Porsche-ն կրկնապատկել է իր ամբողջությամբ էլեկտրական SUV մոդելային շարքը: Մինչ հետեւի քարշակ համակարգով Macan-ի պարագայում հիմնական շեշտը դրված էր բարձր արդյունավետություն եւ մեծ ընթացքի պաշար ապահովելու վրա, նոր Macan 4S-ը լրացնում է բացը Macan 4 եւ Macan Turbo մոդելների միջեւ:
Ինչպես եւ 2024 թվականի սկզբին ներկայացված մոդելները, 4S-ը համալրված է էլեկտրոնային կառավարմամբ Porsche Traction Management (ePTM) համակարգով, որը շարժաբեր ուժը առջեւի եւ հետեւի սռնիների միջեւ բաշխում է շուրջ հինգ անգամ ավելի արագ, քան դասական լիաքարշակ համակարգը:
Macan. 100 կՎտժ ունակությամբ մարտկոց եւ բարձրարդյունավետ ուժային էլեկտրոնիկա
Նոր Macan մոդելը համալրված է 100 կՎտժ ունակությամբ բարձրավոլտ մարտկոցով: Քարշուժն ապահովվում է բացառապես հետեւի սռնիի վրա տեղադրված շարժիչով, որն օգտագործվում է Macan 4-ում՝ 210 միլիմետր տրամագծով, 200 մմ ակտիվ երկարությամբ եւ 250 կՎտ (340 ձիաուժ) հզորությամբ: Էլեկտրական շարժիչը համալրված է 480 Ա իմպուլսային կերպափոխիչով (PWR), որում օգտագործվում է բարձրարդյունավետ սիլիցիումի կարբիդ (SiC) կիսահաղորդիչ նյութը՝ ավելի բարձր արդյունավետություն ապահովելու համար: Դա զգալիորեն նվազեցնում է փոխարկման կորուստները PWR-ում եւ հնարավորություն է տալիս ապահովել փոխարկման ավելի բարձր հաճախականություններ:
Launch Control-ի հետ համատեղ Macan-ը արտադրում է մինչեւ 265 կՎտ (360 ձիաուժ) ավելացված հզորություն, իսկ առավելագույն ոլորող մոմենտը կազմում է 563 Նմ: 0-ից 100 կմ/ժ արագացման ցուցանիշը 5.7 վայրկյան է, իսկ առավելագույն արագությունը՝ 220 կմ/ժ: Լիաքարշակ համակարգից հրաժարվելու շնորհիվ Macan-ը դարձել է 110 կգ-ով ավելի թեթեւ, քան Macan 4-ը եւ, ըստ այդմ, ընթացքի համար ավելի քիչ էլեկտրաէներգիա է պահանջում: Արդյունքում ընթացքի էլեկտրական պաշարը (WLTP) համակցված ցիկլում կազմում է 641 կմ:
Macan 4S. հզոր էլեկտրական շարժիչներ եւ PASM համակարգ՝ ստանդարտ համալրման կազմում
Macan 4S-ը համալրված է հետեւի սռնիի վրա տեղադրված նոր շարժիչով եւ 600 Ա SiC իմպուլսային կերպափոխիչով: Էլեկտրական շարժիչի տրամագիծը 230 մմ է, իսկ ակտիվ երկարությունը՝ 150 մմ: Համակարգի ընդհանուր հզորությունը Macan 4 եւ Turbo մոդելները համալրող առջեւի սռնիի վրա տեղադրված շարժիչի հետ համատեղ կազմում է 330 կՎտ (448 ձիաուժ)՝ մինչեւ 380 կՎտ (516 ձիաուժ) կարճ ավելցուկային հզորության հնարավորությամբ: Launch Control-ի հետ համատեղ առավելագույն ոլորող մոմենտը կազմում է 820 Նմ: Կատարողականության ցուցանիշները նույնպես տպավորիչ են. Launch Control-ի հետ համատեղ Macan 4S-ի արագացումը 0-ից 100 կմ/ժ կազմում է 4.1 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը՝ 240 կմ/ժ: Ընթացքի էլեկտրական պաշարը (WLTP) համակցված ցիկլում 606 կիլոմետր է: Macan 4S-ի ստանդարտ համալրման կազմում է Porsche (PASM) ցնցամեղմիչների կարգավորման էլեկտրոնային համակարգը: Ադապտիվ պնեւմատիկ կախոցը՝ հավասարեցման եւ գետնահեռության կարգավորման համակարգով, հետեւի դիֆերենցիալի Էլեկտրական բլոկավորման համակարգը (Porsche Torque Vectoring Plus (PTV Plus)) եւ հետեւի քարշակ համակարգը հնարավորություն են տալիս հավելյալ օպտիմալացնելու հենասարքը՝ ավելի բարձր կատարողականություն եւ հարմարավետություն ապահովելու համար:
Երկու նոր մոդելներն էլ ունեն Macan մոդելի երկրորդ սերնդի բոլոր հատկանիշները, ներառյալ՝ առաջադեմ, ժամանակի սահմաններ չճանաչող դիզայնը, գերազանց աերոդինամիկան եւ ընթացքի պաշարը: Premium Platform Electric (PPE) 800-վոլտանոց ճարտարապետությունը մինչեւ 270 կՎտ ՀՀ լիցքավորման հզորության հնարավորություն է տալիս: Բարձրավոլտ մարտկոցը հնարավոր է 10-ից 80 տոկոս լիցքավորել մոտավորապես 21 րոպեում՝ համապատասխան արագ լիցքավորման կայանում:
Նոր գույն, նոր անվասկավառակներ եւ արտաճանապարհային դիզայն-փաթեթ
Բոլոր Macan մոդելների համար հասանելի է թափքի նոր գույն՝ Slate Grey Neo: Անիվների ընտրանուն ավելացել են 20 դյույմանոց Macan S անվասկավառակները: Արտաճանապարհային դիզայն-փաթեթը նույնպես հասանելի է բոլոր մոդելների համար՝ որպես օպցիա: Այն թույլ է տալիս ավելացնել Macan-ի ամենօրյա օգտագործման հարմարավետությունը: Անհարթ գրունտային ճանապարհները եւ հատկապես զառիվեր ու զառիվայր հատվածները կարելի է հաղթահարել նույնիսկ ավելի հեշտությամբ, քան նախկինում: Առջեւի թափարգելի փոփոխված երկրաչափությունը մեծացրել է մուտքի անկյունը մինչեւ 17.4 աստիճան՝ կախված մոդելից (պնեւմատիկ կախոցը հատուկ բարձրացված մակարդակի վրա): Ադապտիվ պնեւմատիկ կախոցի հետ համակցված՝ արտաճանապարհային դիզայն-փաթեթը նաեւ 10 մմ-ով ավելացնում է գետնահեռությունը՝ նորմալ դիրքում այն հասցնելով 195 մմ-ի։
Porsche-ն առաջարկում է փաթեթը երկու գույնով՝ Vesuvius Grey եւ թափքի գույնով: Առջեւի թափարգելը, կողային փեշերը, դիֆուզորի պանելները եւ տանիքի ռեյլինգները ներկվում են համապատասխանաբար: Առաջարկվում են նաեւ արտաճանապարհային դիզայնի 21-դյույմանոց անվասկավառակներ՝ ներկված Vesuvius Grey գույնով: Այն հաճախորդների համար, ովքեր ընտրում են թափքի գույնով արտաճանապարհային դիզայն-փաթեթը՝ դռների կողային ներդիրները ներկվում են նույն գույնով: Տանիքի ռեյլինգները կարելի է պատվիրել Black, Silver կամ Turbonite (միայն Turbo մոդելների համար) գույներով:
Macan, Macan 4 եւ Macan 4S մոդելների համար արտաճանապարհային առջեւի թափարգելն առանձին հասանելի է նաեւ Vesuvius Grey գույնի ներդիրով: Մուտքի անկյունը մեծացվում է, ինչպես եւ արտաճանապարհային դիզայն-փաթեթի դեպքում:
Porsche Driver Experience՝ նոր դիզայնով եւ նոր ֆունկցիայով
Macan-ի էլեկտրականացման հետ մեկտեղ Porsche-ն ներկայացրել է ցուցադրման եւ կառավարման լիովին նոր համակարգ իր հաջողակ SUV մոդելում: Porsche Driver Experience-ն առաջարկում է թվային եւ անալոգային տարրերի խառնուրդ: Դրանք ներառում են 12.6 դյույմ անկյունագծով կոր էկրանով սարքերի վահանակ, 10.9 դյույմ անկյունագծով էկրան ուղեւորի համար, լրացված իրականության (AR) տեխնոլոգիայով պրոյեկցիոն դիսփլեյ եւ շրջակա լուսավորություն՝ հաղորդակցման լույսով: Porsche-ն կրկին ամբողջությամբ արդիականացրել է բոլոր Macan մոդելների էկրանների դիզայնը: Այն այժմ ներառում է հուզական ողջույնի անիմացիա, արդիականացված ժամանակակից տեսք եւ նոր Themes հավելված, որը կարող է օգտագործվել էկրանների ֆոնի գույնը եւ շրջակա լուսավորությունը թափքի գույնին համապատասխանեցնելու համար՝ տասներկու գույնի ընտրությամբ:
Երկու նոր Macan մոդելները այժմ հասանելի են պատվերի համար եւ հաճախորդներին կհասցվեն տարվա երկրորդ կեսին: Գները՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ երկրին բնորոշ սարքավորումները, Գերմանիայում սկսվում են 80,700 եվրոյից Macan-ի համար եւ 90,700 եվրոյից Macan 4S-ի համար:
Լրացուցիչ տեղեկությունները, ինչպես նաեւ տեսանյութերը եւ լուսանկարները, հասանելի են Porsche Newsroom-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: