչվում էին, միշտ անկապ բաներ էի անում ու շատ խոսում: Պատերազմից հետո էր, ինքնաարտահայտվելու տեղ էի գտել ու շան հացը կտրում էի, ինքն էլ համբերատար լսում էր։ Ամեն խոսակցության վերջում նշում էի, որ հոգեբանի կարիք ունեմ (ծիծաղում է,-հեղ.)։ Մի օր ինձ գրեց. «Ողջույն, օրիորդ Սրբուհի», եւ ամեն ինչ սկսվեց։ Երբ առաջին անգամ հրավիրեց Կասկադում քայլելու, ընկերուհուս հարցրի՝ ինչ անել, ու նա պատասխանեց. «Պիտի գնաս»։ Հանդիպմանը լարվածությունից ասացի. «Բարեւ, Վահե ջան» (ծիծաղում ենք,-հեղ.), ամեն ինչ խառնեցի իրար, չգիտեի՝ ինչից խոսել։ Իր ընկերներից Սոնան էր մեզ հետ, ու աստիճաններով բարձրանալիս նայում էի՝ միայն իմ ձեռքն է բռնել, թե իրենն էլ։ Ուզում էի հասկանալ՝ այս տղան ինձնից ինչ է ուզում։

Վաչե. Ես դեպքերի հերթականությունը չեմ հիշում, որ Սրբուկը չպատմեր, չէի էլ մտաբերի: Մի բան եմ հասկացել, որ բոլորս էլ թերություններ ու առավելություններ ունենք, ներքին ու արտաքին բզիկներ, բայց նա իսկական է, ինչն էլ ինձ գրավել է։ Թե դրա մեջ ինչեր կան, հիմա եմ քաղում (ծիծաղում ենք,-հեղ.):

Վաչե Երիցյանը


- Իսկ ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք գրել։

Վաչե. Խմած էի (կատակում է,-հեղ.):

Սրբուհի. Խնդրում եմ, պապաս կարդալու է այս զրույցը, ինչ կմտածի: Լավ է չես ասում՝ 3 տարի է՝ խմած հետն ապրում եմ (ծիծաղում ենք,-հեղ.):

Վաչե. Պարզապես ուզում էի գրել, եւ եթե չհամաձայներ, երկու օրից ավելի հետեւից չէի ընկնի: Որ եկավ հանդիպմանը, դա էլ էր իսկական։

- Սրբուհի, հրապարակումներից մեկում գրել եք, որ ամենասարսափելի շրջանում եք ճանաչել Վաչեին ու ավելի սիրել կյանքը։ Ինչպե՞ս է նա փրկել Ձեզ:

- Ընկեր եմ ունեցել, որը զոհվել է 44-օրյա պատերազմում, Վաչեի հետ դրանից 9 ամիս անց եմ ծանոթացել: Վաչեն միակն է եղել, ով ինձ երբեք չի խղճացել, թույլ է տվել իր մասին որքան կուզեի արտահայտվել, իսկ ես անդադար էի խոսում: Այն տղամարդն է, որ ձեռքս բռնած ինձ հետ գնացել է Եռաբլուր ու ինձ եւ Հայկին մենակ թողել։ Մի անգամ ծանոթներիցս մեկին ասացի. «Ասատրյան Հայկը», Վաչեն ուղղեց. «Ասա իմ Հայկը», դրա մեջ ոչ պաթոս կար, ոչ էլ ձեւական բան, ու դա այն հիմնական պատճառներից էր, որ մինչեւ Վաչեին սիրելը նախ հարգել եմ: Չեմ էլ զգացել, թե ինչպես է ինձ օգնել, բայց մեկ էլ նկատել եմ, որ ուզում եմ եղունգներս հարդարել, մազերիս ձեւը փոխել, գունավոր հագնվել, սովորեցրել է նորից ժպտալ: Առողջական խնդիրներ եմ ունեցել՝ խուճապի նոպաներ ու նեւրոզ, որոնք Վաչեի հայտնվելուց ի վեր չեն կրկնվել։ Միանգամից փոխվել եմ, թեեւ այդ ընթացքը շատ հեշտ չի եղել, բայց այդ մասին միայն ես ու Վաչեն գիտենք:

- Վաչե, պարզվում է՝ շատ ռոմանտիկ եք ու ամուսնության առաջարկություն արել եք ինքնաթիռում: Ո՞նց էիք այդ ամենը պլանավորել ու իրականացնել:

Վաչե. Որոշել էի, որ պետք է միասին մեկնենք ճանապարհորդության։ Փարիզում արդեն եղել էի ու շատ սիրել՝ ճանաչել փողոցներն ու մետրոն, շատ էի քայլել ու ամեն ինչից լավ տեղեկացված էի, պետք է Սրբուկի մոտ ինձ լավ զգայի (ծիծաղում է,-հեղ.): Հասկացա, որ արդեն ժամանակն է հարցնել՝ ուզում է ինձ հետ լինել՝ պատասխանը շատ լավ իմանալով (ծիծաղում ենք,-հեղ.): Իսկ ինչո՞ւ դա չանել ինքնաթիռի մեջ, ավիաընկերության հետ երկար բանակցելուց հետո թույլտվությունը ստացա ու անակնկալ արեցի, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին:

Սրբուհի. Ասել էր, որ նման մի բան անելու է, բայց մտածում էի՝ Լուվրում կլինի, անգամ մտադիր էի եթերային զգեստ վերցնել հետս:

Վաչե. Տեղեկացրել էի՝ գնում ենք Եվրոպա, որպեսզի ամուսնության առաջարկություն անեմ։

Սրբուհի. Ինձ խաբեց, որ պիտի մտնի օդաչուների խցիկ, բորտուղեկցորդուհին էլ անընդհատ նայում էր մեզ ու ժպտում, մտածում էի. «Ինչ լավ է Եվրոպայում, բոլորը ժպտում են», ապա Վաչեին հուշեց. «10 րոպեից»: Պարզվում է՝ հայտարարել էին, որ շուտով ամուսնության առաջարկություն կլինի, իսկ ես կիսաքնած էի ու հոգնած, ոչինչ չէի հասկացել: Այնքան տարբերակներ էի մտածել զարմանալու, հուզվել ու արտասվելու, բայց իրոք շոկ ապրեցի ու չգիտեի՝ ինչպես արձագանքել:  

Վաչե. Հատուկ էի որոշել Վարշավայից Ամստերդամ մեկնող չվերթում անել, որ հայեր չլինեն:

Սրբուհի. Թեեւ եվրոպացիներն ավելի զուսպ են, բայց իրենք էլ հուզվեցին ու ասացին, որ մեր հարսանիքին գալու են, ավիաընկերությունն էլ ցանկություն հայտնեց՝ ինքնաթիռում ամուսնանանք: Ուրախացել էի, որ Վաչեն չէր ալարել ու այդքանը կազմակերպել էր:


- Եվ ինչպե՞ս անցավ համատեղ ճանապարհորդությունը. մարդուն ճանաչելու ամենալավ միջոցը նրա հետ որեւէ հեռու տեղ գնալն է։

Սրբուհի. Անընդհատ մտածում էի, որ Վաչեին ձանձրացնելու եմ, քանի որ հետաքրքիր մարդ է, նրա հետ ճանապարհ գնացողը երջանիկ է վերադառնում, բայց չձանձրացրի: Ամեն ինչ հիանալի էր կազմակերպել, լինելով մի քանի երկրում՝ Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Լեհաստան, մեկ անգամ չենք մոլորվել: Էյֆելյան աշտարակն էլ այնքան սիրուն ցույց տվեց, ողջ ճանապարհին ասում էր՝ աջ նայեմ, ու երբ հասանք. «Այ, հիմա ձախ նայիր», պտտվեցի ու տեսա, չեմ կարող նկարագրել՝ ինչ ապրեցի։ Ինչպես զգացել եմ Վաչեին սիրելը, նույն բանն էլ ապրել եմ աշտարակը տեսնելիս:

