×


«Խոսքի մեջ»․ «Այլ կերպ»-ի հեղինակները սեղանի նոր խաղ են ստեղծել մեծերի համար

«ԱյլԿերպ» ընկերությունը որոշել է վերադառնալ մեծերի համար խաղեր ստեղծելու գաղափարին, հատկապես որ վերջին տարիներին ավելի ճանաչելի էր իր մանկական նախագծերով։ «Խոսքի մեջ» ժամանցային ինտելեկտուալ խաղը եկել է կրկնելու «Այլ կերպ», «Զիլ Զառ» եւ պահանջված մյուս խաղերի հաջողությունը, հատկապես որ, ստեղծված է առավել մատչելի ու պարզ ձեւաչափով։

Խաղի շնորհանդեսը ընկերական ջերմ մթնոլորտում էր՝ խորտիկների եւ գինու հյուրասիրությամբ, անակնկալներով ու նվերներով։ Սկզբում ընկերության հիմնադիրները ներկայացրին իրենց նոր նախագիծը, ապա հյուրերը հնարավորություն ունեին թիմերի բաժանվելու եւ տեղում խաղալու «Խոսքի մեջը»։ Ամեն ինչ շատ պարզ է՝ նոր խաղի տուփում 90 քարտ է, որոնք երկկողմանի են. մի կողմում գրված է հարցը, մյուս կողմում՝ պահանջը։ Օրինակ՝ հարցը՝ «ճամպրուկում ինչ-որ բան», պահանջը՝ «Դ-ով սկսվող» կամ «Գիտնականի անուն», «որի մեջ Ն չկա» եւ այլն։ Ամենաարագ պատասխանող մասնակիցը քարտը վերցնում է իրեն, եւ վերջում հաղթում է նա, ով ամենաշատ քարտերը/միավորներն ունի։


«Ամենաբարդն, իհարկե, բովանդակությունը կազմելն էր, քանի որ բոլոր հարցերն 90 անգամ փորձարկել ենք այբուբենի բոլոր տառերով, որպեսզի անպայման պատասխաններ լինեն: Ի վերջո, հաջողվեց ստանալ խաղ, որը դինամիկ է, արագ, հետաքրքիր ու շատ ավելի թեթեւ տրամադրությամբ։ Ի սկզբանե նպատակ ենք ունեցել ստեղծել այնպիսի խաղեր, որոնք ավելի զվարճալի ու բովանդակային կդարձնեն մարդկանց ժամանցը, կհամախմբեն ու ամենակարեւորը՝ կլինեն հայերեն, չէ՞ որ լեզուն կենդանի օրգանիզմ է, պիտի կիրառել, որ չմոռացվի, պահպանվի»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «ԱյլԿերպ»-ի համահիմնադիր Էլինա Մելիքյանը։


Խաղի թեմաները շատ տարբեր են՝ գիտելիքայինինց մինչեւ առօրյա հարցեր, եւ սա նույնպես հետաքրքիր, բազմաբովանդակ ու գրավիչ է դարձնում խաղի ընթացքը․ «Փորձում ենք այնպես անել, որ անպայման ուսուցողական բաղադրիչ ունենա խաղը, բայց չլինի ձանձրացնող, դասընթացի չնմանվի։ «Խոսքի մեջը» մեր ստեղծած խաղերից ամենաթեթեւն է, քանի որ ուրիշ ոչինչ չի պահանջվում՝ քարտերից բացի։ Դրանք կարող ես քեզ հետ վերցնել ամենուր եւ խաղալ երկուսից ավելի մասնակիցներով: Նախատեսված է 16-ից բարձր տարիքի մարդկանց համար, բայց կարծում ենք՝ 14, 15 տարեկաններն էլ հեշտությամբ կկարողանան խաղալ»,- ասաց ընկերության համահիմնադիր Անահիտ Հակոբյանը։


«ԱյլԿերպ»-ի խաղերը մշտապես աչքի են ընկել տարբերվող ու մինիմալիստական դիզայնով, որն էլ տարիներ շարունակ գրավում է մեծ ու փոքր հաճախորդներին։ Հեղինակը գրաֆիկ դիզայներ, ընկերության համահիմնադիր Սոֆյա Խաչատրյանն է: Նա խոստովանում է՝ սկզբում շատերը թերահավատորեն էին մոտենում իրենց ոճին, ասում էին՝ պետք է ավելի վառ գույներով ու նկարներով լինի, որ գրավի, բայց իրենց դիզայնը սիրվեց ու մեծաքանակ վաճառք ապահովեց տարիներ շարունակ:


«Մարդիկ հոգնել էին վառվռուն ու խառնաշփոթ հիշեցնող վիզուալներից, եւ մեր ընկերությունը եկավ նոր խոսք ասելու։ Երբ դեռ նոր էինք սկսում՝ 2014 թվականին, շուկայում միայն օտարալեզու արտասահմանյան խաղեր էին։ Մեզ համար շատ կարեւոր էր ունենալ հայկականը՝ ուրույն ոճով ու համապատասխան բովանդակությամբ։ Իհարկե, դիզայնը նախագծելիս նախ ուսումնասիրում եմ համաշխարհային շուկան, ծանոթանում եմ միտումներին, որպեսզի լավագույն փորձը ներդնենք»,- ընդգծեց Սոֆյան։


«Խոսքի մեջն» արդեն վաճառքում է։ Խաղերը հասանելի են ինչպես բոլոր գրախանութներում, այնպես էլ ընկերության պաշտոնական կայքում։ Կայքից պատվիրելու դեպքում առաքումը կլինի անվճար։ Խաղի գինը ֆիքսված է՝ 4900 դրամ։ Հեղինակները վստահ են, որ այն նոր ընկեր կդառնա բոլոր մեծ ու փոքր հավաքների ժամանակ եւ կօգնի օրը դարձնել առավել զվարճալի, գունեղ ու հետաքրքիր։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Impact Hub Yerevan-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW