«Մենք ընկերներ չէինք, բայց հաճախ էինք հանդիպում, շփվում: Ես անմիջապես ընկալեցի Փարաջանովի գեղագիտությունը, ընդունեցի նրան որպես անհատի ու նկարչի, եւ կարծում եմ՝ հասկացա նրան». նկարիչ Հենրիկ Սիրավյանի մտքերն են Սերգեյ Փարաջանովի մասին։ Այս երկու մեծանուն ստեղծագործողների կերպարները հանդիպել են ու յուրօրինակ երկխոսությամբ ներկայանում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Սիրավյանի Փարաջանովը» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Հենրիկ Սիրավյանի 95-ամյա եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին ու ներկայացնում է նկարչի՝ Փարաջանովին պատկերող հինգ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը ներառում է նաեւ կինոռեժիսորի թանգարանի հավաքածուից գործեր, որոնք առավել ընդգրկուն են դարձնում Փարաջանովի «սիրավյանական» կերպարը:
«Սերգեյ Փարաջանովի էքսցենտրիկ կերպարը կերտելիս Սիրավյանը ցուցաբերել է առանձնահատուկ մոտեցում, ինչն էլ խոսում է պորտրետային ճկուն վրձնի մասին: Հանճարեղ ռեժիսորը, որն իր կյանքը յուրօրինակ ձեւով էր ապրել եւ վերածել արվեստի, դիմակայելով կյանքի դժվարություններին, ազատազրկմանը, հետապնդումներին՝ Սիրավյանի գործերում ձեռք է բերել ֆանտաստիկ հերոսի դիմագիծ: Թեմատիկ կտավներում Փարաջանովը պատկերված է երեւակայական գունագեղ աշխարհում, որտեղ ամեն ինչ ինքնատիպ է ու գեղեցիկ, եւ այդ աշխարհի կենտրոնում հենց ինքն է՝ մարդ-տոնը»,- իր խոսքում նշել է ցուցահանդեսի համադրող Զարուհի Դիլանյանը։
Նա պատմել է, որ ամիսներ շարունակ նկարչի որդու՝ Գագիկ Սիրավյանի հետ աշխատել են պատկերագրքի ստեղծման եւ ցուցահանդեսի կայացման շուրջ։ Եռալեզու պատկերագրքում ներառված են այն բոլոր աշխատանքները, որոնք ներկայացված են ցուցահանդեսում։
Գագիկ Սիրավյանը խոստովանում է՝ ցուցահանդեսին ներկա մարդիկ կարծես ոչ թե պարզապես ծանոթ ու անծանոթ այցելուներ լինեն, այլ իրենց ընտանիքի հյուրը, որ եկել ու կիսում են իրենց ուրախությունը. «Ցուցահանդեսները տոն են ոչ միայն արվեստասեր մարդկանց համար, այլեւ նկարների, որովհետեւ գաղտնիք չէ՝ դրանք տարիներ շարունակ մի անկյունում սպասում են իրենց ժամին՝ կարոտ լինելով մարդկանց աչքերին, լույսին, հանդիսատեսի հետ շփմանը, հարաբերություններին, որը շատ կարեւոր է։ Ափսոս՝ մայրս հիվանդության պատճառով չի կարողանում տնից դուրս գալ, բայց ամենից շատ հենց նա կուրախանար այստեղ լինելու համար. սա նրա երազանքն էր։ Հայրս կենդանության օրոք միայն մեկ անհատական ցուցահանդես է ունեցել՝ 1993 թվականին, այն էլ նորից մորս հորդորով էր բացվել»։
Փարաջանովին նվիրված ցուցահանդեսն Ազգային պատկերասրահում բաց է լինելու մինչեւ հոկտեմբերի վերջ։ Այստեղ կարելի է տեսնել անվանի ստեղծագործողին նվիրված ամբողջական մի քանի շարք՝ նրան բնորոշող խորհրդանիշներով ու թեմաներով, հաճախ վառ ու արտահայտիչ գույներով, խոսուն հույզերով ու զգայական տարբեր դրսեւորումներով։
«Մենք, իհարկե, նրան չպահպանեցինք։ Արդարացումներ չկան. նրան պետք էր ձեռքերի վրա տանել, իսկ այս դիմանկարները միայն մեղքերի քավության փորձ էին»,- հավելում է մեծանուն նկարիչն իր հուշերում՝ որպես փարաջանովյան դիմանկարների պատմության ամփոփում։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: