Ռեժիսոր Նորա Գրիգորյանն օրեր առաջ ներկայացրեց Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները» պատմվածքի մոտիվներով իր նոր բեմադրությունը։ BRAVO.am-ի հետ զրույցում նա անկեղծանում է՝ անում ու անելու է այն ամենն, ինչ սիրում է:
Նորան լուսահոգի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի վեց երեխաներից միակն է, որ ընտրել է արվեստի ու թատրոնի ուղին ու գնում է այդ ճանապարհով։ Նոր ներկայացումն ավելի է ընդգծում նրա անցած ուղին ու ստիպում առաջ շարժվել։
Ես մեղավոր չեմ․ անվանի մարդկանց երեխաները հաճախ ունենում են այդ բարդույթը, երբ քեզ համեմատում են քո ծնողի հետ։ Հայրիկի մահվանից հետո իմ յուրաքանչյուր աշխատանք, նախաձեռնություն համեմատվում էր նրա արածի հետ՝ հայրիկն այսպես կաներ, այնպես կաներ։ Ես էլ փորձում էի կրկնօրինակել։ Հետո հասկացա՝ պետք է ուրախ լինեմ, որ նման մարդը եղել է թատրոնում, արարել է 52 տարի։ Մեղավոր չեմ, որ հայրիկի վեց երեխաներից միայն ես եմ գնում թատրոնի ճանապարհով։ Իմ ընտրությունը պայմանավորված չէ հայրիկի գործոնով, ինձ կապել է միայն սերը։
Նորա Գրիգորյանը
Ազատվել եմ հոգեբանական ճնշումներից․ համաձայնել եմ ինքս ինձ հետ ու ինձ ազատել սեփական ճնշումներից։ Ազատվել եմ ինձ կապող բոլոր օղակներից։ Ներկայացման մեջ էլ այդ գաղափարը կա՝ դու պետք է զբաղվես սիրելի գործով, չհամեմատվես, քանի որ, երեւի, դա էլ հիվանդության է բերում։ Չեմ պատրաստվում մրցել որեւէ մեկի հետ. իմ դեպքում իմ գլխում հայրիկն էր առաջնայինը, անընդհատ ուզում էի մրցել։
Բա գիտե՞ս, թե ում աղջիկն է․ մի ժամանակ ինձ այդպես էին ընկալում, որոշ մարդիկ փոխհարաբերություններ էին ստեղծում՝ փորձելով օգտվել իմ ընտանիքի, բալիկների սիրուց, փորձում գողանալ դա ինձնից։ Ես ունեցել եմ կորուստներ իմ ճանապարհին, բայց կորուստ էլ չեմ համարում, այլ, որ այդ մարդիկ չեն էլ եղել իմ կյանքում։ Հիվանդությունն ինքնամաքրում էր, եւ հիմա ես գիտեմ, թե ովքեր կան իմ կյանքում։ Սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց, բայց առաջնայինն ինքդ քո հանդեպ սերն է, որն ամենեւին եսասիրության մասին չէ։
Նորա Գրիգորյանի երեխաները
Հաղթահարել եմ հիվանդությունը. բուժվել եմ: Շնորհակալ եմ իմ ընկերներին։ Հիմա պետք է հետեւեմ, որպեսզի այն այլեւս չկրկնվի: Երեւի, հիվանդությունները լինում են, երբ հոգիդ ու մարմինդ հրաժարվում են դիմանալ ինքդ քո հանդեպ վերաբերմունքին, թե ոնց ես դու ընկալում աշխարհը։
Կատաստրոֆիկ հիասթափություն եմ ապրել. անձնական կյանքիս մասին խոսակցությունները շատ են, կլինեն մարդիկ, որոնք ամպագոռգոռ հայտարարություններ կանեն, բայց ուզում եմ ասել՝ այո՛, բաժանվել եմ։ Երբ հարաբերություններ եմ ստեղծել, ամուսնացել, այդ մարդկանց ես չեմ ճանաչել, միգուցե ժամանակին պատճառը երիտասարդ լինելն էր, այս դեպքում միամտությունն էր։ Ցավոք, մարդիկ հաճախ են փորձում լավը թվալ, քան՝ կան, դու էլ սիրահարվածության փուլում անեղծ հավատում ես։
Նորա Գրիգորյանը
Ամռանը հանդիպել եմ իմ կյանքի տղամարդուն, որի հետ, վստահ եմ, կկիսեմ բոլոր երջանկությունները։ Նա այնպես կանի, որ տխրություն չլինի, ու այդպիսի մարդիկ շատ քիչ են մնացել կյանքում։ Բաժանվել եմ եւ նորից ամուսնացել ու եկել այն ճշմարտությանը, որ ահավոր է, երբ դու 30 տարի ինչ-որ բաներ ես անում, մեկ էլ հանդիպում ես մարդու, ով ասում է՝ Նորա ջան, կա սեր եւ կա իսկական տղամարդ, որը քեզ կպահի ու կպաշտպանի։
Իմ կյանքի տղամարդը փոխեց ամեն ինչ ու կառուցեց նորը: Նա կառուցելու է գեղեցիկը, եւ մեր կյանքը լցված է լինելու միայն սիրով։ Որոշել եմ, որ անձնականն այլեւս հրապարակային չի լինելու. ունեմ շատ գեղեցիկ մեծ տուն, սիրով լի ընտանիք, ընկերներ ինձ հետ կռված ու բուժված, պաշտպանած, զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով եւ ջանք չեմ խնայելու, որ երեխաներս մեծանան այդ մթնոլորտում։
Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նորա Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: