×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

•    Շուշան Պետրոսյան՝ 52 հիշատակում,

•    Սիրուշո՝ 48 հիշատակում,

•    Անդրե՝ 35 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Մայիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Շուշան Պետրոսյանն է: Երգչուհին միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանը, որով եւ պայմանավորված է հիշատակումների զգալի թիվը: Երգչուհին ներկա է եղել արվեստի ներկայացուցիչների հետ Սրբազանի հանդիպմանը:

Լրատվամիջոցները նաեւ անդրադարձել են կառավարության շենքի դիմաց արվեստի գործիչների բողոքի ակցիային: Նրանք միասին երգել են «Երազ իմ երկիր, հայրենի» երգը։

«Սա մեր բանակի երգն է, ինչո՞ւ չեք երգում։ Հայաստանի Հանրապետության բանակի երգն է, դուք էլ զինվորներ եք ու սպաներ, ինչո՞ւ չեք երգում մեզ հետ»,- նման խոսքերով է դիմել երգչուհին շենքի մոտ հավաքված ոստիկաններին:

Սիրուշոն երկրորդ հորիզոնականում է: Երգչուհին հայտնեց, որ հունիսին պատրաստվում է համերգներով ներկայանալ ռուսական քաղաքներում: Լոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո նա իր ինստագրամյան էջում գրառում կատարեց. «Չի ստացվում ուրիշ թեմայի, աշխատանքի վրա կենտրոնանալ, ուզում եմ վերանա այս սեւ գիծը»:

Երրորդ հորիզոնականում Անդրեն է: Երգչի անունը եւս այն հայտնիների շարքում է, ովքեր միացել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած Սրբազան պայքարին:

«Կանգնե՛նք մեր հայրենիքի կողքին։ Իսկապես որեւէ մեկս չենք կարող առանց հայրենիքի, առանց մեր տան եւ առանց Աստծո»,- ասել է Անդրեն՝ դիմելով Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության առաջ հավաքվածներին։

Մայիսին լրատվամիջոցները գրեցին երգչի որդու ծնվելու մասին, սակայն նա հերքեց, թե տղա է ունեցել. «Ես դեռ որդի չունեմ, բայց Աստված առաջ, մի օր կունենանք: Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք: Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW