×


Էլեն Սաֆարյան. «Ռոմանտիկ տեսարաններ նկարելիս Րաֆֆին հաճախ է ինձ ծիծաղեցնում»

Շուտով կցուցադրվի «Եթե ես կրկին պարեմ» սերիալը, որի գլխավոր դերերում դերասանուհի, երգչուհի Էլեն Սաֆարյանը եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներից Ռաֆֆի Գալստյանն են:

Մինչ մոնտաժային վերջին աշխատանքներն են ընթանում, Սաֆարյանը BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է նկարահանման ընթացքի, Գալստյանի հետ աշխատելու ու իր կերպարը շատ սիրելու մասին:


Դերասանուհու խոսքով՝ թեեւ քասթինգը բավական երկար՝ 2 ամիս է տեւել, դրա մասին տեղյակ չի եղել: Նախագծի տնօրենն է զանգահարել ու առաջարկել ուժերը փորձել:

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց ու կերպարն ինձ հեշտ տրվեց, թեեւ փոքր-ինչ լարվում էի: Հաջորդ օրն իսկ զանգ ստացա, որ ինձ հաստատել են հերոսուհու դերում: Որոշեցինք հագուստը, դիմահարդարումն ու սանրվածքների ոճը: Սցենարը կարդացի, ու մեկ օր հետո նկարահանումները սկսեցինք»,- պատմել է նա:

Սաֆարյանը խոստովանել է՝ նախագիծն առաջին հերթին իր համար առանձնանում է նրանով, որ գլխավոր հերոսուհուն ինքն է մարմնավորում, բացի այդ էլ նախկինում բազմասերիանոց սերիալներում է նկարահանվել, իսկ այս մեկն ընդամենը 24 մասանոց մելոդրամա է. «Իմ կերպարը շատ եմ հավանում. Անաիսն էներգիայով լի է ու վառ, նրան ճիշտ մարմնավորելու համար մեծ աշխատանք էր պահանջվում, ինչն այս շրջանում ինձ համար նոր մարտահրավեր էր»:

Էլենն անկեղծորեն նշել է, որ Ռաֆֆի Գալստյանի հետ հենց նկարահանման օրն են ծանոթացել, բայց չնայած շտապողականությանը, անհարմար ոչ մի պահ չեն ունեցել, հեշտ են լեզու գտել ու միասին սկսել աշխատել:


«Րաֆֆիի հետ աշխատելը հեշտ ու հաճելի է: Արագ ընկերացանք: Հոյակապ ու շատ տաղանդավոր արտիստ է, ուրախ եմ, որ խաղընկերս հենց նա է: Երբ ռոմանտիկ տեսարաններում ենք նկարվում, Րաֆֆին հաճախ է ինձ ծիծաղեցնում»,- ավելացրել է դերասանուհին:

Նա պատմել է, որ խաղընկերոջ ելույթները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեռ չի հասցրել դիտել, բայց առաջիկայում անպայման պլանավորում է այդ բացը լրացնել:

«Եթե ես կրկին պարեմ» սերիալում նկարահանվել են նաեւ Արման Ղազարյանը, Յուլիա Ֆինկը եւ ուրիշներ: Վերջիններս Գալստյանի մարմնավորած կերպարի՝ Արմենի ծնողներն են: Ռեժիսորը Հայկ Վարդանյանն է:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝  «Եթե ես կրկին պարեմ» սերիալի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW