×


Լուսանկարը՝ Մելքոն Աջամյանի

Հայաստանյան օրեր՝ Փարիզի ֆիլհարմոնիկում

Սեպտեմբերի վերջին հանգստյան օրերը Փարիզի ֆիլհարմոնիան նվիրել էր Հայաստանի մշակույթին։ «Մի երկրի երաժշտական դիմանկար, որտեղ մշակութային ժառանգության պահպանումը դարավոր պայքար է, եւ որտեղ ավանդույթը ներթափանցում է ժամանակակից ստեղծագործություն»՝ այսպես էր ներկայացված Հայաստանը։

Չորս օր՝ բացահայտելու մեր երկրի մշակույթը՝ համերգների, սեմինարների եւ կլոր սեղանների միջոցով: Ֆրանսիացիները հայկական երաժշտությանը ծանոթացան լավագույն երաժիշտների կատարմամբ։

Ջութակահար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Մայրիկ» խորագրով համերգը՝ հայկական ծագում ունեցող եւս երկու երաժշտի հետ։ Հայկական ջազի տոն պարգեւեց ճանաչված դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը. նա ներկայացրեց իր «Հազարան բլբուլ» նոր ալբոմը։

Լուսանկարը՝ Արա Շահնազարյանի


Երիտասարդ ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը հանդես եկավ դաշնամուրային մենահամերգով: Նրա արվեստը սերտ կապված է հայկական երաժշտության հետ։ Երկու համերգ նվիրված էր մեծանուն ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին՝ «Lamoureux» նվագախումբը ներկայացրեց «Սիմֆոնիկ Ազնավուրը»: Բեմում բազմաթիվ հայտնի երգիչներ սիմֆոնիկ կատարումներով հնչեցրին ֆրանսիական երգի մեծանուններից ամենահայի՝ Շառլ Ազնավուրի երգացանկը՝ նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։

Անհնար է Հայաստանի երաժշտական ժառանգությունը ներկայացնել առանց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Ռապսոդիա» կոնցերտը թավջութակի եւ նվագախմբի համար՝ «Խաչատրյան» խորագրով։ Նվագախումբը ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի նվագակցությամբ կատարեց հատվածներ նրա բալետից եւ այլ ստեղծագործություններից։

Լուսանկարը՝ Արա Շահնազարյանի


Փարիզի հանրահայտ Ֆիլհարմոնիկն այսպես էր նկարագրել հայկական միջոցառումը. «Հնդեվրոպական քաղաքակրթությունների օրրան Հայաստանը որքան հարուստ, այնքան ալեկոծված պատմություն ունեցող երկիր է։ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածվում է պատմական հայկական տարածքի միայն մեկ տասներորդի վրա, եւ հայերի մեծ մասն ապրում է ներկայիս երկրի սահմաններից դուրս: Այս սփյուռքի մեծամասնությունը ձեւավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ երիտթուրքական ազգայնական շարժման կողմից կազմակերպված հայերի Ցեղասպանությունից հետո։ Օրերը, որ Ֆիլհարմոնիան նվիրում է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ գտնվող այս երկրին, հնարավորություն է բացահայտելու ինչպես նրա երաժշտական ժառանգությունը, այնպես էլ նրա հատումներն այլ մշակույթների հետ իր տարագրության ընթացքում, ինչպես նաեւ նրա ժամանակակից արտահայտությունները»:

Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW