Եթե Աշտարակի դրամատիկական թատրոնում հանդիսատեսը բեմին կանգնած մեկ րոպե լռությամբ հարգում է ինչ-որ մեկի հիշատակը, ուրեմն՝ «Լյուսիեն Լյուկը» սկսվել է։
Մարսել Միտուայի «Նվագակցողը» կրկին ստիպում է մտածել՝ այսպիսի կյանք ունեն ստեղծագործող մարդիկ։ Ռեժիսոր Գոռ Մարգարյանի բեմադրությունն էլ առաջադրում է այլ հարցեր. վարագույրը բացվեց, ինչո՞ւ ոչինչ չի կատարվում, հերոսն օթյակում էր, ինչպե՞ս նույն վայրկյանին դուրս եկավ առաջին հարկից եւ այլն։
Գոռ Մարգարյանն ասում է, որ սիրում է բազմակետեր թողնել։ Հանդիսատեսին չի ուզում հուշել իր մեկնաբանությունները, որպեսզի նրանք թատրոնից սեփական մտքերը տանեն։ Ինքն էլ երբեմն միայն բնազդաբար բեմադրում է տեսարանները, հետո իր համար բացահայտում դրանց նշանակությունը։
Մոնոներկայացո՞ւմ, թե՞ բազում «գաղտնի» գործող անձինք
Մեկ ժամ շարունակ դերասան Սուրեն Թովմասյանը, ով մարմնավորում է նվագակցող Լյուսիեն Լյուկին, խաղում է, խոսում, նվագում՝ ծաղիկ ուտելով, երաժշտափոսն ընկնելով, թրջված։ Ներկայացման համար դերասանը հիմնաքար է, սակայն այս մոնոներկայացումը մոտ հարյուր երկրորդային եւ երրորդային գործող անձինք ունի։
Նրանցից ութսունը հանդիսականներն են։ Դերասանը խոսում է հանդիսատեսի հետ եւ հանդիսատեսի համար, պահանջներ է ներկայացնում, ստիպում ճանաչել իրեն, հասկանալ, ծափահարել եւ, ինչո՞ւ ոչ, հարգել նվագակցողի նախկին գործընկերոջ հիշատակը՝ ոտքի վրա, մեկ րոպե լռությամբ։ Լյուսիեն Լյուկը հանդիսատեսին չի թողնում ուղղակի նստել։ Ապահովում է նրա լարված, հետո՝ հանգիստ վիճակը, ծիծաղը, հետո՝ տխրությունը։ Թվում է՝ հանդիսատեսն էլ դերասան է եւ անդադար էմոցիաներ պիտի արտահայտի։
Ռեժիսոր Գոռ Մարգարյանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս յուրաքանչյուր դետալի։ Ասում է. «Վարագույրն ուղղակի ռեկվիզիտ չէ։ Երրորդ գործող անձն է»։ Հանդիսատեսին էլ հենց վարագույրն է դիմավորում։ Այն ուղիղ, թե փոխաբերական իմաստներով ունի իր ձայնը, որը լրացնում է այն, ինչ չի ասում դերասանը։ Վարագույրը փակվում է, չի թողնում արտիստին վայելել ծափերը՝ կարծես հիշեցնելով, որ հերոսն ընդամենը նվագակցող է։ Կամ բացվում է՝ ստիպելով նոր պատմություն սկսել։ Հետո Լյուկն ամբողջապես կորցնում է վարագույրը կառավարելու կարողությունը։
Վարագույրի առաջին բացվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չի կատարվում։ Հանդիսատեսը սկսում է մտածել, որ սխալմամբ բացվեց։ Դրանով, կարծես, երաշխավորում է, որ երբ դերասանը գա ու հայտնի երգչուհու մահվան մասին, մարդիկ մի քանի վայրկյան մտածեն, որ գուցե իրոք ինչ-որ երգչուհի է մահացել թատրոնում։ Բացի դրանից, բեմին նստած հանդիսատեսի համար վարագույրի բացվելն ու այդ դադարը հնարավորություն են, որ, առաջին անգամ բեմին հայտնվելով, նրանք դերասանի աչքերով նայեն դահլիճին, վայելեն Աշտարակի դրամատիկական թատրոնի շքեղ դահլիճը։
Հաջորդ գործող անձը հենց թատրոնի շենքն է։ «Երբ առաջին անգամ մտա թատրոն, աննկարագրելի տպավորություն թողեցին դահլիճը, մեծ ջահերը, կարմիր աթոռները, օթյակը։ Բեմադրության ընթացքում ներքուստ ուրախանում էի, որ հանդիսատեսին խոշորացույցի տակ դահլիճի գեղեցկությունն էլ ենք կարողանալու ցուցադրել»,- նշում է Գոռ Մարգարյանը, ով նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Հայաստանի այլ դահլիճներում այս ներկայացումը պատկերացնելն անհնար է թվում։ Ներկայացման բեմանկարիչը հենց ինքը՝ թատրոնի շինությունն է։
Բեմը, պարտերը, օթյակը, երաժշտափոսը, ամբողջ դահլիճն օգտագործվում է։ Մինչ Լյուկի փոխարեն իր տիկնիկն է երեւում, նա մի քանի վայրկյանում պարտերից հայտնվում է հանդիսատեսի կողքին։ Իսկ քանի դեռ հանդիսատեսը հավատացած է, որ Լյուկը օթյակում է, նույն վայրկյանին նա դուրս է գալիս պարտերից։ Իրականում օթյակում ոչ թե Սուրեն Թովմասյանն էր, այլ նրա նմանությամբ մեկ այլ դերասան, ում հանդիսատեսը չի կարողանում տարբերակել հեռավորության շնորհիվ։ Թվում է՝ հրաշք էր։
Թատրոնի մասին պատկերացումն ամբողջացնելու համար հանդիսատեսը մտնում է թատրոն հենց այն մուտքով, որով դերասաններն ու աշխատակազմն են մտնում։ Նրանք լսում են բեմի եւ հետնաբեմի մասին հենց բեմին նստած։
Մեկ այլ գործող անձ էլ լույսերն են։ Դրանք, ինչպես վարագույրը, նոր շունչ են տալիս կամ սպանում են արտիստին, կառավարում են նրան՝ միանալով կամ անջատվելով։ Ներկայացումը լուսային շուրջ 60 տարբեր ձեւավորումներով տեսարաններ ունի։
Եվ բացի գլխավոր հերոսից, թերեւս միակ գործող անձն, ով իրապես դերասան է, երգչուհին է։ Լյուսիեն Լյուկը նվագակցում է նրան, թեեւ կարծում է, որ ինքն ավելի բազմաշնորհ է եւ ավելի արժանի գնահատանքի։ Երգչուհուն մարմնավորում է Անահիտ Մանուկյանը։ Դերասանուհու ձայնը լսում ենք միայն ձայնագրությունների միջոցով։ Միայն մեկ անգամ է նա իրապես խոսում՝ դրանով տարբերակելով՝ այն, ինչ տեսնում ենք, երեւակայությո՞ւն է, թե՞ իրականություն։ Երգչուհին հանդիսատեսին մոտ չի գալիս, պահպանում է իր մոգականությունը։
Սա իր եւ Լյուկի տարբերություններից մեկն էր։ Ինքը մնում էր մոգական, իսկ Լյուկը միշտ մոտ էր հանդիսատեսին։ Գուցե, դրանով էլ կորցրել էր իր հետաքրքրությունը հանդիսատեսի համար։ Թեպետ երգչուհին է ներկայացվում որպես հակահերոս, իրական մեղավորը հանդիսատեսն է։ Չէ՞ որ, նման հանգամանքներ հաշվի առնելով, ի վերջո, հանդիսատեսն է որոշում՝ ում ծափահարել եւ ում պահել ուշադրության կենտրոնում։ Իսկ եթե նրանք ճանաչեին Լյուկին, գուցե ներկայացումն այլ ընթացք ունենար։
Թատրոնը՝ ներսից
«Լյուսիեն Լյուկն այն մարդկանց մասին է, որոնց մասին ենթագրերում գրվում է «եւ այլք»»,- ասում է ռեժիսորը։
Այս ներկայացման ժամանակ էլ ամենաշատ ծափահարությունները ստանում է գլխավոր դերակատարը։ Գրեթե ոչ ոք չի մտածում, թե հետնաբեմում ինչ հսկայական աշխատանք են իրականացրել մարդիկ. մարդիկ, ովքեր ձայնային, լուսային վահանակի մոտ են, դերասանը, ով խաղացնում էր Լյուկի կերպարով տիկնիկը, դերասանը, ով օթյակում էր խաղում Լյուկի փոխարեն, եւ այլք։ Մարդիկ հաճախ ծափահարում են ներկայացման վերջում խոնարհվող ռեժիսորին առանց իմանալու, թե ով է նա։ Ինչ-որ առումով սա բնական է, սակայն ստեղծագործողի համար դա ընդունելը բարդ է։ Սա է թատրոնի ներքին խոհանոցը։
Ցուցադրություններից մեկից հետո ռեժիսորին է մոտեցել բեմական գործունեությամբ չզբաղված ծանոթներից մեկը, խոսել իր եւ Լյուկի նմանության մասին, երբ իրեն հեռացրել են աշխատանքից՝ անարդար կերպով իր աշխատանքը չնկատելով։ Թվում է՝ պիեսը միայն արտիստների կյանքին է վերաբերում, սակայն խնդիրը բնորոշ է բոլոր ոլորտներին։
Գոռ Մարգարյանն ասում է, որ ոչ միայն այս, այլեւ իր բոլոր ներկայացումներում «ինքը ներկա է»։ «Լյուսիեն Լյուկի» դեքում ինքը ե՛ւ նվագակցողն է, ե՛ւ երգիչը։ Չի կարող ամբողջապես մեկանալ մի կերպարին, որովհետեւ ստեղծագործողին այս երկու պարագաներն էլ ծանոթ են։ Կյանքի տարբեր փուլերում ինքն էլ ունենում է նույն ասելիքը, ինչ ներկայացման հերոսները։
Հանդիսատեսը նույնիսկ ժեստային ընդհանրություններ է նկատում ռեժիսորի եւ դերասանի միջեւ։ Գոռ Մարգարյանը դա համարում է ե՛ւ ռեժիսորի, ե՛ւ դերասանի համար ստացված աշխատանք. «Յուրաքանչյուր դերասան պետք է «դուրս գա» իր հետ աշխատող ռեժիսորից։ Ամեն անգամ նոր ռեժիսորի հետ աշխատելով, նոր խնդիր կատարելով՝ ստացվում է՝ դու ամեն անգամ տարբեր ես։ Եթե որեւէ բանով երբեմն նմանվում ենք, չնայած՝ ես շատ լուրջ նմանություններ չեմ տեսնում, կարծում եմ՝ դերասանի մասնագիտական խորամանկությունն է, ինչը ողջունում եմ»։
«Լյուսիեն Լյուկը» ռեժիսորը տարիներ առաջ էլ է բեմադրել՝ այլ վայրում, այլ դերասանների հետ, այլ մոտեցմամբ եւ այլ լուծումներով։ Դեռ այդ ժամանակ ներկայացումը մեծ հաջողություն է բերել նրան։ Նախատեսվածից երկու անգամ շատ հանդիսատես էին ունենում։ Բոլոր հնարավոր տեղերում, որտեղ կարելի էր նստել, մարդիկ էին։
«Կան ստեղծագործություններ, որոնք անվանում եմ դեռ չերգված երգեր։ Այն ներկայացումները, որոնք բեմադրվել են, երբ ես «թափառող» ռեժիսոր էի, բեմադրություններ էի անում տարբեր թատրոններում՝ որպես հրավիրյալ ռեժիսոր, երկար կյանք չէին ունենում։ Թատրոնի տարածքը տրամադրեց, որ բեմադրեմ «Լյուսիեն Լյուկը» նոր վիզուալիզացիայով, նոր արտահայտչամիջոցներով»,- ասում է Գոռ Մարգարյանը։
Երկրորդ ռեժիսոր Գեւորգ Մարգարյանն առանձնացնում է երգչուհուն խեղդելու տեսարանը, որտեղ որոշել են, որ իրական պատկեր ցույց չեն տալու։ Միեւնույն է՝ մարդիկ գիտեն, որ հնարավոր չէ ներկայացման ընթացքում իրական մարդ սպանել, հանդիսատեսը չի հավատալու։ Փոխարենը նվագակցողը կանգնում է բեմին, աղջիկը՝ հեռու՝ օթյակում։ Իրարից հեռու խաղում են խեղդելու տեսարանը։ Մարդկանց այս մատուցումը ավելի է հետաքրքրում, քան կեղծ պատկերը։
Ներկայացման պիեսավորումը որոշ տարբերություններ ունի նաեւ բնագրից։ Օրինակ՝ բնագրում երգիչը աղջիկ չէ։ Ռեժիսորն ավելացրել է աղջկա եւ նվագակցողի հարաբերությունները՝ սյուժետային գիծը սրելու, համեմունքներ հաղորդելու համար։ Ստեղծագործության վերջաբանն ու հանգուցալուծումը եւս այլ են։
Սա Գոռ Մարգարյանի ամենասիրելի ներկայացումներից մեկն է։ Անկեղծանում է, որ ինքը փոքր երեխայի նման փակում է աչքերը, երբ ինչ-որ տեսարան թերի է թվում, մինչեւ գտնի լուծումը։ Եթե հանձնել է ներկայացումը հանդիսատեսի դատին, արդեն նայել է ներկայացումը բաց աչքերով։
Պետք էլ չէ նկատել ամեն ինչ. հետաքրքիր է այն, ինչում գաղտնիք կա։ Չնայած դրան՝ որոշ գաղտնիքներ արժե բացահայտել։
Հայկուհի Ղուլյան
Լուսանկարները՝ Աշտարակի դրամատիկական թատրոնի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: