×


Սոֆիկ Սարգսյան. Սիրահարված՝ Մալյանի տան մոտ այնքան եմ կանգնել, մինչեւ եկել ու ասել է. «Գնա տուն, ես վաղը գալու եմ դասի»

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի կյանքում Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմը ճակատագրական էր: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհու հետ անչափ հետաքրքիր ճանապարհորդություն ենք կատարել ժամանակի միջով ու հանդիպել մեծանուն հայերի: Սարգսյանը մեզ նորովի է ծանոթացրել Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Սոս Սարգսյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի հետ:

- Տիկին Սարգսյան, Դուք հենց Սոֆի՞կ եք, թե՞ Սոֆյա ու ինչպե՞ս են, սովորաբար, դիմում մտերիմները։

- Յուրի Երզնկյանն իմ առաջին՝ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի ազդագրում Սոֆյա Սարգսյան էր գրել: «Կինո Մոսկվա»-ում պրեմիերայի ժամանակ կարդացի ու փոխանակ ուրախանամ, ասացի. «Ընկեր Երզնկյան, ես, ախր, Սոֆիկ եմ»։ «Դետոչկա ջան, ուզում եմ՝ սիրուն լինի, կինո ես մտնում»,- պատասխանեց (ծիծաղում ենք,-հեղ.): Աշխատանքային ընկերներս Սոֆա են դիմում, Ազատ Գասպարյանս կասեր. «Բարեւ, Սոֆա, ո՞նց ես, Սոֆա», բայց ես Սոֆոն եմ սիրում, հիմնականում հարազատներս են այդպես դիմում:  

- Վերջին շրջանում խուսափում եք հարցազրույցներից, քիչ եք նկարահանվում, հիմնականում միայն դասավանդում եք, ո՞րն է պատճառը։

- Հիմա հրաժարվում եմ նկարվել կամ համաձայնում եմ, եթե միայն մեկ օր է տեւում: Այս ամբողջ ընթացքում միայն «Պատվի համար»-ում եմ նկարվել, Արամ Շահբազյանի եւ Ջիվան Ավետիսյանի ֆիլմերում: Շուտով 6 տարի կլինի, ինչ իմ երկրում հեղափոխություն է եղել, ամաչում եմ այդ բառից ու այն մարդկանց համար, ովքեր դա արել են, ինձ լավ չեմ զգում: Ինստիտուտ մտնելիս պատին տեսաք մեր զոհված ուսանողներին, ամեն օր կարելի՞ է գալ ու այդ երեխաների անունները կարդալ։ Բայց գիտեմ, որ ուսանողներիս իրավունք չունեմ չոգեւորելու. Վիլյամ Սարոյանին ու Աղասի Այվազյանին անձամբ եմ ճանաչել ու նրանց պատմվածքների վրա աշխատելիս իմ հիշողություններից եմ պատմում, երեխաների մեջ դա մի այնպիսի ոգեւորություն է առաջացնում (ժպտում է,-հեղ.):

Սոֆիկ Սարգսյանը


- Մենք էլ անդրադառնանք Ձեր հանդիպած հետաքրքիր ու անվանի մարդկանց, որոնք բազմաթիվ են եղել: Սկսենք Ձեր ուսուցչից՝ Հենրիկ Մալյանից։

- Այսքան տարիների բացակայությունից հետո էլ Մալյանը հետս է: Երբ դասս ինչ-որ պատճառով չի հաջողվում, անհարմար եմ զգում, քանի որ իր առջեւ պատասխանատու եմ։ Ինձ կինո Մալյանը տարավ, թեեւ մինչ այդ նկարվել էի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ու Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմերում: Սիրում ու մեծարում էինք Սոֆի Լորենին, Էլիզաբեթ Թեյլորին, Ջինա Լոլոբրիջիդային, որոնց նկարներն իմ պատով մեկ էին, ու չէի կարող երեւակայել, որ ես էլ մի օր կինոյում կլինեմ: Մինչեւ հիմա պաշտում եմ թատրոնն ու ցավ ապրում, որ այնտեղ կարճ կյանք ունեցա։ Փաստորեն, կինոդերասանուհի դարձա, ոչ թե՝ թատրոնի (ծիծաղում է,-հեղ.)։

- Իսկ ինչպիսի՞ դասախոս էր Մալյանն ու ի՞նչ է սովորեցրել, որ մինչեւ հիմա այդքան անփոխարինելի է:

- Մանկավարժականի ռեժիսորական կուրսում էինք սովորում, Մալյան դասախոսը եզակի երեւույթ էր, մեծագույն հայ ու հոգեբան: Պարտադիր չէր՝ ամեն ինչ բառերով ասեր, մեկ հայացքն էլ բավարար էր։ Ոչ միայն գեղեցիկ արտաքին ուներ, այլ նաեւ ներսն էր գեղեցիկ։ Իրեն ամեն վայրկյան ու ժամ էիր սիրահարվում, հենց դա է արվեստի հիպնոսը, նույնը զգացի Թբիլիսիում՝ Փարաջանովի տանը: Շատերն էին ուզում իր դասերին ներկա լինել, խնդրում էին, նա էլ ամաչում էր, շատ համեստ մարդ էր։ Մագնիսի պես ձգում էր, դրա համար էլ, եթե որեւէ ռեժիսորից ջերմություն չեմ զգում, հասկանալի է՝ բոլորը չեն կարող Մալյան, Փարաջանով, Ռոման Բալայան կամ Դովլաթյան լինել, չեմ նկարվում, որովհետեւ այդ ֆիլմն ինձ պետք չէ։ Թատրոնում խաղում ես մթության մեջ նստած հանդիսատեսի համար, իսկ կինոյում կամերայի մյուս կողմում 20-30 հոգի են կանգնած, որոնց մեծ մասն անտարբեր է, նրանց քո ապրումները չեն էլ հետաքրքրում:

- Ձեզ համար կարեւոր է ռեժիսորի հետ կապն ու նրանից ստացած էներգիան։

- Պիտի հուզվես, լացես, իհարկե, ռեժիսորի համար պիտի անես, Մալյանի համար, որը կարող էր հետեւից թաքուն նայել, ու երբ ջերմություն չկա, ինձ այդ գործը հետաքրքիր չէ։  

- Երբ արդեն սկսեցիք նկարել «Նահապետը», ինչպե՞ս դասախոս Մալյանը վերածվեց ռեժիսորի ու արդյոք փոխվե՞ց այդ կարգավիճակում:

- Նույն մարդն էր, նույն հոգեբանը, ֆիլմեր նկարելիս երբեք փորձեր չէր անում, գիտեր՝ Սոսն է Նահապետը, քեզ էլ ընտրել է, վերջացավ, գնաց։ Նա մթնոլորտ էր ստեղծում ու այնպիսի բաներ անում, որ անհրաժեշտ վիճակում լինես։ Ամաչում էր մեզ շատ բան պատմել իր նկարահանումներից, այդ մասին կարդացել ենք նրա «Երկխոսություն երրորդի համար» գրքում, թեեւ երեխաները խեղդում էին եւ ուզում իմանալ Ֆրունզիկի ու մյուսների մասին: Ինքներս էլ տեսնում էինք, որ առանց նրանց ապրել չի կարող՝ արյունակից ընկերներ էին, ու վերջ։ Նույնն էլ Սոսի դեպքում էր (շրջվում է ու ցույց տալիս մեր թիկունքում Սոս Սարգսյանի նկարը,-հեղ.): Սոսն էլ երկար կապրեր, ամբողջ օրը հիշողությունների մեջ էր։ Համազգայինի դռնով անցնել չէի կարող, փախչում էի, որ ինձ չտեսնի: Այլապես կանչում էր, գրկում ու սկսում լացել. «Սոֆիկ, իմ ընկերներն ինչո՞ւ ինձ թողեցին, ո՞ւր է Հենրիկը, ախ Ֆրունզիկը, ախ Խորիկը», ամբողջ օրն այդ ցավերով էր։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հզոր կապ էր նրանց մեջ, արվեստը շատ ուժեղ կերպով է միացնում, ուսանողներիս էլ եմ այդ մասին ասում:

- Ձեր կարոտն ինչպե՞ս է արտահայտվում ընկերների հանդեպ ու ի՞նչ հիշողություններ եք ունենում։

- Ինձ համար շատ է դժվարացել: Հին հայկական ֆիլմերը, որոնք այս սերունդն էլ շատ է սիրում ու հարցնում. «Տիկին Սոֆ, հնարավո՞ր է՝ այդ որակի ֆիլմեր նորից լինեն», չեմ կարողանում նայել: Պաշտում եմ «Եռանկյունի», «Բարեւ, ես եմ» կամ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը, բայց ալիքը փոխում եմ, որովհետեւ ամեն կադրը հիշողություններ է արթնացնում։

Չգիտեմ՝ ընկեր Մալյանիս ինչ պատմեմ, այս ամենը նա չտեսավ, թեեւ կանխազգաց. Սումգայիթից հետո սիրտը չդիմացավ, բայց մնացածը գիտեին, թե մենք հաղթանակած ենք: Ի՞նչ պատմեմ Ֆրունզե Դովլաթյանին կամ Ֆրունզիկին, չեմ կարողանում, մանավանդ՝ Գալյա Նովենցից հետո, Սոսն էլ այնքան էր տխրել, որ նա չկա։ Բայց գիտեմ, որ այս սերնդի առաջ պարտավորություն ունեմ ու նման հրաշալի ուսանողներ տեսնելիս ոգեւորվում եմ, պատմում, սովորեցնում:


- Ինչպիսի՞ն են հիմա ուսանողներն ու նրանց կողմից փոխադարձ ոգեւորություն ու սովորելու եռանդ կա՞:

- Հավատացնում եմ՝ իսկապես կա, միշտ էլ ամեն կուրսում երեխաներ կան, որ առանց գիրք չեն կարողանում, էլ չեմ խոսում իմ նախկին ուսանողների մասին, որոնք մշտապես կգան իմ տուն ու գիրք կտանեն։

- Իսկ Դուք ի՞նչ եք առհասարակ ու հենց այս պահին կարդում:

- Նորից Լեւոն Խեչոյանին ուզեցի անդրադառնալ, անկասկած, նա մեր մեծագույն գրողներից մեկն է: Երբ կարդացի Ջոյսի «Ուլիսես» եզակի վեպը, որն ամեն մեկին չէ հասու, ուսանողներս էլ տարան, բայց հաջորդ օրը հետ բերեցին (ծիծաղում ենք,-հեղ.), հասկացա, որ ուրիշ երեւույթի հետ գործ ունեմ: Համաշխարհային գրականության մեջ մոտ 10 գիրք կար ինձ համար, առաջին տեղում Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» էր, բայց երբ Մարկես կարդացի, ցնցվեցի, ինչպես մեր Մարկես Հրանտ Մաթեւոսյանն էր ասում. «Սոֆիկ, այս տեսակ գրականություն» կա: Չէի հավատում, որ նրան որեւէ այլ բան կփոխարինի, բայց «Ուլիսես»-ի պես վեպ չէի տեսել, նման բան համաշխարհային գրականության մեջ էլ չկա։ Ընդհանրապես, արվեստը պիտի ցնցի, Մայա Պլիսեցկայան պիտի պարի, ու դու դրանից ցնցվես (ծիծաղում ենք,-հեղ.):

- Նա Ձեզ շատ է տպավորել, ինչպե՞ս է այդպես գերել:

- Երբ փոքր էի, մայրս ինձ շատ էր տանում թատրոն, Պլիսեցկայային 5 տարեկանում եմ տեսել ու նրա պարն ինձ ցնցել է: Նա Երեւանում միայն մեկ անգամ՝ 1965 թվականին պարել է «Բախչիսարայի շատրվանը»։ Իր մասին հաղորդում էի դիտում, հանկարծ տեսա ներկայացման հագուստն ու նորից ցնորվեցի։ Փաստորեն 40 տարուց ավելի փնտրում էի, թե պարողն ով է: Պատկերացնո՞ւմ եք, թե ոնց էր ազդել ինձ վրա:

- Իսկ թատրոնում ո՞վ է Ձեզ վրա այդպես ազդել, քանի որ Սունդուկյանում ոչ մի ներկայացում բաց չեք թողել։

- Ես թատրոնի գժերից էի (ծիծաղում ենք,-հեղ.), ամբողջ օրը ժամը 18:00-ից մարմինս դողում էր ու պիտի գնայի Սունդուկյան: Այնքան շարունակվեց, մինչեւ հսկիչները տնօրենին խնդրեցին. «Այս երեխան ամեն երեկո գալիս է, եկեք թույլ տանք, որ նստի»: Ուսանողական տարիներիս այնտեղ էի, մինչեւ որ մեր երկրորդ դասախոսը՝ Արտաշես Հովհաննիսյանը, տարավ Դրամատիկականում «Ռիչարդ Երրորդը» նայելու, դրանից հետո այդ թատրոնն էլ սիրեցի։ Ամեն ինչ եմ տեսել ու բոլորին՝ ամեն օր Սունդուկյանում հետեւել եմ Խորիկ Աբրահամյանին, Ֆրունզիկ Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մետաքսյային, Վարդուհուն, Գուրգեն Ջանիբեկյանին, Ավետ Ավետիսյանին։ Ցավոք, Հրաչյա Ներսիսյանին ու Վահրամ Փափազյանին չեմ տեսել, երբ 1968 թվականին իմացանք, որ Փափազյանը մահացել է, դասարանով նետվեցիք Պանթեոն՝ նրա թաղմանը: Այնտեղ էին սունդուկյանցի մոտ 50 դերասանուհի, բոլորը սեւազգեստ էին, ինչն էլի ցնցեց ինձ:  

- Կյանքը Ձեզ հետաքրքիր կերպով կապել է Սերգեյ Փարաջանովի հետ, նրան հանդիպելու հետաքրքիր առիթներ եք ունեցել։

- Ամեն տարի ԽՍՀՄ որեւէ երկրում կինոփառատոն էր լինում, եւ 1978 թվականին այն ընդունեց Երեւանը: «Նահապետն» էլ էր մասնակցում եւ, այսօրվա լեզվով ասած, 4 «Օսկար»-ի արժանացավ (ծիծաղում ենք,-հեղ.)՝ «Լավագույն ֆիլմ», Մալյանը՝ «Լավագույն ռեժիսոր», Սերգեյ Իսրայելյանը՝ չքնաղ օպերատրության համար, իսկ ես՝ «Կնոջ լավագույն նորամուտ»-ի։ Այս մասին գիրք եմ գրում եւ շատ եմ ուզում գոնե այս տարի բոլոր հուշերս ներկայացնել: «Անի» հյուրանոցը փառատոնի մասնակիցների տրամադրության տակ էր, իսկ ֆիլմերը չքնաղ «Ռոսիա» կինոթատրոնի մեծ ու փոքր դահլիճներում էին ցուցադրվում: 3-րդ օրն ինձ մոտեցավ կինոռեժիսոր Ռուբեն Կեւորկովն ու համարյա շշուկով ասաց. «Սոֆիկ, գնում ենք փոքր օդանավակայան՝ Փարաջանովին դիմավորելու, արի մեզ հետ»։ Նրա մասին արդեն գիտեի, 1969-ին «Նռան գույնն» էի նայել, 3-րդ կուրսում էինք, երբ ընկեր Մալյանը մեկնեց Կիեւ՝ դատավարությանը: Փարաջանովի ֆիլմերն արգելել էին, ու որեւէ տեղ չէինք կարող դիտել, բայց Մալյանին հաջողվեց «Հակոբ Հովնաթանյան» շշմելու կարճամետրաժը բերել ու ինստիտուտում մեզ ցույց տալ:

Օդանավակայան մի քանի մեքենայով գնացինք, վրացիներից էլ կային հետներս: Թիֆլիսից ժամանած ինքնաթիռի դուռը բացվեց, ու երեւաց իր խունացած, հավիտյան գորշավուն, հնամաշ կոստյումով Փարաջանովը, բայց իջավ իսկական գեղեցկություն՝ մի աստված: Զգացողություն ունեի, որ Աստված էլ նրա պես պետք է լինի՝ սպիտակ, սիրուն մորուքով։ Մի քանի ամիս էր, որ բանտից դուրս էր եկել, բոլորին փաթաթվեց, նկատեցի՝ ինչպես Էլդար Շենգելայային հարցրեց՝ ով եմ, նա էլ բութը տնկեց ու ասաց. «Նախապետ, Նախապետ»։ Նրան տարան հյուրանոցի համար, որը 100-ամյակին նվիրված հաղորդումներից եմ իմացել, թե լյուքս էր: Փարաջանովը նստում էր բազմոցին, իսկ մի 800 մարդ ոտքի վրա կանգնած նրան էր լսում: Այդ օրվանից էլ ոչ ոք չէր գնում ֆիլմ նայելու, փառատոնն ավարտվել էր (ծիծաղում ենք,-հեղ.):  

Սոֆիկ Սարգսյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Իսկ ի՞նչի մասին էր պատմում ու ինչո՞վ գերում մարդկանց, Փարաջանովի այդ ձգողականության մասին շատ եմ լսել:

- Արվեստի մասին, ասում էր. «Եկեք խմենք Ֆելինիի կենացը, Սոֆիկո Ճիաուրելիի, Դովլաթյանի, Մալյանի կենացը»: Ես էլ մտնում էի նրա համար ու մի անկյունում կանգնում, շատերին եմ հիշում, որ մշտապես կային՝ Ռոման Բալայանը, Ռուբիկ Կեւորկովը, Անահիտ Թոփչյանն՝ ամուսնու հետ, Դովլաթյանը։ Եկավ «Նահապետ»-ի ցուցադրման օրը, պարզվեց՝ Փարաջանովն էլ դահլիճում էր, ֆիլմից հետո երեկոյան ժամը 11-ը կլիներ, բոլորին լցրեց կարմիր մեծ ավտոբուսն ու տարավ պատիվ տալու: Կանչեց. «Սոֆիկո ու Գենրիխ», բայց Մալյանն, ինչպես միշտ, խուսափեց. ոչ մի հավաքույթի չէր գնում: Կզանգեր տուն ու կասեր. «Սոֆիկ ջան, Թիֆլիս կգնա՞ս», «Ուխ, ընկեր Մալյան, իսկ Դո՞ւք», «Ես չեմ գալու», «Սոֆիկ, Ղարաբաղ  կգնա՞ս», այն երանելի խաղաղ ժամանակ 2 անգամ եղա Արցախում, բայց Մալյանը նորից չեկավ։ Իսկ Փարաջանովը մեզ տարավ հայտնի լուսանկարիչ Գուրգեն Միսակյանի տուն, նրան փառատոնի ժամանակ ճանաչեցի, քանի որ պաստառների նկարների համար ինձ էլ էր լուսանկարել: Երեւան այցելելիս Փարաջանովը նրա կամ Կեւորկովի տանն էր մնում: 30 հոգի կլինեինք, այդ ուշ ժամին սեղան գցեցին, ես էլ բերանս բաց լսում էի, որ որեւէ բան բաց չթողնեմ, եւ հանկարծ Փարաջանովը գրպանից հանեց 18-րդ դարի Դաղստանի արծաթե վզնոց. «Իսկ սա՝ քեզ», փարաջանովյան օրերին երբեմն կրում եմ։ Անմիջապես աչքերս լցվեցին, չէի սպասում նրանից նվեր ստանալ, էլի ցնցում ապրեցի։ Նա, դե, ռուսերեն էր խոսում, բայց հայհոյում հայերենով (ծիծաղում ենք,-հեղ.)։ Մի ափսե շրջեց, իր ճաշակով գեղեցիկ զարդարեց, լուսանկարի վրա գրեց ամսաթիվը, «Նախապետ», հիշատակ՝ Ս.Փ.-ից ու թողեց թանաքով ներկված մատնահետքը, բոլորն ասացին. «Սերժիկ, բա մեզ համար չարեցիր», պատասխանեց. «Միայն նրա համար» (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ապա ինձ իր լուսանկարը նվիրեց, որի հեղինակը Միսակյանն էր՝ բանտից վերադառնալուց հետո նկարվել էր մինչ այդ արված իր կադրի կողքին: Շատ քչերն ունեն այդ նկարը, որոնց թվում ես եմ, նույնիսկ նրա թանգարանում չկար այն: Ինչպես միշտ, ուսանողներիս տարել էի թանգարան, ողորմի Զավեն Սարգսյանին, գաղափար չուներ, որ նման նկար կա, միանգամից արտատպել տվեց ու պահեց, բա որ զարդերի մասին իմանար  (ծիծաղում ենք,-հեղ.)։

- Իսկ ինչո՞ւ էր Փարաջանովը Ձեզ այդքան սիրել ու կապվել, երբեւէ փորձե՞լ եք հասկանալ։

- Դրանով մեր հանդիպումները չավարտվեցին: Պարտադիր չէր, որ նա որեւէ բան ասեր: 1980 թվականին Դրամատիկականում էի աշխատում, եւ մեր «Վերջին ուսուցիչը» ներկայացումը տարանք Թբիլիսի: Ցերեկը մերոնք խաղում էին Խանդիկյանի բեմադրությամբ «Մոռանալ Հերոստրատին», ու նա այդ վաղ ժամից եկել էր։ Քրոջ որդու՝ Գարիկի հետ էր, ով հետո կինոռեժիսոր դարձավ, ինձ տեսնելուն պես ասաց. «Էն կողմ, էն կողմ» եւ նստացրեց կողքին, մեր թատրոնի ժողովուրդն էլ խնդրում էր. «Վա՜յ, Սոֆիկ, մեզ էլ ծանոթացրու հետը»։ Երեկոյան բոլորն իր տանն էին, մեզ ցույց տվեց բանտից բերած ալբոմները, էլի սեղաններ էր գցել, ի դեպ, Երեւանից գնալուց առաջ էլ մի հիսուն հոգու համար հյուրասիրություն էր կազմակերպել, մտածում էի. «Աստված իմ, այս մարդը ո՞նց պիտի վճարի»: Հարցրի. «Ընկեր Դովլաթյան, թույլ չեք տա, չէ՞, ինքը վճարի», «Այ, Սոֆո ջան, նա ինքը մեզ թույլ չի տա», իսկ թե որտեղից էր գումար ճարում, Ռոման Բալայանն է լավ պատմում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Թիֆլիսում ամբողջ գիշերն իր տանն անցկացրինք, ողջ աշխարհն էր այնտեղ, պարզվեց՝ ամեն երեկո էր այդպես, մարդիկ կային Լեհաստանից, այլ երկրներից, Թիֆլիս գալուն պես գնում էին Կոտե Մեսխի 7։ Հետո էլի եղան հանդիպումներ, երբ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմի պրեմիերան «Նաիրի» կինոթատրոնում եղավ, ընկերներիս հետ էի, ու բոլորին էլ ներս թողեց: Հետո ֆիլմը ոչ մի կերպ չէր սկսվում, մասերի հերթականությունը խառնել էին, Փարաջանովն, ինչպես միշտ, լաց էր լինում: Ամեն վայրկյան աչքերը լցվում էին, հանգստացրինք՝ որքան պետք է, կսպասենք, մինչեւ որ ցուցադրությունը սկսվի:

- Փաստորեն նրա տանն եք եղել ու զգացել այդ անհավանական մթնոլորտը:

- Մերոնք նստած զրուցում էին՝ Լեւոն Շարաֆյանը, Ռուբիկ Կարապետյանը, Անահիտ Թոփչյանը, մարդիկ չէին կարողանում նրան թողնել ու հեռանալ, իսկ ես պատշգամբում ափսեներն էի լվանում: Փարաջանովն էլ գալիս էր ու ասում. «Դե, թող, է»։ Իր տանն էլ այդ խունացած, գորշավուն կոստյումն էր հագին ու տակը միայն սպիտակ շապիկ էր, պարզվեց՝ վերնաշապիկը Վիսոցկին էր տարել: Տուն վերադառնալուն պես քրոջս սկսեցի խեղդել, որ շուտ թել ճարի, նրա համար սվիտեր գործենք: Այն Կեւորկովի հետ ուղարկեցի, ասում էին՝ հագնում է։

Սոֆիկ Սարգսյանը


- Այդ նույն՝ 1978 թվականին եւս մեկ անվանի մարդու՝ Վիլյամ Սարոյանի հետ եք ծանոթացել ու անգամ նկարվել հետը։

- Սարոյանը եկել էր նաեւ 1976-ին, ու այդ ժամանակ Սունդուկյանում խաղացին «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, որն արդեն հարյուր անգամ նայել էի, բայց գնացել էի նրա համար: Փորձեցի մոտենալ ու տեսա այդ մեղրի գույնի աչքերը, այնքան գեղեցիկ էր՝ եղնիկներով սվիտերը հագին: Պարզվեց՝ մշտապես նույն պլաշն ու գլխարկն է կրում ու առավոտյան 6-ից սկսում թխկթխկացնել նույն գրամեքենայի վրա: Իսկ երբ դրանից 2 տարի անց եկավ իր 70-ամյակը նշելու, այդ առիթով միջոցառում էր կազմակերպվել «Կինոյի տանը»: Դա էլ եզակի պատմություն է, հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ ժողովուրդն իրեն կոտորում էր դահլիճ մտնելու համար:  Սարոյանն ասել էր՝ դռները բաց թողնեն, որպեսզի բոլոր ցանկացողները գան: Նա շատ բարձր էր խոսում, կողքի թաղամասում ձայնը լսվում էր (ծիծաղում ենք,-հեղ.)։ Բեմից էլ ասաց. «Ձեզ համար եմ խոսում, ովքեր միջանցքներում եք», ասեղ գցելու տեղ չկար, բայց ես, իհարկե, մի անկյունում տեղավորվեցի: Բեմում կողքին Հրանտ Մաթեւոսյանը, Զորի Բալայանը, Լեւոն Մկրտչյանն էին նստած, նրա համար երգեց Հայրիկ Մուրադյանը, որի «Գութանի երգը» պաշտում էր, Ջիվանը նվագեց, ելույթ ունեցան մեր գրողները, հենց Հրանտն իր մասին խոսեց, աթոռը շրջեց ու այսպես նստեց (ցույց է տալիս՝ ձեռքերը կզակի տակ,- հեղ.), դե, նա, ինչպես մեր հանճարեղ գրող Մանուկ Մնացականյանն էր ասում, ամեն ինչ ֆիլտրում էր, գիտեր, թե ով է անկեղծ։

Երբ մոտ 4 ժամից հանդիպումն ավարտվեց, Սարոյանին տարան 3-րդ հարկ՝ Կարեն Քալանթարի սենյակ: Այն ասես Թումանյանի «Աղավնու վանքը» լիներ՝ բոլորը տեղավորվում էին, հարյուրներով մարդ կար, ձայնից էիր հասկանում, թե որտեղ է։ Մի հեռու պատի տակ կանգնած էի, երբ ինձ մոտեցավ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը. «Սպասիր, դու Նուբա՞րը չես, արի, արի, 2 օր է՝ քեզ է փնտրում», մտքովս չէր էլ կարող անցնել, որ փնտրողը Սարոյանն է: Ձեռքիցս բռնած տարավ եւ ուղիղ նրա դիմաց կանգնեցրեց. «Վարպետ, Նուբարն է, ուզում էիր տեսնել, խնդրեմ»։ Ոտքերս գետնից կտրվեցին, ոչինչ չէի հասկանում (ծիծաղում ենք,-հեղ.), հարցրեց. «Դու պրոֆեսիոնա՞լ ես, սորվա՞ծ ես», մտածել է՝ այնքան բնական եմ խաղում, որ դերասանուհի չեմ։ Ոչ մի բառ չեմ կարողանում ասել, բոլորն ինձ են սպասում, բայց լուռ եմ, նորից է հարցնում, պապանձվել եմ: Զգում եմ, որ ուզում եմ իրեն գրկել, ձեռք տալ ու տեսնել՝ այս ամենն իրականություն է, թե երազում եմ (ծիծաղում է,-հեղ.)։ Մի քիչ առաջ գնացի եւ ուսը համբուրեցի, ասաց. «Օֆ, աման, դերասանուհի է», իրեն լավ չզգաց եւ գնաց։ Մերոնք էլ երեւի մտածեցին, թե այս ի՞նչ արեցի, ինքս էլ տխրեցի, գնացի ու հիմա էլ միջանցքի պատին կպա, հմայվածի պես էի։ Բոլոր սենյակներում մարդիկ էին, շարժվելու տեղ չկար, բայց այնքան բարձր էր խոսում, որ ամենուր լսվում էր: Թեյի բաժակը ձեռքին մոտեցավ ինձ. «Հո՞ս ես, մենակ ես, օթո ունե՞ս, հապա ինչպե՞ս պիտի տուն գնաս»։ Երբ նույն հարցը օդանավակայանում ճանապարհելիս տվեց, Հրանտը պատասխանեց. «Այ, այսպես եկավ, թռչելով» (ու ցույց է տալիս բացած ձեռքերը, ծիծաղում ենք,-հեղ.):  

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ էլի հանդիպում ունեցաք ու նաեւ լուսանկարվեցինք։

- Դրանով մեր զրույցը չավարտվեց. «Որ Մալյանը կանչի, կնկարվե՞ս իր ֆիլմերում», պատասխանեցի. «Բա ի՞նչ կանեմ, վազելով», «Ապրես, ազնիվ պատասխան»,- ասաց ու գնաց։ Վարդգես Համազասպյանը քիչ հետո մոտեցավ ու ասաց, որ հաջորդ օրը ժամը 10-ին լինեմ «Արմենիա» հյուրանոցի դիմաց։ Զարմանալի բան՝ այս մեծերը, նույնն էլ Փարաջանովը, հարյուրավոր մարդկանցից գիտեն, որ դու անմնացորդ ես,  անկեղծ, անշահախնդիր, ազնիվ եւ ուղղակի սիրում ես՝ ինչ վիճակում էլ լինեն:  


- Քանի որ փետրվարին Հրանտ Մաթեւոսյանի տարեդարձն է, իսկ Դուք նաեւ նրան եք լավ ճանաչել ու հետը շփվել, կպատմե՞ք ծանոթության ու նրա տեսակի մասին:

- Մեծ սիրով: Նրա 85-ամյակին ուսանողներիս հետ գնացել էի պանթեոն՝ իր գերեզմանին։ Մեր ծանոթությունն էլ շշմելի է. ինձ ֆոտոփորձերից հետո կանչել էին «Հայֆիլմ»՝ իմ առաջին ֆիլմի համար, որը քիչ չէ Բակունցի չքնաղ «Միրհավ»-ի հիման վրա է, չքնաղ սցենարն էլ Մաթեւոսյանն է գրել, կարդում ու խելագարվում ես։ Պարզվեց՝ Յուրի Երզնկյանի կողքին նստած մարդը Հրանտ Մաթեւոսյանն էր: Այն ժամանակ գրողների կամ ռեժիսորների նկարները չկային, որ ճանաչեինք, թեեւ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն արդեն տեսել էինք, ընկեր Մալյանն էլ դասերի ժամանակ Հրանտից եզակի բաներ էր պատմել: Երզնկյանի սեղանին լիքը ֆոտոներ կային, հերթով ցույց էր տալիս այդ մարդուն, ես էլ մի անկյունում նստած՝ լսում էի. «Դե նա է: Նու գե՞շ է դա»,- ասաց Երզնկյանը (ծիծաղում ենք,-հեղ.): Արդեն չեմ կարողանում նստել, երկրորդ ռեժիսորն էլ ինձ տանել չէր կարողանում, այնպիսի հայացք էր գցում վրաս, թե սա ով է, բայց հետո այնքան սիրեց, որ մոռացավ գեշ լինելը: Օպերատոր Ռուդիկ Վաթինյանին, ով ինձ լուսանկարել էր, հարցրի. «Իսկ ո՞վ է այն մարդը», ու շատ սովորական ասաց. «Հրանտ Մաթեւոսյանը»։ Ուղեղս թռավ, հանկարծ խելագարվեցի, արցունքներս միանգամից հոսեցին, զգում էի, որ մեծագույն մարդ է ներկա, բոլորը զարմացան, թե հետս ինչ եղավ: Զգացի, որ սիրտս վատ է, լավ կլինի՝ գնամ։ Հանկարծ ներքին գժություն եկավ վրաս, խելառի նման մոտեցա սեղանին, լուսանկարների մեջ տեսա մի չքնաղ աղջկա նկար՝ թուլանալու աստիճան գեղեցիկ, հարցրի. «Սա ո՞վ է»: Սոնայի վրացուհի դերակատար Մանանա Ցխովրեբովան էր, որը, ցավոք, մահացել է: «Ուրեմն՝ այս գեղեցկությունը, այս գյոզալին թողած՝ ինձ կանչել եք ո՞ր ինչ, ամո՞թ չի», ցտեսություն ասացի ու գնացի։ Այդ նկարն ինձ ցնցեց, տեսեք՝ այդ բառը որքան շատ եմ ասում, բայց այդպես էր։ Ինստիտուտից էլ խռոված՝ ամռանը թողեցի ու գնացի Վրաստան՝ մորս Շուլավեր գյուղը։ Հեռագիր եկավ, որ ինձ Ալավերդիի կայանարում սպասելու են, որպեսզի գնամ Օձուն՝ նկարահանումներին: Մերոնք ինձ նստեցրին գնացքն ու ուղարկեցին, դիմավորողը երկրորդ ռեժիսորն էր, որը մինչեւ հասանք Օձուն, ինձ արդեն պաշտում էր։ «Աղջի, դու լավ աղջիկ ես»,- ասում էր։

- Իսկ Ձեզ հետո պատմեցի՞ն, թե այդ ամենից հետո ո՞նց էին որոշել ընտրել ֆիլմի համար։

- Մի դրվագ էլ հիշեցի, երբ մեր առաջին հանդիպմանն այդպես արտասվում էի, լսեցի՝ Հրանտն ինչպես ասաց. «Այս վախեցած եղնիկին ինչո՞ւ եք բերել»: Փաստորեն Երզնկյանի հետ որոշել էին, որ խաղամ ֆիլմում: «Միրհավ»-ում մի նախադասություն է ընդամենը՝ «Դիլան Դայուն էլ ամուսնացրին», իսկ Հրանտն ինձնից մեծ կերպար դարձրեց, բայց էկրանին Դիլանն ինձ Հասմիկ է կանչում, ինչի համար նույնիսկ ներսում ընդվզեցի, քանի որ «Տխուր ու լուռ աղջիկն» ավելի լավ էր հնչում: Ֆիլմից հետո Մաթեւոսյանի բոլոր գրքերը կարդացի, ընկեր Երզնկյանից ճշտեցի, թե որտեղ է ապրում: Նույնիսկ Մալյանի տուն գնալ մեզ թույլ չէինք տալիս, գիտեինք՝ Պոնչիկանոցի շենքում է ապրում, պատահել է սիրահարված գնացել եմ ու դիմացի մայթին այնքան կանգնել, մինչեւ զգացել է ու դուրս եկել. «Սոֆիկ, դու գնա տուն, ես վաղը գալու եմ դասի» (բարձր ծիծաղում ենք,-հեղ.)։ Բայց Մաթեւոսյանի դեպքում այն աստիճանի խենթություն բռնեց, երբ զգացի իր հանճարի մեծությունը: Երզնկյանը միայն ասել էր, որ Մաթեւոսյանի բնակարանը Պուշկինի վրա է, գնացի ու մտա ճիշտ մուտքը, բարձրացա ու զանգը տվեցի։ Մաթեւոսյանը դուռը բացեց ու հարցրեց. «Ո՞նց գտար»։ Քանի անգամ եղա նրանց տանն, ու միշտ ինձ շատ ջերմ էին ընդունում, դա մի հումորի տուն էր, Դավիթը փոքր երեխա էր, բայց այնպիսի հումորներ էր անում, լարվածություն ընդհանրապես չկար։ Հրանտը կնոջը կասեր. «Վերժին, դու Սոֆիկի հետ բալը մաքրիր, մենք գնանք, մի քիչ ֆռֆռանք», ընտանիքի բարեկամը դարձա։ Մեկ էլ հանկարծ ասում էի. «Վա՜յ, ես գնամ, կներեք, ձեզ խանգարում եմ», «Մենք կասենք՝ երբ գնաս»,- պատասխանում էին։ 

Սոֆիկ Սարգսյանը


- Երեւի վերջ չունեն Ձեր պատմությունները, որոնք նաեւ անչափ հետաքրքիր են:

- Մի անգամ էլ Տիգրան Մանսուրյանը մեզ Ազատ Գասպարյանի, Փելեշի հետ հավաքեց ու իր տուն տարավ, որպեսզի ծանոթացնի չինական աղյուսակի հետ ու մեր բախտը գուշակի: Անընդհատ օդերում էի, միայն հիշում եմ, որ նա նվագում էր, իսկ կինը՝ մեզ թեյ հյուրասիրում: Արդեն գիշեր էր, երբ դուրս եկանք, իսկ շուրջն անթափանց մառախուղ էր, իրար չկորցնելու համար բռնեցինք միմյանց ձեռքերը: Ասես Ֆելլինիի «Ամարկորդ»-ը լիներ, երբ մշուշի մեջ երեւում է սպիտակ ցուլը:

Տերյան փողոցով էինք իջնում, մեկ էլ ժամացույցի զանգերը լսվեցին՝ հասկացանք, որ հրապարակ էինք հասել, նախ Ազատը հրաժեշտ տվեց, ապա Փելեշը, ու չեմ հիշում, թե ինչպես եմ տուն հասել։ Փելեշին հանդիպելիս չեմ հասցնում հարցնել այդ օրվա մասին, ինքն է առաջ ընկնում. «Հիշո՞ւմ ես այն մառախուղը», ու անընդհատ սպասում է իմ կոնֆետներին, ում ասեք՝ չեմ տվել՝ նրան, Տիգրան Մանսուրյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Ռոման Բալայանիս։ Տիգրանը չի էլ սպասում, միանգամից բացում եւ ուտում է. «Վախ, Սոֆիկ ջան, այս համեղ կոնֆետները որտեղի՞ց ես գտնում»: Փելեշն էլ ուտելուց հետո ասում է. «Մի հատ էլ տուր»։ Գրպանս միշտ լիքն է, ուսանողներիս էլ եմ տալիս։

- Քանի որ Ձեզ շատ բան է տպավորել ու ցնցել, կնշե՞ք, թե ինչեր։ Երաժշտություն:

- Ուսանողների հետ լսում ենք Գրիգ, Չայկովսկի, Ռեյ Չարլզ, Ազնավուր, Ուիթնի Հյուսթոն, մեր սիմֆոնիկ երաժշտությունից սկսած՝ մինչեւ հանճարեղ գործեր:

- Կինո:

- Պարզ չի՞, որ Ֆելլինին, Չապլինը, Տարկովսկին, մեր Դովլաթյանը, բա մեր «Պեպոն». անվերջ կարող եմ նայել, հանճարեղ գործ է:

- Պոեզիա:

- Մեր բանաստեղծները, մեր տղերքը, առանց Չարենց չեմ պատկերացնում, բայց հիմա այնքան տխուր եմ, որ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության վրա չեմ կարողանում աշխատել: Հիմա հատուկ ծրագիր ունեն, որ Մասիս սարը չերեւա, ինչպես ձորի մեջ մոխրագույն տուն սարքեցին ու փակեցին Փարաջանովի տուն-թանգարանը։ Այ, անաստված, մինչեւ այդ պատն անեիք, էլի, ինձ թվում է՝ խեղճ Զավենն այդ դարդից գնաց, այնքան կռիվ տվեց: Հիմա էլ Հաղթանակի կամրջով անցնելիս չես կարողանում Մասիսը տեսնել՝ տները փակել են: Ամեն ինչ հատուկ է արվում, որ Էրգրի ու Արցախի անունը չլինի, միայն այս մի կտորը լինի՝ այն էլ իրենից սկսվի։ Դպրոցներում Հայ ժողովրդի պատմությունն ուզում են Հայաստանի պատմություն թողնել, գուցե այն հենց 2018 թվականի՞ց սկսվի: Ես Չարենցին էլ ո՞նց կարդամ:

Սոֆիկ Սարգսյանը


- Վերջում մի միտք, որ կուզեք հասնի մարդկանց։

- Մարդը որքան անգրագետ պիտի լինի, որ համալսարանի ու եկեղեցու հանդեպ երկյուղածություն չունենա։ Շուտով 6 տարի կլինի, որ սարսափելի վիճակում եմ, բայց պատասխանատվություն եմ զգում ընտանիքիս եւ ուսանողներիս հանդեպ: Սոսն ասում էր. «Սոֆ ջան, քո պատմությունները եզակի են, ոչ մի բան չսովորեցնես էլ, պատմես, հերիք է»։ Առհասարակ այդ տարիների մասին խոսելիս շատ եմ ոգեւորվում, հաճախ եմ գալիս ու հետը մտովի զրուցում, մեծ մարդ է, հայ, մտածող: Որքան ճանաչեցի այդ մեծերին, նրանք մեծ երեխաներ էին (ծիծաղում է,-հեղ.), դրանում էլ իրենց մեծությունն էր, հո չէի՞ն հասկանում, որ հանճար են, մանկության մեջ էին մնացել, բոլորն էլ այդպիսին էին։

- Ձեր մեջ էլ այդ երեխայությունից կա, երբ այդպես ոգեւորված պատմում եք:

- Անպայման, չեմ էլ հասկանում տարիքս, չնայած գիտեմ, թե արդեն քանի տարեկան եմ, բայց թվում է՝ այդ ամենն ինձ հետ կապ չունի: Ուսանողներս էլ ասում են, որ մեծ չեմ ու իրենց ընկերն եմ (վերջում ինձ էլ իր կոնֆետներից տալիս է, -հեղ.):

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW