×


Շուշիի «Վարանդա» երգչախմբի համերգը Երեւանում՝ հիացումի, թախիծի ապրումներով եւ հույսով

Շուշիի «Վարանդա» մանկական երգչախմբի սաներն Արցախից բռնի տեղահանվելուց եւ Հայաստանի տարբեր շրջաններում հաստատվելուց հետո երկար էին փնտրում ճանապարհներ՝ միասին ելույթ ունենալու համար։ Խմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Զաքար Քեշիշյանն իմանալուն պես, որ երեխաները կիսում են իր ցանկությունն ու հնարավորություն են փնտրում համերգներով միավորվելու, սկսում է խումբը հավաքագրելու գործը։ Պարզվում է՝ սաների մեծ մասը հաստատվել է Երեւանում, Աբովյանում ու Մասիսում։ Այդպես, կարճ ժամանակում հաջողվում է 120-ից միավորել 60-ին։


«Բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ. մենք տեսանք, որ լիքն է, աշխատեցինք միասին ու հասցրինք պատրաստել այս ծրագիրը։ Խառը զգացողություններ ունեմ, որովհետեւ մենք մեր ափսեում չենք, սակայն ուրախ եմ, որ կարողացա այս տարի եւս հավաքագրել երեխաներին ու համերգային նոր նախագիծ պատրաստել։ Շուշին կորցնելուց հետո երկու տարի հաջորդաբար «Վարանդա» երգչախմբի տնօրինության եւ Արցախի մշակույթի նախարարության հետ «Երգող Արցախ» խորագրով ծրագիր իրագործեցինք Ստեփանակերտում։ Հիմա արդեն Ստեփանակերտն էլ մեր վերահսկողության տակ չէ, սակայն մեր հայրենիքում մենք շարունակում ենք ապրել երգով, ապրեցնել եւ երգել բոլոր նրանց փոխարեն, որոնք չկարողացան իրենց կյանքի երգն ամբողջությամբ երգել»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասում է Զաքար Քեշիշյանը։


Նրա խոսքով՝ դժվարն առաջին փորձն էր, բայց շուտով սառույցը հալվեց, եւ կարողացան ընկերական մթնոլորտում շարունակել փորձերը։ Կարճ ժամանակում՝ 19 փորձի ընթացքում, հասցրել են 16 երգ պատրաստել երեւանյան համերգի համար. «Երգացանկը կազմելիս նկատի եմ ունեցել խաղն ու զվարթությունը, ինչպես նաեւ ընտրել եմ հայրենասիրական խմբերգեր՝ մտածելով, որ այս փուլում սա է մեզ անհրաժեշտ։ Իսկ մեր փորձերը համեմվեցին նաեւ թատերական ու համերգային ծրագրերի այցերով, ականավոր երաժիշտների տուն-թանգարանների այցերով, որտեղ եւ կատարում էինք մեր օրվա փորձերը։ Մեզ միացել է դաշնակահար Նադեժդա Հակոբյանը։ Այդ բոլորով հարստացած՝ մենք պիտի ձգտենք չհուսահատվել եւ ամուր մնալ, պահել մեր դիրքերը, մինչեւ մեր հավերժական վերադարձը դեպի Արցախ աշխարհ, դեպի պատմական Հայաստան»։


Զաքար Քեշիշյանը «Վարանդա» երգչախումբը 1992 թվականին է հիմնադրել՝ նպատակ ունենալով պատերազմի արհավիրքն ապրող շուշեցի մանուկների դեմքին ժպիտ ուրվագծել, նրանց հետ երաժշտական ու հոգեւոր հարուստ ավանդույթներ ձեւավորել։ Հաջորդող տարիներին երգչախումբը պետականացվել է, եւ այժմ իր ստեղծագործական կյանքը շարունակում է երեք՝ մանկական, պատանեկան ու երիտասարդական կազմերով։ Երգչախումբն ավելի քան 200 համերգով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաեւ Հայաստանում ու Լիբանանում։ Հիմնադրման օրվանից խմբում երգել են ավելի քան 600 պատանիներ ու երիտասարդներ։


Չնայած հստակ ցանկություններին ու երազանքներին՝ Զաքար Քեշիշյանը նշում է, որ երգչախմբի ճակատագիրն անորոշ է. «Բոլոր դեպքերում ամեն ինչ պիտի անենք, որպեսզի շարունակություն ունենա»։


Կամերային երաժշտության տանը կազմակերպված համերգով շատ ոգեւորված էին փոքրիկ երգիչները։ Մինչ ծրագրի մեկնարկը միջանցքներում լսվում էր նրանց ուրախ բացականչությունները. անհամբեր էին ելույթ ունենալ։ Իսկ ահա համերգի սկսվելուն պես լուռ եւ զգաստ կանգնած են բեմում՝ փոխանցելով պատասխանատվության այն ամբողջ զգացումը, որ կիսում են իրենց խմբավարի հետ։ Հանդիսատեսի աչքերում էլ արտացոլված էին հիացումի, հպարտության, թախիծի, ուրախության եւ հույսի ապրումները. ամեն երգի հետ փոխվում էին զգացողությունները։ Եվ բոլորին միավորում էր սպասումը, թե երբ նորից հնարավոր կլինի խմբի նոր համերգները կյանքի կոչել։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW