×


Մարիա Սաֆարյանց. «Կարելի է գիրք գրել, թե ինչպես ենք Կոնստանտին Օրբելյանի հետ հանդիպել ու ընտանիք կազմել»

«Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցն այս տարի վերջապես կարողացել է իրականացնել իր վաղեմի ցանկությունը: Նա փառատոնը բերել է Երեւան, ինչի մասին էլ պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում, խոսել է նաեւ իր անցած ճանապարհի, Կոնստանտին Օրբելյանի հետ ծանոթության եւ ամուսնության, Իտալիայում ձեռք բերած մեծ փորձի, ջութակը շատ սիրելու ու օվկիանոսից այն կողմն գտնվող ընտանիքին կարոտելու մասին:

- «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոնը վաղուց եք ցանկացել կազմակերպել Հայաստանում։ Ինչպե՞ս կարողացաք այն վերջապես իրականություն դարձնել։

- Ուզում էի Երեւանում համերգ կազմակերպել կամ որեւէ նախագծով հանդես գալ, բայց փոխարենն աջակիցների օգնությամբ ստացվեց փառատոնն այստեղ բերել, որի շրջանակում մեր խոնարհումը դրսեւորեցինք հայկական մշակույթին՝ «Զվարթնոց» տաճարում ցուցադրվեց «Տիգրան Մեծի մետամորֆոզները» ներկայացումը, երկրորդ համերգը Օպերայի դահլիճում նվիրված էր ռուսական մշակույթին ու երկու երկրների համատեղ կապերին, իսկ վերջինը Ֆիլարհմոնիկում էր՝ հարգանքի տուրք եվրոպական երաժշտությանը: Հրաշալի կատարողներ էին ժամանել Երեւան՝ ակորդեոնահարներ Սիմոնե Զանկինին եւ Սերգեյ Կոլեսովը, Չակյովսկու մրցույթի հաղթող, դաշնակահար Իլյա Պապոյանը, որը դեռ կոնսերվատորիան էլ չի ավարտել, բայց մեծ հայտնիություն ու տաղանդ ունի, ինչպես նաեւ ելույթ ունեցա ես: Մեզ նվագակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

- Ի՞նչ տպավորություններ ունեք համերգներից ու ի՞նչ եք ստացել հայ հանդիսատեսից։

- Համերգները լավ են անցել, քանի որ երեւանյան հանդիսատեսն արտակարգ է, շատ զգայուն ու ընկալող. յուրահատուկ կերպով էին արձագանքում կատարումներին: Երաժիշտների եւ հանդիսատեսի միջեւ էներգիաների փոխանակում է տեղի ունենում: Երբ զգում ես՝ մարդիկ անկենդան ու անհաղորդ նստած են, հետները ոչինչ չի կատարվում, դժվար է նվագել, իսկ Երեւանում լրիվ այլ էր։

Մարիա Սաֆարյանցը եւ Հասմիկ Բաբայանը


- Փառատոնն անցկացնում եք 90-ականներից, ինչո՞ւ եք անունը որոշել կապել պալատների հետ ու ինչպե՞ս եք ժամանակի ընթացքում կարողացել հաղթահարել դժվարությունները:

- 1990-ականներն իսկապես բարդ էին, Հայաստանի համար էլ ծանր էին: Մշակույթը չի կարող ապրել առանց այն պատմական իրադարձությունների, որում մենք գտնվում ենք։ Դրա համար նախ ինքներս ենք վերապրել բոլոր շարժումներն ու իրադարձությունները, ապա այդ ամենն արտացոլվել է երաժշտության մեջ: Երբ փառատոնը նոր էինք կազմակերպում, պատկերացում էլ չունեինք, թե ինչ է մենեջմենթն ու պրոդյուսինգը, պարզապես արեւմտյան բառեր էին, որոնց իրական նշանակությանը ծանոթ չէինք: Սկզբում շատ սխալներ եմ թույլ տվել ու դրանց վրա սովորել, հաշվարկներում չէի կողմնորոշվում ու, երեւի, գումարների կեսը սեփական գրպանից էի ծախսում: «Ադիդաս» հագած տարօրինակ մարդիկ էին գալիս ու գումար առաջարկում, բայց այդպիսին էին 90-ականները։ Բոլորս էլ գիտակցում էինք, որ երկրի փլուզումից ավելի սարսափելի բան չկա, բայց հաղթահարեցինք ու վերապրեցինք։ Նման փառատոն Սանկտ Պետերբուրգում չլինել չէր կարող, որովհետեւ աշխարհում ամենամեծ քանակությամբ պալատները հենց այնտեղ են՝ պաշտոնապես գրանցվածները 600-ն են: Ամեն տարի փառատոնի շրջանակում նոր պալատ ենք վերաբացում:

- Եվ ո՞ր պալատից եք սկսել փառատոնը:

- Իհարկե, Էրմիտաժից. առաջին փառատոնն ամառային էր: Արել ենք Էրմիտաժյան թատրոնի վերականգնումից հետո: Մեկնարկն ամուսինս՝ Կոնստանտին Օրբելյանն է տվել, ապա մեկնել է Մոսկվա՝ տեղի կամերային նվագախմբի հետ աշխատելու: Այդ ժամանակ որոշել էի ավարտել պայմանագիրս Իտալիայում, որտեղ կոնցերտմեյստեր էի աշխատում: Իտալիան ինձ անչափ ոգեշնչել է. այնտեղ փառատոնները սնկի պես բազմաթիվ են՝ բաց երկնքի տակ ու համերգասրահներում, պալատներում եւ տարատեսակ վայրերում:

- Մի քիչ էլ Ձեր մասին խոսենք՝ ծնվել եք ինժեներների ընտանիքում, Ձեր հայրը խորհրդային տարիներին ստեղծված մի շարք օդանավակայնների նախագծողն է։ Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել։

- «Սովետական» ծնողներից, իհարկե, հոգեւոր ու խիստ դաստիարակություն ես ստանում։ Հորս արմատները Գանձակից են, պապիկս խոշոր գործարար է եղել, իսկ մայրիկիս կողմն Աբալյաններ են՝ Հադրութից: 1926-ին հորս ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, մայրս ավելի ուշ՝ դպրոցն ավարտելու համար է միացել իր զինվորական եղբորը, որը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ հերոս եղել: Մայրս մնացել է Պետերբուրգում, ծանոթացել հայրիկիս հետ ու ընտանիք կազմել: Ընտանիքս հաղթահարել է քաղաքի շրջափակումն ու մեծ այլ փորձություններ: Լենինգրադցիներից շատերի պես, մենք էլ ապրել ենք կոմունալ բնակարանում, բայց քաղաքի պատմական կենտրոնում: Բնակվել ենք ազնվականների հետ՝ նրանց պատկանող տանը. այդ հիանալի մարդկանցից շատ բան եմ սովորել:

Մարիա Սաֆարյանցը


- Կամային ի՞նչ որակներ եք ժառանգել ծնողներից։

- Հայրս մեծ անհատականություն էր ու հետաքրքիր մարդ, իր գործում հեղինակություն էր: Նրանից աշխատասիրություն, նպատակասլացություն եմ ժառանգել, գործն ավարտին հասցնելու կամք եւ մասնագիտության նկատմամբ սուրբ վերաբերմունք: Քանի որ ընտանիքում երաժիշտ չենք ունեցել, ինքնուրույն եմ հարթել իմ ուղին: Հարազատ եղբայրս բժիշկ է, ծնողներս իրենց երեխաներին լավագույն կրթությունն են տվել, ինչն ամենակարեւորն է։ Մայրս աշխատասեր ու գեղեցիկ արցախցի կին էր, իր բարության համար նրան մեր ամբողջ բակն էր պաշտում եւ դիմում տարբեր խնդիրներով, բոլորին էլ փորձում էր օգնել։ Օրինակելի ընտանիքում եմ մեծացել, որը պահպանել է հայկական ավանդույթները, նաեւ կարողացել բարեհաջող շփվել տեղացիների հետ ու հարգալից լինել ռուսական մշակույթի նկատմամբ։

- Հայկական ավանդույթներից որո՞նք եք հատկապես պահել ու կարեւորել:

- Քանի դեռ պապս ողջ էր, տանը հայերեն էինք խոսում: Նույն շենքում էր բնակվում հորեղբորս ընտանիքը, եւ պապիկն իր 4 թոռներին պաղպաղակի գումար էր տալիս ու հայերեն գրքեր նվիրում, որ լեզուն չմոռանանք (ծիծաղում է,-հեղ.): Ապրելով Ռուսաստանում՝ այդ ամենի կարեւորությունը մանուկ հասակում չեմ գիտակցել, հիմա եմ ափսոսում, որ լեզվին լիարժեք չեմ տիրապետում: Ուզում եմ գալ Հայաստան ու խոսել հայերենով, մանավանդ այնքան գեղեցիկ լեզու է: Շատ բան հասկանում եմ, բայց խոսել չեմ կարողանում, միայն որոշ արտահայտություններ գիտեմ: Կարծում եմ՝ որոշակի ժամանակ այստեղ ապրելուց հետո կյուրացնեմ: Հաճախ մարդկանց խոսակցություններ լսելիս շատ բառեր ու արտահայտություններ են կենդանանում հիշողությանս մեջ, որոնք լսել եմ մեր տանը:

- Որքա՞ն հաճախ եք լինում Հայաստանում ու ե՞րբ էիք այցելել վերջին անգամ։

- Հայաստանում եղել եմ, երբ ամուսինս ղեկավարում էր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, այստեղ բարեկամներ էլ ունեմ, նրանց եւս այցելում եմ։ Մանուկ տարիքում ծնողներիս հետ ենք այցելել Հայաստան ու Արցախ: Վերջին անգամ Արցախում 2019 թվականին մեծ խմբով՝ մոտ 30 հոգով ենք եղել: Փառատոնի հյուրերը խնդրեցին իրենց ուղեկցել Հայաստան ու Արցախ, հիանալի 8 օր անցկացրինք: 2020-ի դեպքերի ժամանակ բոլորն էլ շատ անհանգիստ էին ու ծանր էին տանում, որովհետեւ սիրահարվել էին Արցախին ու մարդկանց ջերմությանը: Սանկտ Պետերբուրգում հայերի նկատմամբ լավ ու բարի վերաբերմունք կա, քաղաքը նաեւ լավ հայկական պատմություն ունի. բազմաթիվ գործիչներ են ներդրում ունեցել քաղաքի կառուցման գործում: Դրա համար էլ արժանացել են նրան, որ հենց կենտրոնում՝ Նեւայի 40 հասցեում, գեղեցիկ հայ առաքելական եկեղեցի կառուցվի: Այդ ամենը Լազարյանների սեփականության մի մասն է:

- Ինչպե՞ս ստացվեց, որ երաժշտությամբ սկսեցիք զբաղվել ու ծնողներն ինչպե՞ս արձագանքեցին:

- Թեեւ ծնողներս տեխնիկական մասնագիտություն ունեին, բայց հենց նրանք էլ ինձ տարել են երաժշտության։ Լավ էի երգում, բացի այդ էլ, ազնվական ծագմամբ մեր հարեւանուհին՝ Գալինա Ֆյոդորովնան, հետս շատ է զբաղվել ու ծնողներիս խորհուրդ տվել. «Մաշենկային անպայման պետք է տանել երաժշտության», նա է ինձ ամեն ինչ սովորեցրել: Երաժշտական դպրոց ընդունվելիս բոլոր երեխաները կատարում էին այն ժամանակ բավական նորաձեւ համարվող «Թող լինի միշտ արեւը», երբ ինձ հարցրին՝ ինչ կուզեմ հնչեցնել, պատասխանեցի. «Իսկ ես կերգեմ Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկը» օպերայից Լելի 3-րդ երգը» (ծիծաղում է ու կատարում մի փոքր հատված,-հեղ.), բոլորը զարմացան։ Մանկուց հարեւաններս ինձ Մարիինյան թատրոն էին տանում՝ «Մարդուկ-Ջարդուկը», «Քնած գեղեցկուհին», «Կարապի լիճն» ու բալետային այլ ներկայացումներ նայելու:  

Մարիա Սաֆարյանցը


- Իսկ ինչո՞ւ նախապատվությունը ջութակին տվեցիք:

- Ռոյալի բաժինն էի ուզում, ֆորտեպիանոն պաշտում էի, այն առանձին նվագախումբ եմ համարում, որի հնարավորություններն ահռելի են։ Երբ եկանք ընդունելության, ռոյալի բաժնում արդեն բազմաթիվ երեխաներ էին գրանցվել, իսկ ես կատարյալ լսողություն ունեի, ու ծնողներիս խորհուրդ տվեցին ջութակն ընտրել, քանի որ ցանկացողները չափազանց քիչ էին: Տնօրենն անձամբ խոստացավ չհավանելու դեպքում իմ ուզած բաժինը տեղափոխել: 6 տարեկան էի, ծնողներս ինձ համար փոքր ջութակ գնեցին, ու ամեն ինչ սկսվեց: Խորհրդային երաժշտական համակարգն այնպիսին էր, որ միեւնույն է՝ ռոյալ էլ էինք սովորում, եւ ես դասերին մեծ հաճույքով էի գնում:

- Հիշո՞ւմ եք առաջին համերգը, ի՞նչ վախեր ու անհանգստություններ ունեիք։

- Քննության ժամանակ եմ ոտքերս դողալով բեմ բարձրացել, բայց ինչ-որ պահի մի անտեսանելի ուժ ինձ առաջ հրեց: Հետո ես հասկանում, թե որքան թանկ բան է բեմը:

- Իսկ ի՞նչ է Ձեզ հետ կատարվում բեմում ու ի՞նչ եք զգում այնտեղ:

- Դերասանական ջիղն էլ բնությունից է տրվում. ամեն մեկը չէ, որ այն ունի: Պրոֆեսորս ասում էր՝ պետք է այնպես պարապել, որ բեմի վրա քեզ մարդ զգաս, ինչն իրականում ճիշտ է: Բեմ բարձրանալիս գիտես, որ հետդ ինչ-որ բան է կատարվելու, թեեւ ամեն անգամ այն տարբեր է, բայց արտիստը պետք է իմանա՝ ինչի համար է ելույթ ունենում:

- Ինչպե՞ս եք ծանոթացել Կոնստանտին Օրբելյանի հետ ու ի՞նչ տպավորություններ ունեցել առաջին հանդիպմանը։

- Ծանոթացել ենք Սանկտ Պետերբուրգում, երբ նա որպես դաշնակահար ծնողների հետ եկել էր հյուրախաղերի, իսկ ես աշխատում էի ֆիլարհմոնիկ նվագախմբում։ Որոշ ժամանակ շփվել ենք, ապա մեկնել եմ աշխատելու Իտալիայում, այդ ընթացքում նա մտածել ու իրագործել է «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոնը: Կոնստանտինն արդեն աշխատում էր Մոսկվայում, հաճախ էինք հանդիպում, աստիճանաբար ընկերությունը վերածվեց այլ հարաբերությունների, մեկնեցինք Միացյալ Նահանգներ՝ ծանոթանալու նրա ընտանիքի հետ, թեեւ մայրիկին արդեն գիտեի, ամուսնացանք, եւ 1993 թվականին ծնվեց մեր որդին։  

- Ինչպե՞ս ընկերությունը վերաճեց սիրո ու ինչպե՞ս արտահայտեցիք Ձեր զգացմունքները:

- Շատ երկար պատմություն է ու այդ մասին կարելի է գրքեր գրել, թե ինչպես են իմ ու Կոնստանտինի պես երկու էներգիաները հանդիպել եւ կառուցել իրենց հարաբերությունները (ծիծաղում է,-հեղ.)։ Թվում էր՝ շատ ընդհանրություններ ունենք՝ հասակակիցներ ենք, ընդհանուր ծանոթներ եւ ընկերներ ունենք, նա սովորել է Ջուլիարդում, ես՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, դասախոսներից ոմանք երկուսիս էլ դասավանդել են: Բոլորը մեր միությունն ընդունեցին ինչպես շատ-շատ բնական երեւույթ ու մեզ հիանալի զույգ էին համարում: Նա ԱՄՆ-ից է, ես՝ Սանկտ Պետերբուրգից, ինչը նշանակում է, որ դաստիարակության եւ սկզբունքների առումով շատ տարբեր կերպ ենք մեծացել: Նրա ընտանիքը բավական լուրջ դժվարությունների միջով է անցել, որպես փախստականներ հաստատվել օտար երկրում, իսկ ես Ռուսաստանում ապրող 3-րդ սերնդի հայ եմ: Նահանգներում շատ ավելի կարգապահ են, օրենքներին հետեւող, իսկ մեզ մոտ երեխաներին մեծացնելիս նրանց մեջ հոգի են դնում: Մոլորակի շատ տարբեր կողմերում ծնված երկու հայ ենք, որոնք կարողացել են սիրել միմյանց, ընտանիք կազմել եւ Գեւորգ անունով հրաշալի որդի ունենալ, ինչը մեծ երջանկություն է:

Մարիա Սաֆարյանցը


- Ինչո՞վ է Գեւորգը զբաղվում ու երաժշտությունն ի՞նչ տեղ ունի նրա կյանքում:

- Երաժիշտ չէ, արդեն սեփական ընտանիքն ունի: Ամուսնացել է 2021-ին, իսկ ես հարսանիքից 5 օր առաջ սարսափելի քովիդով եմ հիվանդացել, բարձր ջերմությամբ տանը պառկած մնացել եւ միակ ու սիրելի որդուս՝ Ցարսկոե Սելոյում տեղի ունեցած գեղեցիկ հարսանիքը բաց թողել: Արդեն թոռնիկ էլ ունենք, որը ծնվել է 2023-ի դեկտեմբերի 7-ին ու նվեր է իմ տարեդարձին, որը մի քանի օր անց՝ ամսի 13-ին է: Որդիս ընտանիքի հետ բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, կնոջ՝ Բետինայի հետ նույն համալսարանում են սովորել, այդ տարիներից ընկերացել են ու երկար ժամանակ միասին եղել: Երկուսն էլ նպատակասլաց ճարտարապետներ են:

- Ձեր կարծիքով, ի՞նչն է երջանիկ ընտանիքի հիմքը:

- Կարեւոր է, որ ստեղծագործական ընտանիքները միմյանց զարգացմանն ու աճին չխանգարեն, ինչը մեր դեպքում հիանալի կերպով ստացվել է: Երկուսս էլ շատ ժամանակ ենք անցկացնում ինքնաթիռներում. Կոնստանտինն աշխատել է Մոսկվայում ու Երեւանում, հիմա՝ «Նյու Յորք Սիթի Օպերայի» գլխավոր դիրիժորն է, ես էլ իմ աշխատանքն եմ իրականացնում, ելույթներ ունենում, երբեք չեմ թողել գործիքս՝ չնայած բավական հաջող զբաղվում եմ նաեւ կազմակերպչական հարցերով ու փառատոնով։ Իհարկե, հեշտ չէ հեռավորության վրա ապրել, բայց հայերի դեպքում ոչինչ էլ հեշտ չի լինում (ծիծաղում էր,-հեղ.):

- Արդյոք կարողացե՞լ եք իրականացնել Ձեր մասնագիտական բոլոր նպատակները, թե՞ դեռ կա ինչի ձգտել։

- Անհնար է ամեն ինչ իրականացնել, չնայած՝ բավական լուրջ ճանապարհ եմ անցել: Երբեմն այնքան թարմություն եմ զգում, որ մտածում եմ՝ դեռ ոչինչ էլ չեմ արել ու ամեն ինչ առջեւում է (ծիծաղում էր,-հեղ.)։ Այդպիսի մոտեցմամբ էլ պետք է ապրել ողջ կյանքում: Բախտս բերել է, որ սովորելիս հասցրել եմ հանդիպել կոնսերվատորիայի ոսկե ժամանակաշրջանի պրոֆեսորներին, սիրելի Մարիա Կարանդաշովան ասում էր. «Հիշիր, մարդու հնարավորություններն անսահման են»: Մենք բացահայտում ենք միայն մի մասը, մնացածը կամքի ու հաղթահարման արդյունքում է լինում։ Երեւանում 3 համերգ կազմակերպելու համար համառ բնավորություն է պետք ունենալ, ուզում էի այդ ամենի միջով անցնել, ստացվեց: Նվազագույն առաջադրանքս արել եմ, բայց կա նաեւ առավելագույնը՝ այն ավանդական դարձնել, ինչպես Պետերբուրգում: Թեեւ Երեւանում նման պալատներ չկան, բայց փոխարենը գեղեցիկ պատմական վայրեր կան, ինչպես «Զվարթնոց» տաճարն է: Այս համերգաշարի օգնությամբ կենդանություն կհաղորդենք նաեւ Հայաստանի մշակութային վայրերին:

- Ի՞նչ է տարիքը Ձեզ համար:

- Այն է, ինչի մասին ակնհայտորեն չեմ ուզում մտածել: Տարիքն իմաստնություն է։

Կոնստանտին Օրբելյանը, Մարիա Սաֆարյանցը եւ Մայա Պլիսեցկայան


- Ո՞րն է նրա առավելությունն ու թերությունը։

- Մայա Պլիսեցկայան ասում էր. «Տարիքի հետ փորձը գալիս է, ցատկը՝ գնում»։ Բայց դա բալետի դեպքում է, իսկ նա շատ երկար է պարել, երաժիշտների պարագայում ամեն ինչ այլ է. հույս ունեմ՝ տարիքի հետ ավելի ենք իմաստնանում, իսկ թերությունն այն է, որ էներգիայի առումով նույնը մնալ չի ստացվում։ Բայց Փառք Աստծո, մարդիկ ամեն տարիքում նույնը չեն մնում, ցանկություններն էլ փոխվում են։

- Իսկ ի՞նչ է սերը Ձեզ համար։

- Այն հավերժական շարժիչն է, որը քեզ առաջ է տանում: Ինչպե՞ս է հնարավոր 6 տարեկանից զբաղվել ջութակով եւ 30 տարի փառատոն կազմակերպել առանց սիրո: Աստված էլ սեր է, բոլորս դա հասկանում ենք, բայց մեր ներսի մոմը պետք է անպայման վառ պահել:

- Ինչո՞ւմ է կյանքի իմաստը:

- Զարգանալու մեջ:

- Ամենաշատն ի՞նչ է պակասում Ձեզ:

- Իհարկե, ընտանիքս, որը շատ հեռու է՝ օվկիանոսի հակառակ կողմում։

- Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց։

- Կինը պետք է անկախ լինի, պահի իր նրբությունն, ազնվականությունը եւ մտքի պարզությունը։

- Եթե ընտրելու լինեք մեկ երգ, ապա..

- «Հավերժական սերը»։

- Կոմպոզիտորի։

- Շոպենին:

- Ներկայացում:

- Կնշեմ օպերային ներկայացումը, քանի որ այն բացարձակ ժանր եմ համարում, բաղկացած է ամեն ինչից՝ երգից, գեղեցկությունից, էսթետիկայից, գեղարվեստականությունից, խոսքից, արտիստիզմից, նվագախմբից ու երգչախմբից։ Իսկ միայն մեկն առանձնացնել չեմ կարող։  

- Ֆիլմ:

- Ֆրանկո Ձեֆիրելիի եւ մեծ ռուս ռեժիսորների գործերը։

- Դերասան։

- Չարլի Չապլին, նա նաեւ մեծ անհատականություն էր։

- Գիրք:

- Շատ եմ սիրում «Աննա Կարենինա»-ն։

- Ինչի՞ց երբեք չհրաժարվել:

- Քո ներսում երբեք չսպանել սերը, նաեւ ամեն մարդ պետք է միշտ հավատա Աստծուն ու ինքն իրեն։

- Ի՞նչ կցանկանաք Ձեզ ու բոլորիս՝ ամեն ընթերցողին, այս ամռանը։

- Խաղաղություն եմ մաղթում, ինչը շատ արդիական է մեր օրերում, եւ բոլոր դժվարությունները հաղթահարելու բարձր տոկունություն։ Իսկ ինձ կմաղթեմ հաջողություններ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW