«Ի վերջո թատրոնն էլ ռամիկի գործ է: Թատրոնը ցորենի դաշտ է, խոնավություն է սիրում արցունքի, մանավանդ՝ քրտինքի կաթիլների: Առանց դրա հացը կիսատ է մնում»՝ Սոս Սարգսյանի այս խոսքերով մեկնարկեց Համազգային թատրոնի 33-րդ թատերաշրջանը: Այն նվիրված է թատրոնի հիմնադրի եւ ժողովրդական արտիստի 95-ամյակին եւ ազդարարվեց նրա «Լակոտը» վիպակի հիման վրա համանուն ներկայացմամբ:
Բեմադրիչներ Նարինե Գրիգորյանը եւ Անդրանիկ Միքայելյանը, որը նաեւ Լակոտի գլխավոր դերակատարն է, մեծ պատասխանատվությամբ են մոտեցել գործին ու դեռ մարտից սկսած մանրակրկիտ աշխատել, որպեսզի ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես Սոս Սարգսյանը կհավաներ:
Ուսուցչից՝ Սարգսյանից ստացած հմտությունները Գրիգորյանն էլ իր աշակերտին՝ Միքայելյանին է փոխանցել, ու երկու սերունդների համագործակցությամբ ստացվել է հուզիչ եւ գեղեցիկ պատմություն:
Վիպակի գլխավոր հերոսուհին Սոս Սարգսյանի քույր Սեդան է, որը ներկայացման մեջ դարձել է Թագուհի (Միլենա Ղազարյան) եւ խելքահան արել երկու մտերիմ ընկերներ Լակոտ մականունով Գրիգորին (Անդրանիկ Միքայելյան) ու Կառլենին (Հայկ Պետրոսյան): Նա համարձակ է, քմահաճ, չարաճճի, կամակոր ու հաստատ գիտի՝ ինչ է ցանկանում: Իսկ նրա սրտի ուզածը Գրիգորն է, որին չի վարանում առաջինն ուշադրության նշաններ ցույց տալ, անգամ համբուրել ու պահանջել, որ անձրեւոտ օրերին իրեն շալակած դպրոց տանի: Ընկերներն էլ անտարբեր չեն Թագուհու նկատմամբ. եթե Գրիգորը վայելում է սիրելիի ներկայությունն ու ճախրում դրանից, ապա Կառլենը խանդում ու խելագարվում է նրանց միասին տեսնելիս եւ փորձում ամեն կերպ դավեր նյութել:
Համազգայինի բեմը 2 ժամով հանդիսատեսին տեղափոխում է խորհրդային տարիներ, սիրո այդ հուզիչ ու դրամատիկ ընթացքը պատմիչները՝ Դավիթ Հակոբյանն ու Տաթեւ Ղազարյանն են ներկայացնում, որոնք ժամանակ առ ժամանակ նաեւ փոքրիկ դերակատարումներ են ունենում եւ նույնիսկ երգում: Առհասարակ երգում են բեմում գտնվող գրեթե բոլոր դերասանները՝ հուզիչ, հայկական մեղեդիներով ու հոգուն դիպչող հնչյուններով:
Բեմն առանց ավելորդությունների է, հասարակ, բայց նաեւ տպավորող. այն մեկ դպրոցի դասարանի է վերածվում, մեկ սիրահարների ժամադրության այգու կամ էլ գետակի, որտեղ դպրոցականներն են լողում: Փոխվում են նաեւ տարվա եղանակները՝ ամառը վերածվում է բքաբեր ցրտի, ու ձյան վրա քայլերի ձայնը հիշեցնում է մոտեցող ձմռան մասին:
Կյանքի այդ փոփոխությունների ֆոնին անհավանական կերպով զանազանվում են Թագուհու զգեստներն ու յուրովի տրամադրություն հաղորդում՝ մեկ նա երկարափեշ ու բաց կապույտով է, ապա վառ դեղինով, հետո ծաղկավոր է դառնում, հարսի հագուստ կրում ու վշտի հարվածներից հետո հայտնվում տաք շալի մեջ փաթաթված: Թվում է՝ ոչինչ ու ոչ ոք չի կարող կոտրել նրա խանդավառությունն, ու ամբողջ կյանքում «Լակոտ ջան»-ի հետ, ինչպես նա էր անվանում Գրիգորին, ճախրելու է ճոճանակների վրա, որոնք եւս ասելիքի ու բեմադրության առումով առանցքային տեղ ունեն ներկայացման մեջ. հերոսների ուրախությունների եւ դժբախտության լուռ վկան են:
Գրիգորը մատնության զոհ է դառնում ու աքսորվում Սիբիր, Թագուհին վշտից երկար ժամանակ ուշքի չի գալիս, նրա փոխարեն որոշում են, որ պետք է կյանքը շարունակի, ու ամուսնացնում են Կառլենի հետ: Մեծ սիրո կորստի, բայց նրան երբեք չդավաճանելու մասին է Սոս Սարգսյանի վիպակը, որի մասին Ալբերտ Մկրտչյանն է ֆիլմ նկարել, սակայն այն անավարտ է մնացել:
Նարինե Գրիգորյանը BRAVO.am-ին պատմել է՝ երբ Սարգսյանի 95-ամյակի առիթով նոր գործ փնտրելիս են եղել, ընտրությունը կանգ է առել «Լակոտ»-ի վրա: Ամեն տարի դերասանի տարեդարձին նրա բեմադրած «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանն» են խաղացել, բայց 95-ամյակը պետք էր առանձնահատուկ կերպով նշել:
«Երբ վիպակը կարդացի, զգացի նրա երիտասարդական ավյունն ու սերը, հասկացա՝ հաջողելու համար անհրաժեշտ են նաեւ ջահելի մտահղացումները: Անդրանիկն էլ շատ էր հավանել գիրքը, եւ քանի որ նաեւ Լակոտի դերն էր խաղալու, չուզեցի նրան միայնակ թողնել: Մեկը պետք է լիներ, որ կողքից նայեր ու խորհուրդներ տար: Այդ ընթացքում բեմադրում էի «Բարկանո՞ւմ ես…»-ը, եւ «Լակոտը» միայնակ սկսեց, իսկ ես նրան միացա հետո: Շատ բան հենց Անդրանիկի ուզածով ենք արել: Ստացվում է՝ երկու բեմադրիչներով ենք ստեղծել ներկայացումը: Ազնավուրի մասին ֆիլմում աշխատելիս եմ տեսել, թե ոնց էին երկու մարդ հարգում իրար ու միմյանց խոսքն առաջ տանում: Ինձ համար շատ կարեւոր է, որ 2 արվեստագետ կարողանում են սիրել իրար ստեղծածը: Կարծում եմ՝ մենք սիրեցինք միմյանց մտքերը»,-ավելացրել է Գրիգորյանը։
Միքայելյանն էլ խոստովանել է, որ Գրիգորյանի առաջարկները սրտի թրթիռով է ընդունում ու հավատում նրա մտահղացումներին. «Գործը կարդալիս էլ շատ-շատ տպավորվեցի, ինձ դուր եկավ այդ անսահման պարզությունը: Ուսանող տարիներին Ռոմեո եմ խաղացել ու զգացել այդ եվրոպական, իսկ հետագայում՝ ռուսական սերերը, բայց հայ տղայի սերը շատ է առանձնանում։ Այն ինձ օգնեց զգալ հայի հողեղեն, բնական ու իսկական լինելը: Սոս Սարգսյանի ներկայացրած սերն ու կորստի ցավն ինձ գերել են»:
Բեմադրելու ընթացքը դերասանը վայելել է, հետագայում մտադրություն ունի այն ավելի խոր ուսումնասիրել: Այնքան է կլանվել ներկայացմամբ, որ վերջին փորձի ժամանակ նույնիսկ ձայնն է կտրվել ու այդպես էլ խաղացել է պրեմիերան:
Նարինե Գրիգորյանի խոսքով՝ քանի որ Սոս Սարգսյանը շեքսպիրյան դերասան էր, սիրում էր կրքերի ծավալները մեծ ներկայացնել, եւ սիրային այս եռանկյունու մասին էլ շատ խոր ու համամարդկային ցավի լեզվով է գրել: Նշում է, որ ամեն հեղինակ ինքն է ուղղորդում, թե ինչպես են աշխատելու բեմում: Պարույր Սեւակի «Մարդն ափի մեջ»-ը բեմադրելիս իրենց պահելաձեւն ու հարաբերությունները լրիվ այլ են եղել, իսկ ահա պապիին, ինչպես Սոս Սարգսյանին են անվանում Համազգայինում, լավ գիտեին եւ ամեն ինչ նրա սրտով են արել:
«Գիտեինք, որ սուլել սիրում է: Մի անգամ նույնիսկ դերասանուհիներից մեկին խնդրել է սուլելով մտնել բեմ, երբ իմացել է՝ չի կարողանում, ասել է. «Բա էսքան տարի ինչո՞վ ես զբաղվել»: Դրա համար էլ Միլենան սովորեց սուլել եւ չարություններ անել: Ներկայացման ժամանակ էլ պապիի սիրած երգերն են հնչում, որոնց թվում է «Սեւ ագռավը». այն քրոջ՝ Սեդայի հետ այնքան սիրուն էին երգում: Ամեն ինչ նրա ուզածով ենք արել ու ցույց տվել հարաբերություններում իր հավանած մասշտաբը, զգացել ենք Սարգսյանին, այլ ոչ թե հատուկ մտածել, թե ինչը կսիրեր: Իսկական պահն էր, որ այդ ամենը լիովին արտահայտեինք՝ բեմում Համազգայինի դերասաններն են խաղում ու երգում պապիի համար»:
Բեմադրիչն անկեղծանում է, որ հիվանդագին պատասխանատվությամբ են ներկայացումն արել, ինչպիսին թատրոնում երբեք չեն ունեցել: Անգամ երբ փորձերից որեւէ մեկը չէր ստացվում, ողջ անձնակազմը սուգի մեջ էր լինում: Գրիգորյանը վստահ է, որ հանդիսատեսը կզգա իրենց սերն ու հարգանքը Սարգսյանի նկատմամբ:
Ներկայացման համար Միլենա Ղազարյանը կերպարանափոխվել է. արտաքուստ էլի նուրբ ու գեղեցիկ է մնացել, սակայն փոխվել են շարժուձեւն ու համարձակությունը: Նա սուլում է, գետնին տապալում Լակոտին, հարվածում ու սպի թողնում քունքին, չարաճճիություններ անում, բայց միաժամանակ էլ կանացի մնում:
Դերասանուհին նշել է, որ առաջին անգամ է այդքան համարձակ դեր մարմնավորել ու շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին իրեն վստահելու համար, քանի որ նույնիսկ ինքը չի հավատացել սեփական ուժերին. «Ինձ համար մեծ փորձություն էր»:
Խոստովանել է, որ վիպակի շնորհիվ Սոս Սարգսյանին նորովի է ճանաչել ու հավանել նրա պարզ եւ մաքուր գրելաոճը. «Այդ պարզության հետ մեկտեղ այնքան խորություն կա, Սարգսյանը շատ լավ է նկարագրել փոխհարաբերություններն ու այդ ժամանակաշրջանը, թե ինչպես էին մարդկային կյանքերը կործանվում ստալինյան բռնաճնշումներից: Սարգսյանի գործերում սերը, կրքերն ու դավաճանությունը շատ մեծ չափերով են արտահայտված: Ներկայացման շնորհիվ եւս մեկ անգամ հասկանում ես, որ պետք է սիրել ու չկորցնել այդ սերը։ Որքան էլ «Լակոտը» դաժան է, բայց ինձ համար այն մեծագույն սիրո մասին է: Մարդկանց էլ ներկայացումը սեր է տալու ու նրանց հոգում հետք թողնելու»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսնկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: