×


Հայկ Սայադյանը

Խունկի, ուրցի բույրերը, Երանուհիներն ու Հայրիկ Մուրադյանի ձայնը. Հայկ Սայադյանի «Ուրցի ավետարան» ցուցահանդեսի բացումը

Նկարիչ, անիմատոր Հայկ Սայադյանը «Մոզ» հեքիաթաշարի համար ստեղծած իր կերպարները վերածել է նկարների ու նրանց ներկայացրել «Ուրցի ավետարան» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում:

Աբովյան փողոցի հատվածներից մեկը բազմամարդ էր ու դժվարանցանելի դեռ ցուցահանդեսը սկսելուց բավական առաջ։ Ներկաներն անհամբեր էին տեսնելու Սայադյանի նոր աշխատանքներն ու մտահղացումները։


Ամեն ինչ սկսվեց հենց մուտքի աստիճաններից, որտեղ հյուրերին հանձնվեցին «Ուրցի ավետարան»-ից էջեր, որոնց վրա հեղինակը գրել էր. «Շշուկով կխոսե՞ս… Հեքիաթդ չխրտնի հանկարծ։ Ապրես»։

Ցուցահանդեսի բացմանն իր բաժին նկարը ստացավ նաեւ BRAVO.am-ը։ Սրահում հայտնվելուց հետո առաջինն ուշադրությունը գրավեցին խունկի եւ ուրցի բույրերը եւ Հայրիկ Մուրադյանի անզուգական ձայնը։ Կիսախավարի մեջ պատերից նայում էին Սայադյանի ստեղծած երեւակայական կերպարներն ու ամեն մեկը խոսում էր իր տեքստերի լեզվով, որոնցից մի-մի փունջ ուրց էր կախված։


Սայադյանը խոստովանեց, որ այս ձեւաչափով իր առաջին ցուցահանդեսն է, իր նպատակներից մեկն էլ որպես նկարիչ ներկայանալն է։ Մոտ 10 տարուց ավելի մարդիկ նրան հիմնականում ճանաչում են որպես անիմացիոն ֆիլմերի հեղինակ։

«Տարածքն ինձ շատ հարազատ է, եւ որոշեցինք էպոսականների հետ այս  օրերին «Ուրցի ավետարան» կազմակերպել։ Ցուցահանդեսի հիմքում 19-20 տարեկանում իմ ստեղծած «Մոզ» հեքիաթաշարն է։ «Ուրցի ավետարանի» համար փոքրիկ մասնիկներ եմ հավաքել ու այս եղանակով ներկայացնել։ Հետո հնարավոր է՝ այս ամենը նաեւ անիմացիոն ու տպագիր տարբերակով էլ լինի»,- ասաց Սայադյանը։


Նշեց, որ բոլոր կերպարները ստեղծել է իր երազներից՝ ներշնչված հայրենի Վայոց լեռնաշխարհից, որտեղ անցել է մանկությունը. «Կերպարներս նաեւ պապերիցս ու տատերիցս լսած ավանդազրույցներից եւ հեքիաթներից են. այդպես են ստեղծվել Երանիներն ու Երանուհիները։ Ինձ միշտ հետաքրքրում էր այն փաստը, թե ինչ նպատակով են մարդիկ եկեղեցիների մոտ գտնվող մասրենիների ճյուղերին թաշկինակներ կապում։ Թեեւ տարբեր մեկնաբանություններ կան, բայց նպատակը մեկն է՝ ուխտ են անում ու այն Երանի կոչում։ Մտածեցի՝ դրանք պետք է հասցեատեր ունենան եւ մոգոնեցի Երանիներին ու Երանուհիներին, որոնք կարդում են դրանք ու նպատակներն իրականացնում»։


Ցուցահանդեսի ժամանակ էլ սրահի կենտրոնում տեղադրված էր ծառ, որին հյուրերն ամրացնում էին իրենց  գրություններով թաշկինակները: Միջոցառման ավարտին այն ամբողջովին պատված էր գույնզգույն կտորներով ու թանաքներով։ Սայադյանը դրանց հետ կապված հետաքրքիր մտահղացում ունի. «Իմ հաջորդ ցուցահանդեսը լինելու է հենց այս թաշկինակների հիման վրա. տեքստերին նկարներ եմ ավելացնելու եւ տեղադրելու շրջանակների մեջ»։


Միջոցառման մյուս հատվածում բազմամարդ սրահում մարող լույսերի ներքո հնչեց «Ուրցի ավետարանի» նախաբանը, որին հաջորդեց  «Խազեր» երգչախմբի անզուգական կատարումը։ Մարդկանց շարքերում անսպասելի հայտնված կատարողները սկսեցին «Գորանի»-ով, ապա եւս հրաշալի մի քանի երգով հիացրին ներկաներին։

Ցուցահանդեսն «Էպոս» ակումբում շարունակվելու է մեկ ամիս, իսկ ցանկացողները կարող են ձեռք բերել աշխատանքները։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW