×


Հայաստանի այլընտրանքային թատրոնները` տանիքում, «վատ», մտերմիկ, շնչող եւ ինքնությունը պահող

Այսօր թատրոնի միջազգային օրն է, ինչի առիթով BRAVO.am-ը զրուցել է Հայաստանում գործող այլընտրանքային թատրոնների ներկայացուցիչների հետ: Մեր զրուցակիցներն են «Բեբուկ» շարժական թատրոնի համահիմնադիր եւ պրոդյուսեր Անի Երեմյանը, «Բաբելոն»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դերասան եւ ռեժիսոր Հարություն Հովհաննիսյանը, «Միհր»-ի գեղարվեստական ղեկավար, ներկայացումների բեմադրիչ եւ պարաբեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյանը, «Շունչ»-ի համահիմնադիր, պրոդյուսեր եւ դերասան Սեր Մովսիսյանը, Գյումրու Մտորումների թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհանիսյանը, «Վատ թատրոն»-ի մտահղացման հեղինակ եւ ռեժիսոր Միքայել Աթասունցը եւ «Թատրոն տանիքում»-ի համահիմնադիր Շողեր Խաչատրյանը:

- Ինչպե՞ս է առաջացել թատրոնը ստեղծելու գաղափարը եւ երբվանի՞ց է այն գործում:

«Բեբուկ». Գաղափարը ծնվել է ուսանողական տարիներին (2018 թ.). թատրոնի համահիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Պետրոսյանը նախատեսում էր իրականացնել «Թատրոն անիվների վրա» նախագիծը, որը հետաձգվեց մինչեւ 2020 թվական: Ապա միասին սկսեցինք մշակութային նախագծեր իրականացնել Գրականության եւ արվեստի թանգարանում: Եվ արդեն 2021-ի հունիսի 1-ին ստվերների ինտերակտիվ ներկայացմամբ ազդարարվեց թատրոնի գործունեության սկիզբը։

«Բեբուկ»


«Բաբելոն». թատրոնը գործում է 2021 թվականի դեկտեմբերի 28-ից: Սկիզբն ազդարարվել է «Բաբելոն շոու» (Վերադարձ, մաս 2-րդ) ներկայացմամբ: Թատրոն ստեղծելու միտքը վերջնականապես ձեւավորվեց 44-օրյա պատերազմից հետո՝ փորձելով միասնականության սերմեր ցանել կորստի, բաժանման, դավաճանության, նախանձի եւ ատելության մեջ:

«Միհր». Ժամանակակից պարային թատրոնը 2003-ին հիմնադրել են քույր ու եղբայր Ցոլակ եւ Շողակաթ Մլքե-Գալստյանները։ Գաղափարն էր լինել անկախ, ստեղծարար, չնմանվել ոչ մեկին, ոգեշնչել ու ոգեշնչվել, մեր մասին պարի լեզվով խոսել աշխարհի հետ։

«Շունչ». Հիմնադիրները ես ու իմ ընկեր Սամվել Դանիելյանն ենք։ Արարատից եմ ու փոքր տարիքում քիչ հնարավորություն եմ ունեցել ներկայացում դիտելու։ Սամվելի հետ կիսվեցի ներկայացում անելու եւ մարզեր տանելու մտահղացմամբ, նա միշտ կողքիս է ու այս դեպքում էլ աջակցեց։ Մասնակիորեն ունեինք բեմադրված «Թմկաբերդի առումը», որի ռեժիսորն է Սարգիս Շողունցը։ Դերակատարներին փոխեցինք, ավելի զանգվածային դարձրինք ու այդ գործով էլ նախորդ տարվա ապրիլին արեցինք մեր թատրոնի բացումը։ Մեկ տարվա ընթացքում շատ բան ենք հասցրել անել, այդ թվում՝ հյուրախաղեր ունեցել Եվրոպայում: Երեւանում բազմաթիվ անգամներ ենք խաղացել, այցելել Արարատ, Հրազդան, Մեծամոր, առաջիկայում կլինենք Գյումրիում եւ Վանաձորում։

«Շունչ»


«Մտորումների թատրոն». Գաղափարը վաղուց կար, բայց վերջապես բացեցի 2020-ին: Սկիզբը շատ դժվար էր, որովհետեւ համընկավ համավարակի հետ: Ամեն ինչ հաղթահարեցինք ու սկսեցինք աշխատել: Մեր թատրոնում կուլիս, վարագույր ու պատուհան չունենք, պարզապես որոշել ենք երիտասարդներով հավաքվել եւ գժություն անել:

«Վատ թատրոն». Թատրոնը գործում է 2018-ից՝ ազատ ստեղծագործելու, անկախ լինելու, ինքներս մեզ բացահայտելու մղումներով: Նպատակներից մեկն էր խոսել այնպիսի թեմաներից, որոնց մասին հասարակությունը սովոր է լռել: Գուցե, շատերն ուժ կամ համարձակություն չեն գտնում իրենց մեջ դա հաղթահարելու կամ խուսափում են հասարակությունից, ինչին անդրադառնալու կարիքը կա։

«Թատրոն տանիքում». Մխիթար Դանիելյանն է հիմնադրել 2016-ին։ Դիպլոմային աշխատանքի համար ընտրված էր մի ներկայացում, որի գործողությունները տեղի էին ունենում հենց տանիքում, եւ որոշեցինք այդտեղ էլ խաղալ: Բեմադրելիս հասկացանք, որ տանիքում խաղալն աննկարագրելի զգացողություններ է փոխանցում։ Տանիքն այն վայրն է, որտեղ յուրաքանչյուրն իր ազատությունն է գտնում։

«Թատրոն տանիքում»


- Ինչո՞ւ եք որոշել թատրոնը հենց այդպես անվանել:

«Բեբուկ». Անվանումը վերցրել ենք հայկական ավանդապատումների գրքից՝ Բեբուկն աղջիկ է, որը թռչունի է վերածվել։ Մեր թատրոնի խորհրդանիշը թռչում է աշխարհով մեկ, հեքիաթներ հավաքում եւ բաժանում երեխաներին:

«Բաբելոն». Անվան ընտրությունը դեռ պետք է գաղտնիք մնա, չնայած՝ պարզ է՝ ինչու հենց «Բաբելոն»։

«Միհր». Ոգեշնչվում ենք հայկական դարավոր մշակույթից եւ համարում, որ կարեւոր է պահպանել կապը սեփական ինքնության հետ։ Միհրը հայ հեթանոսական ժամանակաշրջանի արեգակի եւ լույսի աստվածն է, իսկ թատրոնը, պարը, բեմը եւ արվեստը տարածքներ են, որոնք մշտապես լուսավորում են մարդկանց։ Հետեւաբար, լինելով ժամանակակից մարդիկ ու հայեր, չենք մոռանում մեր ինքնությունը։ Ժամանակակից արվեստը համադրվում ենք հայկական իրականության հետ եւ ստեղծագործում, որպեսզի լինենք անսպառ ոգեշնչման շրջանի մի մաս:

«Շունչ». «Շունչ» անունն առաջարկել է դերասանուհի Սիրանուշ Լազյանը, ինչը նշանակում է նոր շունչ արվեստում, թատրոնում, Հայաստանում եւ Եվրոպայում։ Ասեք շունչներս բացվի։

«Մտորումների թատրոն». Սկզբում ուզում էի անվանել Գյումրու որոնումների թատրոն, բայց հետո ընտրեցի մտորումներ տարբերակը, որովհետեւ ամեն արծարծվող հարց միտք է առաջացնում, մտածելու տեղ տալիս, իսկ թատրոնը հարցադրումների ու դրանց պատասխանները գտնելու վայր է:

Մտորումների թատրոն


«Վատ թատրոն». Անվանումն ինքնահեգնանք է. մեր հասարակության մեջ ընդունված է երեւույթներին տարբեր գնահատականներ տալ: Բայց չէ՞ որ արվեստն անհատական ընկալում է, յուրաքանչյուրս սեփական պատկերացումն ու գնահատականն ունենք: Քանի որ ամեն ինչ լավ է, թող սա էլ «Վատ թատրոն» լինի՝ վատ ներկայացումներով:

«Թատրոն տանիքում». Մեր պարագայում անվան ընտրությունը կողմնորոշեց մեր գործունեությունը Հայաստանում։ Այժմ ինքներս էլ ենք զարմանում, թե թատրոնն ինչպես ստեղծվեց՝ դիպլոմային աշխատանքի բեմադրությունը կարծես վերեւից տրված նախապայման լիներ, որի խաղի կանոններով պետք է առաջնորդվեինք։

- Ինչո՞ւմ է ամեն մեկիդ յուրահատկությունն ու տարբերությունը մյուսներից:

«Բեբուկ». Ջերմ ու մտերմիկ մթնոլորտը։ Բոլոր ներկայացումներն ինտերակտիվ են, հանդիսատեսը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունենում, նախապես իրեր եւ դետալներ են բաժանվում, որոնք հետո ուղղվում են հեքիաթի սյուժեի զարգացմանը: Թեպետ դեռեւս փոքր խաղացանկ ունենք, սակայն ամեն օրվա ներկայացումը տարբերվում է մյուսներից, քանի որ հենց հանդիսատեսն է որոշում ընթացքը։

«Բաբելոն». Յուրահատկություններից առաջինը բարն է: Թատրոն եւ բար կոնցեպտը թույլ է տալիս ոչ միայն տարբերվել մյուս թատրոններից, այլեւ լինել անկախ եւ հնարավորություն ունենալ ազատորեն ստեղծագործել: «Բաբելոն»-ում բեմը կարող է լինել ամենուր՝ միջանցքը, Սախարովի հրապարակը, կողքի բակը, հարեւանի տունը կամ ամբողջ շենքը, չնայած, որ թատրոնի հիմնական տարածքը 3 մեծ սրահներից բաղկացած տուն է: Ներկայացումներից բացի, տեղի են ունենում նաեւ կենդանի հնչողությամբ համերգներ, ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ, ինստալացիաներ, կինոդիտումներ, որոնք ներկայացվում են յուրովի: Առաջարկում ենք կոտրել հանդիսատես-դերասան սահմանը՝ հանդիսատեսին դարձնելով ներկայացման գլխավոր հերոսը:

«Բաբելոն»


«Միհր». Լինելով առաջին ժամանակակից պարային թատրոնը՝ միշտ փորձել ենք հետաքրքիր մնալ, խոսել այն թեմաների մասին, որոնք հուզում են մեզ, հանդիսատեսին եւ աշխարհին։ Եվ այդ ամենն անել՝ համադրելով շարժումը, ձայնը, նկարչությունը, դրաման եւ հոգեբանությունը։

«Շունչ». Մեր թատրոնում սերն է տիրում ու ամեն մեկը լուռ իր գործով է զբաղվում։  Ազատ ենք ընտրության առումով՝  բեմադրում ենք այն, ինչ ցանկանում ենք, խաղում են մեր ընտրած դերասանները։ Ընտանեկան միջավայր է ու իրար միշտ լսում ենք։

«Մտորումների թատրոն». Մեզ մոտ ներկայացումը վերածվում է մտերմիկ զրույցի, հանդիսատեսն իրեն զգում է ներկայացման մի մասն ու ակտիվ մասնակցություն ունենում: Գյումրեցի հանդիսատեսը սովոր չէ այլընտրանքային թատրոնին, մի քիչ ստիպելով ու համոզելով բերեցինք, բայց արդեն իրենք են գալիս: Մեր առաձնահատկությունն այն է, որ ներկայացումից հետո պարտադիր քննարկում ենք ունենում, լսում տարբեր դիտարկումներ ու բախումներ:

«Վատ թատրոն». Հավաքված են գաղափարակից էնտուզիաստներ, ովքեր չեն վախենում բարձրաձայնել սոցիալական, տնտեսական, ֆիզիոլոգիական, հոգեբանական եւ այլ խնդիրների մասին: Գերնպատակ է դա անել առանց ավելորդ պաթոսի եւ չկեղծել իրականությունը: Շատ լուծումներ առաջանում են, երբ խնդրի մասին խոսել չես վախենում: Մեր յուրահատկությունն ու տարբերությունն այն է, որ յուրահատուկ ու տարբեր չենք:

«Վատ թատրոն»


«Թատրոն տանիքում». Մյուս թատրոններից տարբերվում ենք նրանով, որ ներկայացման բեմը, դահլիճը եւ կուլիսներն ամեն ներկայացմանը փոփոխվում են եւ ճկունորեն հարմարեցվում տանիքի առանձնահատկություններին։ Դերասանները ոչ միայն մոտ են գտնվում հանդիսատեսին, այլ նաեւ՝ նույն հարթության վրա։

- Ի՞նչ եք առաջարկում հանդիսատեսին եւ ի՞նչ ստանալու համար են մարդիկ գալիս հենց ձեզ մոտ:

«Բեբուկ». Հանդիսատեսին մեզ մոտ է բերում ստեղծագործական ազատությունը, ջերմությունն ու այն վերաբերմունքը, որը ստանում են երեխաներն ու ծնողները։ Հանդիսատեսին առաջարկվում է նաեւ ընտանեկան հետաքրքիր ժամանց ունենալու հնարավորություն՝ ծնողները ներկայացումից առաջ կարող են խաղալ իրենց փոքրիկների հետ, նրանց հետ ինտերակտիվ տիկնիկներ պատրաստել, բացահայտել երեխայի ստեղծագործական ունակությունները։

«Բաբելոն». Մարդիկ գալիս են «ուրիշ թատրոն» նայելու, անկեղծ ու անմիջական միջավայրում լինելու, հարցեր ստանալու կամ պատասխաններ գտնելու համար:

«Միհր». Հանդիսատեսին առաջարկում ենք նորարարություն, եւ մարդիկ երբեք չեն կարող կանխատեսել, թե ինչ կտեսնեն հաջորդ ներկայացմանը, ինչը, մեր կարծիքով, թատրոնի գերագույն խնդիրն է՝ փորձել ստեղծել հրաշք հանդիսատեսի համար։

«Միհր»


«Շունչ». Դժվար ու հետաքրքիր հարց է, երեւի, սիրում են, նորություն է հանդիսատեսի համար եւ ուզում են հասկանալ, թե այն ինչ է իրենից ներկայացնում։ «Պատերազմի ցեցի» դեպքում 6 անգամ տոմսերն ամբողջովին սպառվել են, ինչը վկայում է այն մասին, որ մեզ սիրում եւ հավատում են, մեր արած գործը ինչ-որ բան է տալիս հանդիսատեսին, պահանջով ու քաղցով են գալիս դիտելու։ Հատուկ ընտրում ենք ասելիքով գործեր, որոնք գաղափար ունեն, եւ հանդիսատեսը չի ափսոսա մեզ տրամադրած ժամանակը։

«Մտորումների թատրոն». Մեզ մոտ հանդիսատեսից բաժանող 4-րդ պատը չկա, բազում ներկայացումներ ունենք, որոնցում դերասանը կարող է նստել մարդկանց կողքին ու զրուցել հետները, ներքաշել խաղի մեջ ու մասնակից դարձնել: Հիմա խաղում եմ «Սիմոն»-ում, որն ամբողջությամբ իմպրովիզ է. մինչեւ վերջ զրուցում եմ հանդիսատեսի հետ, ու ամեն անգամ տեւողությունը տարբեր է: Էքսպերիմենտի տարրը մեզ մոտ շատ է, ինչը դերասաններին ազատություն է տալիս: Մեր թատրոնը շատ փոքր է ու մինչեւ 70 հանդիսական կարող է տեղավորել, դահլիճը շարժական է՝ ըստ ներկայացման կառուցվածքի: Ի զարմանս ինձ՝ մեզ նաեւ զբոսաշրջային փաթեթում են ներառում, ուրախ եմ, որ մարզերից էլ այցելուներ ունենք: Հիացած ու զարմացած են, որ Գյումրիում նման թատրոն կա:  

«Վատ թատրոն». Առաջարկում ենք մարդկանց բախվել սեփական «ես»-ի հետ, լինել իսկական ու չամաչել, երբ չես արդարացնում դիմացինի սպասելիքները: Առաջարկում ենք առերեսվել սեփական հույզերին: Մարդիկ մեզ մոտ գալիս են մտորելու, խորհելու, ժպտալու, գուցե, լաց լինելու, մաքրվելու եւ գեղագիտական հաճույք ստանալու:

«Թատրոն տանիքում»


«Թատրոն տանիքում». Հանդիսատեսին առաջարկում ենք մի հարթակ, որտեղ ոչ միայն հնարավորություն են ունենում վայելելու թատրոնը սահմաններից դուրս, այլ նաեւ օգտվում են մեր յուրահատուկ ձեւաչափից՝ գինու հյուրասիրություն եւ թեմատիկ համերգային ծրագիր, շփում դերասանների հետ անմիջապես ներկայացումից հետո եւ երեւանյան տանիքում երեկոյի վայելում։

- Որո՞նք են հիմնական դժվարությունները, որոնց սովորաբար առնչվում եք եւ ինչպե՞ս եք լուծում:

«Բեբուկ». Մեկնարկը բավական դժվար է տրվել, քանի որ չունեինք թատրոն հիմնելու բավարար մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ, միայն սեփական համեստ բյուջեով, բավարար գիտելիքներով եւ շատ մեծ ցանկությամբ ենք կարողացել։ Փնտրում էինք ներկայացումների համար միջավայր, արդյունքում փոխըմբռնման հուշագրեր կնքեցինք ու սկսեցինք համագործակցել թանգարանների ու «Լոֆթի» հետ։ Նախնական շրջանում թիմը նույնպես շատ փոքր էր եւ ունեինք լավ մասնագետների կարիք, բացը լրացրին թատերական ոլորտի մեր ընկերները, համատեղ ուժերով թատրոնը հասցրինք բավականին լավ կետի։  

«Բաբելոն». Դժվարությունները, սովորաբար, տեխնիկական են՝ շենքի տարբեր հարցերի հետ կապված: Դժվար է լինել գլխավոր դերասանը, դրանից առաջ՝ բանվորը, տնօրենն ու այլն։ Դրան միայն մի լուծում կա՝ չհոգնել: «Բաբելոնը» պետք է դուրս գա շենքի պատերից, եւ ոչ թե մարդիկ գան թատրոն, այլ՝ գնանք այնտեղ, որտեղ նրանք են: Առաջիկայում նախատեսում ենք նոր ներկայացումներ, հյուրախաղեր, թատերականացված համերգներ ու նոր համագործակցություններ:

«Բաբելոն»


«Միհր». Հիմնական դժվարությունը, ինչպես եւ ամբողջ աշխարհում, գումարն է, որը մշակույթին չի հերիքում։ Սակայն «Միհր»-ի ստեղծագործական անձնակազմը բեմի սիրահարներ են, եւ ոչ մի բան մեզ հետ չի պահի փորձի գնալուց, ներկայացման պատրաստվելուց եւ հանդիսատեսի հետ երկխոսելուց։

«Շունչ». Դժվարություններ շատ կան, առաջինը ֆինանսականն է. ամեն ինչ մենք ենք լուծում, ոչ մի աջակցություն չունենք։ Մեզ օգնում են նաեւ ընկերները՝ բեմադրիչը, կոմպոզիտորը, ռեժիսորը, բայց դա չի նշանակում, որ նրանց գումար չենք տալիս։ Ստեղծագործական բախումներ էլ լինում են, բայց դա նորմալ է, եւ ամեն ինչ հեշտությամբ հարթվում է։

«Մտորումների թատրոն». Թատրոնը մասնավոր է, ես եմ ֆինանսավորում. ինչքան աշխատենք, այդքան էլ կապրենք: Դեռ ոչ մի ծրագրից չենք օգտվում եւ պետական հովանավորություն չունենք, միայն վերջերս է ԿԳՄՍՆ-ն թույլ տվել ընդգրկվել դպրոցական աբոնեմենտային ծրագրում:

«Վատ թատրոն». Հաճախ ենք լսել, որ մեր ներկայացումները ֆինանսավորվում են տարբեր կառույցների կողմից, բայց մեկ անգամ եւս հերքենք, թեեւ բաց ենք առաջարկների համար: Մեզ աջակցում է ՆՓԱԿ-ը, որը փորձերի եւ ներկայացումների համար վայր է տրամադրում, ինչի համար անչափ շնորհակալ ենք: Երեւի, միակ դժվարությունը ֆինանսական է, սակայն դա էլ հաղթահարելի է: Երբ ստեղծագործելու ցանկությունը վազում է առաջ, ոչ մի դժվարություն չի կարող լինել ճանապարհին, սեփական փորձով ենք համոզվել: Բոլոր խնդիրները լուծելի են նաեւ, երբ մի վայրում հավաքված են մարդիկ, որոնց միջեւ առաջնահերթ ընկերությունն ու վստահությունն է, հետո՝ մնացածը: Մարդկային փոխհարաբերությունները ամենից վեր են:

«Վատ թատրոն»


«Թատրոն տանիքում». Դժվարություններից մեկը նրանում է, որ այս 7 տարիների ընթացքում Երեւանում արդեն 5 տանիք ենք փոխել՝ դրանք հարմարեցնելով ներկայացումներին։ Ամառային թատերաշրջանի ժամանակ առաջնային դժվարությունները կապված են լինում եղանակային փոփոխությունների հետ, քանզի ներկայացումները բացօթյա են։ Դերասանները խաղում են ցանկացած պայմաններում, իսկ հանդիսատեսին տրամադրում ենք ծածկոցներ, անձրեւի դեպքում ուղեկցում փակ տանիք։ Պետության կողմից ֆինանսավորում չունենք, այդ իսկ պատճառով միայն մեր ռեսուրսների շնորհիվ ենք զարգանում։

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր թատրոնի ապագան ու ի՞նչ ծրագրեր ունենք առաջիկայի համար:

«Բեբուկ». Ապագան տեսնում ենք Հայաստանի մարզերում եւ հեռավոր բնակավայրերում. մեր թատրոն-ավտոբուսը թույլ է տալիս հասնել այն վայրերը, ուր ապրում են թատրոնին ու ներկայացումներին քիչ ծանոթ փոքրիկները։ Առաջիկայում կուղեւորվենք դեպի հեռավոր բնակավայրեր, սահմանամերձ գյուղեր, որտեղ մեզ արդեն սպասում են բազմաթիվ երեխաներ։ Հենց այս գործի համար ենք հիմա աջակիցներ փնտրում, քանի որ ցանկանում ենք բոլոր ներկայացումները բարեգործական հիմունքներով իրականացնել։

«Բաբելոն». Նպատակները եւ առաջիկա ծրագրերը շատ են ու խոստումնալից, բայց փոխվում են ամեն օր, քանի որ թատրոնը շնչող օրգանիզմ է եւ «հիմա»-ի մասին է: Իմ պատկերացմամբ՝ պետք է դուրս գանք կոնկրետ տարածքից եւ լինենք ամենուր: Իսկ այն, ինչ կարելի է պատկերացնել՝ հնարավոր է իրականացնել:

«Միհր». Հուսով ենք, որ կապրենք արժանապատիվ խաղաղության պայմաններում եւ կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը՝ կրթական աշխատանք Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ, անապահով եւ խոցելի խմբերի հետ, հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ։ Զուգահեռաբար շարունակել մեր հյուրախաղերը, իսկ ամենակարեւորը՝ ստեղծել անկախ արվեստագետների ամուր համայնք, որը մրցունակ կլինի ամբողջ աշխարհի մակարդակով։

«Միհր»


«Շունչ». Ապագան լուսավոր ենք պատկերացնում, գործին նոր թափով ենք լծվելու՝ մինչեւ տարեվերջ եւս 2 պրեմիերա եւ հյուրախաղ կունենանք։ Գլուխներս կախ ստեղծագործում ենք, մեր հանդիսատեսն էլ կորոշի թատրոնի հետագա ճակատագիրը։ Գիտենք, որ մեզնից գաղափար եւ ասելիք են սպասում, եւ հավուր պատշաճի կբավարարենք։

«Մտորումների թատրոն». Ունենք փոքրիկ ստուդիա եւ 8-15 տարեկան երեխաներին դասավանդում ենք բեմական խոսք, դերասանի վարպետություն, վոկալ, մնջախաղ, պար: Թատրոնն այդպիսով նախապատրաստում է իր ապագա դերասաններին: Նաեւ ստվերային ներկայացումներ ունենք, այդ լավ ավանդույթն էլ փորձում ենք վերականգնել ու պահել, շատ կարեւոր է՝ այդ ձեւաչափն ու առեղծվածային աշխարհը չկորչեն հայ իրականությունից: Հիմա տարածքի խնդիր ունենք՝ նկուղային հարկ ենք վարձակալում Աբովյան 196 տանը, եթե քաղաքապետարանն անվճար մի փոքր տարածք տա, մենք կաշխատենք ու առաջ կգնանք:

«Վատ թատրոն». Պատկերացնում ենք, որ կունենանք մեր շատ սիրուն շենքը: Կունենանք մի թատրոն, որն ազատ ստեղծագործելու հնարավորություն կտա այնպիսի անհատների, ովքեր այսօր հարթակներ են փնտրում ու փորձում իրենց ձայնը բարձրացնել թատրոնի լեզվով: Առաջիկայում ունենք պրեմիերա՝ «Հայրենիք» դրաման, պիեսի եւ բեմադրության հեղինակը ես եմ, խոսելու ենք այսօրվա ցավի մասին՝ արդյոք պատրա՞ստ ենք մնալ անհայրենիք, թե՞ հայրենիք ունենալու համար պատրաստ ենք շատ թանկ վճարել:

«Թատրոն տանիքում». Քանի որ մեծ հետաքրքրություն ունենք նաեւ զբոսաշրջիկների շրջանում, ցանկանում ենք դառնալ մշակութային տուրիզմի հիմնաքարերից մեկը՝ զարգացնելով Հայաստանում այլընտրանքային թատրոնը։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել թատրոնի գործունեությունը ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի «տանիքներում», ինչպես նաեւ կազմակերպել զանգվածային մշակության միջոցառումներ, թատերական փառատոններ, որոնք կպարունակեն այլընտրանքային տարր, արտերկրում հանդես գալ հյուրախաղերով։ Մեր առաջնային նպատակներից մեկն է հայկական հասարակության մեջ փոխել թատրոնի հանդեպ վերաբերմունքը, թատրոնը դարձնել հասանելի, իսկ թատրոն այցելելը՝ նորաձեւ։ Մեզ համար նաեւ շատ կարեւոր է, երբ հանդիսատեսը դերասաններին ճանաչում է հենց ներկայացումից, այլ ոչ թե ֆիլմերից՝ այցելում է թատրոն հենց սպասվող ներկայացմամբ ոգեւորված։

«Բեբուկ»


- Ի՞նչ կմաղթեք թատրոնի օրվա կապակցությամբ եւ ի՞նչ նշաձողի կցանկանաք հասնի հայկական թատրոնը:

«Բեբուկ». Թատրոնի օրը տոն է բոլորիս համար, քանի որ այն մղիչ ուժերից է, որը մեզ ստիպում է անդադար ստեղծագործել։ Մաղթում ենք, որ ոչ մի թատրոն երբեք չունենա հանդիսատեսի պակաս, թող Հայաստանի յուրաքանչյուր ծայրում ապրող փոքրիկները հնարավորություն ունենան շփվելու եւ բացահայտելու այս կախարդական աշխարհը, քանի որ այն լավ մանկություն ունենալու գրավականներից մեկն է։ Բոլորս պետք է մեզ համար սահմանենք մի այնպիսի նշաձող, որին հասնելու համար անհրաժեշտ է ամեն օր անսահման սիրով աշխատել։ Եթե Հայաստանում շատ լինեն թատերական գործի աջակիցները, վստահաբար, մի օր մենք էլ կկանգնենք համաշխարհային թատրոնի առաջատարների հետ միեւնույն ուղեգծին։  

«Բաբելոն». Կցանկանամ, որ թատրոնը կատարի իր առաքելությունը` հարցեր բարձրացնի։ Մյուս ցանկությունն այն է, որ գոնե թատրոնի ներկայացուցիչները միասնական լինեն, չնախանձեն մեկը մյուսին, իսկ հայկական թատրոնը լինի միակ նշաձողը, որին պետք է հասնել:

«Միհր». Թատրոնի օրվա կապակցությամբ կմաղթեմ ուժ եւ համախմբվածություն։ Այս դժվար ժամանակներում լինել մեր հայրենիքի կողքին, ինչպես մեր մեծերն են ավանդել, նրանք ցույց են տվել, թե հայ մտավորականն ինչքան բան ունի անելու իր հայրենիքի համար։ Իսկ ապագային միտված՝ ցանկանում եմ մեր բեմարվեստը լինի այն որակի, որ Երեւանը դառնա աշխարհի թատերական մայրաքաղաքներից մեկը, ինչպես Փարիզը, Բեռլինը, Լոնդոնը եւ Նյու Յորքը:

«Շունչ». Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը սիրի թատրոնն ու ապրի նրանով, գա ներկայացումներ նայելու։ Հյուրախաղերի ժամանակ մեր ներկայացմանը հետեւում էր Իսպանիայի Կուերայի քաղաքապետն իր ողջ անձնակազմով, հետո խոստովանեցին, որ անգամ լեզուն չհասկանալով՝ մեզ հետ ապրեցին պատերազմի ցավը։ Ուզում եմ, որ թատրոնը նման կերպ զգալու մշակույթը մենք էլ ունենանք։ Ցանկանում եմ՝ մեր թատրոնը հասանելի լինի բոլորին, եւ ընտրվեն այնպիսի գործեր, որոնց կարիքն այսօր կա։  

«Շունչ»


«Մտորումների թատրոն». Ցանկություն ունեմ, որ հայ դրամատուրգիային զարկ տանք, հոգնեցինք օտարներին ներկայացնելով: Ուզում եմ հայ թատրոնում լինի հայ հերոսի տիպարը, ինչը մատաղ սերնդի համար շատ կարեւոր է: Նախ եւ առաջ կցանկանամ, որ Հայաստանում ոչ մի թատրոն չփակվի. այդ միտումը զգում եմ ու ամեն վայրկյան տխրում՝ շատ ակտիվորեն սկսել են թատրոնների հետեւից ընկնել: Թատրոն փակելը հանցագործություն է: Հայաստանում թատրոնը միշտ եղել է ու կա, երբեք չի դադարելու լինել, պարզապես պետք է հայի ոգին ավելացնենք:

«Վատ թատրոն». Մաղթում ենք, որ յուրաքանչյուր ոք, ով աշխատում է թատրոնում, լինի, ամենակարեւորը, գնահատված: Թատրոնի զարդը՝ դերասանը, զգա, որ «սոված դերասան» կոչումն ընդամենը կարծրատիպ է: Մաղթում ենք, որ ներկայացումներ բեմադրելը չլինի ինքնանպատակ, քանզի թատրոնն ունակ է հասարակության լայն զանգվածներին արթնացնել թմբիրից ու խորհելու տեղ թողել, ձեւավորել ճաշակ ու առավել լայն աշխարհայացք: Նշաձողը կլիներ հայկական թատրոնի համաշխարհային ճանաչումը:

«Թատրոն տանիքում». Բոլոր թատրոններին մաղթում ենք սիրով, ծափահարություններով եւ երախտագիտությամբ լի դահլիճներ, հետաքրքրասեր ու ոգեւորված հանդիսատես, ինչպես նաեւ նոր ու հետաքրքիր բեմադրություններ։ Ցանկանում ենք, որ թատրոնը դառնա այդ կապող օղակը, որն իր միայնակ գոյությամբ կարող է նախ եւ առաջ արտացոլել հասարակության կերպարը, բացահայտել այն, սովորեցնել ընդունել եւ սիրել մեզ բոլոր սխալներով հանդերձ, այնուհետեւ ապացուցել, որ արվեստը կարող է ապրեցնել երկիրը։ Թող հայկական թատրոնն այնքան զարգանա, որ գրավի հասարակության ցանկացած խավի ներկայացուցիչներին։ Թող թատրոնը բոլորի մոտ ասոցացվի մի վայրի հետ, որտեղ մարդը հնարավորություն ունի բաց թողնելու իր հույզերը, ապրումները եւ ազատություն գտնելու սեփական «ես»-ի հետ։ Եվ թող հայկական թատրոնն էլ ավելի շատ հյուրախաղերով հանդես գա արտերկրում՝ ներկայացնելով հայկական մշակութային արտադրանքն աշխարհին։

Ընդհանուր տեղեկություններ

«Բեբուկ». Տեղակայված ենք Մոսկովյան 3Ա հասցեում։ Խաղացանկում 3 տիկնիկային ներկայացում ունենք՝ «Կարմիր գլխարկը», «Երեք խոզուկները» եւ «Պինգվին Գիոյի ճանապարհորդությունը»։ Շուտով եւս երկուսն էլ կունենանք։ Ստվերների ներկայացումները այժմ թարմացման փուլում են, պատրաստում ենք ավելի ճկուն ու շարժական կերպարներ, նաեւ լուսային ու գունային նոր լուծումներ կներմուծենք։ Մեր ռեժիսորներն ու դերասանները Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներն են, նաեւ՝ Երեւանի տարածաշրջանային համար մեկ պետական քոլեջի սաները:

«Բաբելոն». Թատրոնն այժմ գտնվում է նախկին հրշեջների շենքում՝ Պուշկին 2 հասցեում: Խաղացանկ`«Բաբելոն շոու»( Ժամանում)՝ մաս 1-ին, «Կալիգուլա», «Սահմանի գաղտնիքը», խոսում են 4 տարբեր լեզուներով եւ խաղում են տարբեր երկրներից դերասաններ։ «Բաբելոն շոու» (Վերադարձ)՝ մաս 2-րդ: Ստեղծագործական թիմի ընտրությունն ազատ է, կա հիմնական կազմ (Անդրանիկ Միքայելյան, Գեւորգ Միրզոյան, Սիսիան Սեփանյան, Հռիփսիմե Նահապետյան, Հարություն Հովհաննիսյան, Բաբկեն Շահբազյան, Գարիկ Հովհաննիսյան, Հրանտ Շիրինյան), բայց անընդհատ նոր մարդիկ են ավելանում եւ պակասում: Երաժշտական խումբը` «VANAKAN», ներկայացումների մեծ մասն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ:

«Միհր»


«Միհր». Հիմնական անկյունը «Հրաչի արվեստանոցն» է, որը գտնվում է Աշտարակ քաղաքում (Թորոս Թորոմոնյան 46), որտեղ տեղակայված են մեր բեմը, կրթական ծրագրեր իրականացնելու տարածքները, նաեւ այն անկյունը, որտեղ հյուրընկալում ենք մեր միջազգային գործընկերներին։ Թատրոնը խաղացանկային չէ, սրանք այն ներկայացումներն են, որոնք հիմա խաղում ենք Հայաստանում եւ ամբողջ աշխարհում՝ «Հեռավորություն», «Պանդխտության երգը», «Մենք», «Լավաշ», «Անուններ» եւ տասնյակից ավելի ներկայացումներ, որոնք շարունակում են լինել բեմում։ Մենակատարներն են Պետրոս Ղազանչյանն ու Իննա Ղազարյանը, երաժիշտները՝ Լուսինե Մլքե-Գալստյանը, Էլիզա Բաղդիյանը: Ունենք նաեւ երկրորդ կազմ եւ ներառական խումբ՝ հաշմանդամություն ունեցող կատարողներ։

«Շունչ». Շրջիկ թատրոն ենք եւ շենք չունենք, Երեւանում հիմնականում խաղում ենք Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Խաղացանկում 4 ներկայացում ունենք՝ «Թմկաբերդի առումը», «Պատերազմի ցեցը», մանկական՝ «Մալիֆիսենտայի կախարդանքը՝ սիրո հրաշքը», իսկ վերջինը՝ «ԽառնաշTOP»-ը բեմադրել է Շուշան Ղազարյանը, իսկ թիմին միացել՝ Լիլի Էլբակյանը։ Հիմնական կազմում են Սիրանուշ Լազյանը, Սեյրան Մովսիսյանը, Սերգեյ Շողունցը, Սաշա Սուքիասյանը:

«Մտորումների թատրոն». Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դերասանի վարպետության ամբիոնի վարիչն եմ, ու ամեն տարի նոր շրջանավարտներ ենք տալիս: Թատրոն բացելու մտայնությունը նաեւ նրանում էր, որ ջահելությանը դրսեւորվելու հնարավորություն տանք: Սովորաբար, թափառում են ամբողջ երկրով մեկ եւ աշխատանք չեն գտնում: Առաջարկում ենք իրենց խիզախումներն ու էներգետիկ սպառումները մեզ մոտ դրսեւորել: Կայուն ստեղծագործական խումբ չունենք, հիմնական կազմը 6 հոգի է, մնացածը փոփվում են: Հիմա խաղացանկում են «Լոռեցի Սաքոն», «Ավելորդը», «Աբու Լալա Մահարին», «Ան-տերերը», «Ծաղրածուն աշունը սրտում», «Պադվալի Վաղոն»  ներկայացումները:

Մտորումների թատրոն


«Վատ թատրոն». Տեղակայված ենք ՆՓԱԿ-ի շենքում: Ներկայացումներն են «Մանիպուլյացիա», «Վուլվա», «Հայրենիք»: Կազմը փոփոխվում է, ընտրում ենք գաղափարակից մարդկանց: «Հայրենիք» ներկայացման կազմում հիմնականում լինելու են Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի սաները՝ Արաքսյա Մելիքյանը, Անի Քիթափսզյանը, Տաթեւ Թարյանը, Կառլ Աբրահամյանը, ռեժիսորը ես եմ: Մասնակցում են նաեւ Հայկ Սիսեռյանն ու Ռուզաննա Պետրոսյանը:

«Թատրոն տանիքում». Տեղակայված ենք Հալաբյան 22/5 հասցեում։ Մեզ մոտ ներգրավված են Հայաստանի տարբեր թատրոններից հայտնի դերասաններ եւ ռեժիսորներ։ Ընտրությունը կատարվում է փուլերով՝ արվեստագետի աշխատանքների հավաքագրում եւ ուսումնասիրություն, այնուհետեւ տանիքի համար նախատեսված հատուկ չափանիշներին համապատասխանություն։ Յուրաքանչյուր թատերաշրջան ունի իր առանձնահատուկ խաղացանկն՝ ըստ եղանակի:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ թատրոնների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW