×


«Արտավազդ 2024». «Ինկած բերդի իշխանուհու» հաղթարշավը, Արաքսյա Մելիքյանի խոստովանությունն ու «Գոյ»-ի հայտարարությունը

Թատրոնի միջազգային օրվա ավարտն ավանդաբար ազդարարվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ եւ որոշվում են ոլորտի լավագույն մասնագետները: Այս տարի այն նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած միջոցառման հաղորդավարները դերասաններ Ավո Խալաթյանն ու Անուշիկ Առաքելյանն էին: Բացումն ազդարարեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նախ նա շնորհավորեց բոլորին, ապա խոսեց մարտահրավերների մասին, որոնց միշտ էլ հայկական թատրոնը բախվում է եւ կարողանում հաղթահարել: Նշեց տաղանդավոր երիտասարդ սերնդի առկայության մասին, որն արդեն իսկ կարողանում է իրեն հիանալի դրսեւորել:


«Թատերական աշխարհը ժամանակ առ ժամանակ ալեկոծվում է. եթե թատրոնի մարդ ենք, հանգիստ օր չենք ունենալու կամ դրանք երկար չեն տեւելու: Հետեւաբար, պինդ մնանք ու լծված մեր գործին, որը հրաշալի ենք անում: Արդյունքը Հայաստանի տարբեր բեմերում եղած հիանալի ներկայացումներն են: Նարինե Գրիգորյանը, Գոռ Մարգարյանն ու Սամսոն Մովսեսյանն արդեն միջին սերնդի ներկայացուցիչներ են, որովհետեւ ունենք տաղանդավոր երիտասարդներ, որոնք ազատ ու նոր մտքով են ստեղծագործում»,- ասաց նա:

Ղազանչյանը «Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար» «Արտավազդ» մրցանակ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին եւ Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին՝ նախորդ տարի քաղաքում թատրոն հիմնելու համար:


«Թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, այն մարդկանց օգնում է ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից»,-ասաց  Էլբակյանը:

Երեկոն չէր կարող անցնել առանց «Գոյ» թատրոնի. բեմ բարձրացավ Սարգիս Չոլոյանը, որը կարեւոր հայտարարություն ուներ անելու՝ ցանկանում են իրեն գործունեությունը շարունակել որպես անկախ թատրոն. «Գոյ»-ն ուզում է ունենալ իր ստեղծագործելու եւ աշխատելու իրավունքը: Պատրաստ եք լինել անկախ, սակայն դրա համար մեզ վայր է պետք, որը տեսնում ենք միայն թատրոնի ներկայիս տարածքում՝ լցված անհրաժեշտ էներգիայով ու մթնոլորտով: Ունենք ձեր աջակցությունը, եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, մինչեւ երեկոյի ավարտը ստորագրեք փաստաթուղթը, որն ուղարկելու ենք վարչապետին»:


Ապա եկավ մրցանակների հանձնման ժամանակը՝ Արմեն Ջիգարխանյանի անվան «Մեծ Արտավազդ» ստացավ օրեր առաջ իր 60-ամյա հոբելյարը նշած Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը:


Ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ էլ իր հաղթարշավը շարունակեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, որի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումն արժանացավ 5 «Արտավազդ»-ի՝ Տիգրան Գաբոյան («Լավագույն դերասան»), Նառա Սանթոյան («2-րդ պլանի լավագույն դերասանուհի»), Լյուդվիգ Հարությունյան («Լավագույն ռեժիսուրա»), «Լավագույն ներկայացում» եւ Հակոբ Պողոսյան («Լավագույն լուսային նկարիչ»): Իսկ նույն թատրոնից Արտուշ Միքայելյանի «Տունը սահմանին» բեմադրությունը «Լավագույն երիտասարդական ներկայացումն» է:


«Վերջին շրջանում միայն Աստծուն եմ շնորհակալ եղել, բայց այսօր շնորհակալություն կասեմ իմ շրջապատի մարդկանց, ժյուրիի անդամներին, իմ պաշտելի թատրոնի ներկայացուցիչներին, Լյուդվիգ Հարությունյանին, իմ հանդիսատեսին ու խոնարհումս իմ քաղաքին: Կեցցե Գյումրին, որն ինձ դարձրել է այն, ինչ կամ: Մեր երկրին խաղաղություն եւ բարգավաճում»,- իր ելույթում ասաց Գաբոյանը:

Լյուդվիգ Հարությունյանն էլ նշեց, որ մեծ պատիվ է արժանանալ մրցանակին եւ հատուկ շնորհակալություն հայտնեց ներկայացման գլխավոր դերակատար Ջեմմա Ադամյանին, քանի որ հենց նա է դրդել իրեն բեմադրել այդ գործը:


«Լավագույն դերասանուհին» Արաքսյա Մելիքյանն է՝ Հայաստանի երգի պետական թատրոնի «Շղթա» ներկայացման համար: «Հայրս ասում էր. «Ախր, ի՞նչ դերասան», բայց ես սիրում եմ այս գործն ու արեցի դա: Պապ ջան, կուզեի՝ դահլիճում լինեիր այսօր: Սիրում եմ քեզ ու կարոտում, Վահե Շահվերդյան: Շնորհակալություն այս մասնագիտության այբուբենը սովորեցնելու համար, պատկերացնում եմ՝ ոնց կծափահարեիք: Շարունակելու ենք աշխատել»,- ոգեւորված Մելիքյանի խոսքերն են:


Լավագույն մանկական ներկայացումը «Փայլոու»-ն (ազատ թատերախումբ) է, լավագույն երիտասարդ դերասաններն՝ Անդրանիկ Միքայելյանը («Բաբելոն») եւ Անուշ Զանգիզորյանը (Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվ. թ.): Կամերային թատրոնից Ժորա Մարտիրոսյանը «B 14/27» ներկայացման համար ճանաչվեց «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», Վաչե Շարաֆյանը «Լավագույն երաժշտության» հեղինակն է «Կոլոմբինա»-ի (Հ.Պարոնյանի անվ. թ.) համար: «2-րդ պլանի լավագույն դերասանը» Վարդան Կուղիանոսյանն («Գիշատիչների խնջույքը») է:


«Լավագույն կամերային ու պլաստիկական» ներկայացումները Պարոնյան թատրոնից «Գիշատիչների խնջույքն» ու «Սիրո պատմություն Նյու-Յորքումն» են: Լավագույն թատերախոսականի հեղինակը Սուսաննա Բրիկյանն (««Գերագույն» երկրպագուն») է, լավագույն պիեսինը՝ Արմինե Բոյաջյանն ու Նարեկ Մանուչարյանը («Պատերազմի ցեցը»):

Ստանիսլավսկու «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման համար էլ «Լավագույն զգեստներ»-ի համար մրցանակ ստացան Մերի Սարգսյանն ու Իզաբելա Սաֆրոնովան, իսկ լավագույն բեմանկարչության համար՝ Կարեն Գրիգորյանը:

Պատարստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW