×


«Երկար ժամանակ էր պետք շփումը վերականգնելու համար»․ Սոֆի Դեւոյանի անկեղծ հարցազրույցը

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարին եւ անկեղծ խոսել երկրորդ ամուսնության, տարբեր հարաբերություններում ներդաշնակություն ու խաղաղություն պահպանելու իր բանաձեւերի, աշխատանքը սիրելու եւ գեղեցկության փոփոխվող չափանիշների մասին։

Աշխատանքը սիրելու եւ երկարամյա նվիրումի մասին

Յուրաքանչյուր մարդ պարտադիր պետք է զբաղվի այն գործով, որը սիրում է։ Դա մեծ օգուտ կլինի իր երկրի ու պետության համար։ Պետք է զբաղվես այն գործով, որի նվիրյալն ես։ Ու, երեւի, դա է փրկությունը։

Զարուհի Բաբայանի հետ հարաբերությունների մասին

Որդուս կնոջը՝ Զառոչկային, երեխայիս պես սիրում եմ. իմ աղջիկն է։ Երկար տարիներ իրար հետ ենք ապրում ու, երեւի, երկուսս էլ հասկացել ենք՝ ինչպես պիտի մարդիկ ընտանիքում ապրեն, որ համերաշխություն լինի, սեր լինի։ Չեմ հիշում, որ մեր տանը վեճ լինի, չեմ պատկերացնում այդպիսի բան։

Երբ որդիս ամուսնացավ, Մարտիրոսի հետ տեղափոխվեցինք Պտղնիի մեր տունը, բայց Զարուհին ասաց՝ միասին կապրենք։ Դա նրա ցանկությունն էր, որովհետեւ շատ մեծ տուն էր, եւ մենք հասկանում էինք, որ իրար չենք խանգարելու, ընդհակառակը՝ կօգնենք միայն։ Նա խելացի աղջիկ է, շատ ճիշտ մոտեցավ հարցին։ Երբ ես տանն եմ, չեմ թողնում Զառոչկան ոչինչ անի, նրան միշտ ասում եմ՝ «Ես կանեմ, քանի դեռ կամ, ինչքան հնարավոր է՝ կօգնեմ»։ Իհարկե, ի սկզբանե մեծը պիտի խելացի լինի ու միանգամից հասկացնի երիտասարդին, որ դա իր տունն է, ու ինքն այդտեղ կարող է անել ամեն ինչ, ինչ ուզում է։ Դրա համար մենք նաեւ ընկերուհիներ ենք։ Իհարկե, բաներ կային, որ ես պիտի լուռ տանեի, բաներ կային, որ Զառան կարողացավ ճիշտ մոտեցում ցուցաբերել, երբ ես գուցե ճիշտ չէի։ Հիշում եմ՝ մենք ուղղակի մի օր նստեցինք ու ասացինք՝ «Եթե ինչ-որ բան լինի՝ չհասկանանք, արի իրար ասենք»։ Ու դա եղավ մեր առաջին ու վերջին խոսակցությունը։ Հասկացանք, որ լավ ապրելու ամենաճիշտ տարբերակն է, երբ դու քո մեջ ոչինչ չես պահում։


Առաջին ամուսնու կնոջ՝ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ ընկերությունը

Հեշտությամբ եկանք այդ հարաբերություններին. ես եմ նույնիսկ նրան առաջարկել, ասել եմ՝ «Լուիզա ջան, ամուսնացեք, երեխա կունենաք, սիրում եք իրար»։ Դուք գիտե՞ք՝ մենք ինչ լավ ընկերություն ենք անում, նաեւ՝ մեր ընտանիքներով։ Ցավոք, Գեորգի Կիմիչն այդպես շուտ գնաց կյանքից, բայց մենք, Լուիզան ու իր աղջիկը՝ Գաբին, մինչեւ հիմա իրար տուն ենք գնում-գալիս, շատ ջերմ հարաբերություններ են, ու դա շատ ճիշտ է։ Մենք գիտենք, որ նա երբեք մենակ չէ, եթե մի հարց լինի, տղաս ու մեր ամբողջ ընտանիքն իր կողքին է։ Ու չէ՞ որ դա էլ է մարդուն ուժ տալիս ապրելու։

«Որդիս ասաց՝ «Մամա ջան, ես միայն ուզում եմ՝ դու երջանիկ լինես»»

Երբ Մարտիրոսի հետ ամուսնացանք, երկար ժամանակ նրա աղջիկներն ինձ այսպես չէին ընդունում։ Ամեն ինչ արեցի, որ  դառնանք ամենամտերիմ, ամենահարազատ մարդիկ։ Ու այդպես էլ եղավ։ Հիմա նրա աղջիկներն իմ աղջիկներն են, գալիս են մեր տուն, մնում են, ես հիմա էլի թոռնիկներ ունեմ, իրենք ինձ հարազատ մարդիկ են, իմ երեխեքն են։ Բայց այդ ճանապարհը պետք է կարողանայինք անցնել։ Ժամանակ եւ համբերություն է հարկավոր դրա համար։

Իմ եւ Գեորգիի բաժանությունը որդիս էլ շատ ծանր տարավ։ Իհարկե, Կիմիչի ցանկությունը չէր, որ չշփվի ընտանիքի հետ, բայց բավական երկար ժամանակ էր պետք հարաբերությունները վերականգնելու համար։ Ամեն ինչ արեցի, որ իմ տղան նրա հետ շփվի։ Նույնիսկ ասացի՝ «Վանյա ջան, կգնա՞ս մի քիչ պապայի մոտ ապրես»։ Ու նա գնաց, միասին ապրում էին մի որոշ ժամանակ, ես արդեն Մարտիրոսի հետ էի այդ շրջանում։ Բայց մինչեւ կամուսնանայինք, մի օր իմ տղային հարցրի՝ «Վանյա ջան, օրինակ, եթե ես հանդիպեմ մեկին, ում կսիրեմ եւ կուզեմ ամուսնանալ, դու ի՞նչ կանես»։ Նա նայեց աչքերիս մեջ ու ասաց՝ «Մամա ջան, ես ուզում եմ, որ դու միայն երջանիկ լինես»։ Գիտե՞ք՝ ոնց հուզվեցի այդ պահին. նա դեռ 14 տարեկան էր։ Իսկ հետո բոլորովին դժվարություններ չեղան մի հարկի տակ ապրելիս. միանգամից ընկերներ դարձան։ Դե, Մարտիրոսը հետաքրքիր անձնավորություն է, նրա հետ ամեն ինչի մասին կարելի է խոսել։

Տարիքի հետ հաշտ լինելու եւ գեղեցկության չափանիշների մասին

Ամեն տարիք պիտի սիրով ընդունես։ Ինձ որ հարցնում են՝ քանի տարեկան եմ, ասում եմ՝ 35,5 երկու անգամ (ժպտում է,- հեղ․)։ Դու քո կերպարը հայելու մեջ պիտի սիրես, ինչպիսին ուզում է՝ լինի, որովհետեւ դրա հետ չես կարող պայքարել։ Տարին մեկ անգամ թեթեւ էսթետիկ միջամտություններ եմ անում, դիմակներ եւ այլն։ Բայց զարմանում եմ, որ այդ ամբողջը հիմա երիտասարդ աղջիկներն անում են։ Չէ՞ որ մի տարիք պիտի գա դրա համար, ինչո՞ւ այդքան շուտ անել ու փչացնել ամեն ինչ։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW