Լուսադեմին Լոս Անջելեսում «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնարկեց «Լքվածները» ֆիլմի դերասանուհի Դավայն Ջոյ Ռենդոլֆի մրցանակով. նա իր առաջին ոսկե արձանիկը ստացավ՝ ճանաչվելով երկրորդ պլանի լավագույն դերասանուհի:
Ռենդոլֆն արցունքն աչքերին խոստովանեց, որ միշտ ցանկացել է տարբերվել մյուսներից, հետո հասկացել է, որ կարեւորն ինքդ քեզ հավատարիմ լինելն է. «Այս մրցանակը հատկապես կարեւոր է սեւամորթ կանանց համար, քանի որ նրանք հազվադեպ են ճանաչման արժանանում»,- Variety-ն ասել է նա:
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը «Պատերազմն ավարտվել է. ոգեշնչված Ջոնի եւ Յոկոյի երաժշտությամբ»-ն է, լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմը՝ «Տղան եւ ձկնկուլը»։
Լավագույն օրիգինալ սցենարը «Անկման անատոմիա» ֆիլմինն է, լավագույն ադապտացված սցենարն՝ «Ամերիկյան ֆիքշն»-ինը:
Հյուրերի շարքում է եղել Մեսսին: Խոսքը ոչ թե արգենտինացի լեգենդար խաղացողի, այլ շան մասին է, որը նկարահանվել է «Անկման անատոմիա» ֆիլմում ու առանցքային կերպարներից մեկը եղել: «Օսկար»-ին Մեսսին, որին անվանել են ֆուտբոլիստի պատվին, հատուկ աթոռ է ունեցել եւ արարողության համար նաեւ թիթեռնիկ-փողկապ կրել:
«Լավագույն կոստյումներ»-ի մրցանակը հանձնելու համար բեմում գրեթե մերկ վիճակում հայտնվեց մարզիկ, դերասան Ջոն Սինան: Մինչ կբացեր ծրարը, երեկոյի հաղորդավար Ջիմմի Քիմմելը հասցրեց նրան հագցնել, իսկ մրցանակը ստացավ «Խեղճուկրակները» ֆիլմը:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» ճանաչվեց բրիտանական «Հետաքրքրության գոտի»-ն, ապա «Օսկար»-ի առաջադրված Էմիլի Բլանտն ու Ռայան Գոսլինգը, մի կողմ թողնելով իրենց ֆիլմերի՝ «Բարբի»-ի եւ «Օպենհեյմեր»-ի մրցակցությունը, բայց միմյանց կատակով խայթելով, շնորհակալություն հայտնեցին կասկադյորների համայնքին։
Օսկարակիր Բրենդեն Ֆրեյզերը, Նիկոլաս Քեյջը, Մեթյու Մակքոնահին, Բեն Քինգսլին եւ Ֆորեսթ Ուիթակերը ներկայացրին «Լավագույն դերասան» անվանակարգի թեկնածուներին, իսկ հաղթողն, ինչպես եւ ակնկալվում էր, Քիլիան Մըրֆին է՝ Ռոբերտ Օպենհեյմերի դերակատարման համար։
«Հպարտ իռլանդացի եմ: Մենք ֆիլմ ենք նկարել ատոմային ռումբ ստեղծած մարդու մասին: Հիմա էլ շարունակում ենք ապրել Օպենհեյմերի աշխարհում, դրա համար այս մրցանակը ցանկանում եմ նվիրել աշխարհի խաղաղապահներին»,- ասաց նա, իսկ դահլիճը հոտնկայս ծափահարեց:
Երկրորդ պլանի լավագույն դերասանը «Օպենհեյմեր»-ում Լյուիս Շտրաուսին հիանալիորեն մարմնավորած Ռոբերտ Դաունի Կրտսերն է, լավագույն ռեժիսորի անունը հայտնեց Սթիվեն Սփիլբերգը. «Օպենհեյմեր»-ի հաղթարշավը շարունակեց Քրիստոֆեր Նոլանը։ Ֆիլմը բաղձալի արձանիկին արժանացավ նաեւ լավագույն մոնտաժի եւ օպերատորական աշխատանքի համար:
«Լավագույն երաժշտությունը» նորից «Օպենհեյմեր»-ինն է. կոմպոզիտորը Լյուդվիգ Գորանսոնն է, «Լավագույն երգը»՝ «Բարբի» ֆիլմում հնչող «What Was I Made For?» ստեղծագործությունը՝ Բիլի Այլիշի եւ Ֆինիս Օ'Քոննելի կատարմամբ:
Միջոցառման ընդմիջումներն ուղեկցվում էին երաժշտական համարներով, որոնցից մեկը՝ «I'm Just Ken»-ը, կատարեց Ռայան Գոսլինգը։
«Լավագույն դերասանուհու» անունը հայտնելու համար նորից բեմ բարձրացավ աստղային ու օսկարակիր կազմ՝ Միշել Յեոն, Սալի Ֆիլդը, Ջենիֆեր Լոուրենսը, Շարլիզ Թերոնն ու Ջեսիկա Լենգը։ Էմմա Սթոունը ստացավ իր երկրորդ «Օսկարը». առաջինին նա 2016 թվականին արժանացել էր «Լա-Լա Լենդ»-ի համար, իսկ այս անգամ՝ «Խեղճուկրակներ»-ի։
«Այս ամենը ճնշող է, նույնիսկ ձայնս է կտրվել: Մրցանակս կիսում եմ այս անվանակարգում ներկայացված բոլոր կանանց հետ. հիանում եմ ձեզնով»,- ասել է Սթոունը, սակայն մինչ այդ կատակ արել. նա մեջքով շրջվել է դեպի դահլիճը՝ ցույց տալու, թե ինչ է տեղի ունեցել իր զգեստի հետ Քենի(Գոսլինգ) ելույթի ժամանակ:
Երեկոյի ավարտին «Լավագույն ֆիլմ»-ի հաղթողին հայտնեց Ալ Պաչինոն, որին դահլիճը ոտքի վրա դիմավորեց եւ ծափահարեց. «Օպենհեյմեր»-ն իր 7-րդ «Օսկարը» ստացավ:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: