Նա երգում է ավելի քան 20 տարի, 6 տարեկանից սկսել է հանդես գալ բեմերում, տարբեր հեռուստանախագծերում, մրցույթներում, բայց առավել ճանաչելի դարձավ «Նոր ալիք» մրցույթից։ Այն նոր ալիք բերեց իր կյանք։ Հաղթանակի արձագանքները դեռ շարունակվում են։ BRAVO.am-ը հանդիպել է երգչուհուն եւ զրուցել երազանքի ու այլ թեմաների շուրջ։
- Վայելո՞ւմ եք հաղթանակի բերկրանքը:
- Իրականում այնքան գերհոգնած եմ, որ չեմ հասցրել վայելել։
- Բեմարվեստի մարդիկ ասում են՝ մեծ պրեմիերաներից առաջ ընթացող փորձերն ավելի բուռն են ու հուզական, իսկ հետո մեջդ անհասկանալի դատարկություն է տիրում։
- Այո, այդպես է: Քրտնաջան աշխատել ենք 20 օրից ավելի: Օրական 6 ժամից ավելի փորձեր ունեինք, հետո էլ պետք է նստեինք ու մյուս մասնակիցներին հետեւեինք։ Գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ասում էր՝ ցանկացած դիտողություն վերաբերում է նաեւ մեզ:
Անահիտ Հակոբյանը
- «Նոր ալիք»-ի ազգային փուլում ընտրվել էիք Դուք եւ Մովսես Մովսիսյանը։ Մոսկվայում որոշվեց՝ Դուք պետք է ներկայացնեք Հայաստանը։
- Այո, բազմաթիվ հայտերից ընտրվեց 30-ը, հետո՝ երկու մասնակից։ Բազմիցս նշել եմ, որ այն իմ պարտադիր մասնակցելու մրցույթների շարքից էր։ Միշտ ինձ պատկերացրել եմ այդ բեմում ու հաղթանակած: Դեռ 2021-ին էի հայտ ուղարկել, բայց մրցույթը մի քանի տարի չանցկացվեց: Հիշում եմ՝ մի օր մտերիմ ընկերոջս՝ Արտյոմ Հակոբյանի հետ զրուցում էինք, ասացի՝ այնպես եմ ցանկանում աշխատել Ռեւզինի, Կրուտոյի հետ: Երազանքս իրականցավ. խոսքն ուժ ունի, եւ այն, ինչ հավատով ուղարկում ես տիեզերք, իրականանում է։ Նաեւ պետք չէ ուղղակի նստել ու երազել, այլ՝ քրտնաջան աշխատել, եւ երազանքները կիրականանան։
- Համբավ ունեցող մրցույթների ժամանակ համացանցը եռում է. քննարկում են, քննադատում արտիստի ձայնը, խոսքը, զգեստը, կատարումը, անցնում անգամ անձնական տիրույթ։ Ձեր դեպքում բացասական էներգիան կարծես չկար, ամեն դեպքում ես ընդամենը մեկ-երկու վատ մեկնաբանություն գտա։ Այս նշաձողը դժվար կլինի պահպանել:
- Ինչ խոսք, գիտակցում եմ, որ դժվար կլինի: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց խուսափել բացասականից: Գուցե երկար տարիների քրտնաջան աշխատանքս տվեց իր պտուղները։
- Սովորում եք ԵՊՀ-ում, կովկասագետ, ադրբեջանագետ եք։ Ձեզ համար կարեւո՞ր էր այլ կրթություն ստանալը, թե՞ ծնողների ցանկությունն էր։
- Համալսարանական կրթությունս ծնողներիս ու տատիկներիս ցանկությունն էր, բայց դպրոցում գերազանց եմ սովորել, հատկապես լեզուներն ու պատմությունը։ Ծնողներս ասում էին՝ երգում եմ, մրցույթների մասնակցում, շատ լավ է, բայց մեկ այլ մասնագիտություն է պետք սովորել: Շեշտում էին՝ այդ կրթությունն ինձ հաստատ պետք կգա։ Արտիստը բեմում պետք է փայլի ոչ միայն իր տաղանդով, այլեւ կրթական մակարդակով:
Անահիտ Հակոբյանը
- Կովկասագետի, ադրբեջանագետի մասնագիտությունում ի՞նչը գրավեց, տարածաշրջանային զարգացումնե՞րը, թե՞ մեզ առնչությունը:
- Ի սկզբանե ուզում էի ընդունվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետ եւ դառնալ դիվանագետ։ Բայց կովկասագիտության բաժինը նոր էր բացվել ու շատ հետաքրքիր էր ինձ համար։ Նաեւ թշնամու լեզուն իմանալու կարեւորությունը հաշվի առնելով՝ որոշեցի, որ հենց այդ մասնագիտությունը պետք է ընտրեմ։ Արդեն մագիստրոս եմ ու մնացել է մեկ կիսամյակ, որ ավարտեմ։ Տատիկս ասում է՝ գնամ ու դիպլոմս վերցնեմ, քանի որ չգիտես՝ վաղն ինչ կարող է լինել։ Իհարկե, չեմ կարծում՝ մի օր կաշխատեմ իմ մասնագիտությամբ, քանի որ ինձ ամբողջովին պատկերացնում եմ բեմում։
- Այս մասնագիտության մեջ էլ կա դիվանագիտություն, Ձեզ օգնո՞ւմ է բեմում։
- Միանշանակ: Ինչպես Ռեւզին է նշում՝ երգել կարող են շատերը, բայց երգարվեստը շախմատային խաղ կարծես լինի. քո ցանկացած քայլ պետք է շատ մտածված անես։ Մի սխալ քայլ, ու ամեն ինչ մեկ րոպեում կարող է ավարտվել։
- Թալինում եք ծնվել՝ սասունցիների ընտանիքում։ Երգչուհի դառնալու Ձեր որոշումն ինչպե՞ս ընդունեցին:
- Թալինում շատ քիչ եմ ապրել, բայց շատ հպարտ եմ իմ արմատներով։ Բոլոր մրցույթներին պատմում եմ, որ թալինցի եմ։ Ամեն մարդ պետք է իր արմատները հիշի ու երբեք չմոռանա։ Քո հիմքը հենց արմատներդ են ու պետք է կպած լինես հողին։ Դեռ փոքրուց երգել եմ մեր ընտանեկան հավաքույթներին. բոլորը հպարտանում էին, սիրում էին իմ ձայնը, բայց թերահավատորեն էին մոտենում երգչուհու մասնագիտությանը։ Ասում էին՝ չեմ կարող գումար վաստակել, առաջ գնալ, հատկապես այն դեպքում, երբ չունես հարուստ ծնողներ, ազգականներ, հովանավորներ։ Բայց մայրս միշտ հավատացել է իմ ցանկացած հաջողության ու ամեն տեղ տարել է՝ շատ բաներից իրեն զրկելով։ Բակային խաղերից էլ ինձ էր զրկում ու տանում պարի, սոլֆեջոյի, լողի։ Նեղվում էի, բայց հիմա գիտակցում եմ, որ ոչինչ հենց այնպես չէր։ Այդ շրջանում շատ կարեւոր է ծնողի դերը:
Անահիտ Հակոբյանը եւ Արմինե Գեւորգյանը
- Միշտ խոսում եք ընտանիքից՝ հատկապես տատիկներից։ Մե՞ծ է եղել նրանց դերը Ձեր կյանքում։
- Ընտանիքիս իրոք շատ շնորհակալ եմ։ Այնպես է ստացվում, որ հորական տատիկիցս եմ միշտ խոսում, բայց մորական տատիկս՝ Վերա Բարեղամյանը, եւս հզորագույն կին է, որից շատ բաներ եմ սովորել, օրինակ՝ հույզերը կառավարել։ Ես իմ երկու տատիկներով էլ հիանում եմ։
- Ասել եք, որ Ձեր հարազատները սիրում են, երբ ժողովրդական երգեր եք երգում: Ձեզ էստրադայի՞ն, թե՞ ժողովրդկան երգչուհի եք համարում։
-Երկու ոճում էլ ինձ լավ եմ զգում, բայց ազգային ու ժողովրդական երգեր երգելիս ուրիշ հաճույք եմ ստանում։ Մերն է, մեր արյան մեջ է, ու հետագայում ունենալու եմ ժողովրդական երգերի ալբոմ։ «Նոր ալիք»-ից եկել եմ ու չեմ հասցնում հանգստանալ։ Ծրագրերն այնքան շատ են, պետք է արագ իրագործեմ եւ արդարացնեմ բոլորի սպասելիքները։ Բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել, միշտ ասում եմ՝ հաղթողն իր հետ տանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ սփոփանքի խոսքեր, երբեմն այդ խոսքերն էլ չեն լինում։ Մարդիկ սիրում են, երբ հաղթում ես, բայց այդ հաղթանակի հետեւում անքուն գիշերներ, քրտնաջան աշխատանք է թաքնված եւ փակ դռներ։
Անահիտ Հակոբյանը
- Եղե՞լ է՝ կոտրվեք, ասեք՝ վերջ:
- Եղել է: Այդ մասին պատմել եմ իմ ամենահարազատ մարդուն, իսկ նա միշտ թեւեր է տվել ու ասել՝ պետք է գնամ առաջ, հասնեմ իմ նպատակներին։
- Արտիստի համար կարեւոր է ունենալ հենման կետ:
- Միշտ։ Արտիստը կարծես փոքր երեխա լինի։ Ինչպես Արթուր Գրիգորյանն էր ասում՝ շատ հեշտ է արտիստին նեղացնելը։ Մենք էմոցիոնալ ենք, որքան էլ ուժեղ ենք երեւում, իրականում երկաթյա մարդիկ չենք։
- Մրցութային երկրորդ օրը ներկայացաք Ռուզան Անդրեասյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգով, որում նաեւ տերունական աղոթք է հնչում, բայց ոչ ինչպես սովորաբար լինում է, այլ տարբերվող տեմպի մեջ։ Ռիսկայի՞ն չէր նման լուծումներով երգ երգելը։
- Երբ Ավետ Բարսեղյանի աշխատասենյակում հանդիպեցինք, ասաց՝ վերեւից եկավ վերնագիրը՝ «Հայ երկինք»։ Բառերը կարդացի, մարմնովս սարսուռ անցավ։ Ավետն ասաց՝ երրորդ հատվածն աղոթք է։ Խոստովանում եմ՝ անհանգստացա, բայց Ավետին այնքան եմ վստահում, եւ երբ երաժշտության հետ փորձեցի, այնքան ներդաշնակ էր ու համահունչ, որ վախերս հօդս ցնդեցին։ Երգն անպայման տեսահոլովակ կունենա։
«Իմ ուղին» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Սյուզաննա Թովմասյանն է։ Ու ինչպես նախագծի գլխավոր ռեժիսորն էր ասում՝ սուպերհիթ է։ Իսկ նա նման խոսքեր չի շռայլում հիմնականում, սուր խոսքեր է ասում։ Երբ Ռեւզինը երգ լսեց, ասաց՝ չպետք է երգեմ, այլ պատմեմ ու հույզեր փոխանցեմ։ Նա կրկնում էր՝ շատերն են երգում, կարեւորը՝ դու ինչ էմոցիա ես բեմից փոխանցում ու հուզում մարդկանց։ Ինձ թվում է՝ ստացվեց։
- Սպասո՞ւմ էիք, որ օդանավակայանում նման կերպ կդիմավորեն։
- Իհարկե, չէի սպասում ու հաճելիորեն զարմացած էի։ Արժեր գնալ, հաղթել եւ հետ գալ։ Անասելի հաճելի է, երբ երկիրդ ես ներկայացնում ու հաջողում ես։
- Բոլորը հուզվել էին, երբ հաղթանակը նվիրեցիք Ձեր հայրիկին:
- Մեկ տարի առաջ օգոստոսի 17-ին հայրս շատ անսպասելի հեռացավ մեզնից՝ սրտի կաթված։ Մեկ տարի անց նույն օրը ես փորձատեղիում էի։ Հուզմունքս այդ օրը շատ դժվար էր կառավարել ու հավաքվել. փորձին այդքան էլ լավ չեմ ներկայացել։ Բայց հաջորդ օրը հավաքեցի ինձ, քանի որ իրավունք չունեի զոհ դառնալ իմ ցավին։
Посмотреть эту публикацию в Instagram
- Հայրիկի հետ զրուցո՞ւմ եք, սիրո՞ւմ էր Ձեզ բեմում տեսնել:
- Միշտ զրուցում եմ: Հայրս շատ էր սիրում կատարումներս: Միշտ ասում էր՝ իր փայլող աստղն եմ։ Հավատում էր, որ մեծ բեմերն ինձ են սպասում։
- Անահիտ, չեմ կարող չխոսել Ձեր կեցվածքի մասին. ելույթները դիտում էի ու մտածում, որ այս աղջիկը չի տառապում փոքր երկրի բարդույթով։
- Ինձ համար իմ երկիրը ֆանտաստիկ է ու ամենալավն է։ Առաջին օրվանից սկսած՝ փորձատեղի եմ գնացել որպես հզոր երկրի ներկայացուցիչ: Պարտվողի հոգեբանությամբ չեմ գանցել։ Արդեն մի քանի օր հետ բոլորն իրենց մեջ հասկացել էին, որ ես եմ հաղթելու։ Գուցե մեծամիտ հնչի, բայց դա ես չեմ ասում, այլ մասնակիցներն են խոստովանել:
- Երբ շոու-բիզնեսում գեղեցիկ երգչուհի է հայտնվում, ասում են՝ օ՜, նա ցանկալի հարսանցուների շարքն է համալրել։ Բայց Ձեր դեպքում պարզվեց, որ ցանկալի հարսնացուն ընտրյալ ունի:
- Այո, իմ Նժդեհը, ով միշտ կողքիս է ու աջակցում է։ Իր սերն այնքան մեծ է:
- Ձեր սիրո մասին քիչ եք խոսում ու շատ զուսպ։
- Նույնիսկ երկմտում էի՝ արժե հրապարակել այն տեսանյութը, որում ամուսնության առաջարկություն եմ ստանում։ Այն, ինչ շատ թանկ է, ուզում ես պահել, բայց երբեմն մարդիկ կարող են դա այլ կերպ ընկալել։ Իսկ ես չեմ սիրում խաբել ու ասել, թե իմ կյանքում ոչ մեկը չկա, քանի որ իրականում կա։
Посмотреть эту публикацию в Instagram
- Ակումբային կարիերային վե՞րջ եք դնելու։
- Ակումբային երգչուհի լինելը Հայաստանում սխալ է ընկալվում: Ամենահայտնի երգչուհիներն էլ սկսել են ակումբներից։ Կա մի միտք՝ ակումբը մարդուն կործանում է, կամ էլ տանում է դեպի մեծ բեմ։ Իսկ այն վայրերը, որտեղ ես աշխատել եմ, եղել են լավագույնները։ Դա յուրահատուկ դպրոց է։ Իհարկե, կշարունակեմ երգել ակումբում, բայց ավելի քիչ։
- Ապագան հայրենիքո՞ւմ եք պատկերացնում։
- Հայրենիքն ինձ համար բացարձակ արժեք է։ Պաշտում եմ իմ երկիրն ու ցանկացած հաղթանակ բացի հորս նվիրելուց, նվիրում եմ իմ երկրին։ Օտար երկրում ծածանել եռագույնն ուղղակի գերագույն հաճույք է։
Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: