×


«Մինչեւ վերջին փորձը չէինք համբուրվել». Զիրոյանը, Սոնա Մաթեւոսյանը եւ վերաբեմադրված «Հոբելյանական հաճախորդը»

Սեր, կիրք, խանդ՝ կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունների ամբողջ գունապնակը կրկին Կամերային թատրոնի բեմում է։ Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» պիեսն այս անգամ բեմադրել է Ժորա Մարտիրոսյանը, փոխվել են նաեւ գործող անձինք՝ Զիրոյանը եւ Սոնա Մաթեւոսյանն են։  

Սա մի ներկայացում է, որտեղ պատահականություններն ի զորու են փոխել ճակատագրեր. սովորական սիրախաղ ու անսովոր հանգուցալուծում։ Իսկ թե ինչու կրկին բեմ վերադարձավ «Հոբելյանական հաճախորդը», ռեժիսորի եւ դերասանների կարծիքը մեկն է՝ այս ներկայացումը երբեք իր ասելիքը չի սպառում։ Կին-տղամարդ հարաբերություների մասին անվերջ կարելի է խոսել, բացահայտել շերտերն ու ենթաշերտերը։


Զիրոյանն ասում է, որ Արա Երնջակյանն իր պիեսում հետաքրքիր կերպով է բացահայտում կնոջը, գտնում է այնպիսի թելեր, որ շատերը չեն նկատում. «Երբ կարդում էի պիեսը, մտածում էի՝ ի՞նչ է գրել այս մարդը, ո՞ւր է խորացել, ի՞նչ է զգացել ու տեսել, որ մենք չենք կարողանում տեսնել։ Իսկ կյանքը շատ արագ է անցնում։ Փորձում ես մի պահ դադար վերցնել ու սկսում ես հետհայացք գցել, ըմբռնել կնոջը, նրա խոսքը, միտքը, հասկանում ես, որ ամեն ինչ իր արժեքն ունի»։

Դերասանն անկեղծանում է․ «Երբեք չես կարող մինչեւ վերջ բացահայտել կնոջը: Երբ  ասացիր՝ բացահայտել ես, ուրեմն՝ քո կյանքը վերջացավ։ Կինն անբացահայտելի է ու միշտ իր բարձունքում։ Բայց Երնջակյանի պիեսի շնորհիվ հասկացել եմ՝ պետք է ցանկացած վայրկյանդ վայելես»։


Սոնա Մաթեւոսյանը խոստովանում է՝ դերը դժվար տրվեց, վախենում էր մտքից՝ արդյոք կկարողանա հանդիսատեսին ճիշտ մատուցել կնոջ հոգեվիճակն ու ապրումները. «Կյանքի փորձը մեծ նշանակություն ունի, ու ես, բարեբախտաբար, մենակ մնալու այդ զգացողությունը չեմ ունեցել, բայց մեզ օգնում է մեր մասնագիտությունը. մտնում ես դերի մեջ ու այն քեզնով անում»։

Առավել դժվար է եղել խաղալ համբույրի տեսարանները. «Գիտե՞ք, ամենաբարդն է եղել, քանի որ ես եւ Զիրոյանը շատ լավ ընկերներ ենք ու մինչեւ վերջին փորձը չէինք համբուրվել։ Առաջին անգամ համբուրվեցինք հանձման ժամանակ, երբ դահլիճում Արա Երնջակյանն էր։ Ի դեպ, այդ օրը մեր ընկերներից մեկն էլ ասաց՝ իրեն շատ էր պետք այս ներկայացումը»։


Այս պիեսում չկան անուններ, կան կին, տղամարդ ու նրանց շուրջ հյուսվող սիրային սարդոստայն՝ համեմված հետաքրքիր քիմիայով։ Ու, թերեւս, «գործող անձ» է նաեւ հեռախոսը, որը զանգահարում է ամենաանհարմար պահին՝ սիրո ամենաբուռն ու դրամատիկ զարգացումների ընթացքում։

Հանդիսատեսն էլ, կարծես, գործող անձ լիներ. հաճախ էին ռեպլիկներ հնչում դահլիճից, մատնանշում էին, թե ինչ քայլերի դիմեն։


Ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանն ասում է՝ ենթատեքստերով պիես է, բայց միեւնույն ժամանակ, շատ պարզ. զգացածդ բարձրաձայնել ուրիշ բառերով ու տեքստերով։

Այս ներկայացումն Արա Երնջակյանն առաջին անգամ բեմադրել է 2008 թ.-ին։ Դերերում էին Արշալույս Հարությունյանը եւ Քեթրին Մանասյանը։ Այնուհետեւ նկարահանել է ֆիլմ, այս անգամ գլխավոր դերերում էին Լուիզա Ներսիսյանն ու Դավիթ Քացառավան։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հակոբ Քալաշկանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW