×


«Մի գեղեցիկ օր Միլենան խոստովանություն արեց». Կորյուն Եսայանի եւ Միլենա Ղազարյանի երիտասարդ ընտանիքը

Սոս Սարգսյանի անվան համազգային եւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնների դերասաններ Միլենա Ղազարյանն ու Կորյուն Եսայանը հանդիպել եւ իրար սիրել են շատ երիտասարդ տարիքից: Նրանք արդեն ամուր ընտանիք ու Ակսել անունով որդի ունեն: BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար զույգը պատմել է սիրո, աշխատանքի ու փոխօգնության մասին:

- Ի՞նչն է ձեզ բերել թատրոն ու կապել դերասանի մասնագիտությանը:

Կորյուն. Մանկուց եմ սիրել, թեեւ մեր ընտանիքում ոչ մեկն արվեստով չի զբաղվել: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն եմ ընդունվել, բայց առաջին կուրսում հասկացել, որ դրանով չեմ ուզում զբաղվել: Այդ ժամանակ էլ՝ 2015-ին, Համազգայինում ստուդիա բացվեց, ընդունվեցի եւ ծանոթացա Միլենայի հետ (ծիծաղում է,-հեղ.):

Միլենա. Բեմը փոքր տարիքից եմ սիրել. 10 տարի հաճախել եմ «Արեւիկ» հետո «Արեւներ» դարձած մանկապատանեկան անսամբլ: Երբ տեսա ստուդիայի մասին հայտարարությունը, ցանկացա ընդունվել, բայց ի տարբերություն Կորյունի, այն չավարտեցի: Կեսից մեկնեցի Մոսկվա՝ ծնողներիս մոտ, որոշեցի ՄԽԱՏ-ում ուժերս փորձել, բայց 6 ամիս սովորելուց հետո չկարողացա այնտեղ մնալ, որովհետեւ արդեն Կորյունին էի սիրահարված (ծիծաղում ենք,-հեղ.): Վերադառնալուց հետո պարապեցի Տաթեւ Ղազարյանի հետ ու ընդունվեցի Թատերական ինստիտուտ՝ Վիգեն Չալդրանյանի արվեստանոց, իսկ ավարտեցի Շուշան Ղազարյանի արվեստանոցը:   

- Ձեր սկզբնական պատկերացումներն այս աշխատանքի մասին հիմա շա՞տ են փոխվել:

Կորյուն. Միշտ ուզել եմ դերասան դառնալ, բայց պարապելու ընթացքում ինձ համոզեցին ռեժիսորի մասնագիտությունն ընտրել. ավարտեցի Վահե Շահվերդյանի արվեստանոցը, թեեւ սովորելու տարիներին շատ էի խաղում:

Միլենա. Ամբողջ կուրսի ներկայացումներում ինքն էր խաղում (ծիծաղում ենք,-հեղ.):

Միլենա Ղաղարյանը ու Կորյուն Եսայանը


Կորյուն. Դերասանի աշխատանքն այնպիսին է, որ ամեն պահ կասկած ես ունենում՝ արդյոք ճիշտ եմ անում: Բացի այդ էլ, մեր երկրի հետ տեղի ունեցած դեպքերի պատճառով մտածում էի, թե այս մասնագիտությունը հիմա պե՞տք է, գուցե ավելի լուրջ բան անելու փոխարեն տունտունիկ ենք խաղում: Հետո եկա այն գիտակցմանը, որ սա էլ շատ կարեւոր գործ է, որովհետեւ սերունդներին օգնում է կրթվել:

Միլենա. Իսկ իմ կարծիքով՝ հենց թատրոնը եւ, առհասարակ, արվեստը կարեւոր են բոլոր ժամանակներում ու քայլում են մեզ հետ՝ մարդկանց մեջ հույս են արթնացնում եւ օգնում ապրումակցել: Երբ հայրենիքում ու քո սրտում ինչ-որ ցավ կա, թատրոնն է բուժում: Եթե ինքս մնայի տանն ու մտածեի շուրջը կատարվողի մասին, հաստատ կխելագարվեի: Թատրոնն ինձ փրկող վայրն է, որտեղ ամեն անգամ նոր բան եմ սովորում եւ ցանկացած պիեսի հետ մի փոքր քայլ առաջ գնում: Հետքայլեր էլ լինում են, բայց պիտի չհանձնվես ու շարունակես պայքարել:

- Որո՞նք են այդ հետքայլերն ու ի՞նչ են դրանք սովորեցնում:

Կորյուն. Ինստիտուտն ավարտելուց հետո այնպես ստացվեց, որ 1,5 տարի ոչինչ չէի անում, հաճախում էի Միլենայի ներկայացումներին ու դերասանների խաղին նայելիս մտածում, թե կկարողանա՞մ նույնն անել: Սկսեցի անհանգստանալ, որ այդ ամենից հետ եմ մնում, ստեղծագործելու համար արտիստին տանիք է պետք: Եվ արդեն 2 ամիս է՝ պայմանագրային հիմունքով ընդունվել եմ Սունդուկյանի անվան թատրոն. ընթացքի մեջ լինելը շատ է օգնում ուժերդ վերագտնել:

Միլենա. Կորյունի խաղը շատ եմ հավանում, դրա համար տխրում էի, որ թատրոն չունի: Լավ եմ հասկանում՝ ինչ է նշանակում ոչինչ չանել: Իհարկե, իրեն չեմ ասել, բայց տեսնում էի, թե ինչպես է տանջվում: Ուրախ եմ, որ որոշեց դիմել Սունդուկյան, անգամ ես զարմացա: Իսկ իմ դեպքում մասնագիտական հետքայլը բալիկ ունենալուց հետո էր, թեեւ հղիության ընթացքում խաղացել եմ: Գիտակցված քայլ էր՝ շատ էի ուզում երեխա ունենալ, երջանիկ եմ, որ հիմա Ակսելը կա իմ կյանքում: 4 ամսական էր, երբ սկսվեցին «Խատուտիկի գինի» ներկայացման փորձերը: Սկզբում անինքնավստահ էի, ինձ թվում էր՝ շատ եմ նահանջել, որովհետեւ երբ մայրանում ես, լրիվ ուրիշ աշխարհում ես հայտնվում: Ուրախ եմ, որ Նարինե Գրիգորյանը հրավիրեց ու դրանով ինձ փրկեց, որովհետեւ չէի կարող ավելի երկար մնալ տանը:

- Ո՞րն եք համարում Ձեր ամենաառաջին շատ պատասխանատու ու վախենալու դերը:

Միլենա. Մինչեւ հիմա էլ բոլոր դերերից վախենում եմ (ծիծաղում է,-հեղ.): Երբ խաղընկերս ինձ համար բարդ թվացող որեւէ բան է անում, միշտ մտածում եմ՝ տեսնես ո՞նց է կարողանում, ես կկարողանա՞մ: Դա ուժ է տալիս, որ նույն տեղում չմնամ ու ինքս էլ փորձեմ:  

Կորյուն. Առաջին բեմելս Վանաձորի թատրոնում էր՝ «Ժաննա դ'Արկ»-ում: Ռեժիսոր Գալուստ Ներսիսյանը լիակատար ազատություն էր տվել, ու մեր տեսարանները նաեւ ինքներս էինք փորձում կառուցել. զոքանչի դերակատարի հետ դրվագներից մեկը մինչեւ հիմա ամեն անգամ տարբեր է ստացվում՝ նայած այդ օրն ինչպես կխաղանք (ծիծաղում ենք,-հեղ.): Բայց, իհարկե, միշտ բեմ մտնելուց առաջ լարվում եմ:

Միլենա. Մտածում ես՝ ինչու եմ ընտրել այս մասնագիտությունը, եթե այդքան սթրես պիտի ապրեմ, բայց բեմում ամեն ինչ անցնում է (ծիծաղում է,-հեղ.):

Միլենա Ղաղարյանը ու Կորյուն Եսայանը


Կորյուն. Սունդուկյանում լարվածությունն էլ ավելի մեծ է, քանի որ ներկայացումներում ներմուծվում եմ, ինչը միշտ շատ բարդ է:

Միլենա. Արդեն ինձնից շատ է խաղում (ծիծաղում ենք,-հեղ.):

Կորյուն. 6 ներկայացման մեջ եմ ներգրավված՝ «Մուսա լեռան 40 օր»-ում թուրք զինվոր եմ, «Սառցե սրտում»՝ արքայազն Հանս, Վիլյամ Սարոյանի «Կոտորածն անմեղաց»-ում՝ պահնորդ, «Մեծապատիվ մուրացկաններ»-ում զանգվածային տեսարանում եմ:

- Միլենա, մեկ ամսում 2 պրեմիերա ունեցաք. սկսենք Սեւակին նվիրված «Մարդն ափի մեջ» ներկայացումից, որում նաեւ երգում եք, ինչպե՞ս ստացաք այդքան գեղեցիկ աշխատանք:

Միլենա. Չէինք էլ պատկերացնում, որ ներկայացումն այդպիսին կդառնա: Մտավախություն ունեի, որ գուցե հանդիսատեսը պոեզիան այդ ձեւով չհասկանա, բայց զարմանալի ու շատ հաճելի է, որ նույնիսկ տարեց մարդիկ գալիս ու հավանում են: Սեւակին երբեք այդքան շատ չէի սիրել, որքան հիմա: Այս ամիս 4 անգամ խաղալու ենք, ու տոմսերը սպառվել են: Պոեզիա սիրում եմ ու հաճելի է երգելով մատուցել:

- Կորյուն, հավանե՞լ եք ներկայացումն ու Դուք՝ Միլենա, ի՞նչն եք սիրում Ձեր ամուսնու խաղում:

Կորյուն. Միշտ իրար պատմում ենք ընթացքի մասին, ու մատուցման ձեւն անակնկալ չէր ինձ համար: Միլենային միշտ եմ հավանում բեմում, եւ ոչ միայն (ծիծաղում է,-հեղ.): Ներկայացումից հետո միշտ դեմքիս է նայում՝ հասկանալու՝ արդյոք հավանել եմ: Նա բեմական շատ մեծ հմայք ունի, ինչն էլ գրավում է հանդիսատեսին:

Միլենա. Երկու անգամ եմ նայել «Ժաննա դ'Արկը», մեկը՝ բավական հեռվից: Քանի որ վատ եմ տեսնում, միայն սիրուն կոմպոզիցիաներ նկատեցի ու զգացի բեմի մթնոլորտը, լսեցի ձայն ու հույզեր ստացա: Բայց պետք է մարդու աչքերը տեսնեմ, որ խաղի մասին պատկերացում կազմեմ: Երկրորդ անգամ արդեն մոտիկից նայեցի, եւ երբ Կորյունի աչքերը տեսա, շատ տպավորվեցի: Վերջին տեսարանում այնպիսի հայացք ուներ, որ նույնիսկ վախենալու էր. սիրեցի նրա կերպարը:  

- Մի քանի օր առաջ թատերականացված ընթերցանություն ունեիք՝ «7 րոպե», ներկայացման այդ տեսակն ինչո՞վ է տարբերվում:

Միլենա. Քանի որ ոչ բոլոր պիեսներն է հնարավոր բեմադրել, Նարինե Գրիգորյանը որոշել է դրանք ներկայացնել նոր ձեւաչափով: Թատերականացված ընթերցանությունը նույնչափ պատասխանատու է՝ կապ չունի, որ պիեսը դիմացս դրված է. մենք դերասան ենք ու չենք կարողանում ուղղակի կարդալ, միեւնույն է՝ կերպար ենք ստեղծում: «7 րոպե»-ի դեպքում հանդիսատեսը մեր չորսբոլորն էր. այնպես էր արված, որ նրանք էլ մեզ պես 200 բանվորներից մեկը լինեն: Սովորաբար, երբ մարդիկ ինձ շատ մոտ են լինում, լարվում եմ ու սկսում ինձ հանգստացնել, բայց թատերականացված ընթերցանության շնորհիվ վախս մի քիչ կոտրվել է: Տեսնում ենք նրանց արձագանքը, զգում շունչը: «Մարդն ափի մեջ»-ի դեպքում էլ է այդպես, շատերն անգամ չեն համբերում մինչեւ կարտասանենք, մեզնից առաջ են ընկնում, ինչը լավ է. որ մոռանանք, կհուշեն (ծիծաղում ենք,-հեղ.):

Միլենա Ղաղարյանը ու Կորյուն Եսայանը


- Քանի որ երկուսդ էլ դեռ երիտասարդ եք ու դեռ շատ դերեր չեք ունեցել, որո՞նք են ձեր սրտի ներկայացումները, որոնցում շատ կուզեք խաղալ:

Կորյուն. Դասական դրամատուրգիա եմ շատ սիրում ու կուզեի նման գործերում ցանկացած կերպար մարմնավորել, ավելի շատ՝ բացասական, որովհետեւ դրանք անհամեմատ հետաքրքիր են:

Միլենա. Երբեք որեւէ դեր չեմ ցանկացել խաղալ: Մտածել եմ՝ եթե դերն ինքը գա մոտս, ուրեմն՝ իմն է: Ցանկացած դեր ստանալիս նույն շրջանով եմ անցնում՝ կարդում եմ, հասկանում՝ հետս ինչ կատարվեց, հետո մտածում իսկապե՞ս կարող եմ լավ խաղալ: Շատ կասկածամիտ եմ ու երբեմն նաեւ՝ անինքնավստահ, բայց ռեժիսորի հետ փորձերը ինձ հանում են այդ վիճակից: Ապա կապվում եմ դերի հետ ու սկսում այն շատ սիրել, միշտ կերպարներս հետս ապրում են: Եղել են փոքր դերեր, որ հաճույքով չեմ արել, ինչն այդքան էլ լավ չէ:

- Որակներ, որ հավանում եք միմյանց մեջ ու կուզեիք ունենալ:

Կորյուն. Զգացմունքայնությունը. կերպարներին միշտ փոխանցվում է սեփական հույզերը:

Միլենա. Բայց դու էլ ունես, բեմում՝ նույնիսկ ավելի շատ: Կորյունը բեմում շատ ուրիշ է, թեեւ կյանքում փակ մարդ է ու անգամ ինձ կարողանում է անակնկալի բերել ու անսպասելի բան անել: Կուզեի նրա պես զարմացնել կարողանալ:

Համարձակ Միլենան ու սիրո բանաձեւը

- Շատ երիտասարդ տարիքում եք հանդիպել ու սիրահարվել, ինչպիսի՞ն էր ծանոթությունը:

Կորյուն. Շատ լավ եմ հիշում այդ օրը (ծիծաղում է,-հեղ.): 2015-ին Համազգայինի փորձասենյակում ենք հանդիպել. ես 19 տարեկան էի, Միլենան՝ 17: Եկել էինք առաջին դասին, փոխվելուց հետո բացեցի վարագույրն, ու Միլենան միանգամից հայտնվեց իմ դիմաց, հայացքներով փոխանակվեցինք: Հաջորդ մասը դու պատմիր (ծիծաղում ենք,-հեղ.):

Միլենա. Չէ, ասա, ասա (ծիծաղում ենք,-հեղ.):

Կորյուն. Դե, մեր դեպքում սկիզբը ոչ ավանդական ստացվեց, որովհետեւ մի գեղեցիկ օր Միլենան խոստովանություն արեց (ծիծաղում ենք,-հեղ.): Նրան կանգառ էի ճանապարհել, ու սպասում էինք երթուղայինին, հենց եկավ, ասաց. «Ես քեզ հավանում եմ» ու միանգամից գնաց, չսպասեց էլ իմ պատասխանին:

Միլենա. Հատուկ էի այդպես մտածել: Ինձ համար կարեւոր չէր՝ ինչ կասի, ուղղակի ուզում էի ազատվել այդ ամենից: Շատ լավ հույզեր ապրեցի, երբեք չեմ մոռանա այդ պահը, սիրտս արագ-արագ աշխատում էր: Արել էի մի բան, որ ամեն մեկը չէր համարձակվի: Չգիտեմ էլ՝ ինչու որոշեցի արտահայտվել:

Միլենա Ղաղարյանը ու Կորյուն Եսայանը


- Կորյուն, Միլենան շատ լավ պահեր է ապրել, Ձեզ հետ ի՞նչ էր կատարվում:

Կորյուն. (Ծիծաղում է,-հեղ.):

Միլենա. Ինձ թվում է՝ շոկի ես ենթարկվել:

Կորյուն. Դե, շատ ուրախ էի, բայց առաջին միտքն այն էր, թե ո՞նց կարող էր իր նման գեղեցիկ աղջիկն ինձ հավանել (ծիծաղում ենք,-հեղ.):

Միլենա. Լո՞ւրջ, նման բա՞ն ես մտածել:

Կորյուն. Այո, որովհետեւ չէի մտածում, թե մենք նույն «լիգայից» ենք: Ամեն դեպքում այդ շրջանում մեր հարաբերությունները չստացվեցին: Ամիսների ընթացքում զգացի, որ ներսումս ինչ-որ բան է ծնվում: Միլենային Մոսկվա էի ճանապարհում ու այդ ժամանակ էլ ես ասացի, որ սիրահարվել եմ: Մոտ 5 ամիս հեռավորության վրա ենք շփվել, մինչեւ որ նա անակնակալ վերադարձավ Երեւան:

- Իսկ ե՞րբ հասկացաք, որ ընտանիք եք կազմելու ու ո՞նց արեցիք առաջարկությունը:

Կորյուն. Ինքնըստինքյան այդ պահը հասունացավ, անակնկալ առաջարկություն չեմ արել, թեեւ սպասում էր: Երկու տարի նշանված էինք, ընտանիքներով խոսեցինք ու կազմակերպեցինք հարսանիքը:

Միլենա. Ուղղակի հարցրեց, բայց հատուկ առաջարկություն չի եղել:

Կորյուն. Վստահ էի, որ Միլենան ինձ չի մերժի (ծիծաղում ենք,-հեղ.):

Միլենա. Պետք է մերժեի: Հիմա կգնամ, որ վստահ էիր (ծիծաղում ենք,-հեղ.): Շատ լավ ու թեթեւ է անցել մեր հարսանիքը, լարող ոչ մի բան չի եղել, ներկա էին մեր ընտանիքները, ընկերները, կուրսեցիները: Ավարտվելուց հետո դատարկություն զգացի, կուզեի՝ ավելի երկար տեւեր: Բոլորն անընդհատ պարահրապարակում էին, վայելել ենք ամեն պահը:

- Իսկ ինչպե՞ս կյանքը փոխվեց, երբ դարձաք ծնողներ:

Միլենա. Երեւի, մայրիկների՝ ծնող դառնալու գիտակցումն ավելի շուտ է լինում. երեխան քո մեջ է մեծանում, ուրիշ կերպ ես նրան ընկալում: Հայրերի դեպքում ժամանակ է պետք, որ հասկանան՝ իրենց երեխան է: Երբ առաջին անգամ Ակսելին դրեցին կրծքիս, բոլորովին ուրիշ տեղում հայտնվեցի, մինչեւ հիմա էլ այդտեղ եմ: Անբացատրելի զգացողություն է՝ մաքուր ու պարզ: Դրանից հետո աչքերս էլ են փոխվել, ներսում էլ տեղաշարժեր եղել, թեեւ միեւնույն է՝ հուզական եմ ու լացկան. դա երբեք չի փոխվելու: Ակսելը հետն այլ հասունություն է բերել, մեկ-մեկ նայում եմ նրան ու չեմ հավատում, որ այս քայլող մարդուկը մերն է ու բացարձակ սեր է:

Կորյուն. Համաձայն եմ, որ հայրությունն ավելի ուշ է արթնանում: Ես էլ առաջին անգամ պուճուրիս գրկելիս աննկարագրելի զգացողություններ ունեցա, բայց միեւնույն է՝ նույնը չապրեցի, ինչ Միլենան: Առաջին ամիսներին գիշերները միշտ Միլենան է անքուն տառապել երեխայի հետ, որոշ ժամանակ հետո ես էլ միացա նրան ու սկսեցի կիսել պատասխանատվությունը:

Միլենա. Հիմա ինձ շատ է օգնում: Երեխան որպես մարդ էլ քեզ փոխում է՝ ուզում ես արժեքներդ միշտ պահել ու լավը լինել: Փոքրիկներն ընտանիքում ինչ տեսնում են, դա էլ վերցնում են:

Կորյուն. Երբ ծնվել էր, չէի ուզում նրանց լքել ու աշխատանքի գնալ, ամեն վայրկյան իրենց հետ լինելու կարիք ունեի, որ հանկարծ բաց չթողնեմ դեմքի արտահայտությունը որեւէ նոր բան անելիս, նոր ատամ դուրս գալիս կամ քայլելիս: Այդ շրջանն էլ համընկավ Վանաձորում փորձերի հետ, մի քանի շաբաթ այնտեղ էի մնում, աշխատանքս ավարտելուն պես տուն էի շտապում:  

Միլենա Ղաղարյանը ու Կորյուն Եսայանը


- Ակսելն այնքան էլ հաճախ հանդիպող անուն չէ, ինչպե՞ս եք ընտրել:

Կորյուն. Անունը մարդու մասին շատ բան է ասում, եւ ուզում էի մեծ մարդու անուն ունենա: Սկսեցի մտածել ու մեր Բակունցին հիշեցի: Պարզվեց՝ Ակսելը նորվեգական անուն է, Բակունցն այն նորվեգական դրամատուրգիայում է տեսել ու ընտրել: Երկար փնտրում էի բացատրությունն ու գտա, նշանակում է՝ խաղաղության հայր: Այնքան խորհրդանշական էր, որովհետեւ այդ շրջանում սեպտեմբերյան պատերազմն էր, եւ շատ անհանգիստ էինք, երբ ծնվեց մեր Ակսելը:

- Թատրոնում փորձերը, սովորաբար, մինչեւ ուշ գիշեր են տեւում, ո՞վ է Ձեզ օգնում փոքրիկի խնամքի հարցում եւ ինչպե՞ս եք կարողանում անքուն գիշերներից հետո խաղալ:  

Միլենա. Վերջերս էլ Կորյունին էի ասում, թե ինչ հետաքրքիր մասնագիտություն ունենք, անգամ երբ շատ հոգնած ես կամ վատ ես զգում, եթե պետք է խաղաս, չգիտես էլ՝ որտեղից ուժ է գալիս, եւ ամեն ինչ հաղթահարում ես: Երբ առանձին էինք ապրում, շատ ավելի բարդ էր, Ակսելին սայլակով տանում էի իմ կամ Կորյունի մայրիկի մոտ, իրենք էլ էին գալիս: Լինում էր, որ աշխատանքից հետո Կորյունն էր նրան խնամում: Թատրոնում ամեն ինչից կտրվում եմ, տանը նրա մաման եմ, բայց այստեղ՝ միայն դերասանուհի. չի կարելի այդ երկուսը խառնել իրար:  

Կորյուն. Թատրոնի կախարդանքն էլ այն է, որ կենցաղը մոռացնել է տալիս: Շատ երկար չէ, բայց մի 2-3 ժամով ինքնուրույն խնամել եմ: Ամեն ինչ էլ կարողանում եմ անել՝ տակդիրը փոխել, կերակրել:

Միլենա. Հիմա քայլում է, եւ ավելի հեշտ է, թեեւ արդեն սկսել է վտանգավոր տեղեր բարձրանալ: Երբ շատ փոքր էր, իր օրորոցի մեջ չէր մնում, պարտադիր պետք էր գրկել:

- Առաջիկայում տեղափոխվելու եք ձեր նոր բնակարան, ինչպիսի՞ն եք ուզում այն լինի:

Միլենա. Սկզբում վարձով ենք ապրել, հիմա ժամանակավոր Կորյունի ընտանիքի մոտ ենք տեղափոխվել, մինչեւ որ մեր բնակարանը պատրաստ կլինի: Այն շատ տաք, լուսավոր ու ջերմ եմ պատկերացնում, բաց գույների մեջ, առանց ավելորդությունների, խաղաղ, մոմերով լի: Մենք սեղանի խաղերի սիրահար ենք ու հենց որեւէ նոր բան է  դուրս գալիս, միանգամից ձեռք ենք բերում: Բոլորով միշտ հավաքվում ենք մեր տանը, ֆիլմեր դիտում, մինչեւ ուշ գիշեր զրուցում:

- Միմյանց կարճ ու դիպուկ մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրեք։

Կորյուն. Էմոցիոնալ, պարտաճանաչ, հոգատար, գեղեցիկ, նույնիսկ՝ չափից շատ (ծիծաղում է,-հեղ.):

Միլենա. Նման բաներ մի ասա: Հավասարակշռված, խոսքի ուժն իմացող, վստահելի, բարի:

Միլենա Ղաղարյանը ու Կորյուն Եսայանը


- Բնավորության գծեր, որ սիրում եք միմյանց մեջ ու մի քիչ ջղայնանում:

Կորյուն. Բարկանում եմ իր անինքնավստահության վրա, շատ դեպքերում ամեն ինչ հստակ գիտի, բայց վստահ չի, կասկածներ է ունենում:

Միլենա. Միանգամից բացասականից սկսեց, ինձ դուր չի գալիս (ծիծաղում ենք,-հեղ.):

Կորյուն. Դրականները շատ են, իր ներքին հանգստությունն եմ սիրում, որ տարածվում է ողջ տան ու բոլորիս վրա:

Միլենա. Չգիտեի: Հավասարակշռությունը, տղամարդու մեջ առաջին հերթին հենց դա եմ գնահատում:

Կորյուն. Բացասականը պարզ է, ես քո փոխարեն արդեն գիտեմ:

Միլենա. Լո՞ւրջ, ո՞րը:

Կորյուն. Երեւի, ծուլությունը:

Միլենա. Մոռացել էի, գիտեմ՝ ինչերի է ընդունակ, բայց չի անում, թեեւ շնորհք ու կարողություն ունի: Վերջերս սցենարական դասերի է գնացել, լավ է ստացվում, բայց ինչպես հարկն է, այդ ձիրքը չի օգտագործում: Արդեն սկսել է գրել, հուսամ՝ կշարունակի, շատ եմ ուզում նաեւ բեմադրի:

- Ի՞նչ է սերը:

Կորյուն. Ամենաբարդ հարցերից է: Հստակ բանաձեւ չկա, այն տարբեր բաղադրիչներից է կախված: Սկզբում, երբ նոր եք հանդիպում, ուզում ես հետը շատ ժամանակ անցկացնել, հետո սերն այլ է դառնում՝ իր հետ անգամ կենցաղային խնդիրներն ես մոռանում: Սերը փոխզիջումն է, զոհաբերության պատրաստ լինելը, զգացել եմ, որ այն նաեւ մանրուքների մեջ է: Պարզ բան կասեմ, բայց շատ եմ սիրում Միլենի հետ հաց կիսել, ավանդույթի պես բան է մեզ համար: Ամբողջ օրն իրար չենք տեսնում, բայց գիտենք, որ գոնե երեկոյան միասին ընթրելու ենք: Հիմա մեծ ընտանիքով ենք ապրում, ու սիրում եմ մեկ-մեկ մենակ լինել, երեկոյան փորձերից դիմավորում եմ նրան, ու միասին քայլում ենք, թեեւ մոտ ենք ապրում ու ճանապարհը 5 րոպե է տեւում, բայց ամեն ինչից խոսում ենք:

Միլենա. Սերն ինձ համար նախ եւ առաջ հանգիստ մթնոլորտն է, շարժիչ ուժը, որն ինձ ստիպում է ամեն օր ավելի լավը լինել հանուն նրա: Առաջին հերթին ոչ թե քո, այլ սիրելիիդ մասին ես մտածում, երբ իրեն լավ է զգում, դրանից դու էլ երջանիկ ես դառնում: Այս մարդն ինձ ուժ է տալիս, երբեք չի թողնում հետ գնալ, ինձ հավատում է, ես էլ՝ իրեն, ու դա շատ կարեւոր է: Սերն այն է, որ այդ մարդու հետ այնքան հանգիստ ու խաղաղ ես զգում, որքան ոչ մեկի հետ չես կարող:


- Իրար ի՞նչ կխոստանաք:

Միլենա. Այս ինչ դժվար է, ի՞նչ խոստանամ: Ընտանիք պահելն աշխատանք է, ու այն պետք է երկուսի կողմից էլ հավասար չափով լինի: Խոստանում եմ շատ լավ աշխատել, որ մեր ընտանիքն ամեն օր ավելի ու ավելի ամուր եւ լավը դառնա:  

Կորյուն. Ես էլ խոստանում եմ մեր ընտանիքի համար ամեն օր ավելի լավը լինել:

«Թող միայն առաջ քայլի, ես կողքին կլինեմ»

Միլենա. Ուզում եմ՝ Կորյունը նույնչափ վստահ լինի իր ուժերին, որքան ես եմ հավատում նրան: Միշտ իր կողքին կլինեմ ու կօգնեմ: Ես 2-րդ կուրսից ընդունվեցի թատրոն, բայց նա դժվար ճանապարհ անցավ, ուրիշ գործերով շատ զբաղվեց, հիմա էլ անում է հանուն իր ընտանիքի: Բայց գիտեմ, որ ուզում է ստեղծագործել: Համոզված եմ՝ մի օր էլ ոչինչի մասին մտածելու առիթ չի լինի, միայն սիրելի գործով կզբաղվի: Թող միայն առաջ քայլի, ես կողքին կլինեմ ու համբերատար կսպասեմ:

«Դեռ կոկոն է, որը պետք է բացվի»

Կորյուն. Այն շնորհքը, որ Միլենային ի վերուստ տրվել է, ամբողջովին չի բացահայտել. դեռ կոկոն է, որը պետք է բացվի: Վստահ եմ, որ հետեւողական աշխատանքի դեպքում իրեն շատ մեծ ապագա է սպասվում: Ես էլ այդ ընթացում կողքին կլինեմ եւ կօգնեմ:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին