ՀՀ վաստակավոր արտիստ, 79-ամյա դերասանուհի Ջուլիետա Բաբայանը շարունակում է ակտիվորեն խաղալ ներկայացումներում եւ ֆիլմերում, նկարահանվել հեռուստատեսային նախագծերում: Նա հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին եւ անկեղծորեն պատմել երիտասարդության տարիների սխալների, ուրախությունների, ընտանիքի, ամուսնալուծության, թոռների հետ ընկերներ լինելու, թատրոնի հանդեպ մեծ սիրո, Հայաստանից չհեռանալու եւ երիտասարդ մնալու իր գաղտնիքների մասին։
«Չեմ զգում իմ տարիքը»
Տարիներից չեմ վախենում, որովհետեւ չեմ զգում իմ տարիքը: Դա, երեւի, բնավորությունից, հոգուց է գալիս։ Ինձ հիմա երջանկացնում են իմ թոռները։ Հինգ թոռնիկ ունեմ, ամենափոքրը 16 տարեկան է, իմ ընկերն է։ Բոլորն ինձ Ջուլյա են ասում. չեմ սովորեցրել, որ տատիկ ասեն: Այնպես որ, ընկերություն եմ անում իրենց հետ, երեւի, դա է երիտասարդության գաղտնիքը․ երիտասարդների հետ երիտասարդանում ես (ժպտում է,- հեղ․):
«Բավական երկար դիմացա»
Հայրս չէր ուզում, որ դերասանուհի դառնամ, իսկ ես դպրոցն ավարտելուց հետո անմիջապես թատրոնի հետ կապվեցի։ Այն ժամանակ Վարդան Աճեմյանը զանգվածային տեսարանների համար թատերական խմբակ էր հավաքում։ Դիմեցի, ընդունեց. 17 տարեկանից թատրոնում եմ։ Հետո արդեն բարձրագույն կրթություն ստացա, եւ Աճեմյանն արդեն ընդունեց թատրոն։ Այդ ժամանակ հայրս չէր թողնում թատրոնում աշխատել, եւ ես ստիպված հիմարաբար ամուսնացա թատրոնից ինչ-որ մեկի հետ (ծիծաղում է,- հեղ․): Բայց տարբեր մարդիկ էինք բնավորությամբ, նա էլ ինձնից բավական մեծ էր՝ տասներկու տարի։ Բավական երկար դիմացա, հետո արդեն չդիմացա։ Գիտեք, թատրոնի հանդեպ սերն այնքան շատ էր իմ մեջ, որ չէի էլ հասկանում՝ ինչ եմ անում։ Հետո արդեն ուշ էր․ երեխա ունեի, մտածեցի՝ լավ, կհամակերպվեմ։ Այդպես դիմացա։ Երկրորդ երեխան ինը տարի հետո ունեցա։ Հետո միայն նպատակս այն էր, որ աշխատեմ եւ երեխաներիս պահեմ... Այդպես երիտասարդությունդ անցնում է, ու դու չես զգում։ Հետո հետադարձ հայացք ես գցում, տեսնում ես՝ «Այս ե՞րբ դարձա քառասուն ու ոչինչ չհասկացա»։
«Այն ժամանակ բաժանվելը սենսացիա էր, նույնիսկ թատրոնում էին մեղադրում»
Եթե տասը տարի ամուսինը չաշխատի եւ անընդհատ բազմոցին նստած կամ պառկած լինի, ո՞ր կինը կդիմանա։ Որպես դերասան էլ զբաղված չէր. թատրոնից դուրս էր եկել, չէր աշխատում։
Թատրոնում էլ շատ զարմացան, երբ իմացան մեր բաժանվելու մասին, մեղադրում էին նույնիսկ։ Հիմա մեր երիտասարդները երբ ուզում, ամուսնանում են, երբ ուզում են՝ բաժանվում։ Բայց այն ժամանակ սենսացիա էր իմ ամուսնալուծությունը, թատրոնում՝ նույնը, մեր բարեկամության մեջ՝ նույնը։ Ասում էի՝ «Էլ չեմ կարողանում, ի՞նչ եք ուզում»։ Դժվար էր այդ շրջանը, իհարկե, հետո անցավ։
«Հայրս մահացավ, նոր այդ քայլին դիմեցի»
Հայրիկիս միշտ մեղադրել եմ... Մինչեւ հիմա էլ։ Շատ խիստ մարդ էր, չէի կարող ոչինչ անել։ Ուղղակի չէր թողնում, «Ոչ մի թատրոն»,- ասում էր։ Երբեւէ իր հետ չեմ խոսել այդ մասին։ Հետագայում, երբ հեռուստատեսությամբ տեսնում էր, հպարտանում էր, ուրախանում, արդեն հաշտվել էր այդ մտքի հետ։
Երբ մի անգամ հայրիկիս ասացի, որ բաժանվում եմ, վա՜յ, ասաց՝ «Դու ես ընտրել, դու էիր ասում՝ թատրո՜ն»։ Մահացավ, նոր այդ քայլին դիմեցի, որովհետեւ լսել չէր ուզում։ Բաժանվել եմ 40-ից հետո։ Իհարկե, կարելի էր լրիվ ուրիշ կերպ ապրել, բայց դե... Ունեմ երկու հրաշալի աղջիկ, թոռներ, այդ ամենով բավարարվում եմ։ Իմ ապրած դժվարություններն ինձ դաս են եղել, եւ ես իմ երեխաների հետ շատ ընկերական եմ։
«Արդեն սովորել եմ մենակ ապրելուն»
Այո, ես մենակ եմ ապրում։ Արդեն սովորել եմ, սկզբում դժվար էր։ Երբ փոքր աղջիկս ամուսնացավ, շատ վատ էի տանում, բայց արդեն սովորել եմ։ Իհարկե, աշխատում եմ մենակ չմնալ։ Դե՜ կա՛մ աշխատանքի եմ լինում, կա՛մ ընկերուհիներով իրար հյուր ենք գնում, բացի դա էլ՝ աղջիկներիս ու թոռներիս հետ հաճախ ենք միմյանց այցելում, ամեն օր տեսազանգով խոսում ենք։ Ես սիրում եմ շփվել, մեծ ընտանիքի հետ ապրել, այդ իմաստով դժվար է։
«Զարմանում եմ, որ մեր անվանի մարդիկ ԱՄՆ-ում են»
Առանց Երեւանի, առանց Հայաստանի չեմ կարող։ Աղջիկս միշտ ասում է՝ «Արի, էլի, մամա, արի Մոսկվայում մնա»։ Ասացի՝ «Չէ, չեմ կարող»։ Ես ծվել ու մեծացել եմ Երեւանում, ամեն մի քարն ու թուփը հարազատ են, շատ սիրում եմ իմ քաղաքը, եւ ընդհանրապես չկա մի շրջան Հայաստանում, որ չեմ եղել։ Ու ես շատ զարմանում եմ, որ հիմա մեր անվանի մարդիկ Միացյալ Նահանգներում են։ Չեմ մեղադրում ոչ մեկին, ով ինչպես ուզում է, թող ապրի։ Բայց ախր մտածում ես՝ հեռվից խորհուրդ են տալիս, հեռվից հայրենասիրություն են խաղում։ Այդպես չի կարելի։ Իմ թոռներն էլ՝ սովորած, ավարտած, օտար լեզուների հրաշալի իմացությամբ, բայց ոչ մեկը չի ուզում գնալ, ուզում են մեր երկրում ապրել։ Իսկ դստերս՝ արտերկրում ապրելու որոշումը շատ վատ ընդունեցի, մինչեւ հիմա չեմ համակերպվում, ուղղակի այն ցուրտ ու մութ տարիներին ընտանիքով գնացին, որ հետ գան, բայց մնացին։ Դե, դա իրենց կյանքն է, իրենք արդեն սովորել են, ես եմ ծանր տանում։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: