×


ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը ներկայացրել է նոր կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան

Մատենադարանի ձեռագիր հավաքածուները, փաստաթղթերը եւ արխիվային այլ արժեքավոր նյութերն այսուհետ վերականգնման նոր ու որակապես միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան գործընթացներ են անցնելու։ ԱրարատԲանկի, Եվրամիության ու ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում Մատենադարանում բացվել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան։


Սա որակապես նոր հարթության վրա է դնելու Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում եւ էապես նպաստելու է կառույցի նոր ծրագրերի իրականացմանը։ Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել հաստատության դերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում՝ ներառելով աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ հոգեւոր-ձեռագրական կենտրոնները։


Պատահական չէ, որ ԱրարատԲանկը ոգեւորությամբ կանգնել է Մատենադարանի կողմից իրականացվող այս ծրագրերի կողքին։ Ընկերությունը կարեւորվում է արժեքների ստեղծումն ու պահպանումը, ազգային առաջընթացին նպաստող մեծ ու փոքր քայլերի նախաձեռնումը:


«Չնայած թվում է, թե Մատենադարանն ու ֆինանսական կառույցը ըստ էության տարբեր հարթություններում են գտնվում, սակայն այդպես չէ։ Մեծ երջանկություն եւ հաջողություն ենք համարում Մատենադարանի հետ այս արժեքների կողքին կանգնելն ու աջակցելը։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային սեմինարին, այն արդեն 13-րդ անգամ Հայաստանում է մեկտեղում տասնյակ միջազգային կառույցների ու հեղինակավոր ինստիտուտների ներկայացուցիչների, ձեռագրագետների, վերականգնող մասնագետների ու փորձի փախանակման մեծ հնարավորություն ընձեռում։ Վստահ եմ՝ ապագայում եւս կշարունակենք մնալ հավատարիմ գործընկերներ»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։


Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տարբեր երկրների առաջատար թանգարաններում եւ գրադարաններում ծանոթանալով վերականգնման գործին, հավաստիացել է՝ մրցունակ, որոշ հարցերում նաեւ անմրցելի վերականգնման բաժին ունենք. «Ինչ վերաբերում էր կենսաքիմիական հետազոտությունների ոլորտին, այստեղ իսկապես մեծ աշխատանք կար անելու․ գիտությունն այսօր առանց համապատասխան տեխնոլոգիաների կիրառման ուղղակի դժվար է պատկերացնել։ Ի դեմս ԱրարատԲանկի՝ մենք նվաճում ենք հովանավորչության մի նոր մակարդակ, երբ հովանավորը չի դիրքավորում իրեն իբրեւ հովանավորի, առավել եւս չի դիրքավորում իրեն որպես աջակցողի, այլ սա անում է քրիստոնյայի խոնարհությամբ եւ այն բարձր գիտակցությամբ, թե ինչ է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, իսկ ես միշտ ասել եմ, որ սա համահայկական պատասխանատվության կենտրոն է, եւ բոլոր կարող հայերը, հաջողակ հայերը, բոլոր մեծ ներուժ ունեցող կենտրոններն ու կառույցները իրենց մասնակցությունն այս կամ այն կերպ պետք է բերեն Մատենադարանի առաջընթացին եւ հավիտենականությանը»։


Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանն էլ ընդգծել է՝ մեր ձեռագիր հավաքածուները գիտելիքների անսպառ աղբյուր են, ու եթե ճիշտ օգտվենք այդ գիտելիքներից, կարելի է միջազգային գիտական լայն ասպարեզներում հանդես գալ․ «Խոսքն այս դեպքում մեր միջնադարյան բուժարանների մասին է, որ հնարավոր է տարբեր բաղադրատոմսերի հիման վրա ստեղծել հականեխիչ, հակասնկային նյութեր՝ հիմքում ունենալով հայկական բնաշխարհի բույսերը։ Այսօր շատ երջանիկ ենք, որ շնորհիվ ԱրարատԲանկի՝ կարող ենք մեր աշխատանքները դարձնել մրցունակ։ Նորաստեղծ լաբորատորիան հնարավորություն կտա վերականգնման աշխատանքները կատարել առավել բարձր մակարդակով»։


«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն արդեն 13-րդ անգամ իր շուրջն է համախմբում աշխարհի՝ գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող կարեւոր հաստատություններին: Այս տարիների ընթացքում նախագիծը հյուրընկալել է ավելի քան 130 միջազգային կառույց, հարյուրավոր մասնագետների, հաստատել գործնական նոր կապեր: Մատենադարանն, ըստ էության, Հայաստանում գրավոր ժառանգության վերականգնման միակ պրոֆեսիոնալ կենտրոնն է եւ լավագույններից տարածաշրջանում: Բաժինն իր գոյության ավելի քան 60 տարվա ընթացքում կուտակել է հսկայական մասնագիտական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր եւ հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլեւ Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից։ Այս տարի սեմինարն անցկացվեց հոկտեմբերի 9-12-ը։


ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը վստահ է՝ Մատենադարանի եւ ԱրարատԲանկի միջեւ համագործակցությունը ոչ միայն ներդրում է հայ մշակույթի պահպանման գործում, այլեւ հնարավորություն է տալիս մասնակից լինել համաշխարհային նշանակության գիտական առաջընթացին. «Մենք հպարտ ենք, որ կարող ենք նպաստել այս կարեւորագույն առաքելությանը եւ վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կծառայի ապագա սերունդներին: Անձամբ ես մեծ կարեւորություն եմ տալիս ձեռագրերի պահպանմանը։ Ուսանողական տարիներիս, որպես արեւելագետ պատիվ եմ ունեցել Մատենադարանում ուսումնասիրել արաբական ձեռագրերը։ Այդ փորձառությունը ինձ ավելի խոր գիտակցություն է տվել մեր մշակութային ժառանգության կարեւորության մասին»:


Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է՝ Մատենադարանը տուն է դարձել ոչ միայն հայկական, այլեւ համամարդկային ժառանգության նմուշների համար, քանի որ մշակույթն ու մշակութային ժառանգությունը մարդկության գանձերն են, որոնց սահմաններն ազգային պատկանելությունից անդին են. «Մատենադարանն աշխարհում այն ուրույն հաստատությունն է, որտեղ պահվում են ձեռագրերի հարուստ հավաքածուներ եւ կուռ փորձագիտական ներուժ։ Եվրոպական միությունն իր «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին եւ կշարունակի համագործակցել այս կարեւոր կառույցի հետ՝ կարեւորելով մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված կայուն ջանքերը, որի կենսական բաղադրիչն, անշուշտ, տպագիր ժառանգությունն է։ Մեզ համար պատիվ է, որպես գործընկեր, համագործակցել աշխարհի տարբեր անկյուններից ոլորտի առաջատար փորձագետների համախմբող այս կարեւոր սեմինարի հետ»։


Միջոցառման շրջանակում բացվել է «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են վերականգնված նմուշներ ոչ միայն Մատենադարանից, այլեւ Հայաստանի այլ ցուցասրահներից։ Սա խոսում է այն մասին, որ նորաբաց լաբորատորիայում շարունակելու են վերականգնվել նաեւ այլ թանգարանների ու մշակութային կենտրոնների արժեքավոր նմուշները։ Ցուցադրությանը հաջորդել է «Ավետիս» լարային քառյակի համերգը։


Վերականգնված ձեռագրերի եւ գեղանկարների ցուցահանդեսը Մատենադարանում հանրության համար բաց կլինի հոկտեմբերի 15-ից եւ կսպասի իր այցելուներին։ Այստեղ ներկայացված նմուշները բերվել են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե․ Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Օրբելի եղբայրների տուն-թանգարաններից, արվեստի մյուս թանգարաններից ու Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW