×


«Ես գունապնակ եմ, եւ ինչ-որ մեկը դրանով ներկում է». Քեւին Սփեյսիի՝ նվերներով եւ կատակներով առատ հանդիպումը Երեւանում

Կրկնակի օսկարակիր Քեւին Սփեյսին «Ոսկե ծիրանի» բացմանը ներկա լինելուց եւ Ատոմ Էգոյանի «Յոթ շղարշ» ֆիլմը դիտելուց հետո հասցրել է այցելել Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարան, լինել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում, երեկ էլ Կինոյի տան լեփ-լեցուն դահլիճում հանդիպեց իր արվեստի սիրահարների հետ։

Մեկնարկն ազդարարեց «Ոսկե ծիրանի» տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ Նշեց, որ ձանձրալի խոսքերի փոխարեն ավելի լավ է հանդիպումը սկսել հրաշալի կադրերով, ապա մեծ էկրանին ցուցադրվեց Սփեյսիի ամենահայտնի դերակատարումներով տեսանյութը։ Ծափերը դեռ երկար չէին դադարում, երբ դերասանը հայտնվեց բեմում: Նա նախ պատասխանեց Ավետիսյանի հարցրերին, ապա սիրով ու հումորով շփվեց ներկաների հետ, որոնց թվում էր նաեւ BRAVO.am-ի լրագրողը:

Մտքերը՝ սեփական կինոժառանգությանը նայելիս

Շնորհակալ եմ այս կադրերը մեծ սիրով ընտրած մասնագետին։ Հրաշալի է գալ այստեղ ու տեսնել լեփ-լեցուն դահլիճ, ինչը շատ կարեւոր է ինձ համար։ Բախտավոր եմ եւ օրհնված, որ կյանքս անցկացրել եմ նման պատմություններ ներկայացնելով, որպեսզի բոլորդ վայելեք դրանք: Միշտ նշում եմ, որ խաղացածս դերերն առանձնահատուկ են ինձ համար, քանի որ հիշեցնում են իմ անցած ճանապարհը եւ մարդկանց, որոնց հետ այս ամենը ստեղծել ենք: (Ապա բաժակից ջուր է խմում ու կատակում,-հեղ.): Պետք է ձեզ հիասթափեցնեմ՝ սա օղի չէ։

Քեւին Սփեյսին


Թատրոնն ու կինոն

Դերասանն ամենուր նույնն է. նման միտք էլի եմ հայտնել, նորից կպնդեմ, բայց կպարզաբանեմ, թե ինչ առումով: Բեմի վրա, որեւէ դպրոցի թատերախմբում կամ ֆիլմում նրա խաղը նույնն է։ Լավ դերասանն ամենուր լավն է, իսկ վատը՝ վատը։ Ինձ բախտավոր եմ համարում, քանի որ համոզված եմ եղել, որ լավ գործ եմ անում։ Թատրոնը կյանք է ու շատ իրական, այն անընդհատ է փոփոխվում, իսկ կինոյում ամեն ինչ սառած է։ Բեմում կախարդական պահեր եմ ունեցել եւ վայելել դրանք։ Թատրոնն անդադար առաջ գնալու հնարավորություն է տալիս, դրա համար էլ այդքան առանձնահատուկ է ինձ համար։

Վատ գործերը

Երբեմն մարդիկ մոտենում են ինձ ու պնդում, թե իմ բոլոր ֆիլմերը նայել են։ Նրանց պատասխանում եմ, որ նման բան իսկապես հնարավոր չէ։ Այս առիթով ահա թե ինչպիսի պատմություն հիշեցի. Ջեք Լեմոնն իր ձեռքբերումների համար Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կողմից մրցանակ էր ստանում, երբ երեկոյի վերջում նրա 33 ֆիլմերից կադրեր ցույց տվեցին, պրոդյուսեր Ջորջ Սթիվենսը կատակով ասաց. «Բայց նա 73 աշխատանք ունի, եթե բոլորն ընդգրկվեին, դժվար թե այս մրցանակին արժանանար»։ Բոլորս էլ վատ աշխատանքներ ունեցել ենք, չէ՞։ Ուզում եմ, որ իմ վատ գործերն էլ լավերի պես վայելեք։

Կադրը՝ «Յոթ» ֆիլից


«Յոթ» ֆիլմը՝ Սփեյսիի, Ֆրիմանի, Փիթի, Փելթրոուի մասնակցությամբ

Նոր էի ավարտել այլ ֆիլմում աշխատանքս եւ մեկնեցի Նյու Յորք՝ մայրիկիս հետ Սուրբ Ծնունդը նշելու։ «Յոթ» ֆիլմի համար արդեն այլ դերասանի էին ընտրել, ապա հեռացրել նրան, երբ պրոդյուսերը կապվեց ինձ հետ ու աշխատանք առաջարկեց։ Մյուս կերպարիս համար նոր էի մազերս կտրել ու մտածում էի՝ ինչպես եմ ներկայանալու ու ինչ եմ անելու այս ֆիլմում։ Ռեժիսոր Դեւիդ Ֆինչերն ասաց. «Եթե գլուխդ սափրես, ես էլ կանեմ», այդպես էլ երկուսով մնացինք առանց մազերի։ Դերին պատրաստվելու համար շատ ժամանակ չունեի, նկարահանումներն արեցինք 14 օրում։

Անհրաժեշտ որակները

Կան զուտ տեխնիկական որակներ, որոնց դերասանը պետք է տիրապետի։ Պետք է ձայն ունենա ու այն չկորցնի, որպեսզի մարդիկ նրան լսելիս հետաքրքրվեն՝ ով է խոսում, գնան այդ ձայնի հետեւից։ Անհրաժեշտ է նաեւ չկորցնել մարզավիճակը, մանավանդ թատրոնում է դա շատ կարեւոր։

Քեւին Սփեյսին


Մայրը

Վաղ տարիքից մարդկանց լսելու ու նրանցից սովորելու ունակություն ունեի։ Մայրս ինձ միշտ հետը տանում էր ֆիլմեր դիտելու, ինչի շնորհիվ էլ ծանոթացա մեծ դերասանների՝ Քեթրին Հեփբերնի, Ստյուարտի ու մյուսների խաղին։ Նկատում էի, թե ինչպես է մայրս նրանց հետեւում ու ծիծաղում։ Տանը նրանց պես էի խոսում (նմանակում է հաստ ձայնով,-հեղ.), ու մայրս նորից ծիծաղում էր։ Ծանր ժամանակներ էին, հայրս չէր կարողանում աշխատանք գտնել, ու ես լսում էի, թե մայրիկն ինչպես է ծիծաղում... (հուզվում է,-հեղ.)։

Ալ Պաչինոն

«Գլենգարի Գլեն Ռոսս» ֆիլմում խաղընկերներս էին Ալ Պաչինոն, Ջեք Լեմոնը, Ալեք Բոլդուինը։ Բայց ֆիլմում նկարվելու համար առաջին հերթին Ալ Պաչինոյին եմ շնորհակալ, որ ինձ երաշխավորեց այդ դերի համար։ Մի օր պարզապես գնաց ռեժիսորի մոտ ու ասաց. «Ես գտել եմ մեզ անհրաժեշտ դերասանին, այս տղան շատ լավ կարող է մարմնավորել կերպարը»։ Իսկ ես այդ ժամանակ թենիս էի խաղում Անդրեյ Աղասիի հետ ու նույնիսկ կարող էի հաղթել նրան (Կարեն Ավետիսյանը կատակով նշում է, որ հաստատ Աղասիին հիշատակեց, քանի որ նա հայ է, -հեղ.)։ Աղասին իսկապես հրաշալի էր։ Ֆիլմը մեծ փորձառություն էր ինձ համար եւ խաղընկերներիցս շատ բան սովորեցի։

Կադրը՝ «Գեղեցկություն ամերիկյան ձեւով» ֆիլմից



Սեմ Մենդեսը

Մենդեսով, որպես թատերական ռեժիսորով, միշտ եմ հիացել, յուրահատուկ ու տարբերվող ոճ ուներ։ Կարողանում էր դերասանների հետ բացառիկ աշխատանք տանել, առանձնացող լուսավորություն եւ ձեւավորում ընտրել։ Եվ իմացա, որ որոշել է ֆիլմ նկարել, այդ ժամանակ Լոնդոնում նկարահանումների էի։ Մենդեսը եկավ հանդիպելու, ու մոտ 1,5 ժամ զրուցեցինք փաբում։ Շատ խելացի ռեժիսոր է, ինչում եւս մեկ անգամ համոզվեցի։ Հարցրեց՝ «Բնակարան» ֆիլմը երբ եմ վերջին անգամ դիտել, խորհուրդ տվեց եւս մեկ անգամ վերանայել։ Հետագայում վերադարձանք այս խոսակցությանն ու նշեց. «Ֆիլմում Լեմոնի դերակատարը երբեք չի փոխվում, անգամ մազը չի ծռվում, ուզում եմ դու էլ այդպես կերտես Լեսթերին «Գեղեցկություն ամերիկյան ձեւով» ֆիլմում»։ Այդ խորհուրդն ինձ շատ օգնեց, ռեժիսորի կողմից հիանալի ուղղորդում էր։ Հասկացա, որ Մենդեսն իր գործը լավ է անում ու նույն կերպ էլ ես պետք է վարվեմ։

Կերպարի կերտումը

Ամեն ինչ սկսվում է սցենարին ծանոթանալուց, պետք է ծառայեմ հեղինակի գրածին ու փորձեմ նրա ներկայացրածի շղարշը բացել, գաղափարներն ու մտահղացումները պատմել եւ բացատրել, թե ինչ է ուզել, որ լսարանը զգա։ Անընդհատ գործընթաց է, միշտ անցնում եմ այդ ամենի միջով։ Երբ սցենարն ինձ խելքահան է անում ու տեսնում եմ, թե որքան հրաշալի պատմություն է, ուզում եմ՝ իմ ստացած առաջին տպավորությունը դուք էլ զգաք, հենց այդ մտքով էլ դերս կերտում եմ (դերասանին փորձում են նվեր հանձնել, կատակում է,-հեղ.)։ Չե՞ք տեսնում, դեռ խոսում եմ (ամեն դեպքում նվիրում են ու բացատրում, որ այն Սփեյսիի 64-ամայի առիթով է, որը կլրանա հուլիսի 26-ին։ Իսկ նվերն արծաթյա մատանի էր Կիլիկյան Հայաստանի եկեղեցիներից մեկի պատկերով։ Մեկ այլ նվեր էլ գրքի տեսքով էր, որը դերասանը խոստացավ կարդալ,-հեղ.)։

Քեւին Սփեյսին


Յուրահատուկ դերերը

Իսկապես շատ հաջողակ եմ, որ ինձ այդքան հետաքրքիր դերեր են բաժին հասել, մեծ պատիվ է եղել դրանք մարմնավորել։ Բայց համարում եմ, որ յուրահատուկ դերերը դեռ չեմ խաղացել, ապագայում կանեմ: Ամեն կերպար տարբեր է ստացվում, քանի որ միշտ տարբեր ռեժիսորների հետ եմ աշխատում։ Առհասարակ, ոչ միայն սցենարի հեղինակներին եմ ծառայում, այլ նաեւ ռեժիսորներին։ Ես գունապնակ եմ, եւ ինչ-որ մեկը դրանով ներկում է։

Բավականությունը

Միշտ էլ պատիվ է առաջադրվել որեւէ մրցանակի, հաղթել կամ գովաբանություններ լսել գործընկերներից։ Երբեմն, հնարավոր է, աշխատանքը կատարելիս ինձ այդքան էլ լավ չզգամ եւ օրվա վերջում կարեւոր դառնան իմ գործադրած ջանքերը, եւ ոչ՝ արդյունքը։ Հանրությունը միշտ չէ, որ ամեն ինչ տեսնում է ու տեղյակ լինում։ Պատահում է նաեւ, որ ֆիլմը հաջողություն չի գրանցում, բայց որոշակի ժամանակ է անցնում ու այն դասական աշխատանքների թվին է դասվում։ Դրա համար էլ առաջնային է դառնում փորձառությունն ու ընկերները, որոնց ձեռք ես բերում, եւ կարողանում պատմություն ներկայացնել։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW