Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է ռուս Իրինա Զախարովան։ «Միսս տիեզերք Հայաստանն» անցկացնելու թույլտվություն էր ձեռք բերել ուկրաինացի Յուլիա Պավլիկովան եւ մրցույթը կազմակերպել Մոսկվայում։ Այդ հանգամանքն առաջացրել է նախորդ տարիների «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի 200-ից ավելի հայ մասնակիցների ու հաղթողների դժգոհությունը։ Նրանց թվում է «Միսս տիեզերք Հայաստան-2021» Նանե Ավետիսյանը, որը BRAVO.am-ի հետ զրույցում ներկայացրել է իրենց առարկություններն ու արտահայտել զայրույթը։
- Նանե, սովորաբար, ինչպիսի՞ն է եղել Հայաստանում «Միսս տիեզերք»-ին մասնակցելու կարգն ու ձեւավորված ի՞նչ ավանդույթներ կան։
- Տարիներ շարունակ Հայաստանը կազմակերպել է ու մասնակցել հեղինակավոր մրցույթներին՝ «Միսս տիեզերք»-ին ու «Միսս աշխարհ»-ին։ «Միսս տիեզերքն» ամենախոշոր հարթակներից մեկն է, որտեղ երկրները ներկայացնում են իրենց մշակույթը, այդ թվում՝ հարցազրույցներ տալիս Fashion TV, Telemundo եւ մեծ լսարան ունեցող այլ հեռուստաալիքների։ Ինքս էլ 2021-ին մասնակցել եմ մրցույթին ու այդ ամենի մի մասը եղել։ «Միսս տիեզերքը» դիտելիությամբ ամբողջ աշխարհում թոփ-10 մրցույթների թվին է դասվում։ Հայաստանն ամեն տարի պետական ֆինանսավորմամբ մասնացում է «Եվրատեսիլ»-ին, որը մի քանի անգամ քիչ հեռուստադիտող ունի, իսկ «Միսս տիեզերք»-ի դեպքում նման աջակցություն չի եղել, բայց, չնայած բոլոր դժվարություններին՝ միշտ մասնակցել ենք։ Մեզ մոտ մրցույթը Գոհար Հարությունյանն է անցկացրել, եւ մասնակցել են աղջիկներ Հայաստանից ու Սփյուռքից։ 2021-ին, երբ ես էլ էի պայքարում տիտղոսի համար, մասնակիցներ կային Իսպանիայից, անգամ՝ Նոր Զելանդիայից ու Ավստրալիայից, քասթինգին մոտ 700 հոգի էր գրանցվել։ Իսկ այս տարի «Միսս տիեզերք» հեղինակավոր մրցույթի արտոնագիրը ձեռք է բերել մի ուկրաինուհի, որը Հայաստանի հետ առհասարակ ոչ մի կապ չունի։
Իրինա Զախարովան
- Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի փոխարեն մրցույթն անցկացնելու արտոնագիր ձեռք բերեց Յուլիա Պավլիկովան։
- Այդ բացն առաջացավ, քանի որ պատերազմական լարված իրավիճակի պատճառով երկու տարի մրցույթը չկազմակերպեցինք։ Երկու անգամ քասթինգ հայտարարեցինք, բայց սահմանային լարվածության պատճառով որոշեցինք չշարունակել։ Նախ Ջերմուկում էր լարված, ապա հաջորդեց Արցախի հանձնումը, եւ նպատակահարմար գտանք չմասնակցել «Միսս տիեզերք»-ին։ Հայաստանում կատարվող իրադարձությունների ֆոնին գեղեցկության մրցույթ կազմակերպելը հակաբարոյական կլիներ, եւ մեր հստակ դիրքորոշումն էր 2022-2023 թվականներին մրցույթ չանցկացնել, քանի որ այդ պահին այն մեր երկրին պետք չէր։
Մրցույթը, սովորաբար, հստակ ժամկետներում է լինում՝ օգոստոսին, կամ էլ սեպտեմբերին, որպեսզի որոշվեն հոկտեմբերին կամ նոյեմբերին անցկացվող «Միսս տիեզերք»-ի մասնակիցները։ Եվ այդ ուկրաինուհին՝ Յուլիա Պավլիկովան, առիթից օգտվելով, ձեռք բերեց անցկացման արտոնագիրը։ Ցավալի իրողությունն այն է, որ նրա նպատակը ոչ թե Հայաստանը ներկայացնելն է, այլ մրցույթի մի մասը կազմելը։ Նա հիանալի հասկանում է, թե մրցույթը որքան հեղինակավոր է ամբողջ աշխարհում։ Դրա համար էլ դիմել է «Միսս տիեզերք»-ին ու որոշակի գումարի դիմաց ձեռք բերել արտոնագիրը, որն ամեն տարի պետք է գնել։ Միջազգային մրցույթի համար ամենակարեւորը շոուն ու երկրների մասնակցությունն ապահովելն է, դրա համար էլ չեն մերժել։
Յուլիա Պավլիկովան
- Ինչպե՞ս է Մոսկվայում անցել «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթն ու ե՞րբ եք դուք իմացել այդ մասին։
- Անգամ չենք էլ իմացել, որ մրցույթը կազմակերպվել է, ամեն ինչ շատ փակ է արվել, նույնիսկ աղջիկները տեղյակ չեն եղել, որպեսզի մասնակցեն։ Ընդամենը 4-5 ռուսաստանաբնակ հայ աղջիկներ են կարողացել ելույթ ունենալ։ Մրցույթի մասին օրեր առաջ ենք իմացել ու միանգամից մեր դժգոհությունն արտահայտել։ Հայաստանի մասնակցությունը որեւէ ուկրաինուհու միջամտությամբ չպետք է լինի: Ոչ թե նրա ազգությանն ենք դեմ, այլ կողմ ենք մեր երկրին ու կարծում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչը պետք է մեր երկրից լինի։ Բացի այդ էլ հաղթողը՝ 31-ամյա ռուս երգչուհին, նույնպես Հայաստանի հետ կապ չունի, նույնիսկ հայերեն չի խոսում։ Պատճառաբանում են, որ Յուլիան եղել է Հայաստանում ու այն շատ հավանել։ Ուսումնասիրել ենք ու տեսել, որ նա ընդամենը մի քանի զբոսաշրջային վայրերում ու ռեստորաններում է եղել, սակայն դա նրան դեռ չի կապում մեր երկրի հետ։ Հայաստանն այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններով է անցել ու շատ հայ աղջիկներ կան, որ ավելի են արժանի այն ներկայացնել։ Նրանք տարբեր ջանքեր են գործադրել ի նպաստ մեր երկրի ու բարեգործական նախաձեռնությունների մասնակցել, ինչը նման մրցույթների համար կարեւոր պայման է, հարցը միայն թագը դնելն ու երկրի անունից մասնակցելը չէ։ Հայաստանը նման կերպով ներկայացնելը մեզ հանրայնորեն խայտառակում է, արդեն իսկ մի շարք միջազգային հարթակներում այս հարցը քննարկվել է՝ մարդիկ ծաղրում են, որ «Միսս Ֆիլիպիններ» կամ «Միսս ԱՄՆ» մրցույթը երբեք ուրիշ երկրում չէր կարող անցկացվել։ Պայքարում ենք, որ այդ ընտրությունը չեղարկվի ու մեր հստակ դիրքորոշումը բարձրաձայնվի՝ այն է, եթե Հայաստանը ցանկանա մասնակցել «Միսս տիեզերք»-ին, դա կանի իր երկրում իրականացված շոուով, միջոցառումների շարքով ու իր երկրի քաղաքացիներով։ Եվ Հայաստանն անտեր ու թույլ չէ, որ ամեն ցանկացող վեցնի մեր դրոշն ու նրա անունից ներկայանա։
- Նանե, Դուք ոչ միայն Ձեր, այլ նաեւ Ձեր համախոհների անունից եք հանդես գալիս, ովքե՞ր են նրանք, ու ի՞նչ պահանջներ ունեք։
- Ներգրավված են բոլոր տարիների «Միսս աշխարհ»-ի ու «Միսս տիեզերք»-ի հայ հաղթողները, որոնց թվում են Մոնիկա Գրիգորյանը, Էլզա Մուրադյանը, Միռնա Պստիկյանը ու մյուս մասնակից աղջիկները։ Նրանց թվում է Նոր Զելանդիայից մրցույթի մասնակից Միլենան. նա չի կարողացել հաղթել այն պատճառով, որ հայկական անձնագիր չունի, ինչը կարեւոր պայմաններից մեկն է։ Այս պահին մեր խմբում հարյուրավոր մասնակիցներ կան, բոլորն են վրդովված ստեղծված իրավիճակի պատճառով՝ երեւույթն ինքին շատ տհաճ է։ Մեզ օրական բազմաթիվ աղջիկներ են գրում ու հետաքրքրվում, թե երբ է լինելու մրցույթը, նրանց համար էլ այս ամենն անընդունելի է։ Չենք կարող ջայլամի նման գլուխներս հողի մեջ թաքցնել ու հետեւել, թե ինչ են անում։ Իհարկե, կարող են շատ գեղեցիկ տարազով ներկայացնել Հայաստանը, բայց «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթը պետք է հայկական արտադրանք լինի։ Իսկ այս եղանակով ներկայանալն առաջին հերթին մեր ինքնասիրությունն է վիրավորում, որ անհայտ ծագման եւ հեղինակության այլազգիներ կարող են վերցնել մեր երկրի անունն ու տարբեր տեղերում ներկայացնել Հայաստանը։ Չի բացառվում, որ մի օր էլ այդ մրցույթում թուրք կամ ադրբեջանցի հաղթի։
Նանե Ավետիսյանը
- Նախորդ տարիների մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյա՞նն էլ է ներգարվված ձեր աշխատանքներում։
- Գոհարի հետ մշտական կապի մեջ ենք, բայց նա բազմազավակ մայր է ու չի հասցնում շատ ներգրավված լինել։ Նա էլ է համարում, որ երկար տարիներ ջանքեր ենք գործադրել մրցույթն անցկացնելու համար ու մեկ հիմար քայլի՝ գնված արտոնագրի պատճառով ամբողջը ջուրն է ընկնում։ «Միսս տիեզերք Հայաստանը» նաեւ գեղեցիկ ու հետաքրքիր ավանդույթ է. մենք հաջորդաբար իրար ենք փոխանցում թագը, ինչպես Մոնիկա Գրիգորյանը 2021-ին հանձնեց ինձ, ես իմ հերթին՝ Քրիստինե Այանյանին։ Մենք համայնք ենք, միմյանց խորհուրդներ ենք տալիս ու քննարկումներ ունենում, իսկ նոր կազմակերպիչներն այդ ամենը ջնջել են ու Հայաստանում հաղթած մասնակիցներին պարզապես արհամարհել։ Ամեն ինչ առանց մեր իմացության են արել ու իրենց աղջիկներով, ինչը սխալ է։
- Ի՞նչ քայլերի եք դիմել ու ի՞նչ եք մտադիր անել Հայաստանի անունից Իրինա Զախարովայի մասնակցությունը «Միսս տիեզերք» մրցույթում կասեցնելու համար։
- Մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին, մինչ այդ փորձելու ենք նախ մեր հանրությանը հնարավորինս ծանուցել խնդրի մասին։ Շատերն արդեն իրենց դժգոհությունն արտահայտել են։ Դիմել ենք Մշակույթի նախարարությանը, որպեսզի պետական մակարդակով ազդեցություն ունենան ու պնդեն, որ Հայաստանը պետք է ներկայացվի բացառապես հայերի կողմից։ Ստորագրահավաք ենք կազմակերպել ու համատեղ նամակով դիմել «Միսս տիեզերք»-ին՝ տեղեկացնելով, որ հայերն ի վիճակի են ինքնուրույն մասնակցել մրցույթին, իսկ նախկինում ներկայացված չլինելն իր պատճառներն է ունեցել։ Դեռ պատասխան չենք ստացել, եթե բողոքող կողմը ԱՄՆ-ն, Մեքսիկան կամ Լատինական Ամերիկայի որեւէ երկիր լիներ, միանգամից կարձագանքեին, պարզապես մենք նրանց համար այդքան էլ մեծ հետաքրքրություն չենք ներկայացնում։ Այս ընթացքում ժյուրիի ու կազմակերպիչների թվում ներգրավված չենք եղել կամ էլ մեր կողմից պաշտոնական հրավեր ուղարկել։ Հնարավոր է՝ մի փոքր մատների արանքով նայեն այս խնդրին, բայց պետք է շարունակենք այն ուշադրության կենտրոնում պահել ու նախարարության մակարդակով ճնշում գործադրել։ Պարտավոր ենք առավելագույնն անել մեր երկրին ու մշակույթին տեր կանգնելու համար։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: