Երեւանում հուլիսի 7-ից 14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային այս դետալն այսուհետ կկրի լրացուցիչ իմաստավորում։
«Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինեն արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» հավաքածուն։
«Կարմիր գորգի չեղարկումն ունի մի քանի պատճառ, օրինակ՝ տարիների ընթացքում արմատացած կարմիր գորգի հետ ասոցացվող էլիտիստականությունը, որը հակասում է փառատոնի հակաէլիտիստական բովանդակությանը, մյուսը՝ հաշվի առնելով հայկական գորգագործական հարուստ ավանդույթները եւ ժամանակակից տաղանդաշատ դիզայներների ու նկարիչների ներուժը, շատ ավելի իմաստավորված ու հմայիչ կլինի, եթե փառատոնային պաստառի նման, յուրաքանչյուր տարի լինի հատուկ գորգ՝ ստեղծված ժամանակակից տեսողական լուծումներով եւ գործված ավանդական տնայնագործ կանանց կողմից»,- նշում է փառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Փառատոնի այս փոփոխությանն ընդառաջ ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ AHA Collective հետ համատեղ կազմակերպել է Դավիդ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների ցուցադրություն, որը համադրել է Նայիրի Խաչատուրեանը։
«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ ցուցադրությունը պատմում է հայկական գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական եւ բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են հայկական վանքերի եւ ժայռերի անսպասելի ու տպավորիչ վայրերում։ Ցուցադրությունը կգործի մինչեւ օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: