Վերջին հարյուր տարվա հայկական լավագույն երգերը, ֆիլմերի սաունդթրեքերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիներն այսուհետ ներկայացված կլինեն մեկ հարթակում՝ որպես հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարան։ Խորհրդային եւ հետխորհրդային ժամանակների փոփ ու էստրադային հայտնի երգերը Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ կպահպանվեն ու կփոխանցվեն երաժիշտների հաջորդ սերունդներին։
Մշակութային-երաժշտական նախագծի շնորհանդեսին ներկա է եղել BRAVO.am-ը եւ հետաքրքիր մանրամասներ առանձնացրել նոր հարթակի հնարավորությունների մասին։
Առաջին փուլում նոտագրվել եւ թվայնացվել են 1920-2020 թվականների հայ անվանի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների գործերը՝ Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, Առնո Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան, Հայկո, Էլվինա Մակարյան եւ հայտնի այլ անուններ։ Նոտաների մի մասը հիմնադրամին տրամադրել են հեղինակների, կոմպոզիտորների կամ նրանց իրավահաջորդների ժառանգները։ Նախագիծը պահպանում է հեղինակային բոլոր իրավունքները։
Էստրադային, քաղաքային, լիրիկական բազմաթիվ երգեր, ռոմանսներ պահպանվել էին միայն կատարումների տեսքով. նույնիսկ նոտաներ չունեին։ Հիմա մի տեղում հավաքվել են երգի տեքստը, մեղեդին, հարմոնիան։ Երաժիշտները, որոնք կցանկանան կատարել հայտնի որեւէ ստեղծագործություն, արդեն կկարողանան այն գնել կայքից՝ ներբեռնելով բնօրինակն ու նոտաները։ Բոլոր այս գործերը հնարավոր է գտնել armenianmusic.am հարթակում։
Արաքսյա Մուշեղյանը եւ Ռուբեն Ջաղինյանը
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր, կոմպոզիտոր Միքայել Ավետիսյանը, առաջարկեց ստեղծել մեծանուն հեղինակի ստեղծագործությունների հավաքածուն։ Քննարկեցինք գաղափարն Արթուր Ջանիբեկյանի հետ, եւ նա առաջարկեց ներառել բոլոր հեղինակների գործերը։ Գրեթե ոչ մեկի երգերը թվայնացված ու նոտագրված չէին, դրանք գտնելը շատ դժվար էր։ Մոտ մեկ տարի աշխատեցինք այս ծրագրի վրա, եւ այժմ արդեն նոտագրվել է հարյուր երգ։ Սակայն պարզ է նաեւ, որ հայկական երգերի անթոլոգիան դեռ կարող է համալրվել ավելի քան հազար երգով։ Այնպես որ, մեր նախաձեռնությունը շարունակական է լինելու»,- մեզ հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը։
Արտակ Ալեքսանյանը
«Վերածնունդ» հիմնադրամի ծրագրերի պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ նախագծի շնորհիվ կպահպանվի ու հաջորդ սերունդներին կփոխանցվի հայկական երաժշտական հարուստ ժառանգությունը. «Սրանք նաեւ թվային անձնագրեր են։ Նոր տեխնոլոգիաների դարում հաճախ մեզ թվում է՝ բոլորը գիտեն, որ դա մեր երկրի ու մեր հեղինակների սեփականությունն է, մինչդեռ կյանքն ապացուցեց, որ այն, ինչ մերն է, հետո կարող է մերը չլինել։ Եվ այս կայքն ապահովագրում է մեզ գրագողությունից ու հեղինակային իրավունքի բոլոր հնարավոր խախտումներից։ Ես համոզված եմ՝ այս գործերը պահանջված կլինեն ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում, նախ՝ ԱՊՀ տարածքում։ Մենք տեսել ենք, թե ինչպես են հայկական երգերը հայտնվում, օրինակ, Արեւմտյան Եվրոպայի կամ Լատինական Ամերիկայի երաժշտական հարթակներում, որովհետեւ դրանք համաշխարհային նշանակության լավագույն էստրադային գործեր են»։
Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը
Նախագծի շնորհանդեսին կենդանի կատարմամբ հնչեցին թվայնացված ու նոտագրված երգերից մի քանիսը։ Մեծ էկրանին ցուցադրվեց ու ներկայացվեց, թե ինչպես է գործարկվել նոր հարթակն ու առկա նյութերից օգտվելու ինչ հնարավորություններ կան։ Ինչպես վստահեցրին ծրագրի հիմնադիրները, առաջիկա տարիներին ներառվելու են հին ու նոր այլ ստեղծագործություններ հայտնի հեղինակներից։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: