Երեկ Լոնդոնում շատ թեժ էր. Մեծ սաղավարտի հերթական մրցաշարի՝ Ուիմբլդոնի հաղթողի կոչումը վիճարկում էին Կառլոս Ալկարասն ու Նովակ Ջոկովիչը: Երկրորդ տարին անընդմեջ հաղթողի կոչումը նվաճեց 21-ամյա իսպանացին՝ վաստակելով նաեւ 3,5 մլն դոլար մրցանակային գումար:
Թենիսի աստղերի խաղին հետեւել են բազմաթիվ հայտնիներ: Խաղացողներին պարգեւատրեց Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որը վաղուց հանրային միջոցառման ներկա չէր եղել: Ամիսներ առաջ նա հայտնել էր քաղցկեղի դեմ իր պայքարի մասին եւ դրանից հետո հազվադեպ էր լինում մարդաշատ վայրերում:
Երեկվա եզրափակչում Միդլթոնը մանուշակագույն զգեստով հիանալի տեսք ուներ, իսկ ուղեկցում էր դուստրը՝ արքայադուստր Շարլոտը, հանդիպմանը ներկա էր նաեւ Քեյթի քույրը՝ Պիպա Միդլթոնը: Արքայազն Ուիլյամն էլ որդու՝ Ջորջի հետ Գերմանիայում Եվրո-2024-ի եզրափակչին էր, որում Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Անգլիային:
Սակայն վերադառնանք Լոնդոն ու մասնավորապես տրիբունաներին. հայտնիներից շատերն արքայական օթյակում էին հետեւում հանդիպմանը, նրանց թվում էին Անդրե Աղասին, Ջուլիա Ռոբերթսն ու ամուսինը՝ Դանիել Մոդերը, Բենեդիկտ Քամբերբեչն ու Սոֆի Հանթերը, Թոմ Քրուզը, Ջերարդ Բաթլերը, Քորթնի Քոքսը:
Ուիմբլդոնի ողջ ընթացքում հանդիպումներին հետեւել են նաեւ Դեւիդ Բեքհեմը՝ մայրիկի հետ, Սալմա Հայեկն ու ամուսինը, Զենդեյան, Ջեյմի Դորնանն ու կինը՝ Ամելիան, Փինքը, Փիրս Բրոսնանը, Քիրստեն Դանստն, Մարիա Շարապովան ու այլ հայտնիներ:
Իր կլորացած փորը Լոնդոնում ցուցադրել է Մարգո Ռոբին. ընդամենն օրեր առաջ էին պապարացիները նրան նկարել Իտալիայում, ինչից հետո հաստատվել էին դերասանուհու հղիության մասին լուրերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: