«Հայրենիք»՝ հենց այսպես է կոչվում հանգստյան օրերին «Վատ թատրոն»-ում հանդիսատեսի դատին հանձված նոր ներկայացումը։ Հայրենիքը, նույն ինքը՝ բազմաչարչար ու դարերի խորքից եկած, իմաստուն, բայց եւ հոգնած ու մի քիչ կատաղի Հայաստանը, ներկայանում է կնոջ տեսքով։ Նրա ընտանիքում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, երկու դուստրերը՝ մեկն իրեն հավատքին նվիրած ու բոլորին հաշտեցնել փորձող, մյուսը սայլակին գամված ու ամեն ինչից դժգոհ, եւ որդին՝ ընտանիքի լույսն ու հույսը, որը մեծ ոգեւորությամբ մեկնում է սահման ծառայության, նրա անհանգստությունների, սիրո ու վախերի հիմնական պատճառն են:
Ներկայացման մեջ արտացոլվել են մեկդարյա կտրվածքով Հայաստանի հետ տեղի ունեցած շատ դժբախտություններ եւ արհավիրքներ՝ Ցեղասպանությունն ու երկրաշարժը, Արցախյան առաջին պատերազմն ու երկրի հայաթափումը: Հայաստանի անկախության հռչակագրի ընթերցմամբ ու դրոշի վեր խոյանալով սկսված «Հայրենիքն» այդպես էլ ավարտվում է՝ այն նորից ծածանվում է ու ապագայի հույս ներշնչում:
Ներկայացման պիեսի հեղինակ, բեմադրիչ Միքայել Աթասունցը ընտանիքի օրինակով ցույց է տվել մերօրյա Հայաստանը՝ պառակտված ու անհաշտ, անառողջ հասարակության դժգոհություններն ու անմիաբանությունը, հավատին միայն առերես նվիրվելն ու ամենակարեւորը՝ զինվորներին, որոնց շնորհիվ մեր սահմաններն ամուր են:
BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ պատահական չի ընտրել ընտանիքի օրինակը, քանի որ պետության ամրապնդման ու առողջացման գործում կարեւոր է ամեն մի առանձին ընտանիքի կայացած լինելը։
«Երբ հավատը մարդու մեջ ուժեղ է ու նա եկեղեցի միայն մոմ վառելու համար չի գնում, հասարակությունն առողջ է, կիրթ, գրագետ ու պինդ, զինվորը սահմանին կայուն կանգնած է, պետությունը չի կարող ուժեղ չլինել։ Ներկայացման մեջ նրանց բոլորի գլխին կանգնած է Հայաստանը՝ մի քիչ հակասական, տարօրինակ ու խենթ։ Իրականում հենց այսպիսին ենք նաեւ մենք, սիրում ենք ընկնել անցյալի գիրկն ու շեղվել ներկայից»,- ասել է նա։
«Հայրենիք»-ի առանցքային կերպարներն են նաեւ երկու աղետները՝ ներքին խելագարությունները եւ արտաքին վտանգները, որոնք մայր Հայաստանին անդադար ուղեկցում են։ Ռեժիսորը նրանց պատահական չի ընտրել, քանի որ դրանք դարեր շարունակ թափվում եմ երկրի գլխին:
Ներկայացման ստեղծման ընթացքը մոտ մեկ տարի է տեւել. նախ դերասանները հասցրել են իրենց կերպարներն ամբողջությամբ զգալ, բացի այդ էլ, պիեսը բավական փոփոխությունների է ենթարկվել՝ Արցախի հայաթափումից հետո որոշ տեսարաններ ու դրվագներ ստիպված են եղել կրճատել:
«Արվեստի յուրաքանչյուր գործիչ, առհասարակ, ցանկացած մարդ իր ասելիքը պետք է աշխատանքով արտահայտի, ոչ թե սահմանափակվի ֆեսյբուքյան գրառմամբ։ Ինձ համար այս թեմային անդրադառնալը կարեւոր էր. պետք է հայրենիքի մասին լայն զանգվածների մոտ խոսել։ Հուսամ՝ ներկայացումն ունակ կլինի հանդիսատեսին ստիպել մտածել մեր բացերի մասին եւ լուծումներ գտնել, որովհետեւ ամեն ինչ մեր ձեռքերում է։ «Հայրենիք»-ում զենքն օգտագործում ենք որպես այլաբանություն, բայց ինքներս պետք է քայլ անենք, ու մեր երկրի համար ամեն ինչ բարեհաջող կլինի: Ներկայացման ավարտը լավատեսական է»։
Ներկայացումն ավելի տպավորիչ ու գեղեցիկ է դարձել Ռեւմալ Եդիգարովի զգեստների ու բեմական նկարչության, ազդեցիկ ու հուզիչ՝ «Հող»-ի երաժշտության շնորհիվ։
Աթասունցը խոստովանում է, որ Հայաստանի դերում Արաքսյա Մելիքյանին միանգամից է ընտրել, ներկայացման մեջ հիմնականում ներգրավված են Վահե Շահվերդյանի սաները, որոնք միասին հեշտ են լեզու գտնում ու համագործակցում։ Տարվա «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի արժանացած Մելիքյանի համար շատ պատասխանատու է եղել այս դերը ստանձնելը։
«Չէի ուզում խաղալ, բայց Միքայելն առաջարկեց փորձել ու տեսնել, թե ինչ կստացվի։ Երկար ժամանակ ինքս ինձ հարցեր եմ տվել. մեկ տարին քիչ ժամանակ չէ, այդ կինը զուգահեռ ապրել է հետս։ Վախենալով եմ կերպարին մոտեցել, ընթացքում մի քանի պրեմիերա եմ ունեցել, բայց սրա անվան տակ ստորագրելն էր բարդ, քանի որ անգամ աննշան վրիպելու իրավունք չունեի։ Ինձ թվում է՝ սրանից արդի ներկայացում չի կարող լինել, բեմում այն ամենն է, ինչ կատարվում է մեր կյանքում։ Հեղինակն անգամ ավելի դաժան էր ներկայացնում հասարակությանը, մեր կանացի էներգիայով այն հնարավորինս մեղմել ենք։ Շատ եմ ուզում «Հայրենիքը» հատկապես երիտասարդները նայեն ու մի քիչ մտածեն. վերջերս կորցրել ենք մտածելու ունակությունը»,- շեշտել է Մելիքյանը։
Դերասանուհին կարծում է, որ անհրաժեշտ է որպես ազգ ավելի լայնախոհ ու դիվանագետ դառնալ, առաջադեմ լինել եւ ժամանակին համահունչ քայլել. «Երբ միասնական դառնանք, այդ ժամանակ Հայաստանն էլ ուրիշ կլինի։ Մի բան սխալ է, ու հենց դա ենք փորձում հասկանալ։ Ինձ համար ամենակարեւորը «Թուրքը թուրք է մնում, ընկերություն արա, բայց զենքը ձեռքիցդ երբեք վայր մի գցիր» տեքստն է։ Նրանք մեր երեսին ժպտում են, բայց գլխից կրակում։ Նաեւ չպետք է մոռանանք մեր 18 տարեկաններին, որոնք տագնապի պահին ամեն ինչ թողնում են ու գնում հայրենիքը պաշտպանելու, հենց նրանք են մեր ուժը»։
Տաթեւ Թարյանի առաջնային խնդիրն է եղել ցույց տալ բոլոր այն վատ կողմերը, որոնք առկա են մեր հասարակության մեջ։ Սակայն դա անելուց առաջ որպես դերասանուհի, ինչպես իր բոլոր կերպարներին, հասարակությանն էլ փորձել է արդարացնել։
«Հետ ենք գնացել անցյալ ու ցույց տվել, թե թուրքն ինչպես է վարվել նրա նախնիների հետ, դրա համար էլ այդքան չարացել է։ Մեր երկրի ու մեզ համար միակ լուծումը սեփական սխալները գիտակցելն ու ապաքինվելն է։ Ամենաբարդ բանը ինքներս մեզ խոստովանելն ու մեզ հետ անկեղծ լինելն է, բայց եթե կարողացանք, դիմացինի հետ էլ այդպիսին կլինենք»,- նշել է Թարյանը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: