Մենապարուհի Աննա Քալաշյանը նշում է 30-ամյակը։ Նրա հետ զրուցել ենք իր ստեղծագործական ուղու եւ 20 տարվա ակտիվ գործունեության մասին, եւ ոչ միայն։
- Աննա, ինչպե՞ս եք նշելու 30-ամյակը։
- Շատ կուզեի նշել ընտանիքիս և ընկերներիս հետ։ Կցանկանայի նաև փոքրիկ տոն կազմակերպել «Քալաշյան» դպրոցում, որտեղ կցուցադրեինք մեր նոր բեմադրություններից մեկը։ Դա կլիներ ոչ միայն իմ, այլև բոլոր նրանց տոնը, ովքեր եղել են իմ կողքին այս 20 տարիների ընթացքում։ Սակայն ամուսինս՝ Ասատուր Քալաշյանը անակնկալ է պատրաստել․ ծննդյանս օրը լինելու ենք Նյու Յորքում:
Աննա Քալաշյանը
- Ինչպիսի՞ զգացողություններ ունեք այսօր։
- Այս տարեդարձն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Երբ հետհայացք եմ նետում այն օրվան, երբ սկսեցի պարել, կարծես երեկ լիներ։ Շատ երջանիկ եմ, որ կարողացել եմ կյանքիս այսքան մեծ մասը նվիրել պարին, այս ճանապարհին հանդիպած մարդկանցից ու փորձություններից շատ բան եմ սովորել։ Եվ այն տարիքը, որ նշում եք, դեռեւս խորթ է ինձ համար:
- Հիշո՞ւմ եք ձեր առաջին մենապարը:
- Այո, իհարկե։ Այն շատ կարևոր էր ինձ համար։ Շատ էի հուզվում , ընդհամենը 15 տարեկան էի, բայց պատվով հաղթահարեցի փորձությունը, որին հաջորդեցին այլ մենապարեր։ Ընտանիքս շատ էր ինձ մոտիվացնում: Դա մի զգացում էր, որը մինչ օրս չի կորցրել իր թարմությունը։
- Ի՞նչն եք համարում ձեր ամենամեծ ձեռքբերումը այս 20 տարիների ընթացքում։
- Կարծում եմ, դա իմ ուսուցիչների և ուսանողների հետ աշխատանքն է։ Ձեռքբերում է նաև բեմում անցկացրած այն րոպեները , որոնք դրոշմված են հիշողությանս մեջ միայն դրական ձևով։ «Քալաշյան» պարարվեստի դպրոցում ձեւավորված ընտանիքը, որտեղ բոլորը ոգեշնչում են և օգնում են միմյանց աճել։ Տեսնել նրանց հաջողությունները և զարգացումները՝ մեծագույն պարգև է ինձ համար։ Իսկ ընդհանրապես, իհարկե, ձեռքբերումն իմ ընտանիքն է՝ ամուսինս ու տղաս:
Աննա Քալաշյանը
- Ո՞րն է ձեր սիրելի մենապարը և ինչու՞։
- Դժվար է առանձնացնելը, քանի որ յուրաքանչյուրի պարագայում ջանք ու եռանդ չեմ խնայել, տրվել եմ արդյունքին 101%-ով, որպեսզի հաջողված լինի: Սակայն ուզում եմ առանձնացնել «Ճանապարհը»․ այն զգացողությունները, որն ունի հերոսուհին, լրիվ իմ մասին են, իրականում նմանացրել եմ միշտ պարարվեստի բարդ ու դժվարագույն ճանապարհին: Կուզենամ առանձնացնել նաև «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ներկայացումը, որտեղ ես Շամիրամի կերպարում էի․ ի դեպ, հենց այս ներկայացումով ավարտեցի «Բարեկամություն» անսամբլում իմ կարիերան։ Այս ստեղծագործությունը շատ մոտ է սրտիս, քանի որ այն ներկայացնում է հայկական պատմության կարևոր դրվագ։ Յուրաքանչյուր շարժում և միտք ունի իր պատմությունը, որը պատմում է մեր մշակույթի և մեր ժողովրդի մասին։
Աննա Քալաշյանը
- Մի փոքր կպատմե՞ք «Կադանս» պարախմբի մասին։
- Ես և Ասատուր Քալաշյանը ստեղծել ենք մի նոր հարթակ՝ «Կադանս», որն իր տեսակով և բնույթով բացառիկ է լինելու։ Այն պարային բազմընտրության մեջ գալիս է հաստատելու պարային դասականությունը, ազատ մտածելու կերպն ու կարողությունը։
- Ինչպիսի՞ խորհուրդ կտայիք երիտասարդ պարողներին, որոնք այժմ սկսում են իրենց ճանապարհը։
- Խորհուրդ կտայի երբեք ջանք չխնայել և չհանձնվել, չնայել շուրջը և կենտրոնանալ միայն նպատակի վրա։ Աշխատեք անկեղծ, սիրեք այն, ինչ անում եք, և մի վախեցեք սխալվել։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, միշտ ձգտեք ինքնակատարելագործվել: Ամեն մի փորձություն հնարավորություն է սովորելու և աճելու։ Տքնաջան աշխատանքն ու անկեղծ սերը դեպի արվեստն ի վերջո տալու են իրենց պտուղները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: