×


Գագիկ Գասպարյան. «Բոլորից շատ որպես մարդ ու դերասան ինձ տպավորել է Մհեր Մկրտչյանը»

Գագիկ Գասպարյանը վաղուց է լուսանկարչությունում: Իր երկարատեւ գործունեության ընթացքում հասցրել է մեծանուն մարդկանց լուսանկարել: Հենց այդ մասին էլ պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում, հիշել Մհեր Մկրտչյանի հետ անմոռանալի հանդիպման, Ազատ Գասպարյանի փոխարեն ֆիլմում նկարահանվելու, աշխատելու ընթացքում լուսանի ճիրաններից ու մեքենայի տակ ընկնելուց փրկվելու մասին:

- Պարոն Գասպարյան, ինչպե՞ս է լուսանկարչությունը հայտնվել Ձեր կյանքում:

- Լուսանկարել սկսել եմ մոտավորապես 13-14 տարեկանից: Ամեն ինչի սկիզբը դրվեց, երբ «Սմենա-8» նվեր ստացա: Հետո նկար տպելու ինքնաշեն սարք ստացա, մինչեւ որ հետագայում աստիճանաբար անհրաժեշտ գործիքներ ձեռք բերեցի: Մեր հարեւանն էր հայտնի լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը, որից միշտ խորհուրդներ էի հարցնում ու դիմում ցանկացած անհասկանալի հարցի դեպքում: Նա ամեն անգամ պատրաստակամորեն օգնում էր: Բաղդասարյանի տղաները՝ Հերբերտն ու Մելիքն էլ էին զբաղվում լուսանկարչությամբ:

- Կա՞ն հստակ խորհուրդներ, որ հիշում եք:

- Բաղդասարյանի բոլոր խորհուրդներն էլ տեղին ու կարեւոր են եղել, հետագայում ամենն էլ օգտագործել եմ: Ինձ անհրաժեշտ էր առաջին քայլերը յուրացնել ու երեւակման ընթացքը սովորել, նա այդ նպատակով ինձ որոշակի աքսեսուարներ է տրամադրել: Դիապրոեկտորով, որով պատին ֆիլմեր էի նայում՝ կապելով մի տեղից, շատ փոքր չափով էի կարողանում նկարներ տպել, մինչեւ որ ժամանակի ընթացքում կատարելագործվեցի ու մեծ գործիքներ ձեռք բերեցի:

- Հետագայում ի՞նչ կարեւոր դեպքեր ու իրադարձություններ լուսանկարեցիք, որ առանձնահատուկ են տպավորվել:

- 8-րդ դասարանում դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի տեխնիկում, այնտեղ հասարակական կարգով միջոցառումներ էի լուսանկարում։ Այնուհետեւ նույն աշխատանքը շարունակեցի ինստիտուտում. սովորելուն զուգահեռ, ֆակուլտետի միջոցառումներն էի նկարում: Մասնագիտությամբ քիմիկոս եմ, բայց հետագայում այդպես էլ այդ ոլորտում չաշխատեցի։ Ավարտելուց 1 տարի անց՝ 1982 թվականին, որպես լուսանկարիչ ընդունվեցի հեռուստատեսության եւ ֆիլմերի «Երեւան» կինոստուդիա: Ծնողներս տարիքով մեծ էին, քույրերս արդեն ամուսնացած էին ու նրանց միակ խնամակալն էի, դրա համար էլ ինձ ազատ դիպլոմ տվեցին։ Տեխնիկումում ֆոտոլաբորանտ ու լուսանկարիչ էի, մինչեւ որ սկսեցի աշխատել կինոստուդիայում։

Հասմիկ Բաբայանը եւ Գագիկ Գասպարյանը


- «Երեւան» կինոստուդիայում ինչպիսի՞ն էր Ձեր աշխատանքն ու հետաքրքիր ի՞նչ մարդկանց հետ ծանոթացաք։

- 2 լուսանկարիչներով էինք՝ ես ու Լեոնիդ Մայիլյանը, որոշ ժամանակ անց մեզ միացավ նաեւ Ռուբեն Մանգասարյանը: «Երեւան եւ երեւանցիներ» հեռուստահաղորդման համար էինք կադրեր անում, որն այն ժամանակ նկարներով էր եթեր հեռարձակվում: Ինչպես նաեւ «Եթերում է Երեւանը» թերթի համար նկարում էի դրվագներ հեռուստաներկայացումներից. այդ կադրերից մի քանիսը բերել եմ հետս (ցույց է տալիս,-հեղ.):

Կինոստուդիայում աշխատելու տարիներին շատերի հետ եմ ծանոթացել. դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ մինչեւ հիմա էլ շարունակում ենք հանդիպել ու շփվել: Այս լուսանկարում Արմեն Սանթրոսյանի հետ հենց նա է. շատ կադրեր ունեմ, բայց բոլորը հնարավոր չէր լինի բերել։

- Նաեւ Ազատ Գասպարյանի հետ եք աշխատել ու բազմաթիվ նկարներ ունեք։

- Գասպարյանի հետ 1988 թվականին առիթ ունեցա աշխատելու «Սեւերի քայլը» («Աստված, ինչի՞ համար») ֆիլմի ժամանակ: Մոտ 4-5 ամիս ամեն օր ենք իրար հետ շփվել, իսկ ահա Մհեր Մկրտչյանին ընդամենը մի անգամ եմ հանդիպել՝ այն էլ 25-30 րոպեով:  

- Բայց այդ կարճ ժամանակում հասցրել եք շատ լավ լուսանկարներ անել՝ տանը, հեռախոսով զրուցելիս, կնոջ հետ:

- ԱՄՆ-ում տպագրվող «Համայնապատկեր» ամսագրի խմբագիր Սարո Գյոդակյանը նրա մասին հոդված էր գրել։ Այդ հոդվածն էին միասին քննարկում, իսկ ես այդ ընթացքում հասցրի մի քանի լուսանկար անել։ Բավականաչափ տպավորիչ մարդ էր, հեշտ էր հետն աշխատել, շատ անկաշկանդ էր, չէր էլ նկատում ինձ ու ուշադիր հոդվածն էր կարդում։  


- Կարո՞ղ եք հիշել՝ ինչպիսի տրամադրություն ուներ այդ օրն ու ինչից էր խոսում:

- Միայն հոդվածի մասին են խոսել, որի մեծ մասը Մկրտչյանը վերախմբագրեց, շատ փոփոխություններ ու շտկումներ արեց, պատմում էր հեծանվի մասին, որը երազում էր ունենալ... Վերջում էլ նրա եղբայրն ու որդին եկան։ Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանը Թամար Հովհաննիսյանի հետ ապրում էր Նալբանդյան փողոցում գտնվող բնակարանում, Թամարը եւս տանն էր, ու միասին էլ նկարեցի։

- Վերադառնանք Ազատ Գասպարյանին, որի հետ ավելի երկար եք ժամանակ անցկացրել ու լավ ճանաչել: Ինչպիսի՞ մարդ ու դերասան էր նա։

- Ազատ Գասպարյանը շատ անկեղծ ու լավ մարդ էր, նկարահանման հրապարակում շատ չենք շփվել, քանի որ ամեն մեկս մեր գործով էինք զբաղված, բայց երեկոյան հասցնում էինք հյուրանոցում զրուցել։ Նկարահանումներից մեկը թբիլիսյան հնաոճ բնակարաններից մեկում էինք անում, ֆիլմի դերասանուհիներից վրացուհի Նելիին Գասպարյանը մոտ 25-30 րոպեում սովորեցրեց հայերեն օրորոցային երգել, ապա նույն տեղում նկարեցին այդ կտորը, որը ֆիլմում էլ կա: Ինձ էլ բախտ վիճակվեց այդ դրվագը լուսանկարել։ Նկարահանումների ժամանակ, չեմ էլ հիշում՝ ինչ առիթով, Գասպարյանը մի 10 օրով մեկնեց Կանադա, եւ նրա փոխարեն դրվագներից մեկում ինձ նկարեցին (ծիծաղում է,-հեղ.): Մազերս մի քիչ սպիտակեցրին, մի քիչ նմանեցրին իրեն ու համարեցին, որ տարբերությունը շատ չի նկատվի: Հիմնականում կողքից նկարեցին. ուղղակի պետք էր, որ խաղընկերոջ՝ վրացի Իրակլիի հետ շախմատ խաղամ ու քայլ անեմ, ինչին հաջորդում է նրա գլխին բամփելու տեսարանը։ Ֆիլմում փորձում էի այդ պահը գտնել եւ չիմացա, թե որն էի ես (ծիծաղում է,-հեղ.): Փաստորեն դիմահարդարի ու օպերատորի աշխատանքն անթերի է եղել:


- Քանի որ շատ լավ լուսանկարներ եք Ձեզ հետ բերել, պատմեք դրանց ստեղծման մասին: Սկսենք Կարպ Խաչվանքյանի լուսանկարից:

- «Սինյոր Պապագատոն» ներկայացման ժամանակ եմ արել, կարծում եմ՝ անհաջող են ստացվել. մի կերպ էի տպել, որովհետեւ մեր լաբորատորիայի վարիչը միջին ֆորմատի ժապավենով իր «Կիեւ-6» ֆոտոապարատն էր տվել, բայց այն լավ չէր աշխատում։ Ֆոկուսը խախտված էր, այս լուսանկարում էլ պատն ավելի լավ էր ֆիքսել, քան՝ Խաչվանքյանին, մի կերպ եմ ուղղել։ Այդ օրվա նկարահանումից դժգոհ մնացի, այլապես ավելի լավ կադրեր կարող էի ունենալ։ Նա ներկայացման ժամանակ հայերեն էր խոսում, իսկ շփվում էր ռուսերեն: Մեծ ու հոյակապ դերասան էր:


- Հաջորդը Ձեր կադրերում Բորիս Պեպանյանն է:

- Հիմա էլ Բորիսի հետ մեկ-մեկ հանդիպելու առիթ եմ ունենում: Այստեղ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանների հետ է, հաղորդում էր, որի շրջանակում պիտի խոսեր: Ստուդիայում արված իմ առաջին նկարահանումներից է, այս կադրն ինձ միանգամից ձգեց ու այն շատ եմ հավանում: Ընդմիջում էր, որի ժամանակ փորձում էին, թե ինչպես ու ինչ պետք է անի, պահը որսացի: Հետագայում էլ նրա հետ հանդիպելու ու շփվելու այլ առիթներ եղան, տարիներ անց Ֆեյսբուքի շնորհիվ է տեսել այս լուսանկարը: Սա էլ Օլեգ Պոպովն է, կարծեմ՝ 1983 թվականին էր, Խորհրդային Միության 60-ամյակի առիթով Մոսկվայի կրկեսը Երեւան էր եկել։ Աճպարարների ու ակրոբատների մասնակցությամբ տարբեր համարներ եղան: Բայց լուսանկարելու ժամանակ, սովորաբար, կտրվում եմ հաճույք զգալու հնարավորությունից եւ ուշադրությունս կենտրոնացնում միայն աշխատանքի վրա:

- Այս մեկը եւս «Աստված, ինչի՞ համար» ֆիլմի նկարահանման հրապարակից է:

- Նելլի Ջիոշվիլիին հենց այդ դրվագում է կարի մեքենայի մոտ Գասպարյանը երգել է սովորեցնում։ Նկարահանումների համար հալոգեն լուսարձակներ էին բերել, ու կադրերն արել եմ նախապատրաստվելու ընթացքում: Երբ սկսեցին միասին երգը փորձել, լույսերը միացրի ու սկսեցի նկարել, օպերատորը հարցրեց. «Իսկ դու գիտե՞ս, որ այդ լույսերը եզակի են», ինչին պատասխանեցի. «Իսկ դու գիտե՞ս, որ այսօր իմ ծնունդն է»: «Դե լավ, նկարիր»,- նրա արձագանքն էր:


- Իսկ ծնունդը հասցրի՞ք նկարահանող խմբի հետ նշել։

- Բոլորը խիստ զբաղված էին, ու երեկոյան պիտի գնայինք նշելու: Ցերեկը մի շիշ օղի բերեցի, մի բաժակ լցրի, շնորհավորեցի ինքս ինձ ու թողեցի, որ մյուսներն էլ խմեն: Տղաներից ովքեր ազատվում էին, առանձին շնորհավորում էին, բայց միասին հավաքվելու առիթ այդպես էլ չեղավ: Սա էլ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանն է, ով գրել է ֆիլմի երաժշտությունը: Մի քանի օրով էր եկել նկարահանման հրապարակ, ինձ էլ այս նկարը մնաց նրանից: Մինչեւ իր մահանալը տարբեր վայրերում էլի ենք հանդիպել: Մյուս կադրը «Հին տունը» ներկայացումից է. Արմեն Սանթրոսյանի հետ Հասմիկ Տեր-Կարապետյանն է:

Արմեն Ջիգարխանյանը


- Առանձնացրել եմ նաեւ կադրեր Ձեր ֆեյսբուքյան էջից եւ կխնդրեմ կիսվեք նաեւ դրանց հետ կապված հիշողություններով: Սկսենք Արմեն Ջիգարխանյանի լուսանկարից:

- Նրան նկարել եմ 2006 կամ 2007 թվականին, Երեւանում էր ու Նվեր Մնացականյանի «Հեռանկար» հաղորդման հյուրն էր: Թողարկումը հենց իր հյուրանոցի համարում նկարեցեինք, տեսախցիկը հետս վերցրել էի ու մի քանի կադր արեցի, մենք էլ հետը նկարվեցինք: Նաեւ մոտ 10 րոպե հետը շփվելու հնարավորություն ունեցանք. լավ ու մարդկային անձնավորության տպավորություն թողեց: Բայց իհարկե, բոլորից շատ որպես մարդ ու դերասան հավանել եմ Մհեր Մկրտչյանին:

- Բայց նրա մասին այնքան քիչ խոսեցինք:

- Որովհետեւ զգացածս չեմ կարողանում արտահայտել, սովորաբար, իմ աշխատանքներով եմ ցույց տալիս։

Ռաֆայել Քոթանջյանը


- Նկարել եք նաեւ Ռաֆայել Քոթանջյանին:

- Քոթանջյանի հետ էլ մի քանի անգամ ենք հանդիպել: Մասնագիտական հնարք է՝ հենց պահը որսում եմ, ֆիքսում եմ: Այդպես պատահական ու առանց պլանավորելու շատերին եմ նկարել՝ Սոֆիկ Սարգսյանին, Արմեն Խոստիկյանին, Ջուլիետա Բաբայանին։

Աշոտ Ղազարյանը


- Մյուսն Աշոտ Ղազարյանն է:

- Նրա հետ 1984 թվականին հենց իր տանն ենք հանդիպել ու մի ամբողջ շարք պատրաստել: «Պիոներ կանչ»-ում էի աշխատում, երբ հանձնարարեցին նկարել Աշոտ Ղազարյանին. նախ Մատենադարանի տարածքում հանդիպեցինք, որտեղ դռների մոտ մի քանի կադր արեցի, ապա պայմանավորվեցինք նկարահանումը տանը շարունակել: Ղազարյանի հետ մի անգամ էլ հյուրախաղերի ժամանակ եմ աշխատել: Տարիներ առաջ Ղազարյանի մասին հաղորդում էին նկարել ու հիմնականում օգտագործել են իմ կադրերը՝ երեխաների, տիկին Մելանի ու մոր հետ:


- Օֆելյա Համբարձումյան:

- Նրան Էրեբունի-Երեւանին նվիրված միջոցառման ընթացքում եմ նկարել, լրագրող Էդվարդ Դարբինյանն ու լուսանկարիչ Ավետ Եսայանցն էլ կողքին էին: Այդ օրը հետաքրքիր այլ կադրեր էլ արեցի, հարսանեկան արարողություններ կային ու շատ զույգերի նկարեցի՝ լավաշներն ուսերին. հետաքրքիր միջոցառումների շարք էր: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, կարողանում եմ լավ պահերը որսալ ու երբեք կողմնապահություն չեմ անում, ամեն ինչին լուսանկարչի աչքերով եմ նայում ու բոլորին հավասար նկարում:   

- Իսկ Ձեր աշխատանքներից ունե՞ք այնպիսիք, որոնք մի քիչ ավելի թանկ ու տարբերվող են Ձեզ համար:

- Իհարկե, կան: Չնայած՝ իմ բոլոր նկարներն էլ գնահատում եմ, բայց կան շատ հաջողված կադրեր։ Օրինակ՝ Ֆրունզիկի նկարն ու հատկապես այն մեկը, որը բերել եմ հետս: Դրանից մեկն էլ Աշոտ Ղազարյանի խնդրանքով իրեն եմ նվիրել: Այդ օրը Ֆրուզիկն ամբողջովին բնական էր, արհեստական ոչինչ չկար մեջն ու սեւեռված հոդվածն էր կարդում:


- Ինչպե՞ս եք հայտնվել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ու սկսել աշխատել այստեղ:  

- 2014 թվականին տարազների մասին նախագիծ ունեի, դրա շրջանակում ենք առաջին անգամ համագործակցել: Այն տարիների տնօրեն Հովեյանին առաջարկեցի նկարահանումները թանգարանում անել ու ինձ ընդառաջեցին: Իսկ աշխատանքի ընդունվեցի ու թանգարանի լուսանկարիչը դարձա 2019-ից: Նաեւ կազմակերպչական տարբեր գործերով եմ զբաղվում, առիթների ժամանակ բոլորս էլ տարատեսակ աշխատանքներ ենք անում։

- Ո՞րն է եղել Ձեր տեսած ամենայուրահատուկ կադրը, որից ամենաշատն եք տպավորվել:

- Սովորաբար, ավելի շատ հիշում եմ կադրեր, որոնք տեսել եմ ու չեմ նկարել (ծիծաղում է,-հեղ.), ինչ-որ բան խանգարել է կամ տեսախցիկը մոտս չի եղել։ Ամենատպավորիչ տեսարանը երեկոյան Արմավիրից Մասիս գնացքով անցելիս եմ նկատել, բայց, ցավոք, այդ օրն առանց տեսախցիկի էի: Լճի մեջ ամբողջությամբ երեւում էր Մասիսի արտացոլումը, իսկ ջրի վրա արագիլ էր պտտվում: Երկրորդ նման ազդեցիկ պահն էլ որսացել եմ 2007 թվականին Արցախի ճանապարհին: Առավոտյան ժամը 6:30-ին մտել էինք Արցախ, ոլորանների առաջ անտառ էր ու ծառերի միջից ժայռ երեւաց, արեւի դիրքի շնորհիվ աչքիս դիմաց հայտնվեցին ԱՄՆ-ի նախագահների հայտնի արձանների ուրվագծերը: Երկու կողքիս քնած մարդիկ կային ու չցանկացա նրանց արթնացնել, իմանալով, որ այդ պահն էլ երբեք չի կրկնվի:


- Դուք Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղից եք, որտեղ եւս սիրում եք նկարել: Ո՞րն է բնության մեջ աշխատելու առանձնահատոկությունը:

- Բնություն նկարել սիրում եմ, իսկ Դաշտադեմն առանձնահատուկ է ինձ համար. հայրս է այնտեղից: Դաշտադեմում է 5-րդ դարում Կամսարականների օրոք կառուցված Քաղենիի ամրոցը, այնտեղ էլի տպավորիչ բաներ եմ նկարել ու ամեն անգամ առիթը բաց չեմ թողնում նորից գնալու: Դաշտադեմից ներքեւ 7-րդ դարի Քրիստափորի վանքն է, որի խորքում Մասիսն է երեւում, բայց գրեթե միշտ մշուշի մեջ է եւ հազվադեպ է բացվում՝  հիմնականում ձյուն գալուց հետո: 2001 թվականին եմ առաջին անգամ այդ տեսարանը նկատել ու մինչեւ 2015-ը սպասել եմ, մինչեւ որ վերջապես իմ ուզած լուսանկարը ստացվել է: Մի անգամ բախտս բերեց, նկատելուն պես մեքենա գտա ու գյուղից հասա այնտեղ՝ վերջապես վանքը նկարեցի Արարատի ֆոնին: Նկարելու առումով շատ եմ սիրում Վայքը՝ դեպի Նորավանք տանող կարմիր ժայռերը, Գորիսը, Նոյեմբերյանը:

Գագիկ Գասպարյանը


- Ինչպե՞ս է փոխվել լուսանկարչությունը ժապավենից մինչեւ մեր օրեր, ինչո՞ւմ են անվերջանալի կադրեր անելու դրական ու բացասական կողերը:

- Ժապավենը կարոտել եմ (ծիծաղում է,-հեղ.), հիմա տանը նաեւ սկաներ ունեմ եւ նեգատիվներն ինքս եմ թվայնացնում: Միանշանակ ամեն ինչ հեշտացել է, էլ մութ պայմաններում աշխատելու կարիք չկա, համակարգչով ամեն ինչ արագ ստանում ենք, բայց հետաքրքրությունն է կորել: Կարոտում եմ ժապավենի հոտը, տանն ունեմ ու մեկ-մեկ հոտ եմ քաշում, սովորաբար, թարմությունն էինք այդպես ստուգում, բայց հինը լրիվ ուրիշ է:

- Ի՞նչ չեք հասցրել նկարել, որ հետագայում կուզեք անել։

- Ճիշտն ասած՝ հիմա էլ նման ցանկություն չունեմ, բացի այդ էլ երեւակայությունս է մի քիչ պակասել: Մինչեւ 2019 թվականը՝ այստեղ աշխատանքի ընդունվելը, մոտ 2 տարի ընդհանրապես չեմ նկարել:  

- Գիտեմ, որ դա Ձեր որդու, որը եւս լուսանկարիչ էր, կորստից հետո է եղել:

- Տղաս իմ միակ աշակերտն էր (լռություն,-հեղ.): Չէի կարողանում նկարել… (նորից լռություն,-հեղ.):

- Նորից վերադառնանք անմոռանալի աշխատանքային պահերին ու ստացված կամ չստացված կադրերին:

- Մի քանի էքստրեմալ դրվագ կհիշեմ: Եթե չեմ սխալվում, 1984 թվականին ստադիոնի կողքին ռալլի էր անցկացվում, որը կազմակերպել էր ավտոսիրողների խորհրդային ընկերությունը: «Ժիգուլի 06»-ով կին վարորդ կար, գեղեցիկ շրջադարձեր էր կատարում, նրան խնդրեցի իր մեքենայով արագությամբ գալ ու իմ նշած տեղում պտտվել, որպեսզի լավ կադրեր ստանամ: Ամեն ինչ ճշտությամբ արեց, բայց ընդամենը 50 մմ օբյեկտիվով էի նկարում, այսինքն՝ առանց մոտեցնելու հնարավորության, եւ նրա հնարքի ժամանակ զգացի, որ եթե չփախչեմ, մեքենայի տակ կընկնեմ (ծիծաղում է,-հեղ.): Կարեւորն՝ իմ ուզած կադրը ստացա՝ վազելու ընթացքում օդի մեջ եմ նկարել: Նման պատմություն ունեցող նկարներն են ինձ համար հետաքրքիր, թեեւ դիտողները միշտ չէ, որ այդ մասին գիտեն կամ կարող են հասկանալ: Չնայած՝ ուշադիր լինելու դեպքում կնկատեն, որ ղեկին կին է, մեքենան պտույտի մեջ է եւ համարների կրկնակի պատկերն է արտացոլված, ինչը մեծ արագության մասին է վկայում:  


- Փաստորեն լուսանկարչությունը երբեմն նաեւ շատ վտանգավոր կարող է լինել ու կյանք արժենալ:  

- Նման վտանգավոր պահ մի անգամ էլ կրկեսում է եղել, երբ լուսանը թռավ վրաս: Կենդանիներից պաշտպանելու համար մետաղական ցանց էր կախված, վարժեցնողը Միխայիլ Բաղդասարովն էր, վերեւում լուսաններ ու վագրեր էին, հետեւում էի ու նկարում, երբ կողքից կանգնած աշխատողներից մեկն ինձ շատ արագ գրկեց ու հետ տարավ: Միայն նկատեցի, որ դիմացովս ինչ-որ սեւ կետ անցավ, վայրկյանների հարց էր (ծիծաղում է,-հեղ.): Բայց այդ օրը ցուցադրությունից, Բաղդասարովից ու կենդանիներից լավ կադրեր արեցի:

- Պարոն Գասպարյան, ի՞նչն են ամենաշատը սիրում Ձեր աշխատանքում:

- Նկարելիս եմ ոգեւորվում ու սպասում, որ իմ ուզած կադրը ստացվի: Առաջ ստիպված էի լինում մի քանի օր համբերել, մինչեւ այն կտպեի ու կտեսնեի, իսկ հիմա տեսախցիկի օգնությամբ միանգամից երեւում է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/ եւ Գագիկ Գասպարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW