×


«Ես չեմ ծերանում. նոր մակարդակ եմ անցնում». մահացել է Չակ Նորիսը

Կյանքի 86-րդ տարում մահացել է լեգենդար դերասան ու մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։

«Աշխարհի համար նա մարտարվեստների վարպետ էր, դերասան եւ ուժի խորհրդանիշ։ Մեզ համար նա սիրող հայր էր, նվիրված ամուսին ու պապիկ, անհավանական եղբայր ու մեր ընտանիքի իսկական սիրտը», - նշվում է Նորիսի ընտանիքի հայտարարությունում:

Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ դերասանը հոսպիտալացվել է Հավայան կղզիներում։ TMZ-ի տվյալներով՝ նրան հիվանդանոց են տեղափոխել մարզումներից հետո, լավ տրամադրություն է ունեցել եւ կատակել է։

Չակ Նորիսը մարտի 10-ին է նշել 86-ամյակն ու այդ առիթով Instagram-ում իր մարզումներից տեսանյութ հրապարակել. «Ես չեմ ծերանում։ Նոր մակարդակ եմ անցնում։ Այսօր 86 տարեկան եմ։ Ոչինչ չի օգնում այնքան երիտասարդ զգալ, ինչպես արեւոտ օրն ունեցած մի փոքր ակտիվությունը։ Շնորհակալ եմ եւս մեկ տարվա, ամուր առողջության եւ սիրելի գործով զբաղվելու հնարավորության համար»,- գրել էր նա։

View this post on Instagram

A post shared by Chuck Norris (@chucknorris)

Չակ Նորիսի ընտանիքի անդամները չեն հրապարակել նրա մահվան հանգամանքները, բայց նշվում է, որ նա «մահացել է խաղաղ ու սիրելիներով շրջապատված»։

Կառլոս Ռեյ Նորիսը (դերասանի իրական անունն է) ծնվել է 1940 թվականի մարտի 10-ին՝ Օկլահոմա նահանգի Ռայան քաղաքում։ Հայրն ավտոմեխանիկ էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայել է Հարավային Կորեայում, որտեղ էլ հետաքրքրություն է ցուցաբերել մարտարվեստների նկատմամբ։ Նա սեւ մի քանի գոտի ուներ, այդ թվում՝ կարատեի, թաեքվանդոյի, ձյուդոյի եւ բրազիլական ջիու-ջիթսուի։

Չակ Նորիսը եւ Բրյուս Լին


1960-ականների վերջին Նորիսը մի քանի անգամ հաղթել է կարատեի առաջնություններում։ Նա ընկերացել է մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի հետ եւ իր առաջին նշանակալի դերերից մեկը ստացել «Վիշապի ճանապարհը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Լին։

Նորիսի նշանավոր ֆիլմերից են «Դելտա Ջոկատը», «Անհետ կորածը»: Նա նկարահանվել է մի քանի տասնյակից ավելի աշխատանքներում, բայց առավել հայտնի է դարձել «Տեխասի ռենջեր Ուոքերը» հեռուստասերիալում Կորդել Ուոքերի դերով։


Չակ Նորիսը ամուսնացած էր Ջինա Օ'Քոնենլի հետ: Դերասանը հինգ երեխա ուներ:

Կարդալ ավելին

Quality Sign BW