«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան ընտանեկան հարցերի պատճառով չի մասնակցելու նոյեմբերի 16-ին Մեխիկոյում կայանալիք «Միսս տիեզերք 2024»-ին:
Ավելի վաղ «Միսս տիեզերք Հայաստանն» անցկացնելու թույլտվություն էր ձեռք բերել ուկրաինացի Յուլիա Պավլիկովան եւ մրցույթը կազմակերպել Մոսկվայում։ Այդ հանգամանքն առաջացրել էր նախորդ տարիների «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի 200-ից ավելի հայ մասնակիցների ու հաղթողների դժգոհությունը եւ նրանք արշավ էին սկսել դրա դեմ։
«Միսս տիեզերք Հայաստան-2021» Նանե Ավետիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ «Միսս տիեզերք Արմենիա»-ի հայտարարությունն անկեղծ չէ. «Ապշած ենք, որովհետեւ այս ընթացքում մեր աղջիկները հետեւել են Զախարովայի ինստագրամյան էջին ու տեսել նրա սթորիները Չինաստանից, որտեղ նա ժամանակ էր անցկացնում ռեստորաններում ու սրճարաններում: Դա մեծ հաշվով մեր գործը չէ, բայց գրել են, թե Զախարովայի հետ վատ բան է պատահել ու ընտանեկան խնդիրներ ունի, մինչդեռ նրա էջում տեսանյութեր են, թե ինչպես է զվարճանում»:
Խոստովանել է, որ մասնակցությունից հրաժարվելու իրական պատճառները չգիտեն, բայց չի բացառում, որ դա տեղի է ունեցել իրենց ձեռնարկած բողոքի արշավի արդյունքում. «Պարզել ենք, որ Զախարովան Հայաստանի քաղաքացի չէ, եւ միգուցե կազմակերպիչներին դա է ստիպել հետ կանգնել, կամ հնարավոր է՝ կազմակերպչական ներքին հարցեր ու գժտություններ են եղել: Հաստատ ոչինչ ասել դեռ չենք կարող: Զախարովան էլ նշել է, որ հանդես կգա մեկնաբանությամբ»:
Նանե Ավետիսյանը
Նա չի բացառում, որ մրցույթի համար նոր մասնակից կընտրվի, իրենք էլ սպասում են իրադարձությունների զարգացմանը, սակայն հանգիստ են այն առումով, որ մինչ այդ դիմել են բազմաթիվ քայլերի, որպեսզի կանխեն Հայաստանի անունից Իրինա Զախարովայի մասնակցությունը:
«Մեր թիմը տարբեր ուղղություններով է աշխատել, կապ է հաստատել ԿԳՄՍՆ-ի հետ, որից, ցավոք, որեւէ արձագանք չենք ստացել, դիմել ենք Մեքսիկայում Հայաստանի դեսպանատանը եւ «Միսս տիեզերք»-ի կազմակերպիչներին, նաեւ անհատներ ենք ներգրավել, որպեսզի նրանք էլ որոշակի ազդեցություն ունենան: Չենք կարող ասել, թե այդ քայլերից որոնք են ազդել որոշման վրա: Բայց կարեւորն այն է, որ հանրությունն էլ արձագանքեց ու իր դժգոհությունն արտահայտեց, բազմաթիվ լրատվամիջոցներ գրեցին խնդրի մասին, եւ չեղարկման պատճառ ինչ-որ չափով հանդիսացել է հայկական կողմի ըմբոստությունը»,- նշել է Նանե Ավետիսյանը:
Շատ է ցավում, որ հիմա միայն սպասողի դերում են լինելու, որպեսզի տեղեկանան զարգացումներին: Կարծում է՝ հետագայում պետք է իրենց ձեռքը վերցնեն մրցույթի կազմակերպումն ու Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը:
«Վատ է, որ «Միսս տիեզերք» մրցույթի շրջանակում Հայաստանի անունն այդպես անհարկի օգտագործվեց եւ ոչ պրոֆեսիոնալ ու սիրողականից ցածր մակարդակի մոտեցում ցուցաբերվեց, ինչը երբեք չի եղել: Որպեսզի ուրիշները չզբաղվեն, պետք է մեր ձեռքը վերցնենք, ոլորտը լուրջ ընդունենք, քանի որ ամբողջ աշխարհում «Միսս տիեզերքը» մեծ լսարան ու դիտելիություն ունի: Երբ որեւէ ոլորտում քո երկրին տեր չես կանգնում, շատ արագ այն ձեռքիցդ վերցնում են»,- շեշտել է Նանե Ավետիսյանը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Նանե Ավետիսյանի անձնական արխիվից եւ «Միսս տիեզերք Արմենիա»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: