×


«Իմ միակ իրական սերն է եղել»․ Անահիտ Մանուկյանը՝ մեծ սիրո, Արսեն Լեւոնյանից բաժանվելու եւ ծնողներից հեռու լինելու մասին

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրն այս անգամ երիտասարդ դերասանուհի Անահիտ Մանուկյանն է, որն իր առաջին մեծ հարցազրույցում անկեղծ խոսել է մանկության բարդ շրջանի, ծնողների հետ հարաբերությունների, մեծ սիրո, Արսեն Լեւոնյանից բաժանվելու, խաղընկերոջ՝ Հակոբ Տեր-Վարդանյանի հետ սիրավեպ ունենալու լուրերի մասին։

«Ծնողներս երբեք գոհ չէին ինձնից»

Իմ ծնողներն աշխարհի ամենալավ ծնողներն են, բայց երբեք գոհ չեն եղել ինձնից։ Օրինակ, երբ ես մի լավ գնահատական էի ստանում, մայրս երբեք չէր ասում՝ ապրես, միշտ ասում էր՝ «Բա մյուսի՞ց ինչու չես ստացել»։ Այն ժամանակ գոբելենի դասերի էի հաճախում, բերում ցույց էի տալիս աշխատանքներս, ասում էր՝ «Հա, լավն է, բայց մյուս անգամ մի քիչ այսպես աշխատիր, այնպես արա․․․»։ Միշտ պահանջում էր ինձնից։ Ու մի օր, երբ արդեն մեծ էի, հարցրի, թե ինչու է այդպես եղել, ասաց. «Որովհետեւ ուզում էի տեսնել այս աղջկան։ Եթե այդպես չանեի, դու չէիր ձգտի»։ Երեւի ճիշտ է, երեւի ինքս չէի տեսնում իմ այս տեսակը, իմ ճանապարհը, իմ ինքնուրույն եւ ուժեղ կողմերը։

«Միշտ սպասում էի՝ երբ են մաման ու պապան տուն գալու»

Ընտանիքով շատ դժվար շրջաններ ենք անցել, երբ դեռ փոքր էի։ Ծնողներս առավոտից մինչեւ ուշ գիշեր անդադար աշխատում էին։ Նրանք երբեք իմ եւ կրտսեր եղբորս կողքին չեն եղել։ Միշտ սպասում էի՝ երբ են մաման ու պապան գործից տուն գալու։ Բայց երբ նրանք գալիս էին, արդեն քնած էինք լինում։ Մենք ո՛չ տեսնում էինք նրանց աշխատանքի գնալը, ո՛չ վերադառնալը։ Ու այդպես, եղբորս պահելու, տան հոգսերը հոգալու խնդիրները միշտ ինձ վրա են եղել շատ փոքր տարիքից՝ 6 տարեկանից, եւ ստիպված եմ եղել ինքնուրույն լինել, ուժեղ լինել, ինքս ինձ պաշտպանել։ Ուժեղ լինելու «համախտանիշն» ամբողջ կյանքում ուղեկցում է ինձ։ Բայց լինում է՝ այնքան ես հոգնում այդ ուժեղ լինելուց, որ սպասում ես այն երանելի պահին՝ թուլությունդ ինչ-որ մեկի մոտ գտնելու, եւ գտնում ես ու սխալվում, այ դա մեծ ցավ է։ Բայց դրա «ստոպը» ես արդեն գիտեմ, վերջ, արդեն անցել եմ դրա միջով (ժպտում է,- հեղ․)։

«Իմ միակ իրական սերն է եղել»

Հասկացա, ընկալեցի, որ եթե ինչ-որ մի բան լինում է մեզ հետ, պատահական չի լինում, նույնիսկ կորուստները։ Սիրել եմ ինքնամոռաց, սիրել եմ՝ ինքս ինձ մի կողմ դնելով, ու դա եղել է փոխադարձ։ Բայց չափն անցնել էլ պետք չէ, ինչն արել ենք երկուսս, որի հետեւանքով զգացմունքը վերածվում է հիվանդագին սիրո։ Միտքդ, հոգիդ, ներաշխարհդ սկսում են հիվանդանալ, դու կործանվում ես։ Այ, այդտեղ «ստոպը» ճանաչել է պետք։ Իմ միակ իրական սերն է եղել, ոչ թե սիրահարվածություն, ոչ թե զգացողություն, այլ հենց սեր։

Արսեն Լեւոնյանի հետ հարաբերությունների եւ բաժանվելու մասին

Ես ուղղակի կասեմ, որ Արսենն իմ կյանքի մեծագույն ուսուցիչն է եղել։ Այդքանը։ Շատ լավ, մարդկային հարաբերությունների մեջ ենք հիմա, որովհետեւ երկուսս էլ հասուն մարդիկ ենք։

Խաղընկերոջ՝ Հակոբ Տեր-Վարդանյանի հետ սիրավեպ ունենալու լուրերի մասին

Ես եւ Հակոբը շատ լավ ընկերներ ենք, անկեղծ։ Մեր մեջ շատ մեծ հարգանք կա, սեր կա, շատ մեծ մարդկային կապ կա։ Բայց ասել սիրավե՞պ․․․ Հասկանում եմ մարդկանց, որովհետեւ մեր զույգն իրոք ստացվել է, եւ դա ստիպում է դիտողին էկրանին տեսածը տեղափոխել իրական կյանք։ Ամեն դեպքում շատ ուրախ եմ, այնքան դրական արձագանք կա։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW