×


Սիլվեստր Ստալոնեի եւ Ջենիֆեր Ֆլավինի 27 տարվա սերը, բաժանումներն ու վերամիավորումները

Սիլվեստր Ստալոնեն ու Ջենիֆեր Ֆլավինը միասին են արդեն 30 տարուց ավելի։ 2022-ին նրանք մոտ էին աղմկոտ բաժանմանը, սակայն, բարեբախտաբար, ընդհանուր լեզու գտան ու վերամիավորվեցին։ Այսօր պատմելու ենք զույգի ծանոթության, մեծ սիրո ու ընտանիքի, երեխաների եւ անցած ճանապարհի մասին։

Ծանոթությունն ու բուռն սիրավեպը

Առաջի անգամ Ստալոնեն ու Ֆլավինը հանդիպել են 1988 թվականին՝ «Ռոքի-5» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ծանոթության պահին նա արդեն 42 տարեկան կայացած դերասան էր, իսկ 20-ամյա մոդել Ջենիֆերը նոր էր սկսում կարիերան կինեմատոգրաֆում: Ստալոնեն համարեց, որ երիտասարդ աղջիկն իրեն շատ հեշտ կսիրահարվի, բայց իրականում ամեն ինչ ավելի բարդ ստացվեց:


Մինչ այդ Ստալոնեն արդեն երկու անգամ ամուսնացած է եղել. առաջին կինը լուսանկարիչ Սաշա Զաքն էր, նրանք երկու որդի ունեն: Երկրորդ անգամ դերասանն ընտանիք է կազմել դանիացի մոդել Բրիգիտա Նիլսենի հետ, միասին ընդամենը 2 տարի են ապրել, իսկ բաժանումը երկար ու սկանդալային է ստացվել: Այդ ամենը հաղթահարելուց հետո դերասանը լուրջ հարաբերությունների ակնկալիք չուներ:

Սկզբում Ջենիֆերը նրան ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում: Ստալոնեն նրա համար թանկ նվերներ էր գնում, բայց ոչ մի արձագանքի չէր արժանանում, ինչն ավելի մեծացրեց նրա հետաքրքրվածությունն ու դրդեց ամեն գնով նվաճել աղջկա սիրտը: Միայն այն բանից հետո, երբ Ստալոնեն ցույց տվեց, որ լուրջ է մտադրված, Ջենիֆերը հանձնվեց, եւ նրանց միջեւ շատ արագ սիրավեպ սկսվեց:

«Առաջին անգամ հանդիպեցի կնոջ, որն անշահախնդիր կերպով սիրում էր ինձ»,- խոստովանել է նա:


Դավաճանությունն ու վերամիավորումը

Քիչ ժամանակ անց սկսեցին միասին ապրել, այդ ընթացքը 6 տարի տեւեց: Հետո, սակայն, Ստալոնեն սկսեց իրեն անտանելի պահել ու դավաճանել Ֆլավինին, անգամ ամուսնության առաջարկություն արեց այլ կնոջ ու Ջենիֆերի առաջ պայման դրեց՝ 2 օրից պետք է հեռանա տնից: Զայրացած Ֆլավինը Ստալոնեի բոլոր շորերը պատառոտեց մկրատով: Ամբողջ տարվա ընթացքում Ստալոնեն տարբեր կանանց հետ էր հանդիպում, մինչեւ որ վերջապես հասկացավ՝ ոչ մեկի հետ չի կարող այնքան երջանիկ լինել, որքան Ջենիֆերի:

Նա զանգահարեց սիրելիին ու ներողություն խնդրեց, որպեսզի իրեն եւս մեկ հնարավորություն տա: Ֆլավինը ներեց Ստալոնեին, նրանք նորից սկսեցին հանդիպել: Դրանից մեկ տարի անց դուստր ունեցան, որին Սոֆիա անվանեցին: Զույգի երկար սպասված հարսանիքը 1997 թվականին էր:
 
Շուտով ամուսինները բացահայտեցին, որ աղջիկը սրտի արատ ունի, այդ դժբախտությունն ավելի միավորեց նրանց, տեղի ունեցածը դերասանն ընդունեց որպես պատիժ այն ամենի համար, ինչ անցյալում արել էր:

Երբ Սոֆիայի վիճակը կայունացավ, Ֆլավինը եւս մեկ դուստր ունեցավ, 2002-ին էլ ծնվեց զույգի 3-րդ աղջիկը:


Ամուսնությունից հետո Ստալոնեն ամբողջովին փոխվեց, ընտանիքի մարդ դարձավ ու ժամանակի մեծ մասն անցկացնում էր կնոջ եւ դուստրերի հետ: Միջոցառումներին միասին էին գնում ու ցույց տալիս, թե որքան շատ են գնահատում միմյանց ներկայությունը:

Հարցազրույցներում դերասանը խոստովանում էր, որ երբեք այդքան երջանիկ չի եղել ու ամեն ինչ հենց կնոջ շնորհիվ է: Նա չէր հոգնում պատմել, որ Ջենիֆերի սերը փոխել է իրեն ու ավելի լավը դարձրել: Սիլվեստրը նաեւ պնդում էր, որ վստահում է կնոջն ու նրան թողնում կարեւոր հարցերի որոշումները:

Երկրորդ բաժանումը

Թվում էր՝ համատեղ 30 տարվա կյանքից հետո նրանց երջանկությանն էլ ոչինչ չի կարող խանգարել, սակայն 2022-ի ամռանն անհանգստացնող լուրեր հայտնվեցին՝ զույգն ամուսնալուծվում է: Լրատվամիջոցները գրում էին, որ կինը նրանցից խլելու է Փալմ Բիչի առանձնատունը, բացի այդ էլ, ցանկանում է արգելել ամուսնուն վատնել համատեղ ունեցվածքը: Ջենիֆերը Սիլվեստրին մեղադրում էր համատեղ եկամտի իրական չափը թաքցնելու համար:


Նրանից ոչ մեկն այդպես էլ չմեկնաբանեց տեղի ունեցածը: Ստալոնեն միայն ընդգծեց, որ ընտանիքն իր համար առաջին տեղում է ու ցանկանում է ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծել:
 
Երկրպագուները սկսեցին մտածել, որ ընտանիքում տարաձայնություններն ավելի վաղ են սկսել, քանի որ Ջենիֆերը լուսանկար էր հրապարակել աղջիկների հետ ու գրել, որ նրա կյանքում առաջին տեղում դուստրերն են: Իսկ Ստալոնեն, որ ժամանակին ձեռքին դաջել էր կնոջ դիմանկարը, այն փոխարինեց շան պատկերով: Որպես արդարացում՝ հետագայում դերասանը նշեց, թե ցանկացել է թարմացնել դաջվածքը, սակայն այն անհաջող է ստացվել, դրա համար էլ որոշել է փոխել:  

Երկար սպասված հերթական վերամիավորումը

Բայց ինչպես պարզվեց, բաժանվելն այնքան էլ հեշտ չէր, եւ կողմերը ջանքեր գործադրեցին, որպեսզի 30 տարվա համատեղ տարիներն ապարդյուն չլինեն: Բաժանման մասին լուրերից մեկ ամիս անց միավորվեցին ու որոշեցին նորից միասին ապրել:


«Իմ ներսում վերածնվել է ավելի կարեւոր բան՝ սեր ընտանիքիս հանդեպ: Այն աշխատանքից կարեւոր է: Շատ կարեւոր դաս ստացա: Ընտանիքիս ու երեխաներիս բավականաչափ ժամանակ չէի տրամադրում, երբ նրանք մեծանում էին: Հիմա նրանցից հարցնում եմ, թե օրն ինչպես է անցել: Սկզբում միանշանակ պատասխաններ էի լսում, իսկ հիմա ասում են. «Մտածել եմ քո մասին»: Աստված իմ, նախկինում երբեք նման բան չէի լսել»,- պատմել է Ստալոնեն:

2023-ի մայիսին Ջենիֆերն ամուսնու հետ լուսանկար հրապարակեց ու շնորհավորեց ամուսնության առիթով. «26 տարի միասին: Ընտանիքն ու լավ ընկերներն իմ ամեն ինչն են»:
 
Հիմա Ստալոնեի ընտանիքում ամեն ինչ կարգին է, Ամանորին արված լուսանկարը դրա լավագույն ապացույցներից մեկն է:




Ֆլավին

Մեր ամուսնությունն ամեն տարվա ընթացքում միայն ավելի ու ավելի լավն է դառնում: Ուզում եմ մինչեւ կյանքի վերջը միասին անցկացնել:


Ստալոնե

Երջանիկ մարդ եմ, որովհետեւ չնայած մեր ունեցած բազմաթիվ վեճերին, բաժանումներին ու իմ խենթություններին, մնացել է հետս: Ինձ 19 տարի պետք եղավ, որպեսզի մի պարզ ճշմարտություն հասկանամ՝ կինս միշտ ճիշտ է: Հասկացա, որ նա յուրահատուկ իմաստնություն ունի, կշռադատված ու ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն: Ես միշտ արագ որոշումներ եմ ընդունում՝ մինչեւ վերջ խնդիրը չհասկանալով: Իսկ Ջենիֆերն ամեն ինչ նախ փորձում է հասկանալ: Նա զարմանալիորեն հուսալի է, նրա կողքին ինձ անվտանգ եմ զգում: Նրան ասում եմ. «Սիրելիս, դու լուծիր խնդիրը, քեզ վստահում եմ»: Իմ տանն իսկական կանանց թագավորություն է՝ 3 աղջիկներս, կինս, տնային աշխատողը: Անգամ շներն են էգ, ու ես բոլորի հետ լիովին երջանիկ եմ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW