×


«Անահիտ 2024» մրցանակաբաշխության հաղթողներն ու Նարինե Գրիգորյանի խոստովանությունը

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, անցկացվել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունը, որին ներկայացվել էին նախորդ երկու տարիներին նկարահանված ֆիլմերը։ Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակով պայմանավորված՝ միջոցառման ողջ ընթացքը համեմված էր փարաջանովյան մտքերով եւ շնչով։

Հատուկ մրցանակ շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Հայտարարվեցին 12 անվանակարգում լավագույնների անունները. հաղթողներին որոշում են փակ քվեարկությամբ՝ ազգային կինոակադեմիայի բոլոր անդամները:


Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը» ֆիլմը, հաղթելով 5 անվանակարգում, առաջատար է դարձել մրցանակների թվով. «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն հնչյունային ձեւավորում» (Տիգրան Կուզիկյան), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Սուրեն Թադեւոսյան) եւ «Լավագույն դերասան» (Մայիս Սարգսյան)։


«Սցենարը ես եմ գրել, իսկ հերոսի նախատիպն իմ կնոջ հայրն է։ Ֆիլմը մի պապիկի մասին, որը իրականությունից հեռացել է եւ մտովի գնացել 1976 թվական։ Նա այսօր Երեւանում է ապրում, բայց ընկերություն է անում բացառապես Լեոնիդ Բրեժնեւի հետ։ Նրա նման մարդիկ շատ կան, որոնք կառուցել էին Խորհրդային Միությունը, իսկ փլուզումից հետո հոգեպես մնացել են դրա փլատակների տակ»,- նշել է Էդգար Բաղդասարյանը՝ հավելելով, որ հայկական կինոն պետք աշխարհին ներկայացնի մեր ինքնությունը:

Ռեժիսոր Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը ստացավ 4 մրցանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Անդրանիկ Բերբերյան), «Լավագույն նկարչական ձեւավորում» (Ներսես Սեդրակյան եւ Ավետ Տոնոյանց) «Լավագույն դերասանուհի» (Նարինե Գրիգորյան) անվանակարգերում:


Նարինե Գրիգորյանը մրցանակաբաշխությանը հասավ փոքր-ինչ ուշ, լավագույն դերասանուհու տիտղոսին արժանանալուց հետո խոստովանեց՝ անակնկալի է եկել. «Մեր ֆիլմում Մայքլը փայլուն է խաղում, բայց միայն ես ստացա մրցանակ։ Այսօր վատառողջ էի, ներկայացումից հետո փորձեցի գալ ու հանդիպել բոլորին, ասել, որ իրենց սիրում եմ, բայց անունս լսեցի բեմից։ Շատ եմ սիրում ֆիլմը, ուրախ եմ այդ դերի համար։ Տխրում էի, որ կերպարս ամուսնու հետ խնդիրներ ունի, չի հասկանում նրան, բայց դե, հենց դա էր իմ դերը»։


Ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանն էլ հավելեց. «Մայքլն այստեղից չի, շատերին չի ճանաչում, բայց ես հենց կարդացի սցենարը, միանգամից հասկացա, որ Նարինեն է խաղալու, առաջարկեցի Մայքլին։ Կարեւոր է՝ նման առաջարկությունները լինեն առողջ ու տեղին, ոչ թե ծանոթով, բարեկամով, ընկերականով։ Այս ֆիլմը մարդկանց բարի տեղ է տանում, ասելիքը համամարդկային է»։


«Լավագույն կարճամետրաժ ֆիլմը» Հասմիկ Մովսիսյանի «250 կմ»-ն է, «Լավագույն վավերագրական ֆիլմը»՝ Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը», իսկ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Արմինե Անդայի
«Թռչող տերեւների երգը»:


Հայաստանի ազգային կինոակադեմիան «Անահիտ» մրցանակաբաշխությունն անցկացնում է «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ եւ «Թովմասյան» միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Շարմ Հոլդինգի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW