×


Eighty Eight Resort & Spa-ն եւ ArmMod Fashion-ը նորաձեւության շքեղ փառատոն անցկացրին Ծաղկաձորում

Դիզայներներ, մոդելներ, ոճաբաններ, նորաձեւության ոլորտի շատ այլ ներկայացուցիչներ Վրաստանից, Իրանից եւ Դուբայից եկել էին Հայաստան՝ տեղի գործընկերների հետ մասնակցելու ամենամյա դարձած «International Fashion Festival»-ին, որ կազմակերպում է «ArmMod Fashion» նախագիծը, այս տարի՝ Ծաղկաձորի ամենաբարձր կետում գտնվող բարձրակարգ «Eighty Eight Hotel & Spa» հյուրանոցային համալիրի հետ համատեղ։ Փառատոնը վաղ առավոտից սկսել էր իր բուռն ընթացքն ու շարունակվեց մինչ ուշ գիշեր։ Միջոցառմանը հետեւել է BRAVO.am-ը, լուսանկարել հետաքրքիր դրվագները, ինչպես նաեւ զրուցել նախաձեռնության հեղինակների հետ։


«Մի քանի տարի է՝ կազմակերպում ենք փառատոնը, նույնիսկ մեկ անգամ Թբիլիսիում ենք իրականացրել՝ կրկին մեծ մասշտաբով։ Ամեն տարի ընդլայնվում է ծրագիրը, մեծանում է մասնակիցների եւ հյուրերի թիվը, քանի որ մեր նպատակն է ներգրավել ավելի շատ մարդկանց նորաձեւության ոլորտից, ընդ որում՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ գործընկեր այլ երկրներից։ Դա նպաստում է ոլորտի զարգացմանը, նոր կապերի հաստատմանը, երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ, իհարկե, զբոսաշրջության ակտիվացմանը»,- ընդգծել է «ArmMod Fashion» նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը։

«ArmMod Fashion» նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը


Նրա խոսքով՝ հրաշալի է, որ հայ դիզայներները ձգտում են մասնակից լինել Միլանում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլ մեծ քաղաքներում անցկացվող նորաձեւության շաբաթներին, սակայն իրենք շատ ավելի կարեւորում են երկրի ներսում տարբեր միջոցառումների անցկացումը՝ ներգրավելով թե՛ տեղի, եւ թե՛ արտասահմանցի մասնագետներին․ «Այս առումով ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին, ովքեր կիսում են մեր գաղափարը, կարեւորում են մեր նախաձեռնությունը՝ կանգնելով մեր կողքին, կամ ինչպես այս տարի, միավորվում՝ համատեղ ջանքերով այն ավելի զանգվածային դարձնելու համար։ Eighty Eight Hotel & Spa-ն եւս կարեւորում է նմանօրինակ նախագծերի իրականացումը մեր երկրում: Ինչպես մենք, այնպես էլ իրենք ավելի շատ արժեւորում են տարբեր երկրների նորաձեւության ոլորտի ներկայացուցիչների հյուրընկալությունը մեր երկրում։ Ի դեպ, համալիրը կատարյալ էր փառատոնի անցկացման համար։ Կան անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ողջ օրը համալիրի տարբեր հատվածներում տարբեր ձեւաչափի միջոցառումների անցկացման համար։ Այս ամենի շնորհիվ Ծաղկաձորն էլ լցվել էր նորաձեւության, գեղեցկության վառ գույներով ու փառատոնային ակտիվ տրամադրությամբ»։


Փառատոնը մեկնարկել էր պաշտոնական հանդիպում-քննարկումներով, հյուրասիրությամբ, որին ներկա են եղել ոչ միայն մասնակիցները, այլեւ ոլորտով հետաքրքրվող բլոգերներ, ինֆլյուենսերներ։ Կեսօրի հատվածն արդեն մանկական տրամադրություններով էր։ Գլխավոր իրադարձությունը «Kids Fashion Show»-ն էր, որի ժամանակ պոդիումը փոքրիկ մոդելներինն էր։ Այս ցուցադրությունն էլ առաջին անգամ չէր անցկացվում՝ այն Kids Fashion Day ամենամյա նախագիծն է, որը սիրվել է թե՛ փոքրերի, ու թե՛ մեծերի կողմից եւ միշտ անցնում է բազմաթիվ մասնակիցների ներգրավվածությամբ։ Այս նախագիծը մեծապես նպաստել է, որ մանկական նորաձեւության ոլորտը զարգանա Հայաստանի տարբեր մարզերում, որտեղ փոքրիկ մոդելների պրոֆեսիոնալ ուսուցում է իրականացվում:


Երեկոյան գլխավոր սրահն արդեն պատրաստ էր հյուրընկալել մեծերի ցուցադրությունը, որն օրվա ամենասպասված ու կարեւոր պահն էր։ Հինգ դիզայներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից եւ Դուբայից ներկայացնում էին իրենց ստեղծած նոր հավաքածուները՝ Begoyan by Svetlana Begoyan, Just Black by Gayaneh Manoukian, Gio Dress by Wael Jammal, Daiva by  Daiva Eristavi, Bazero by Amir Azmoudeh Reza Azmoudeh: Ռուբինայի խոսքով՝ ամեն անգամ ընտրում են 5-7 դիզայներ, որպեսզի ցուցադրության տեւողությունը շատ երկար չլինի ու չհոգնեցնի ներկաներին։ Ի դեպ, այս տարի Վրաստանի հետ համագործակցությունը ոչ միայն հրավիրված դիզայների մասով էր, այլ մասնակից մոդելների մի մասը նույնպես Վրաստանից էր, ինչպես նաեւ դիջեյը՝ Teo Ceo-ն, որը ոչ պակաս աչքի էր ընկնում իր վառ կերպարով։


Օրը եզրափակվեց համալիրի Sari Pool-ում՝ Private Foam Pool Party ժամանցային ծրագրով, որի շրջանակում հյուրերը փառատոնի մասնակիցների հետ վայելեցին երեկոն՝ ամփոփելով տեղի ունեցած իրադարձությունները։


«Մենք պետք է փորձենք կենտրոնանալ նաեւ դրական երեւույթների վրա, յուրաքանչյուրս կարեւորենք մեր գործը, չկոտրվենք, շարունակենք աշխատել, ստեղծագործել ու առաջ գնալ. ոչ մի դեպքում պետք չէ կանգ առնել»,- եզրափակել է Ռուբինա Գրիգորյանը:


Իսկ Eighty Eight Resort & Spa-ն խոստանում է տարատեսակ մեծամասշտաբ նախաձեռնություններ ամբողջ տարվա ընթացքում։ Համալիրի նորություններին կարող եք հետեւել Ֆեյսբուքում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW