×


Վահե Վայան. Ինձ համար արվեստի գործ է այն ամենն, ինչը մեզ շրջապատում է

Դերասան, սցենարիստ ու շախմատիստ Վահե Վայանը բազմակողմանի զարգացած է՝ խաղում է թատրոնում ու ֆիլմերում, սցենարներ գրում եւ ազատ ժամանակ էլ շախմատային խնդիրներ լուծում: Bravo.am-ի «Բացահայտում» շարքում փորձել ենք նրան ավելի լավ ճանաչել:

- Երեք բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

-Քչերը գիտեն, որ շախմատ եմ պարապել ու բավական լավ եմ խաղում: Քչերն են միանգամից տարիքս հասկանում ու կարծում են, թե փոքր եմ: Իրականում ինձ 28 չեմ էլ զգում։ Եվ ոչ բոլորը գիտեն, որ ծնվել ու մեծացել եմ Գետամեջ գյուղում։ Մանկությունս շատ գունավոր ու լավ է անցել։ 

- Արվեստի երեք գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

-Ինձ համար արվեստի գործ է այն ամենը, ինչը մեզ շրջապատում է, օրինակ՝ ինձ վրա կարող է ազդել ջրվեժը կամ բնությունն առհասարակ։ Ժամանակին Ալբրեխտ Դյուրերի «Մելանխոլիան» է շատ տպավորվել։ Տարիներ առաջ պատահաբար բացահայտեցի Ռենե Մագրիտին, նրա ամենահայտնի նկարներից կառանձնացնեմ «Սիրահարներ»-ը: Կընդգծեմ նաեւ Միքելանջելոյի «Դավիթ»-ն, այն տղամարդու յուրահատուկ վեհություն է փոխանցում, ինչն ուրիշ քանդակի մեջ չես գտնի։  



- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։

- (Ծիծաղում է,-հեղ.) Շատ է պատահում, որ մարդիկ ինձ ճանաչում են, բայց ես իրենց չգիտեմ: Հատկապես նկարահանման հրապարակում է լինում, որ ճանաչում են ու սկսում իմ մասին պատմել: Զվարճալի է, ու մի քիչ էլ տարօրինակ: 

- Դերասանի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:

- Հանգամանքներն են այնպես դասավորվել, որ այդպես էլ պետք է լիներ: Ոչ թե ես եմ մասնագիտությունն ընտրել, այլ այն՝ ինձ: Այդպիսի զգացողություն ունեմ:

- Սցենար գրելու ամենայուրահատուկ ու բարդ մասը:

- Իհարկե, մի քանի տարբերակ կա, երբ ազատ ստեղծագործող ես ու սցենարն ամբողջությամբ քեզ է պատկանում: Երբ որպես աշխատանք ես անում, մի փոքր այլ է: Բայց ամենայուրահատուկն այն է, որ գրելու ժամանակ չգիտես, թե հաջորդ տեսարանն ինչ է լինելու: Սովորաբար գրածս ֆիլմի պես տեսնում եմ ու պատկերացնում, թե ինչ է ստացվելու: Իսկ բարդն այն է, որ սցենարը կարողանաս այնպես գրել ու մատուցել, որ բոլորի՝ ռեժիսորի, օպերատորի, դերասանների համար նույն լեզվով լինի ու աշխատեն նույն գաղափարի շուրջ: 


- Ձեզ համար լավագույն հանգուցալուծումներով ու մտահաղացումներով սցենարները համաշխարհային ու հայկական կինոյում։

- «Մենք ենք մեր սարեր»-ը, որի եւ գրքի, եւ սցենարի հեղինակը Հրանտ Մաթեւոսյանն է: Գյուղի կյանքի մասին պատմող հանճարեղ գործ է: Իսկ համաշխարհային կինոյում շատ լավ սցենարներ կան: Կարդացել ու շատ եմ տպավորվել Քվենտին Տարանտինոյի «Ջանգո ազատագրված»-ի սցենարով: Տարանտինոն ֆանտաստիկ է աշխատել, որպես ռեժիսոր ու սցենարիստ նա այնպիսի ազատություն է ունեցել։ Սցենարը գրքի նման էի կարդում, ասեք նմանը չունեցող ստեղծագործական նյութ լիներ: Իսկ վերջին գործերից կառանձնացնեմ Պաոլո Սորենտինոյի «Աստծո ձեռքը»: Նա հենց իր կյանքի մասին է գրել ու համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը ստացել:

- Բեմ դուրս գալու հետ կապված ապրումները:

- Երբ սովորում էի, ամեն անգամ լարվածություն ունեի: Նրանից էր, որ նաեւ խաղընկերներիս համար էի անհանգստանում, եթե սխալ անեի, կամ որեւէ բան բաց թողնեի, արդյոք նրանք պատրա՞ստ կլինեին այդ իրավիճակից դուրս գալ: Սովորելիս դեռ միմյանց ունակությունների եւ կարողությունների մասին չենք իմանում: Տարիների ընթացում սկսում ես քեզ ու մյուսների համար դառնալ այն հուսալի մեկը, ում վրա կարելի է հենվել: Վաղուց էլ լարվածություն չեմ զգում, ավելի շատ անհամբեր եմ․ զրոյից նոր գործ ես ստեղծում ու այդ ամենը պետք է ներկայացնես: Դու ես, բայց միաժամանակ էլ դու չես, ներկայացման ավարտից հետո նույնիսկ մի քանի րոպե շարունակում ես կերպարիդ ազդեցության տակ մնալ: Ինձ հետ այդպես եղավ «Ետ նայիր զայրացած»-ի դեպքում, ավարտից հետո Ջիմի պես մի քիչ լուրջ էի, չէի ժպտում, մինչեւ որ անցավ։ Հիմա ավելի քիչ եմ խաղում, բայց ընթացքում մեծ հաճույք եմ ստանում:


- Ձեր երեք ամենասիրելի դերերը:

- Դեռ չեմ նկարահանվել այնպիսի ֆիլմերում կամ խաղացել ներկայացումներում, որի հերոսներն ամբողջությամբ իմ սրտով կլինեին: Իմ ուսուցիչներից մեկը՝ Ֆրանսիայից Լենա Բոhմանը խորհուրդ էր տալիս չվախենալ մեր մասին պատմել: Վերջին շրջանում անընդհատ մտածում եմ, գուցե դա է հենց այն, ինչ պետք է: Չնայած որոշ գործերում կարողանում եմ գտնել այնպիսի երկխոսություններ ու պատմություններ, որոնք ինձ հարազատ են: Դրանք իմ պատկերացրածի պես եմ մատուցում ու սիրելի են դառնում: Ինձ համար ամենասիրելի դերերից մեկը խաղացել եմ թատերականի 2-րդ կուրսում, Սաթենիկ Մաթեւոսյանը բեմադրել էր Վիլյամ Սարոյանի «Տարեկանի արտում» պատմվածքը: Ես 27-ամյա Սթիվիի դերում էի, ով գիտեր՝ իրեն սպանելու են: Ֆանտաստիկ գործ է ու իմ ամենասիրելի դերերից մեկը: Մյուս սիրելի դերս 3-րդ կուրսում Չեխովի «Իվանով» պիեսում էր: Հենց Իվանովն էի ու ներկայացման ավարտին ինքնասպան էի լինում: Բեմը մեր լսարանն էր, մտնում էի վարագույրի հետեւն ու ուժեղ լաց լինում: Դեռ սկսնակ էի ու ինձ կերպարից տարանջատել չէի կարողանում, ժամանակի ընթացքում ես այդ հմտությունը ձեռք բերում: 

- Ռեժիսորներ, որոնք ամենաշատն են ոգեշնչել:

- Ավելի երիտասարդ տարիքում շատ էի նայում Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի ֆիլմերը: Նա ինձ համար առաջին տեղում էր ու իր ֆիլմերով խոսում էր այն ամենի մասին, ինչի կարիքն ունեի: Նրա գործերը նայելիս՝ ինձ բավարարված էի զգում: Մանկությունից եմ այնպիսի ֆիլմեր ընտրել, որոնք ինձ կբավարարեն: Իսկ հիմա դեռ Սորենտինոյի ֆիլմերն են ինձ տալիս այն ամենն, ինչ ուզում եմ։


-Որակներ, որոնք ձեռք եք բերել շախմատ խաղալու շնորհիվ:

- Երեւի, հիշողություն եմ ձեռք բերել, տեքստերը շատ արագ եմ սովորում, կարդում եմ ու միանգամից տպավորվում են: Կարեւոր հատկություններից մեկն էլ այն է, երբ հետս ինչ-որ բան է տեղի ունենում՝ ձախողում կամ անհաջողություն, փորձում եմ հասկանալ, թե իմ որ քայլի արդյունքում պատահեց: Փորձում եմ պատճառահետեւանքային կապը փնտրել, գտնել ու այն լուծել: Բայց դրա հետ մեկտեղ բարդություն էլ կա՝ շախմատը նաեւ երկար մտածելու ունակությունս է զարգացրել: Չնայած տեսակով աշխույժ եմ, բայց ավելի համբերատար եմ դարձել։ Շախմատը նաեւ ինտուիցիան է զարգացնում, ինչը եւ սպորտում է կարեւոր, եւ դերասանի աշխատանքում: 

- Ձեզ համար առանձնացող երեք շախմատիստները:

- Ինձ միշտ ոգեշնչել է Աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը: «Զոհաբերելով զինվորին» ֆիլմը դիտելուց հետո նրան ավելի հավանեցի: Նաեւ Ֆիշերի հարցազրույցներն եմ ուսումնասիրել: Երկրորդը, բնականաբար, մեր Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է, իսկ մյուսը՝ այս պահին իմ ամենասիրելի շախմատիստ Մագնուս Կառլսենը: Վերջին շրջանում նա շատ է ձախողումներ ունենում, ուղղակի հոգնել է, բայց, միեւնույն է, շարունակում է իսկական լեգենդ մնալ: Նաեւ Լեւոն Արոնյանին եմ շատ հավանում, ֆանտաստիկ մարդ է։ Սովորաբար ոչ մեկի հետ չեմ լուսանկարվում, բայց տարիներ առաջ նրան Կասկադում տեսա ու հետը նկարվեցի, որովհետեւ շատ հետաքրքիր մարդ է ինձ համար։ Բայց երբ Մագնուսի հետ մեր շախմատիստներն են խաղում, այդ թվում՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը կամ մյուսները,  ուզում եմ հաղթեն: Նրանք ինձ հետ նույն շրջանում են շախմատ պարապել ու անձամբ եմ ճանաչում: 

- Ինչո՞վ են իրար նման արվեստն ու շախմատը:

-Ստեղծագործական կողմով ու ժամանակի առումով: Շախմատը թեեւ սպորտ է համարվում, բայց նաեւ արվեստին է նման, որովհետեւ ժամանակ ու տարածություն չի ճանաչում: Թեեւ շախմատը փորձում են ժամանակի մեջ սեղմել, բայց, միեւնույն է, այն դրանից դուրս է։ 


- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։

-Բոլոր եղանակներն էլ սիրում եմ, անձրեւը, կարկուտն ու այն ամենը, ինչ կատարվում է երկիր մոլորակի վրա, իհարկե, ահաբեկչություններից ու վատ երեւույթներից բացի: Բայց եթե անկեղծ, ամառն այդքան էլ իմ սրտով չէ: 

- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։

- Երեւի հնարավորության դեպքում Երեւանից դուրս գալ ու ինչ-որ տեղ գնալ:

- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։

-Արեւն ու շոգը վատ են ազդում։ Ստեղծագործական էներգիայի վրա լավ է ներգործում  ցուրտ եղանակը:

- Ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք։

-Չեմ հիշում, առհասարակ նման բաների վրա չեմ կենտրոնանում։ Սիրավեպեր, իհարկե, ունեցել եմ (ծիծաղում է,-հեղ.), բայց թե երբ, չեմ հիշում:

- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։

-Այն ժամադրությունը, որը կլինի աշնանը, ոչ թե ամռանը (ծիծաղում է,-հեղ.):


- Մոլորակի վրա ամենալավ տեղը:

- Այն տունը, որտեղ անցել է քո մանկությունը։

- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ:

- Կարեւոր մարդիկ, իհարկե, կան, այդ թվում՝ ուսուցիչներս: Բայց նրանց չեմ բացահայտի, որովհետեւ ինձ համար թանկ ու հարազատ են, ուզում եմ ինձ համար պահել։

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Դժվար հարց է, կուզեի ավելի շատ լեզուներ իմանալ, փորձում եմ, բայց այդքան էլ չի ստացվում: Դեռ ժամանակ ունեմ, կկենտրոնանամ ու կստացվի։ Ամեն ինչ ինձնից է կախված։

- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի վայրերը:

- Էլի չեմ ասի ու գաղտնի կպահեմ, քանի որ գողտրիկ են, թող միայն ինձ մնան, որ միայնությունս այնտեղ անցկացնեմ: 

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Կուզեի ազատվել ծխելու սովորությունից, որպեսզի նորից սկսեի ծխել։

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած մարդիկ:

- Ոչ մեկ (ծիծաղում է,-հեղ.):

- Ովքե՞ր են Ձեզ ավելի լավը դարձնում:

- Կենդանիները եւ այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Անկեղծ՝ գաղափար չունեմ:


- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Ոչ մի բանից։  

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:

- Իմ կյանքն այդքան էլ հետաքրքրիր չէ (ծիծաղում է,-հեղ.):

- Վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ: 


- Այսօր եմ արել Դիլիջանում, գնացել էինք Գոշավանք, երբ ծիածան դուրս եկավ, հենց դա էլ նկարել եմ։
- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

-Ես ինքս:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Որ կամ, որ ապրում եմ։

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ հասկանում այդ զգացողությունը: Եթե որեւէ բան ուզում եմ, ուրեմն՝ կանեմ: 

- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 10 տարեկանում:

- Գնա ֆուտբոլի։

- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:

- Խորհուրդներ մի լսիր։

- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Ուզում եմ սցենարս ավարտին հասցնել, հետո ժամանակ ունենալ կիսատ թողած գիրքս վերջացնել: 

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Վահե Վայանի անձնական արխիվից։

Կարդալ ավելին

Quality Sign BW