Վաչե. Ինքս ինձ էի ստուգում, թե որքանով եմ ճանապարհը հիշում, մի երկու անգամ շփոթել եմ, բայց իրեն ցույց չեմ տվել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ուզում էի համոզվել՝ արդյոք կարողանում եմ ուզածս անել, առաջարկությունից հետո դրանում համոզվեցի:  Դժվարություններ էլ եղան, սիրուն պահեր էլ, այդպիսին է ճանապարհորդությունը։ Հասկացա, որ ես գիժ ճանապարհորդ եմ, կիլոմետրերով քայլում եմ ու կողքինիս հոգնելը չեմ նկատում:  

Սրբուհի. Շատ քայլեցրեց, նույնիսկ հոդացավ էի ունենում, բայց հավես էր:

Վաչե. Դեղ էի տալիս, որ խմի, թեեւ ամենաբարդը մեզ համար ուտելիք ընտրելն էր:

Սրբուհի. Ես ընդհանրապես կանաչեղեն չեմ ուտում, Վաչեն՝ կաթնամթերք, դրա համար միայն սթեյք էինք պատվիրում, միակ բանն է, որ երկուսս էլ սիրում ենք:

Վաչե. Իրար շատ ճանաչեցինք, հետ գալիս նույն ինքնաթիռի մեջ նշանը հետ տվեցի (ծիծաղում ենք,-հեղ.):

- Դուք արդեն մի քանի ամիս է՝ միասին եք ապրում, ե՞րբ եք նախատեսում հարսանիք անել:

Վաչե. Սրբուկը թղթերն արդեն հավաքել է: Օգոստոսի 1-ից ենք միասին ապրում, պարզապես հանգամանքներն այդպես դասավորվեցին: Դեռ Փարիզում էինք, երբ ընկերներիցս մեկին հարցրի վարձով բնակարանի մասին, պարզվեց՝ նրա բարեկամը նման տուն ունի: Տեսանք այս հրաշալի բնակարանն ու զգացինք՝ մերն է:  

Սրբուհի. Չէի կարող տրամադրվել հարսանիքի, քանի որ ընտանիքիս մի մասը դեռ Արցախում էր, լավ էր, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, իսկ հարսանիք երբ էլ ցանկանանք, կանենք:

- Ինչպիսի՞ ընտանիք եք ուզում դառնալ եւ ի՞նչ արժեքներ փոխանցել երեխաներին:

Վաչե. Մեր հետոները հաստատ վատ արժեքներով չեն մեծանա։ Կսովորեցնենք, որ մեջքն ուղիղ պահեն՝ հայ մնան ու իսկական լինեն: Մի քանի արժեքներ կան, որ պիտի պահվեն՝ ընտանիք, հայրենիք, Աստված։

Վաչե Երիցյանը եւ Սրբուհի Բալայանը


- Ի՞նչ կուզեք Արցախի մասին պատմել երեխաներին, որ պարտադիր իմանան։

Սրբուհի. Ամեն ինչ, բայց լուսավոր բաներ, երբեք մտքովս չի անցնի ասել՝ հանձնեցին, տվեցին, մորթեցին, կոտորեցին, այդ ամենի մասին մեծանալուց հետո կիմանան: Այնպես էլ չի, որ զերծ կպահեմ թշնամի բառից. պիտի հստակ հաստական, որ հայ են ու իրենց թիկունքում պատմություն ունեն: Չի լինելու մի օր, որ Արցախից ու հայրենիքից չխոսենք։ Ես այնպիսի միջավայրում եմ մեծացել, որ մանկուց եմ այդ ամենը տեսել՝ իմ առաջին բանաստեղծությունից մինչեւ դասարանիս անվանակոչումը, հուշահամալիր գնալն ու հարեւաններս, որոնք զոհված զինվորների կանայք ու մայրերն էին:

-Միմյանց կարճ ու դիպուկ 3 բառով ինչպե՞ս կնկարագրեք։

Վաչե. Սրբուհի Կառլենի Բալայան, երեք բառ է (ծիծաղում ենք,-հեղ.):

Սրբուհի. Իր հատկանիշները շատ են, պիտի կարեւորներն ընտրեմ՝ համբերատար, արտիստ, անփոխարինելի։

- Բնավորության գծեր, որ սիրում եք միմյանց մեջ ու մի քիչ ջղայնանում:

Սրբուհի. Միայն ջղայնանում եմ նրանից, որ գիտի՝ ինչ պիտի անի, բայց այդ պահին չի անում: Այնքան շատ եմ նրան վստահում, որ գիտեմ՝ ինչ էլ մեր կյանում պատահի, մեկ է՝ լավ է լինելու:

Վաչե. Երբեմն իմ սխալները ստուգում եմ Սրբուկով։ Չեմ սիրում սենյակից սենյակ բարձր խոսելը, փոխարենը սիրում եմ այն, որ ամեն ինչը հաստատ է ու միեւնույն է՝ ամեն ինչ իր տեղն է ընկնելու: Նա ինձ այդ վստահությունն է տալիս։

- Այսքանից հետո, դե, ասեք, ի՞նչ է սերը:

Վաչե. Ամեն ինչի շարժիչ ուժն է, երբ գարնանը ծառը ծաղկում է, ուրեմն՝ սիրում է:

Սրբուհի. Ինձ համար էլ այդպես, աշխարհում ամեն ինչ սեր է: Աստված երկրի վրա լինելու ուրիշ ձեւ չի գտել ու որոշել է սիրո միջոցով ամեն ինչ կառավարել:  

Վաչե Երիցյանը եւ Սրբուհի Բալայանը


- Մի պահ պատկերացրեք, որ ես այստեղ չեմ, իրար ի՞նչ կխոստովանեք:

Վաչե. Պատկերացնո՞ւմ եք՝ պատկերացնենք, որ այստեղ չեք (ծիծաղում ենք,-հեղ.):

Սրբուհի. Անտանելի է, չէ՞, նման հարցազրույց երեւի չեք ունեցել (ծիծաղում ենք,-հեղ.): Այն, ինչ պիտի իրար խոստովանենք, անում ենք տարին 2 անգամ՝ միմյանց ծննդյան օրերին:

Վաչե. Ես չեմ խոստովանի, կհորդորեմ՝ վստահիր ինձ, ես Sprite-ն եմ (ծիծաղում ենք,-հեղ.):

Սրբուհի. Շնորհակալ եմ, որ դու կաս:

Վաչե. Նորեն համեցեք:

«Ամեն մարդ իր կյանքում պիտի Վաչե ունենա»

Սրբուհի. Վերջերս իրեն էլ եմ ասել՝ կուզեի հնարավորություն լիներ, մարդիկ 24 ժամ անցկացնեին Վաչե Երիցյանի հետ, որպեսզի զգան այն բոլոր էմոցիաները, որ ես եմ ունենում: Ամեն մարդ իր կյանքում որպես ընկեր, եղբայր, տղա ու կողակից պիտի Վաչե ունենա կամ Վաչեից գոնե մի պստիկ բան ունենա:

«Ուզում եմ՝ Սրբուկի հայտնվելն իմ կյանքում միակ մնայուն բանը լինի»

Վաչե. Կյանքն ինձ շատ տրանսֆորմացիաների է ենթարկել, ուզում եմ, որ Սրբուկի հայտնվելն իմ կյանքում միակ մնայուն բանը լինի: Նրան ես եմ ընտրել ու պիտի ամեն ինչ անեմ ընտրությանս տեր լինելու համար:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW