×


«Սիրուն, անհարմար ու անտանելի». հետաքրքիր դրվագներ՝ Դրամատիկականի «Համլետ»-ի պրեմիերայից

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ «Համլետ»-ի առաջնախաղն էր: Երրորդ անգամ է, որ բեմադրվում է «Համլետ», սակայն այս բեմադրությունն առանձնանում է մյուս երկուսից ռեժիսորական լուծումներով։ Ներկայացումն այնքան թեթեւ չէր, որքան զուգակցվող ջազի ռիթմերն էին, այն միջին ծանրության էր՝ ինչպես «Guns N’ Roses» ռոք խմբի «Dust N’ Bones» երգը։

Պրեմիերայի հյուրերից Սոֆի Դեւոյանը նկատեց՝ Շեքսպիրին բոլորն են սիրում։

       - «Համլետն» ինձ համար կարծես շախմատ լինի՝ ժամանակից դուրս է, միշտ կարելի է բեմադրել ու նորովի ներկայացնել։

Գիլդերնշտերնի կերպարը, որ մարմնավորում էր Վահագն Սամվելյանը, խաղարկային ու արթնացնող էր։ Քաշում էր Համլետի ձեռքից, տանում մի կողմ ու արագ-արագ կարեւոր բաների մասին գոռում։ Եթե մարդը ցնորության մեջ է, նրան ուշքի բերելու կամ մտքերն ավելի հստակեցնելու համար թեկուզ գոռալ է պետք։


       - Շեքսպիրը բոլոր ժամանակներում արդիական եղել է եւ կլինի,-  մեզ հետ զրույցում նշեց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը,- շատ դարեր կանցնեն, բայց Շեքսպիրը կմնա արդիական, որովհետեւ Շեքսպիրը մարդու մասին է։

Ներկայացումը երկու արարից էր բաղկացած․ առաջինում, կարծես, ծանոթանում ենք կերպարների եւ ստեղծված իրադրության հետ, իսկ երկրորդում ավելի ընդգծված կերպով ենք ընկալում կերպարների ողջ էությունը։ Համլետը խոսում է անհարմար բաների մասին, որոնք, սովորաբար, չենք բարձրաձայնի անգամ, իսկ մտքեր ունենալու դեպքում էլ մեզ ներքուստ ամոթանք կտանք։ Իսկ Համլետը խոսում է պարզ, առանց ենթատեքստերի եւ շատ հանգիստ տոնով. «Այսօր չմտնես անկողին, վաղն ավելի հեշտ կլինի»,- ասում է թագուհուն։

Ինչո՞ւ է Լիդիան Համլետի դերում․ բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն այս հարցին ունի մեկ պարզ պատասխան՝ Համլետը գաղափար է, ոչ թե մարդ, եւ սեռ չի ճանաչում։


       - Համլետի դերակատարը պիտի ունենա որոշակի հատկություններ։ Պիտի լինի ծայրահեղ անանձնական, էգոյի կատարյալ բացակայությամբ։ Դերասանն այնպիսին է, որ մտածում է՝ ամբողջ աշխարհն իր շուրջ է պտտվում։ Համլետի դերակատարը պիտի այլ կյանքով ապրի, պիտի լինի ծայրահեղական, անհարմար, սիրուն, կոկիկ, կիրթ, դաստիարակված եւ անտանելի։ Ես այս ամենը տեսել եմ Լիդիայի մեջ։ Էպատաժի կամ աղմուկ բարձրացնելու միտք չեմ ունեցել, պարզապես փնտրում էի այդ կերպարը։

Բրիտանական շարադրանքը համեմվելու կարիք ուներ եւ բեմադրող ռեժիսորը նախընտրել էր արեւելյան գրականության գործերից մեկը՝ Համլետի պիեսի բեմադրության համար։ Երկրորդ արարը սկսում է Յուկիո Միսիմայի «Հայրենասիրություն» ստեղծագործությամբ։ Այս ստեղծագործությունն ընտրվել է մեզ ժամանակային առումով ավելի մոտ լինելու պատճառով։

       - Յուկիո Միսիման 20-րդ դարի նշանավոր գրողներից մեկն է, որին ներկայիս երիտասարդությունը, ուսանողները եւ ընթերցասերները քիչ թե շատ ծանոթ են։ Բնօրինակում Համլետը բեմադրում է «Գոնզագոյի սպանությունը» պիեսը, որը ծանոթ էր այն ժամանակվա հանդիսատեսին, իսկ հիմա քչերը գիտեն այդ ստեղծագործության մասին։


Կլավդիոսի դերում Գագիկ Մկրտչյանն է։ Վառ եսամոլություն արտահայտող կերպար է։

       - Կարեւոր է, որ ռեժիսորը լավ ճանաչի դերասաններին ու ճիշտ խնդիրներ տա։ Շատերն այն կարծիքին են, որ ես այս կերպարը չեմ խաղում։ Իհարկե, այդ սահմանը՝ բեմ ու կյանք, փորձում եմ այնպես հմուտ տանել, որ ամեն կերպար չփորձեմ խաղալ, այլ՝ զգալ, դառնալ այդ մարդը։


Կնոջը՝ Լիդիա Գրիգորյանին, Համլետի կերպարում տեսնելն այդքան էլ խորթ չի եղել, ասում է՝ ներկայացմանը պատրաստվելու ընթացքն է մի քիչ բարդ եղել, ոչ թե նրա համար, որ թվացյալ տղամարդու դեր պիտի խաղա, այլ՝ հույզերի, մտքերի ու պատասխանատվության առումով:

       - Ես որոշ ժամանակ ուղղակի իրեն հանգիստ էի թողել, որ պատրաստվի այս լուրջ ներկայացմանը։ Այդ ժամանակը նաեւ օգտագործեցի ես, քանի որ իմ կերպարն էլ լուրջ ու աշխատատար է: Երկուսս միասին օգտագործեցինք ժամանակը հօգուտ մեզ, թվացյալ մի քիչ հեռու, բայց միաժամանակ շատ մոտիկ՝ մեկս մյուսին օգնելով։


Միշտ չէ, որ պետք է մանրուքներին ուշադրություն դարձնել, եթե այդպես լիներ, Համլետը մինչեւ վերջ էլ չէր լուծի հոր վրեժը, որովհետեւ հիվանդագին երկյուղից առաջացած քաղցկեղը կուտեր միտքը, իսկ եթե բարեպաշտության հետեւից ընկներ, ապա շատ սխալներ կգործեր․ ամեն բան կախված է կարեւորելուց, իսկ մնացյալը լռություն է։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW