×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում օգոստոս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝


•    Սիրուշո՝ 61 հիշատակում,

•    Էրիկ Կարապետյան՝ 49 հիշատակում,

•    Նազենի Հովհաննիսյան՝ 26 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Օգոստոսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է: Երգչուհին նախորդ ամիս Երեւանում մասնակցել է երաժշտական փառատոնի, նոր զարդեր է թողարկել, նաեւ ակտիվ է եղել սոցիալական ցանցերում: Աշխատանքային գործունեությանը վերաբերող հրապարակումներից բացի, նա կիսվել է ընտանեկան լուսանկարներով եւ հարազատների հետ անցկացրած պահերով:


Օգոստոսի 25-ին Հայկոյի տարեդարձն էր, ինչի առթիվ էլ հավաքվել էին նրա ընկերները, երգել լուսահոգի արտիստի  երգերն ու խոսել նրա մասին: Ընկերների շարքում էր Սիրուշոն: «Շնորհավոր ծնունդդ, իմ հավերժ եղբայր»,- գրել էր նա:  

Էրիկ Կարապետյանը երկրորդ  հորիզոնականում է: Օգոստոսի 10-ին Իջեւանում նա ելույթ է ունեցել «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում, եւ հրապարակումների մեծ մասը վերաբերում են այս միջոցառմանը: Քննարկվել է երգչի վերնահագուստը. շատերն այն  նմանեցրել էին զրահաբաճկոնի, ինչին վերաբերող լրագրողի հարցից նեղսրտել է. «Բրոնիժիլետը ժիլետից չե՞ն տարբերում, ընդամենը շոր է, բեմական հագուստ, կարող եմ ասել՝ որտեղից եմ պատվիրել...»:

Երրորդ հորիզոնականում Նազենի Հավհաննիսյանն է: Կայքերում տարածվել է դերասանուհու հարցազրույցը Ամալյա Հովհաննիսյանին: Թեեւ Հովհաննիսյանի տարեդարձը հուլիսին էր, սոցցանցային իր էջերում շարունակել է կիսվել ծննդյան խնջույքի տեսանյութերով և լուսանկարներով՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար:

«Սկսեցի սիրել ծննդյան օրերս եւ նշել, երբ գիտակցեցի, որ դրանք լավագույն առիթն են ընկերներով ջերմորեն հավաքվելու. ուղղակի, որ զբաղվածությունը պատճառ չլինի՝ բացակայի: Իմ ուրախությունն ու ուժն են ընկերներս, անկախ նրանից՝ որտեղ են, ինչ կարգավիճակում... Կարեւորը, որ միշտ լինեն: Էս տագնապային աշխարհում նման պահերն ուժ են տալիս»,- գրել է նա:


Օգոստոսի 18-ին կյանքից հեռացավ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Նազենին լուսանկարներ է հրապարակել արտիստի հետ եւ պատմել իրենց հանդիպման մասին. «2012-ին, երբ եկել էր Հայաստան, 77 տարեկան էր, պատահական տեսանք հյուրանոցի ֆոյեում՝ «Մայրիկներ» ֆիլմի պրեմիերայից հետո, որից հետո չէի դադարում լացել (մայրիկիս նոր էի կորցրել), թարմ վերքս բաց էր դեռ, գնաց ընթրելու, ու ես սառած ասում եմ՝ ախր Ալեն Դելոնն էր: Հիմա ընկերներով համոզում են, թե գնանք, նկարվիր: Ես էլ ահավոր ամաչում էի: Կարճ ասած՝ Անդրե Հովնանյանը համոզեց ու ձեռքիցս բռնած տարավ ռեստորան, ու մինչեւ ես վախվխելով մտածում էի՝ ոնց մոտենալ, ձեռքով կանչեց մեծ արտիստը, մոտեցա, ողջագուրվեց, գրկեց, ձեռքերս համբուրեց: Շոկի մեջ էի ու ինչ-որ սիրուն խոսքեր էի կմկմում՝ մարդկությանն անհայտ լեզվով»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW