Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պարողներ Գոռ Սարգսյանն ու Նարե Մարկոսյանն օրեր առաջ Հայաստանը ներկայացրել են բալետի եվրոպական «Գրան պրի»-ում եւ զբաղեցրել երրորդ հորիզոնականները:
Վիեննայում տեղի ունեցած միջազգային մրցույթում, որն անցկացվում է 2017 թվականից, ելույթ են ունենում 7-26 տարեկան պարողներ, այս տարի մասնակցել են 31 երկրի մոտ 5100 ներկայացուցիչներ: Նարե Մարկոսյանը ժամանակակից պարաոճում է հանդես եկել, իսկ Գոռ Սարգսյանը դասական բալետային ոճում ներկայացել է «Քամու աստված» («Թալիսման» բալետ) համարով:
BRAVO.am-ին Գոռ Սարգսյանը պատմել է, որ հաջող ելույթի շնորհիվ հրավերներ է ստացել Ռումինիայի, Սերբիայի ու Խորվաթիայի բալետի ազգային թատրոններից։
«Բոլոր մրցույթներն իրենց բարդություններն ունեն, եւ մասնակիցները փորձում են իրենց հնարավորության գագաթնակետը ցույց տալ: Oրերով ու անգամ ամսով քրտնաջան աշխատանք ենք տանում այդ 1-2 րոպեի ընթացում գեղեցիկ ելույթ ունենալու, հանդիսատեսին եւ մասնագետներին գրավելու համար: Առավել եւս, երբ գնահատող անձնակազմը համալրված է հայտնի թատրոնների հռչակավոր աստղերով, ցանկացած արտիստ ավելի մեծ ոգեւորությամբ է ելույթ ունենում»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մրցույթներին պարողները անհավանական տեխնիկա եւ վարպետություն են ցուցադրում: Դրանով էլ պայմանավորում է պայքարի բարդությունը, ինչի արդյունքում լավագույն եռյակում տեղ գտնելը շատ դժվար է. «Ինքս էլ տանջալից աշխատանք եմ կատարել ու երկար պատրաստվել՝ անգամ ցավերով, եւ դահլիճից օրերով դուրս չեմ եկել: Ինձ շատ է օգնել Օպերային թատրոնի առաջատար մենապարող Անդրանիկ Աբովյանը։ Մարզումներին հաջորդել է աշխատանքը ցուցադրելու ու արդյունքները վայելելու ժամանակը, ինչը շատ եմ սիրում»:
Խոստովանում է, որ ամեն անգամ լուրջ մասնագետների հետ է առնչվում ու նրանցից կարեւոր գաղտնիքներ սովորում, ինչը հետագայում շատ է պետք գալիս որակական նոր մակարդակի հասնելու համար: Ամեն նման մրցույթից պարողը վերադառնում է նոր ընկերներ ձեռք բերած, որոնց հետագայում հանդիպում է աշխարհի տարբեր բեմերում։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ֆրանչեսկո Գրիլլլոյի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: