×


«... իսկ դրսում ձյուն է գալիս». Համազգայինի ամառային, ռիթմիկ ու իտալական նոր կատակերգությունը

Մինչ Իտալիայի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ապարդյուն ջանքեր էր գործադրում պայքարը մրցաշարում շարունակելու համար. արդյունքում գործող չեմպիոնները զիջեցին, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում իտալական կատակերգություն էր։

Ոչ ամառային անվանմամբ «... իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացումը բնավ էլ տարվա եղանակի մասին չէ, այլ՝ հոգեվիճակի. երբ աուտիզմ կամ պարանոյա (հիվանդության մասին բժիշկները միասնական որոշում չունեն) ունեցող Չիկո Ռիգին ուրախանում է, հենց այդպես է բացականչում։

Նրա ընտանիքը բարդ ժամանակներ է ապրում. մայրը ծանր հիվանդությունից վերջերս է մահացել ու կտակում հրահանգել, որ 3 որդիները ժառանգություն կստանան միայն այն դեպքում, եթե միասին ապրեն։ Հենց այդ հանգամանքն էլ ստիպել է 18 տարեկանում տնից հեռացած երաժիշտ Էնցոյին (Ստեփան Ղամբարյան) վերադառնալ Նեապոլում գտնվող իր տուն, որտեղ ապրում են եղբայրները՝ Ստեֆանոն (Արման Նավասարդյան) եւ Չիկոն (Վարշամ Գեւորգյան)։


Էնցոն զարմացած ականատես է լինում եղբայրների կյանքին, թե ինչպես է Ստեֆանոն կատարում Չիկոյի բոլոր քմահաճույքներն ու պահանջները, անդադար նրա համար կարտոֆիլի խյուս պատրաստում, մասնակցում նրա բազմատեսակ ու երբեք չդադարող խաղերին։ Ռիգիների տունը յուրահատուկ խաղահրապարակ է, որտեղ Չիկոն ոստիկան է, հրշեջ, պիցցա պատրաստող, մրցավար, աճպարար Դեւիդ Կոպերֆիլդ… Եվ այդ ամենը համեմված է իտալական հումորով, որը հայերեն է թարգմանել Վահե Գեւորգյանը։

Էնցոյի միակ ցանկությունը կտակը ստանալը, իր պարտքերը մարելն ու Սան Ռեմոյի փառատոնի համար երգ գրելն է, բայց այդ ամենը՝ տնից հեռու: Իսկ ահա արժութային շուկայի գործակալ Ստեֆանոն պատրաստվում է ամուսնանալ իր սիրեցյալ Նորայի հետ, որի հետ անգամ հեռախոսով զրուցել չի կարող՝ զոքանչն է արգելում, եւ որի համար ռոմանտիկ նամակներ է թելադրում։ Բայց Չիկոն նրա աչքերը բացում ու բացահայտում է, որ Նորան իրականում մարմնավաճառ է։ Եղբայրները տարբեր խոչընդոտներ են ստիպված լինում հաղթահարել, համակերպվում Չիկոյին հոգեբուժարան տանելու մտքի հետ, բայց վերջաբանում ամեն ինչ անսպասելի հանգուցալուծում է ստանում։


Ներկայացման բեմադրիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը BRAVO.am-ին խոստովանել է, որ Վահե Գեւորգյանն ինքն է որոշել թարգմանել իտալացի հայտնի դրամատուրգ Վինչենցո Սալեմմեի պիեսն ու այն առաջարկել Համազգային թատրոնին։ Սկզբում ուրիշ ռեժիսորի է հանձնարարվել այն բեմադրել, բայց վերջինս հրաժարվել է, ու ներկայացումն անելու պարտականությունը ստանձնել է Հակոբյանը։  

«Նման մտադրություն չունեի, քանի որ շատ զբաղված էի ու ծանոթ էլ չէի գործին, բայց համոզեցին։ Այն միանգամից կպավ սրտիս, պարզվեց՝ իմ երազելի պիեսներից ու սիրելի խաղաոճերից է։ Լրիվ տունտունիկ է. ինչպես են երեխաները խաղում, այդպես էլ հեղինակի մտահղացման մեջ է։ Դերաբաշխում արեցինք, բայց հետո ամեն ինչ շատ ծանր ընթացք ունեցավ, քանի որ անընդհատ խանգարող հանգամանքներ էին լինում՝ Արմանը մեկ ամսով գնաց ծառայության, դերասանների հարազատներից մահվան դեպքեր եղան, բեմ չունեինք ու միայն գիշերն էին տրամադրում, մինչեւ ժամը 3-ն աշխատում էինք: Նյարդային վիճակ էր, բայց մի 20 օրում կարողացանք ամեն ինչ ամբողջացնել ու ավարտին հասցնել»,-անկեղծացել է նա։


Դավիթ Հակոբյանը նշել է, որ անգամ չեն կարողացել վերջնական փորձ անել ու առաջին անգամ ամբողջական ներկայացումը խաղացել են պրեմիերային՝ նույնիսկ չիմանալով, թե տեւողությունը որքան կլինի։ Նա ուրախ է, որ ամեն ինչ ստացվել է ու այն վերջապես հանձնել են հանդիսատեսի դատին։

«Դավիթ Մինասյանից հրաշալի ձեւավորում նվեր ստացանք: Հենց առաջին օրվանից իրար հասկացանք ու հետաքրքիր արդյունք ունեցանք։ Դերակատարներս շշմելու էին, ես չպիտի նոտարին մարմնավորեի, բայց ասացին. «Դու էլ խաղա»։ Ամբողջ խումբն է հրաշալի աշխատել՝ դերասանները, տեխնիկական ու սպասարկող կազմը։ Վաղուց այս տեսակ ռիթմիկ ու դինամիկ ներկայացում Համազգային թատրոնում չէինք արել»,- ավելացրել է ռեժիսոր-դերասանը։


Վարշամ Գեւորգյանը վաղուց գլխավոր դերով պրեմիերա չէր ունեցել, թեեւ համարում է, որ եղբայրներից յուրաքանչյուրի դերակատարն էլ գլխավոր է։ Չիկոյի կերպարը նրան օգնել է իր հնարավորությունները մեկ այլ կողմով բացահայտել, այդ մասին էին փաստում նաեւ պրեմիերայից հետո շնորհավորող ընկերներն ու հանդիսատեսը։

«Ունակությունները ցույց տալու դեր է եւ խաղալու տեղ կա, բայց բոլոր կերպարների մասին էլ կարելի է նույնն ասել, ինչը պիեսի առանձնահատկությունից է. շատ շահեկան է դերասանների համար։ Տղաների հետ միշտ խաղում ենք եւ նրանց չեմ հասցնում կարոտել, պարոն Հակոբյանի հետ էլ նույն թատրոնում ենք։ Նրանց հետ մեկ բեմում լինելը հիանալի է, մեր հին ընկերական կազմն է հավաքվել, դրա համար ամեն ինչն էլ հաճելի էր։ Հատկապես ուրախալի է Դավիթ Մինասյանի վերադարձը, ով երկար տարիներ մեր թատրոնի նկարիչն է եղել եւ լավ հուշեր արթնացրեց։ Կարեւորը՝ պրոֆեսիոնալ բեմանկարիչ ունեցանք, ինչը նույնպես արդյունք է ապահովել»,- շեշտել է Չիկոյի դերակատարը։


Արման Նավասարդյանն էլ փաստում է, որ ներկայացումը շատ արագ են ստացել, չնայած խանգարող հանգամանքներին՝ կարողացել բարեհաջող ավարտին հասցնել: «Բայց մի քանի կարեւոր բան եղավ՝ շատ վաղուց Վարշամը նոր ներկայացմամբ բեմ դուրս չէր եկել, ես ու Ստեփանն էլ նոր գործ չէինք ունեցել։ Մեզ հետ էին նաեւ Դավիթ Հակոբյանն ու Դավիթ Մինասյանը, բոլորս էլ ընկերներ ենք ու պրոֆեսիոնալ առումով կարողացանք միասին լավ համագործակցել: Կյանքում իրար հանդեպ ոչ մի դավադրություն չենք անում, ինչպես եղավ ներկայացման մեջ»,- կատակով ավելացրեց նա:

Հենց ամենասկզբից պիեսը շատ է հավանել Ստեփան Ղամբարյանը, նրան հատկապես դուր է գալիս, որ բոլոր կերպարները խաղարկային են եւ օգնում են դրսեւորել իրենց դերասանական տաղանդը:


«Տեմպն ու ռիթմն արագ են, իսկապես հոգնում ենք ու շատ էներգիա ծախսում: Հանդիսատեսն այս ներկայացումը շատ կսիրի կառուցվածքի, ասելիքի եւ բովանդակության համար, կհավանեն նաեւ կատակերգության տարրերը: Ինձ համար առանձնանում է ասելիքով՝ այն ազնվության ու մարդու էգոյի մասին է, թե որքան եսասեր ու անտարբեր կարող ես լինել, եղբորդ խնդրի հետեւից չգնալ եւ չօգնել նրան: Անտարբերությունն այնքան է տարածվել ու իրական է նաեւ մեր մեջ, ներկայացումն էլ դրա մասին է, թե ինչպես են եղբայրներն իրար սիրում ու ինչպես կարող են չսիրել»,- շեշտել է դերասանը:

Ղամբարյանի խոսքով՝ մինչեւ հիմա էլ շարունակում են մտածել վերջաբանի մասին, մի քանի տարբերակ են ունեցել եւ ցանկացել այն ավարտել եղբայրների միջեւ անդադար տեղի ունեցող խաղի տրամաբանությամբ, սակայն որոշել են հավատարիմ մնալ հեղինակի դժբախտ ու դժվար լուծմանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW