Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը, ինչի առիթով BRAVO.am-ը որոշել է պարզել, թե հայ դերասաններից ովքեր ունեն նմանակներ Հոլիվուդում: Ոմանց դեպքում նմանությունն ակնհայտ է, մյուսները որոշակի նկարներում ընդհանրություն ունեն կամ միայն որոշակի տարիքում:
Շարքը սկսում ենք «Տղամարդիկ» եւ «Տղաները Վեգասում» հայտնի ու սիրված ֆիլմերից: Թեեւ 1972 ու 2009 թվականներին նկարահանված ֆիլմերի դերասանները ոչ մի կերպ իրար նման չեն, սակայն երկու ֆիլմի սյուժեի հիմքում էլ տղամարդկանց ընկերությունն է, փոխօգնությունը, հումորը, արկածներն ու արագությունը: Դեռ 52 տարի առաջ Էդմոնդ Քեոսայանի Արամի, Սուրենի, Վազգենի ու Սաքոյի կերպարների կողքին Հոլիվուդը առաջարկեց իր Ֆիլին, Ալանին, Սթյուին եւ Դագին:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանին, վստահաբար, կնմանեցնեք օսկարակիր Էդրիեն Բրոուիդին:
BRAVO.am-ի հետ զրույցում Սաղաթելյանը նշել է, որ էդրիենբրոուդիական արտաքինն իրեն միայն օգնում է որպես դերասան, իսկ կարծրատիպը, որ մեծ քթով տղան չի կարող մարմնավորել գլխավոր հերոսի, կոտրել է ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
Իր նոր սանրվածքով օսկարակիր Սանդրա Բուլոքին նմանվել է Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը, որն, ի դեպ, այս տարվա «Արտավազդ»-ին առաջադրված է «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում:
Նմանակների ցանկում ռուսական թատրոնից այլ դերասանուհիների էլ ենք առանձնացրել: «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում ներկայացված Ելենա Վարդանյանին բազմիցս են նմանեցրել Մերլին Մոնրոյին:
«Հարցը միայն նմանեցնելը չէ. ինձ միշտ նրա պատկերով նվերներ են տալիս՝ ճամպրուկ, ժամացույց: Դրանք միշտ տեղավորում եմ գրիմանոցում, ու մարդիկ մտածում են, որ պաշտում եմ այդ դերասանուհուն: Հարգում եմ նրան, իսկական լեգենդ է, բայց այլ դերասանուհիների խաղն եմ հավանում»,- մեզ հետ զրույցի ժամանակ խոստովանել է Վարդանյանը:
Մյուս զույգը կազմել են նույն թատրոնից Աննա Շամցյանն ու թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի Սանդրա Հյուլլերը, որը նախորդ տարվանից բացահայտում է դարձել շատերի համար:
Թեեւ այս մոլորակի վրա շատ դժվար է գտնել մեկին, ով նման է առեղծվածային Թիլդա Սուինթոնին, սակայն որոշակի ընդհանրություն ենք գտել նրա եւ ռուսական թատրոնի դերասանուհի Լիլյա Մուկուչյանի միջեւ:
«Ո՞վ է ասել, որ դերասանուհին պետք է երկար մազեր ունենա: Իմ սիրելի դերասանուհին Թիլդա Սուինթոնն է, նա ֆանտաստիկ է, իսկական կախարդանք, հասկանալի էլ չէ՝ կենդանի արարած է, թե այլ մոլորակից է եկել»,- ասել է Մուկուչյանը:
«Մարդն ափի մեջ» ներկայացման մեջ մարմնավորած կերպարով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանն ու հայտնի Էնդի Գարսիան երիտասարդ տարիներին եւս բավական նման են:
Համազգային թատրոնից եւս 2 ներկայացուցիչ ունենք՝ դերասանուհի եւ ռեժիսոր Նարինե Գրիգորյանն այս կադրում շատ նման է ամերիկացի Ջին Թրիփլհորնին:
Իսկ Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանին որոշակիորեն նմանեցրել ենք Բրիտանիայի կայսրության շքանշանի կոմանդոր, Պատվո փառքի շքանշանակիր դերասան Իեն ՄակՔելլենին: Երկուսն էլ անթիվ հիշվող ու սիրված դերեր են մարմնավորել թատրոնում եւ կինոյում:
Մեկ այլ վաստակավոր արտիստ՝ Արթուր Կարապետյանն իր արտաքինով ու հմայքով նման է հայտնի Ռիչարդ Գիրին:
Նմանակների ցանկում կազմել ենք նաեւ Ռոզի Ավետիսովա-Օդրի Տոտու, Վարուժան Մարգարյան-Քոլին Ֆարել, Դիանա Մալենկո-Միլլի Բրեյդի, Լիլի Էլբակյան-Ջուլիա Ռոբերթս եւ Մարիամ Ադամյան-Բրուք Շիլդս զույգերը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: