×


Գյումրիից՝ Երեւան. «Ինկած բերդի իշխանուհու» վրեժն ու արթնացրած հույսը

Երկու օրով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմն ամբողջությամբ կարմիրով էր պատվել, որտեղ իր վրեժն էր լուծում Աննա իշխանուհին: Հյուրախաղերով Երեւան էին ժամանել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները՝ ներկայացնելու «Ինկած բերդի իշխանուհին»:

Լեւոն Շանթը դրաման գրել է 1921 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը նրան ոգեշնչել էր դիմել պատմական այդ դեպքերին ու խոսել անցյալի վառ հաղթանակների մասին: Իսկ ահա ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն այդ իրադարձություններին մերօրյա ենթատեքստ ու լուծումներ է տվել՝ փորձել սիմվոլներ գտել եւ վրեժը սեփական մեկնաբանությամբ մատուցել:


«Հայ կինը կարող է ուժեղ ու նպատակասլաց լինել»

Քեսունի Գող Վասիլ իշխանը սպանել է Աննայի ամուսնուն ու որդիներին, խլել բերդը եւ բռնաբարել նրան: Մեկ օրում ամեն ինչ կորցրած կինը, սակայն, որքան խոցված ու վշտի մեջ է, նույնքան էլ ամուր ու վճռական իր անելիքներում: Կյանքին կապող նրա միակ նպատակը վրեժն է դառնում, որը լուծելու համար նա ոչնչի՝ այդ թվում սիրո առաջ կանգ չի առնում: Աննան Քեսունու երկու որդիներին՝ Ատոմին եւ Սեպուհին, իրենց իսկ հոր ձեռքով սպանել է տալիս:

Տղամարդ գլխավոր հերոսների պակաս չունեցող բազմաթիվ ներկայացումների թվում «Ինկած բերդի իշխանուհին» նախ տարբերվում է դիվանագետ, ճկուն, խորամանկ ու գեղեցիկ կնոջ շնորհիվ: Սեփական բերդում՝ ոսկեգույն հագուստով, Քեսունու ամրոցում՝ սեւազգեստ, իսկ վերջնական նպատակին շատ մոտ՝ կարմիր հագած, նա երբեք միայնակ չէ. Աննային ողջ ընթացքում ուղեկցում են ու չեն թողնում հանձնվել նրա 6 «ես»-երը, որոնք ներկայացման ամենագեղեցիկ եւ ազդեցիկ լուծումներից են:


Լյուդվիգ Հարությունյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ թեեւ Շանթը հայ թատրոնում սիմվոլիստական դրամատուրգիայի հիմնադիրն է, այս գործն ավելի ռեալիստական, ծանր ու արյունարբու է: Նա փորձել է պահել հեղինակի լեզվամտածողությունն ու գաղափարը, բայց սեփական մոտեցմամբ ներկայացնել: Վրեժը, օրինակ, արտահայտել է կյանքի բարդությունների հանդեպ կռվով, համարում է՝ ամեն ազգ էլ պարտություններ է ունենում, բայց դրանց առաջ չպիտի կռանա, այլ շարունակի կռվել:

«Հատկապես վերջին շրջանում շատերը հայ կնոջը, առավել եւս սեւազգեստ մորն ընկալում են միայն որպես սգացող ու ցավ ունեցող: Իմ Աննան ցույց է տալիս, որ հայ կինը կարող է ուժեղ ու նպատակասլաց լինել եւ կոտրել այդ կարծրատիպը: Պարտավոր ենք գիտակցել, որ պետությունը պահպանելու համար կարեւոր է՝ հզոր լինենք, ներքին պառակտում չունենանք, որպեսզի թշնամին դրանից չօգտվի: Պիտի սիրենք իրար եւ ուղղենք մեր սխալները, այլապես կհայտնվենք արյան ծովում, ինչպես մեր հերոսների դեպքում է լինում»:

Ամֆիթատրոնն ու զոհասեղանը

Առաջին անգամ է, որ Հարությունյանն իր ներկայացման համար հստակ ընդգծված հերոս է ընտրել, սովորաբար, սիրում է, երբ բոլորն են գլխավոր դերում լինում: Քչերն են պատկերացրել, որ Աննա իշխանուհուն կմարմնավորի Ջեմմա Ադամյանը, բայց հենց դերասանուհին էլ շարժառիթ է եղել, որ նա պիեսը բեմադրի: Ըստ ռեժիսորի՝ Ադամյանին հաջողվել է կերպարը մոտեցնել իրեն ու թեեւ իր փոքրամարմին եւ փխրուն կազմվածքին՝ ստանալ կռվող, ըմբոստ, չլացող ու ուժեղ կնոջ:

Նույն կերպ տարբերվող էլ Քեսունի իշխանն է, որին մարմնավորում է Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, ինչը Հարությունյանի խոսքով՝ կերպարին յուրահատուկ հմայք է հաղորդում: Առաջին անգամ է, որ Գյումրու թատրոնում ստեղծվել է դուբլյորային համակարգով ներկայացում՝ համարյա բոլոր կերպարները, Աննա Իշխանուհուց բացի, փոխվում են:


«Ամեն դերասանի հետ ուրիշ է դառնում նաեւ ներկայացման մեկնությունը. Արկադի Ղարագուլյանի մարմնավորած իշխանը բոլորովին այլ է, այդպես է նաեւ իշխանի որդիների՝ Ատոմի եւ Սեպուհի դեպքում, որոնց դերում են Արսեն Միքայելյանը, Սարգիս Ղարիբյանը եւ նորավարտ դերասաններ Սարգիս Հարությունյանն ու Ժորա Գրիգորյանը։ Նույն կերպ է Դիանա Մացոյանի եւ Արփինե Մխիթարյանի (իշխանուհի Սոֆիա), ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանի ու Նառա Սանթոյանի (Սաբեթ) պարագայում», - նշել է ռեժիսորը:

Ներկայացման մեջ ներգրավված են նաեւ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողները: Նկարչական ձեւավորումն արել է Անտոն Քեշիշյանը, իսկ զգեստների հեղինակը Լուսինե Խաչատրյանն է: Հարությունյանը ցանկացել է, որպեսզի բեմն ամֆիթատրոնի ու զոհասեղանի տեսքով լինի, որոնց շնորհիվ էլ իրականացրել է իր ռեժիսորական մտահղացումները:

«Վրեժն ուժեղ է սիրուց»

Դիպուկ ու տեղին են ընտրված ներկայացման գունային լուծումները. գերակշռում են սեւն ու կարմիրը, որով էլ ռեժիսորն արտահայտել է վրեժն ու կյանքի արատավոր այլ երեւույթները: Կարմիրը ներկայացման գործող անձանցից մեկն է ու շնչավորվում է, երբ հայտնվում է իշխանուհու երեխաների շապիկների տեսքով, որոնք ընթացքում թելի կծիկներ են դառնում ու խորհրդանշում Աննայի ցանկությունները, կռիվն ու վրեժը:

«Սեւազգեստ կանայք Աննայի «ես»-երն են եւ ուղղորդում են նրան ամուր մնալ ու չկոտրվել: Այդքան տանջանքների կողքին չէր կարող սեր էլ չլինել՝ Ատոմի անզուգական ու մաքուր զգացմունքը, որը, սակայն, զոհ է գնում մռայլ իրականությանը»,- ասում է Հարությունյանը:


Շատ կարճ ժամանակով Աննայի ներսում սիրող կինը հաղթում է վրիժառու մորը. նա ցանկանում է ապագան կապել Ատոմի հետ, որի «զույգ մը մութ, խորունկ, անհուն, թավիշ աչքերն» ամբողջ աշխարհն են դարձել իր համար: Բայց հենց այդ ժամանակ է, որ նրա ներքին «ես»-երը թույլ չեն տալիս շեղվել ճանապարհից՝ վրեժի աշխարհում տեղ չկա հոր եւ որդիների համար:

Հարությունյանը փոխել է պիեսի վերջաբանը, որն ավարտվում է Աննա իշխանուհու ինքնասպանությամբ: Ներկայացման վերջին տեսարանում, ինչպես եւ սկզբում, Աննան ու Վասիլ իշխանն են, այս անգամ ծնկի իջած Ատոմի դիակի կողքին՝ իրար այնքան նման, ոչնչի առաջ կանգ չառնող ու միաժամանակ անչափ դժբախտ:

Ռեժիսորը խոստովանում է, որ իր վերաբերմունքն այդ երկու կերպարներին միանշանակ չէ. «Քեսունի իշխանի ողբերգությունն այն է, որ տառապում է իր եսասիրությամբ ու ամեն ինչի կենտրոնում լինելու մոլուցքով»:


Ներկայացումն ազդեցիկ դարձնել ռեժիսորին օգնել է նաեւ «Հող» խմբի երաժշտությունը, որն ընտրել է թատրոնի երիտասարդների խորհրդով: Լինելով ազգային՝ այն նաեւ ժամանակակից տարրեր ունի եւ շատ համահունչ է դարձել ներկայացման հերոսների ապրումներին, կորուստներին եւ ցավին:

«Ուրախ եմ, որ մի մեծ խմբի հետ կարողացանք ստեղծել նման աշխատանք, որն արդեն իսկ սիրվել է ու դեռ երկար կմնա թատրոնի խաղացանկում: Զգում եմ, որ մեր ուղերձը տեղ է հասել, ու մարդիկ կարողանում են կռիվ տալ կյանքի դժվարությունների դեմ»,- ասել է նա:

Ադամյանի Աննան

Ջեմմա Ադամյանի մտքով անգամ չի անցել, որ կլինի «Ինկած բերդի իշխանուհի» ներկայացման մեջ, էլ ուր մնար՝ կմարմնավորի Աննա իշխանուհուն: Իսկ այն, որ գործը տարբեր կազմերով են խաղալու, ավելի հետաքրքիր ու պարտավորեցնող է դարձել. «Թեեւ տեքստն ու մնացած ամեն ինչը նույնն է, սակայն Գաբոյանից այլ էներգիա եմ ստանում ու պատասխանում դրան, Ղարագուլյանից՝ մեկ այլ: Դրանից էլ ներկայացումը 2 տարբեր ձեւով է ստացվել»:


Ադամյանի Աննան զուսպ է իր ապրումներում ու քիչ է հուզվում, նա կարողանում է ցույց չտալ իր զգացածը: Հենց այս որակները դերասանուհին ինքն էլ փորձում է կյանքում կիրառել, քանի որ Աննայի հակապատկերն է՝ էմոցիոնալ ու ապրումները միանգամից արտահայտող:

«Ներկայացման մինիմալիզմն եմ հավանում: Մեր դեպքում բեմը ամֆիթատրոնի տեսքով է, բայց մեծ հաշվով խաղում ենք դատարկ բեմում, ավելորդ ոչինչ չունենք, նույն զսպվածությունն է առկա նաեւ զգեստների լուծումներում: Թեեւ մենք պալատում ենք, բայց այդ շքեղությունը երեւում է փոքր դետալների միջոցով»,- ասել է դերասանուհին:

Գաբոյանի Վասիլը

Տիգրան Գաբոյանը Քեսունի իշխանին մարմնավորելու համար մանրամասն ուսումնասիրել է պատմական դեպքերն ու Գող Վասիլի կերպարը, խորհրդակցել պատմաբանների, գրականագետների ու շանթագետների հետ: Նախ ցանկացել է հասկանալ, թե ինչու է Շանթն անդրադարձել այդ դեպքերին ու ինչ ցանկացել փոխանցել:

«Այդ ամենն ամբարելով իմ մեջ՝ ռեժիսորի հետ կերպարը ստացանք 21-րդ դարի մոտեցմամբ: Այդքան էլ դյուրին չէր գտնել Վասիլին, որովհետեւ երկու կազմով էինք խաղում ու պիտի տարբեր լինեինք մեր մեկնաբանություններում։ Պիեսում այն շրջանն է, երբ ձեւավորվել էին Կիլիկյան իշխանությունները, բայց միասնական թագավորություն չկար։ Թեեւ Վասիլը բարի նպատակ ուներ, բայց սխալ ճանապարհ էր ընտրել, ինչը մեր ամենամեծ թերություններից մեկն է՝ «ես»-ի վրա ենք ուզում ամեն ինչ կառուցել, ոչ՝ «մենք»-ի: Բայց դա էր Վասիլի ճանապարհը, որը պետք է նրա հետ անցնեի: Մարդկային կյանքը բացարձակ արժեք է, բայց դրանից առավել վեհ արժեք էլ գոյություն ունի՝ հայրենիքն է»,- նշել է դերասանը:


Տիգրան Գաբոյանն ասում է՝ Ջեմմա Ադամյանի հետ միանգամից են կապ զգացել ու անկախ իրենց տարիքային տարբերությանը՝ կարողացել միասին աշխատել: Շեշտում է, որ բեմում առաջին հերթին խաղընկերոջ համար է խաղում, ոչ՝ իր կամ հանդիսատեսի: Իսկ երբ երկուսի խաղը ստացվում է, այդ ժամանակ էլ էներգիան հասնում է դահլիճին. «Ջեմմայի համար բավական դժվար է երկու կազմի հետ տարբեր մեկնաբանություններով խաղալ։ Առաջիկայում ավելի մեծ փորձառություն ձեռք կբերի ու կկարողանա կերպարը բյուրեղյա մաքրության հասցնել»:


Գաբոյանը համարում է, որ ներկայացումը մարդկանց հույս կտա ու ճաշակի ընկալում, նոր մտորումների առիթ կլինի եւ կօգնի հասկանալ, որ մեր վրեժը պիտի լուծենք համախմբվածությամբ՝ շարունակելով ի հեճուկս շատերի բարգավաճել ու շենանալ. «Ռեժիսորը կարողացավ ամբողջ պատմությունը ընդամենը մի կարմիր կտորով լուծել եւ դա այնքան խոր ու իմաստային է»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW