×


Լիլյա Մուկուչյան. «Իմ թխած ամեն հացի համար ավելի շատ եմ ուրախանում, քան ցանկացած դերի»

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլյա Մուկուչյանի մարմնավորած կերպարներն ամենաբազմազանն են՝ վհուկից մինչեւ բալետի պարուհի, բայց ամեն անգամ նրան հաջողվում է զարմացնել ու հիացնել հանդիսատեսին: BRAVO.am-ի հետ զրույցից ժամեր առաջ էր հայտնի դարձել, որ արժանացել է «Մոնոկլ» փառատոնի գլխավոր մրցանակին:

- Սանկտպետերբուրգյան փառատոնն օրեր առաջ բացվեց Ձեր «Վարեչկա» մոնոներկայացմամբ: Ինչո՞վ է Ձեզ համար առանձնանում այս աշխատանքը:

- Մոնոներկայացումները միշտ վտանգավոր ու պատասխանատու են. բեմում միայնակ ես՝ առանց խաղընկերոջ օգնության: Վարեչկան մինչ այս իմ ստեղծած հերոսուհիներից ամենակենդանին ու իրականն է, այն նաեւ լի է դրամատիզմով: Տաղանդավոր Ելենա Վարդանյանի հետ մեր ընկերությունը վերաճել է ստեղծագործական համագործակցության, եւ այս ներկայացումը երկուսիս համար էլ շատ կարեւոր է: Մենք ապացուցելու ոչինչ չունենք. Ելենան հիանալի դերասանուհի է, շատ է նկարահանվում, բայց միասին պետք է ինչ-որ սեփական ու անձնական բան ստեղծեինք:

- Ի՞նչ առումով է անձնական ստացվել:

- Թվում է՝ ներկայացումը բալետի պարուհու մասին է, սակայն ավելի խորքային է՝ մարդու մասին է, որը մի օր ընտրություն է կատարել եւ դրա հետեւանքները պիտի քաղի: Իմ ու Ելենայի բախտը բերել է, որովհետեւ մենք ընտանիքներ եւ փոքրիկներ ունենք, ինչից ներկայացումը միայն շահում է: Երբ կերպարիդ հետ նույն ցավն եք ունենում, բեմում չափից շատ էմոցիոնալ եք լինում, ինչն այնքան էլ լավ չէ: Իսկ մենք, ի տարբերություն Վարեչկայի, երջանիկ մարդիկ ենք, ինչի շնորհիվ ներկայացումը լրիվ այլ գույներ է ձեռք բերում: Անդրադառնում ենք մի մասնագիտության, որը բարդ է, պատասխանատու եւ զոհողություններով լի: Մեր գործում, ընդ որում ֆինանսական կողմը նկատի չունեմ, միշտ շատ ես տալիս ու քիչ ստանում, միշտ ինչ-որ բան չի բավականացնում: Ելենային շատ շնորհակալ եմ այս ներկայացման համար, որն, ի դեպ, շատ պատահական ենք արել։ Վերջերս էլ նրան եմ ասել, որ պարզապես այդ օրը ճիշտ պահին ու ճիշտ տեղում եմ հայտնվել:

- Որքան էլ Ձեր ու կերպարի տարբերությունն ակնհայտ է, բայց երկուսդ էլ ձեր կյանքը նվիրել եք բեմին, որո՞նք են ձեր հատման կետերը:

- Ցանկացած դերասան միշտ երազում է գլխավոր դերեր մարմնավորել, բայց փորձի եւ տարիքի հետ ես հասկանում, որ գլխավորը դեռ լավագույն դերը չէ: Իմ հերոսուհին էլ այդ ցավով է տառապել, բայց չի կարողացել այն իրագործել: Բոլորս էլ Վարեչկայի պես մեր անունն ուզում ենք տեսնել դերերի բաշխման ցանկում եւ մեզ լավագույնն ենք համարում, այլապես չեմ հասկանում, եթե անշնորհք ենք, ինչո՞ւ պիտի գտնվենք թատրոնում:

Լիլյա Մուկուչյանը


- Դուք պատմում եք մարդկանց մասին, որոնց ընտրությունը երբեմն կարող է սխալ լինել ու նրանց տանել ձախողման: Ներկայացումը նայելիս հանդիսատեսն ի՞նչ հետեւություն կարող է անել:

- Ամեն մեկը պետք է պատասխան տա իր ընտրության համար: Կան հանգամանքներ, որոնք եւս ազդում են մարդկանց ճակատագրերի վրա, բայց կարեւորը չկոտրվելն է, ինչպես մեր հերոսուհու դեպքում է լինում: «Ես արթրիտ ունեմ, էլ քայլել չեմ կարող, պարել՝ հաստատ, բայց ամեն օր տանը մարզվում եմ ու սպասում իմ շանսին»,- վերջում ասում է նա: Մարդը պետք է սպասի իր հնարավորությանը, բայց ոչ թե տանը նստած, այլ քայլեր ձեռնարկելով:

- Ձեզ համար հոգեբանորեն եւ ֆիզիկապես այս դերը խաղալը շա՞տ է դժվար:

- Միշտ դժգոհ եմ իմ աշխատանքից, ինչը շատ տանջալից է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել: Ի՞նչ պետք է անեմ, որ գոհացնեմ ինձ, բայց երբ այս ներկայացումից հետո տեսնում եմ մարդկանց արձագանքները, արցունքակալած աչքերը, մտածում եմ՝ երեւի, ստացվել է, քանի որ կարողացել եմ դիպչել նրանց սրտերին: Այն մրցանակը, որ այսօր ստացանք Ռուսաստանի մոնոներկայացումների ամենահայտնի փառատոնում, եւս ուշագրավ է: Այն թատերական երկիր է, Սանկտ Պետերբուրգի հանդիսատեսը տեսել է իմ սիրելի դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխին, առհասարակ՝ լավագույններին, ու նրանց զարմացնելը գրեթե անհնար է:

- Ի՞նչ զգացիք, ստացվե՞ց զարմացնել:

- (Ծիծաղում է,-հեղ.), երեւի, այո, որովհետեւ այնտեղ առաջին անգամ ինձ կանչեցին բիսի: Խոնարհումից ու ծափերից հետո արդեն հեռացել էի, երբ Ելենան այդքան ջերմ ընդունելությունից հուզվեց, նրան հանգստացնում էի, ու հանկարծ ասաց. «Սպասիր, Լիլ, նորից են ծափահարում, բայց ո՞ւմ: Գնա բեմ»: Ու տեսա, որ թեեւ բավական ժամանակ էր անցել, բայց ամբողջ դահլիճը մնացել է տեղում, ծափերն էլ չեն դադարում: Ելենան ինձ, բառիս բուն իմաստով, հրեց բեմ, մարդիկ չէին գնում, ու խնդրեցի, որ ինձ բաց թողնեն:

- Չի՞ եղել մի ներկայացնում, որ ներքին բավարարվածության աստիճանը մի քիչ ավելի շատ լիներ:

- Երբ նույն ներկայացմամբ ամռանը Կինեշմայի «Օստրովսկի» փառատոնում հանդես եկանք, ու էլի մրցանակ ստացա, ինձնից գոհ էի, այնտեղ ամեն ինչ այլ էր: Մինչդեռ Պիտերում ավելի շատ գլխով խաղացի, ոչ թե սրտով: Դերասանը պիտի վարպետություն ունենա, եթե այն բացակայում է, ներկայացմանը դիմանալ չես կարող, միայն հույզերով երկար չես ձգի, բացի այդ էլ, վանում է հանդիսատեսին: Չէ՞ որ մասնագիտության մեջ առանցքային բառը խաղն է. պետք է խաղալ, ոչ մեկը չի պարտադրում նույնանալ կերպարիդ հետ ու հավատալ, որ դու էլ Վարեչկայի պես երեխա չունես: Գլուխս միշտ միացված է ու ամեն ինչ վերահսկում է, ինչն էլ հենց տեխնիկան է: Եթե այն ունեք, մասնագիտության մեջ չեք կորչի:  

- Իսկ ամեն ի՞նչ եք կարողանում խաղալ, թե՞ դերասանի համար կան «չեմ կարող, չի լինի, անհնար է» ձեւակերպումներ:

- Ամեն նոր դերը համարում եմ, որ չեմ կարողանա խաղալ, առաջին միտքս է լինում. «Օ՜, Աստված իմ, ինչպե՞ս եմ խաղալու, չէ՞ որ ես ոչինչ չեմ կարողանում»: Ստիպված եմ լինում ամենասկզբից սովորել: Դերերի մասին չեմ էլ երազում, նման բան առաջին անգամ մոտ 15 տարի առաջ է եղել՝ կարիերաս նոր սկսելիս. շատ էի ուզում Նինա Զարեչնայային մարմնավորել, բայց այդպես էլ չիրականացավ: Հասկացա՝ պետք չէ որեւէ դերի սպասել, քանի որ այն երբեք էլ չեք ստանա: Բայց ամեն դեպքում կա մի դեր, որ ուզում եմ փորձել, կզարմանաք՝ Յագոն է: Հետաքրքիր կլիներ նրան մարմնավորել, այ դա իսկապես ուզում եմ, եւ բնավ, ոչ՝ Լեդի Մակբեթին:

- Ինչո՞ւ է հենց նա Ձեզ այդքան գրավում:

- Ինձ միշտ դուր են գգալիս ոչ միանշանակ հերոսները, խաղացանկս նայելիս էլ կնկատեք: Դերերիցս երբեք չեք հասկանա՝ լավ մարդ է, թե վատ, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Սիրում եմ կերպարի որոշակի շեղումները, թեեւ ինքս զուսպ ու հավաք մարդ եմ, որեւէ կանոն չեմ խախտի, ստանդարտ մտածողություն ունեմ, բայց դրան զուգահեռ ռոք եմ սիրում, ոչ թե օպերա: Գուցե մարդու ներսի խենթություններն ինձ գրավում են այն պատճառով, որ ինձ երբեք դրանք թույլ տալ չեմ կարող, չգիտեմ էլ, թե ինչու եմ այդպես որոշել:

- Իսկապես, ինչո՞ւ, ակունքները փորփրել չե՞ք փորձել:

- Ես էլ չգիտեմ ու չեմ փորձել այդ ամենը քչփորել, ասում են՝ բոլորս մանկությունից ենք: Թեեւ ծնողներս խիստ չեն եղել, բայց գերազանցիկի համախտանիշ եմ ունեցել: Դպրոցում լավ եմ սովորել, ինչից շուտով ձանձրացա եւ ուզեցի միայն գրքեր կարդալ: Բայց քանի որ արդեն օրինակ էի դարձել ու բոլոր դասարաններում իմ ստացած 5-երն էին մատնանշում, ուսուցիչների ստեղծած կերպարին գերի դարձա: Քիմիայի փոխարեն ուզում էի հետաքրքիր գիրք կարդալ, բայց ստիպված շարունակում էի սովորել, որ համապատասխանեմ այդ կերպարին: Հավանաբար, այդ ամենը հետք է թողել հետագա կյանքիս վրա, ու եթե անգամ ուզում եմ մազերս կապույտ ներկել, փիրսինգ կամ դաջվածք անել, ինձ թույլ տալ չեմ կարող: Գուցե, դա միայն արտաքին ազատություն է, բայց ինձ հմայում է:

- Իսկ ներքուստ ազա՞տ մարդ եք:

- Բավական, ու եթե փորձենք ավելի խորքային մոտենալ հարցին, կհասկանանք, թե ինչու եմ դարձել դերասանուհի, որովհետեւ բեմում կարող եմ անել այն, ինչ կյանքում երբեք չեմ էլ փորձի:

- Ձեր կերպարներից ո՞րն է առավելագույնս թույլ տվել նման բան անել:

- Օյ, «ԿոնտրԱկտ» ներկայացման թոփ մենեջերը: Նա չափազանց ուժեղ մարդ է, արտաքուստ նման է ինձ՝ կրում է դասական հագուստ, խոշոր ընկերությունում ղեկավարում է մարդկանց ու անգամ՝ նրանց կյանքերը, իր աշխատակցին հասցնում  ողբերգության: Բայց նրա շարժումները լիովին ազատ են, վզին դաջվածք ունի, ինչը ժամանակավոր անում եմ, ու դա էլ աշխատանքիս հմայիչ կողմերից է (ծիծաղում է,-հեղ.): «Վիյ» ներկայացման մեջ, օրինակ, վհուկ եմ, այն հույզերը, որ ներսումս անդադար եփվում են ու դուրս չեն գալիս, օգնում են կերպարն այդկերպ խաղալ:

Լիլյա Մուկուչյանը


- Իսկ ի՞նչ է տալիս այդ մեկ դաջվածքը հանդիսատեսին ու ի՞նչ պատմություն ներկայացնում կերպարի մասին:

- Այն կենսագրություն է ստեղծում եւ հուշում ապրված կյանքի մասին: Հնարավոր է՝ երիտասարդ տարիներին գնացել է «Վուդսթոք» ռոք փառատոնին ու մինչեւ անհնարինության աստիճանի վայելել այն, ջրերի մեջ թավալվել, ոչնչի մասին չմտածել, կիսամերկ պարել, սափրել գլուխը: Նա կյանքում տարբեր բաներ է փորձել ու գտել իրեն՝ հանկարծ դարձել մենեջեր: Հասկացել է, որ ազատությունն ավելի շատ ներքին հատկանիշ է: Ինձ համար բեմում մի շատ կարեւոր պահ էլ կա՝ անսպասելի պահվածքը. երբեք չպիտի գուշակեք, թե ինչ կանեմ հաջորդ վայրկյանին:

- Ինչպե՞ս են Ձեր կերպարները հասունանում «ոչինչ չեմ կարողանում անել» պահից մինչեւ բեմ դուրս գալը:

- Շատ տանջալից ընթացք է, նախանձում եմ այն գործընկերներիս, որոնք միանգամից են գտնում կերպարը: Սիրում եմ կերպարն ինքնուրույն ստեղծել. եթե պրոֆեսիոնալ ես, պարտադիր չէ ռեժիսորն ամեն պահ քեզ հուշումներ տա եւ ուղղորդի: Կերպարն անընդհատ հետս է լինում, նույնիսկ խոհանոցում որեւէ բան պատրաստելիս սկսում եմ փորձել: Նախ անդադար նրա ձայնն եմ փնտրում, վհուկին մարմնավորելուց առաջ միացնում էի ձայնագրիչն ու տարբեր հնչերանգներ փորձում. կերպարի տեխնիկական կողմերին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում: Եթե դերասանը միշտ նույնն է անում, անգամ եթե չափից շատ տաղանդավոր է, կհոգնեցնի: Պիտի նաեւ քայլվածքը փնտրեմ, վարքագիծը, ինչը միանգամից չի լինում. նույն ժեստը կարող եմ հազար անգամ փորձել, կամ անվերջ կողք նայեմ, մինչեւ որ իմ ուզած ձեւը գտնեմ:

- Մարդկանց թվում է՝ ամեն գեղեցիկ բան միանգամից է ծնվում, մինչդեռ Դուք տանջալից ու երկար որոնումներ եք ունենում:

- Թեեւ ծույլ եմ, բայց կարող եմ ժամերով փորձել: Միշտ հույս եմ ունենում, որ այսօր փորձ չենք անի (ծիծաղում ենք,-հեղ.): Թատրոնի չերեւացող կողմերից մեկն էլ այն է, որ ներկայացման ժամանակ կարող ես վատ զգալ, բարձր ճնշում կամ ջերմություն, անձնական խնդիրներ կամ ողբերգություն ունենալ, բայց այդ մասին չպետք է գլխի ընկնեք, թեեւ կխոստովանեմ, որ այդ վիճակում խաղալն այնքան էլ հեշտ չէ:

- Ինչի՞ հաշվին է այդ տրանսֆորմացիան տեղի ունենում:

- Ես էլ չգիտեմ, ասում են՝ մասնագիտությունը բնավորության վրա հետք է թողնում: Իրականում սա ուժեղների մասնագիտություն է. ձեզ կարող են շատ արագ կոտրել, եւ թատրոն գալուց մեկ տարի հետո հեռանաք:

- Ի՞նչը կարող է հանգեցնել դրան:

- Ինստիտուտից եկել եք ու համարում եք՝ ամեն ինչ կարող եք: Դեր եք ստանում ու բեմ բարձրանում փորձառու խաղընկերների հետ: Ձեզ լիովին կորցնում եք, չեք կարողանում վերահսկել, դողում եք, ձայնն է կորչում, չեք հասկանում՝ ինչ է կատարվում, բեմի վրա չեք կողմնորոշվում աջ գնալ, թե ձախ, կորսված եք: Եթե մի քիչ թուլանաս, քեզնից կազատվեն ու ճիշտ էլ կանեն:

- Իսկ ի՞նչն էր Ձեզ կապել թատրոնի հետ։

- Օձուն գյուղից եմ, այնտեղ եմ մեծացել ու դպրոց գնացել, թատրոն երբեք չեմ սիրել ու այն ինձ պաթոսային է թվացել: 12 տարեկանում դիտեցի Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Բանգկոկ Հիլթոն» սերիալն ու ազդագրերում կարդացի ռեժիսոր Քեն Քեմերոնի անունը։ Օյ, «ռեժիսոր» բառն այնքան դուրս եկավ, մտածեցի՝ ինչ լավ է հնչում, տեսնես՝ ո՞վ է։ Ցավոք, գյուղում ոչ մեկ չկարողացավ բացատրել ու ստիպված փնտրեցի հանրագիտարանում։ Ցանկանում էի կինոռեժիսոր դառնալ, պատկերացնու՞մ եք՝ Օձունում (ծիծաղում ենք,-հեղ)։ Երբ դպրոցն ավարտեցի, ծնողներս Կազանում էին, ես էլ մեկնեցի նրանց մոտ ու այնտեղ միանգամից ընդունվեցի Մշակույթի ինստիտուտի թատերական ֆակուլտետ: Հենց այնտեղ էլ հասկացա, թե ով է ռեժիսորն ու համոզվեցի, որ ոչինչ չի ստացվի, որովհետեւ երեւակայությունս չի աշխատում եւ չեմ կարողանում բեմադրել։ Բայց պետք է քննություն հանձնեի եւ կուրսեցիներիս գործերում էի խաղում, ինչից հետո վարպետս ասաց, որ հնարավոր է՝ ինձնից դերասանուհի ստացվի (ծիծաղում ենք,-հեղ)։ 3-րդ կուրսից տեղափոխվեցի մեր թատերական ինստիտուտ եւ ընկա Ալեքսանդր Սամսոնիչի կուրս:

- Արդյոք միանգամի՞ց Ձեզ նկատեց Գրիգորյանն ու բերեց ռուսական թատրոն։

- Իմ կուրսեցիներից մի քանիսին միանգամից բերեց, բայց ոչ ինձ։ Կանչեց ու հարցրեց.  «Լուրեր կան, որ ցանկանում ես վերադառնալ Ռուսաստան, պետք է իմանամ՝ արդյոք հուսալի մարդ ես»: Վերադառնալ չէի կարող, որովհետեւ ծնողներս արդեն հայրենիքում էին հաստատվել, այդպես էլ հայտնվեցի այս թատրոնում՝ երբեք չերազելով այդ մասին, պարզապես հանգամանքներն այդպես դասավորվեցին: Պատահական ոչինչ չի լինում, մեր հանդիպումն էլ դրանցից է:

Հասմիկ Բաբայանը եւ Լիլյա Մուկուչյանը


- Իսկ հանդիպման համար մեր լուսանկարիչ Ագապեին է պետք շնորհակալություն հայտնել, Ձեր վերջին ներկայացումը դիտելուց հետո խոստովանեց, որ մեզ խառնվածքներով նմանեցնում է։

- Հենց հանդիպեցինք, ես էլ հարազատ բան զգացի ու մտածեցի, որ ոչ բոլոր կանայք այսպիսի կարճ սանրվածք կանեն։ Ձեր նուրբ կերպարում պետք է որ ըմբոստություն լինի, ու հենց սանրվածքով էլ դա արտահայտում եք, իմ դեպքում էլ այդպես է (ծիծաղում ենք,-հեղ

- Դուք դերասանուհու համար անսովոր սանրվածք ունեք, նախ մշտապես փոխում եք, հիմա էլ կարճ վարսերով եք։

- Հենց սկսում եմ ձանձրանալ, սանրվածքս փոխում եմ: Սկզբում ուզում էի մազերս չափազանց կարճ լինեն, բայց շատ սիրելի ամուսնուս խնդրանքներին տեղի տվեցի ու  բավարարվեցի այսքանով (ծիծաղում ենք,-հեղ): Այնքան ազատ ու թեթեւ եմ ինձ զգում, այնքան յուրահատուկ: Եվ ո՞վ է ասել, որ դերասանուհին պետք է երկար մազեր ունենա, միշտ դեմ եմ նման հորինովի կանոններին: Իմ սիրելի դերասանուհին Թիլդա Սուինթոնն է, նա ֆանտաստիկ է, իսկական կախարդանք, հասկանալի էլ չէ՝ կենդանի արարած է, թե այլ մոլորակից է եկել։ Քեյթ Բլանշետին եմ նաեւ սիրում, ուժեղ դեմք ունի, մի քիչ տղամարդկային, բայց որքան հմայիչ է, Ֆաննի Արդանի ծնոտն եմ սիրում, ուժի խորհրդանիշ է:

- Նոր՝ «Երիտասարդ բժշկի գրառումները» ներկայացումում մի քանի կերպար ունեք, որոնցից ամենատարբերվողը բուժքույրն է:

- Թեեւ կեղծամներ չեմ սիրում, որոշեցի կրել, բայց ինձ համար կարեւոր էր, որ վերջում հանեմ: Սանրվածքս հետաքրքիր է, բայց այնքան վառ է, որ հեշտ է հիշվում, բացի այդ էլ, Բուլգակովը պիեսը գրել է 20-րդ դարասկզբին։ Հեղինակի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ունեմ, քիչ կլինի ասել, որ հիացած եմ նրանով. «Վարպետն ու Մարգարիտան» իմ սեղանի գիրքն է, թեեւ Դոստոեւսկու սիրահար եմ: Կարող եմ անվերջ մեջբերումներ անել, ամեն անգամ նոր բան եմ գտնում ու չեմ հասկանում, թե ինչպես կարող էր գրել այդ գլուխգործոցը։ Աննա Նիկոլաեւնայի կերպարն ինձ շատ չի տանջել, բավական հեշտ եմ ստացել։ Բացի այդ էլ, երբ հոգնում եմ, սիրում եմ փոքր դերեր խաղալ, քանի որ ներկայացումը ես չեմ տանում իմ ուսերին ու կարողանում եմ հաճույք ստանալ։ Ինձ համար մեծ պատիվ է արտաբերել Բուլգակովի գրած բառերը։

- Հիմա ի՞նչ կերպարի ստեղծման փուլում եք:

- Հրավիրված ռեժիսոր Արսեն Խաչատրյանի հետ հետաքրքիր պիես ենք փորձում ` Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը»: Աշխատանքներում ներգրավված են նաեւ Մանվել Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը եւ հրավիրված դերասան Մինաս Ասրյանը: Արդեն անհամբեր սպասում եմ ներկայացմանը: Ամեն փորձը տոն է, ծիծաղ:

- Աշխարհին ի՞նչ կարող է տալ հայկական թատրոնն ու ինչո՞վ հիացնել։

- Մեր թատրոնն ունակ է զարմացնել ու աշխարհին արտակարգ հույզեր տալ, շատ ազնիվ եւ ուժեղ ապրումներ, որոնք միանգամից կդիպչեն հոգուն։ Մեր ժողովրդի ողջ պատմությունը՝ մինչեւ Ցեղասպանությունն ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերը, հենց այնպես չեն անհետացել, իրենց հետքն են թողել բոլորիս վրա։ Պատահական չէ, որ հայերը տխուր աչքեր ունեն, որովհետեւ այդ ամենը մեր արյան ու գեների մեջ է։ Հենց դա կարող է առանցքային պահ լինել մեր թատրոնի համար, եթե մի քիչ ավելի շատ մտածենք գլխով, ոչ թե սրտով, հաստատ այդ ամենն ունակ ենք հասցնել աշխարհին:

- Կա՞ որեւէ գործ, որ վերջին շրջանում նայել եք ու զարմացել մարդու հնարավորությունների պաշարով։

- Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը։ Քիչ է ասել, որ այն ինձ պարզապես ցնցել է։ Պրոֆեսիոնալ դերասանուհուն ստիպել արտասվել, այն էլ՝ ինձ, որ հուզվող մարդ չեմ, անհնար էր թվում, բայց նստած հեկեկում էի ու չէի կարողանում ինձ զսպել։ Տաղանդավորագույն դերասանուհին է, ու այդ ամենն այնքան հեշտ ու անմիջական է անում, Աստված իմ, հիմա նորից կարտասվեմ։

- Եթե շարունակեք, ես էլ կհուզվեմ, որովհետեւ տարեսկզբին նայեմ եմ ու մինչեւ հիմա տպավորության ներքո եմ։

- Անհնար է նրա պես խաղալ, ինչպե՞ս է կարողանում, հատուկ ոչինչ չի անում կամ ձեւացնում, ու այնքան մեր մասին է պատմում։ Հենց այդ ամենն էլ կարող ենք տալ աշխարհին, եթե գնանք այդ ճանապարհով: Հարգանքներս Նարինեին, ավելին ասել չեմ կարող, որովհետեւ նորից կարտասվեմ (երկուսս էլ նորից ենք հուզվում, քանի որ հենց դա է իսկական արվեստի ազդեցությունը,-հեղ։)։ Եթե հետո որեւէ գործ չանի էլ, «Գոմեշը» բավական է, որ անդադար փառքի արժանանա, հենց դա է տաղանդն ու Աստծո շնորհը:

- Սովորաբար, դադարներ Ձեզ պե՞տք են ու ինչո՞վ եք լցվում:

- Շատ են պետք, կարդում եմ, վերջին շրջանում՝ հիմնականում փաստագրական գրքեր, պատմության ու գիտության մասին: Կարդալն իմ հանգստի ձեւն է, թեեւ ինքս չեմ նկարահանվում, բայց նաեւ կինո եմ շատ սիրում։ Նաեւ փոքր դուստր ունեմ, պաշտում եմ նրա հետ զբաղվել, դասերն անել, տանել այգիներ, քայլել հետը: Նաեւ հանգստանում եմ ամուսնուս հետ ինտելեկտուալ զրույցներ վարելիս:


- Մասնագիտությունից բացի, էլ ինչի՞ համար եք ուրախ, որ Ձեր դեպքում լավ է ստացվում:

- Ահ, շատ եմ սիրում պատրաստել եւ խոհանոցում հանգստանում եմ։ Սովորել եմ հաց թխել, շատ եմ փորձել, սկզբում չէր ստացվում, բայց ինձ համար սկզբունքային հարց էր: Վերջապես կարողանում եմ: Գիտե՞ք, ամեն ստացված հացի համար ավելի շատ եմ ուրախանում, քան ցանկացած դերի (ծիծաղում ենք,-հեղ.): Հույս ունեմ՝ կայացել եմ որպես մայրիկ, թեեւ բավական թույլ եմ այն առումով, որ չեմ կարողանում խիստ լինել, ուզում եմ դուստրս ազատ լինի եւ առանց սահմանափակումների մեծանա։  

- Զրույցներից մեկում ասել եք, որ ցանկացած կնոջ պետք է, որ տանը սպասեն սիրող մարդիկ: Ովքե՞ր են Ձեզ սպասում:

- Օյ, ինձ միշտ սպասում են ամուսինս ու դուստրս, շատ են կարոտում, երբ հյուրախաղերի եմ մեկնում: Այնքան հետաքրքիր է, հենց մեկնում եմ՝ ամուսինս միանգամից հիվանդանում է, աշխատանքի չի գնում եւ պառկում է բազմոցին։ Խոստովանում է. «Նայում եմ քո սիրելի սերիալներն ու սիթքոմները, որովհետեւ զայրանում եմ ու կարոտում»: Սենտիմենտալ է հնչում, բայց շատ հաճելի է (ծիծաղում ենք,-հեղ.):

- Իսկ որո՞նք են այդ սիրելի սերիալները:

- Շատ եմ սիրում «Մեծ պայթյունի տեսությունը», այնքան եմ նայել, համարում եմ՝ դերասաններն արդեն ընկերներս են։ Ինչպես նաեւ՝ «Գահերի խաղը». հզորագույն աշխատանք է, ստեղծողներն այնքան բարձր նշաձող են սահմանել, որը գերազանցել հնարավոր չէ։ Եվ Վուդի Ալենի համարյա բոլոր ֆիլմերն եմ նայել՝ 46-ից ավելի։

- Ձեր ամանորյա գրառումից մի քանի միտք եմ առանձնացրել, որ պարզաբանեք: Գրել եք, որ ուզում եք այս տարի ավելի շատ կարդալ: Ի՞նչ:

- Դիքենսի «Սառը տունն» եմ սկսել, բայց առաջ չի գնում, Սալտիկով-Շչեդրինի՝  «Պոշեխոնսկայայի հնությունը» եւ Ջոյսի «Ուլիսեսը», որը 3-4 անգամ փորձել եմ, բայց կիսատ թողել։ Սկզբունքորեն ուզում եմ կարդալ, այն համաշխարհային գրականության ամենաբարդ գրքերից մեկն է:

- Մաքրություն եք ուզում քաղաքում ու հատկապես՝ սեփական գլխում: Ինչի՞ց ու ինչպե՞ս հասնել դրան:

- Ուզում եմ ապրել մաքուր քաղաքում, մի՞թե այդքան դժվար է այն չկեղտոտել, փողոցում աղբ չնետել։ Չէ՞ որ սա մեր քաղաքն ու մեր երկիրն է, մենք ենք այն աղբանոցի վերածում: Ի՞նչ է կատարվում մեր ներսում, որ այդպես ենք վարվում սեփական քաղաքի հետ, կառավարությունը փոխվելու է, բայց այն մերն է մնալու, այստեղ են ապրելու մեր երեխաներն ու թոռները: Իսկ գլխումս երբեմն շատ բացասական ու կպչուն մտքեր են լինում, դրանցից է պետք ազատվել: Կար ժամանակ՝ մեդիտացիա էի անում, հավանաբար, նորից կսկսեմ։

- Ճանապարհորդել ու տեսնել Հարավային Ամերիկան, հատկապես՝ Բուենոս Այրեսը: Ինչո՞ւ հենց այն:

- Ես էլ չգիտեմ, բայց գերում է, ամուսնուս հետ պլանավորում ենք Եվրոպայում ճանապարհորդել, բայց ինձ Հարավային Ամերիկան է կանչում։ Կարծում եմ՝ այնտեղ մարդիկ ավելի ազատ են, ուզում եմ դիպչել այդ ամենին ու շունչը զգալ։

- Ուզում եք ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ ու ամուսնու հետ խելացի զրույցներ ունենալ: Ի՞նչ անել ու ինչի՞ց խոսել:

- Ամուսինս ՏՏ ինժեներ է, ինձ հանդիպած ամենակարդացած ու խելացի մարդկանցից է։ Ինձ ուսանողական տարիներին ՆՓԱԿ-ում խաղալիս է տեսել: Նրա մեջ ինձ ինտելեկտն է գերել, ինչը շատ հմայիչ բան է։ Միշտ հարցեր եմ տալիս ֆիզիկայից, գիտությունից, տարբեր երկրներից, ամեն ինչի պատասխանն ունի, թե որտեղից, ես էլ չգիտեմ: Հաճախ նաեւ վիճաբանում ենք գրականության ու տարբեր գրողների մասին: Աղջկաս հետ էլ սիրում ենք խոհանոցում որեւէ բան սարքել, ինձ հետ կարկանդակներ է թխում, շատ ենք զբոսնում, քայլելն առհասարակ իմ տարերքն է:

Լիլյա Մուկուչյանը


- Իսկ հիմա՝ մի քանի արագ հարց։ Ի՞նչ եք ուզում սովորել:

- Ջութակ նվագել։

- Ե՞րբ եք վերջին անգամ շատ երջանիկ եղել։

- Այսօր առավոտյան, երբ արթնացրի դստերս, ու նա ինձ համբուրեց:

- Որտե՞ղ եք Ձեզ ամենալավը զգում:

- Տանը՝ ընտանիքիս կողքին:

- Ի՞նչ է հնարավոր փոխել աշխարհում:

- Ամեն բան հնարավոր է, մարդուց բացի:

- Ինքներդ Ձեզ առավել հաճախ ի՞նչ հարց եք տալիս:

- Ինչո՞ւ եմ դերասանուհի դարձել, բայց պատասխանը չունեմ:

- Ի՞նչ եք տեսնում հայելու մեջ նայելիս:

- (Լռություն,-հեղ.) երբեք այդ մասին չեմ մտածել, կնոջ, որը, ցավոք սրտի, ծերանում է:

- Ի՞նչն է Ձեզ վստահ դարձնում:

- Հավատն իմ նկատմամբ:

- Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ համար գեղեցիկ:

- Բարությունը։

- Ի՞նչ եք հիմա ամենաշատն ուզում։

- Գնալ տուն, որովհետեւ առավոտից թատրոնում եմ, թեեւ զրույցը շատ հետաքրքիր էր:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW