Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը BRAVO.am-ին պատմել է ընտանիքով տոներն անցկացնելու ավանդույթի, ամուսնու՝ ջազմեն, կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարի Քյոսայանի հետ աշխատելու ու համատեղ առաջիկա ծրագրերի մասին:
Տարեդարձերը
Ասում են՝ մարդու կյանքում 2 օր է կարեւոր՝ երբ ծնվում է, եւ այն օրը, երբ հասկանում է, թե ինչի համար է ծնվել: Միշտ փառք եմ տալիս Տիրոջը, որ ինձ ինչ-որ բան է շնորհել, փորձում եմ արվեստում եւ ինքս ինձ հետ ազնիվ լինել։
Տարեդարձերս տարբեր կերպ եմ նշել: Մի տարի Համազգային եւ Սունդուկյանի անվան թատրոնները միասին Իրան հյուրախաղերի էին մեկնել, վերադառնալիս ավտոբուսում ենք տոնել։ Երկու թատրոններով շատ լավ ժամանակ ենք անցկացրել, ուրախացել եւ պարել։ Առհասարակ, ծննդյանս օրերը շատ եմ սիրում:
Իսկ ամենահետաքրքիրը նախորդ տարի էր՝ ֆիլարհմոնիկի եւ «Գարի Քյոսայան» ջազ քառյակի հետ համերգի ընթացքում: Վերջին շրջանում համերգի օրը փոխվեց ու անցկացվեց հենց ծննդյանս օրը: Երբ բեմ բարձրացա, նախանվագի ժամանակ Գարին երաժշտությունն արագ փոխեց ու նվագեց «Ծնունդդ շնորհավոր»-ը, ամբողջ դահլիճը հասկացավ, որ ծննդյանս օրն է: Մի քիչ շվարել էի, անսպասելի էր ու նաեւ հաճելի, որ նաեւ բեմում նշեցի։
Վերջին տարիներին աղջկա տարեդարձերն են շատ հետաքրքիր անցնում, քանի որ քրոջս ծնունդն էլ նույն օրն է, սիրում ենք ընտանիքներով հավաքվել։ Այդ օրը հարազատների համար ընտանեկան տոն է դարձել: Մարիայի հետ յուրահատուկ ենք պատրաստվում. նա ինձ շատ է օգնում, միասին ենք թխում տորթը:
Ծանոթությունը
Գարիի հետ ծանոթացել ենք շատ պատահական՝ եկեղեցում: Նրա երաժշտության երկրպագուն էի, սիրում էի ֆիլմերի համար իր գրած ստեղծագործությունները, նաեւ «Քեզ համար» սկավառակը: Գործնական հարաբերութուններ սկսվեցին, որոնք տեւեցին մոտ մեկ տարի: Հետաքրքրությամբ իմացավ, որ նաեւ երգչուհի եմ եւ ցանկացավ լսել ինձ: Միասին նոր ծրագիր էինք պատրաստում ու ջազ պարապում, եւ այդպես գործնականից անցում կատարեցինք դեպի ամուսնություն։
Ինչ խոսք, բարդ է աշխատել ընտանիքով, միակ անկրկնելի ու անփոփոխ տեղը բեմն է, որտեղ մենք կատարելապես հասկանում ենք իրար: Շատ հեշտ է Գարիի հետ աշխատել. իսկական պրոֆեսիոնալ է: Միշտ նրանից սովորելու բան կա, համերգների ծրագիրը հետաքրքիր է կազմում: Բեմում հնազանդ եմ, քանի որ լավ ճաշակ ունի, եւ վստահում եմ նրա ընտրությանը: Կարողանում է հանդիսատեսին կլանել ու բավականություն պարգեւել։
Վերջին 11 տարիներին հիմնականում համերգների կազմակերպչական հարցերով ես եմ զբաղվում՝ մանր աշխատանքներից մինչեւ լուրջեր։ Գարիի հետ համերգներ ենք ունեցել Հայաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում, շատ տարբեր երաժիշտների ենք հրավիրել:
Ժամանակակից աշխարհը փոխվել է, պետք է ժամանակակից լուծումներով կազմակերպել համերգները, այդ առումով շատ եմ օգնում Գարիին։ Նա էլ ինչ-որ տեղ գլուխ չի հանում այդ ամենից, նաեւ իրեն պետք էլ չեն, բայց ես սիրով եմ անում: Ուզում եմ՝ մեր համատեղ աշխատանքում ամեն ինչ լավ ստացվի, դրա համար էլ նաեւ պրոդյուսերական ու մենեջերական գործերում եմ խորացել:
Երեխայի դաստիարակությունը
Դժվար է լինել արվեստում եւ զուգահեռ էլ զբաղվել երեխայի դաստիարակությամբ: Մարիայի ուսման հետ կապված բոլոր հարցերը հիմնականում ինձ վրա են: Միասին շատ ժամանակ ենք անցկացնում, երբեմն ինձ հետ տանում եմ տարբեր համերգների ու ներկայացումների: Ամեն ինչ հասցնելու հարցում միակ փրկությունն իմ արագաշարժությունն է ու արագ կողմնորոշվելու ունակությունը:
Մարիայի մեջ արդեն արվեստի նկատմամբ որոշակի ճաշակ է ձեւավորվել: Փորձում ենք ամենագեղեցիկն ու լավը սերմանել, որ որպես մարդ ճիշտ ձեւավորվի։ Իմ ընկերուհին է, ամեն տեղ միասին ենք գնում, երբեմն ձանձրանում է, բայց իրեն համոզում եմ, որ պետք է մինչեւ վերջ ու ամեն ինչ լսել, այդ թվում՝ դասական կատարումներ: Փորձում ենք արվեստի լավագույն նմուշները ցույց տալ նրան:
Սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, տարբեր նախասիրություններ ունի, նաեւ նկարում է ու պատրաստել սիրում: Հայրիկի հետ շատ ժամանակ են անցկացնում խոհանոցում, եւ այդ իմաստով գործս թեթեւանում է՝ երկուսով կարող են գլուխ հանել ընթրիքից կամ ճաշից:
Դե, տանը երաժշտության պակաս չկա, Գարիի գետ միասին էլ են նվագում, տարբեր բաներ հնարում ու ստեղծագործում: Սիրում է նաեւ թատրոնը, բայց դա քիչ է. պետք է ամեն ինչ լավագույն ձեւով անել, ինքն էլ գիտի: Չեմ սիրում երեխայի մասին ասել՝ տաղանդավոր է: Տարբեր հետաքրքրություններ ունի: Ամեն ինչն էլ կարեւոր է, թող զբաղվի, հենց դրանք են ձեւավորելու նրա տեսակը:
Ազնավուրին նվիրված ներկայացումը
2019-ի սեպտեմբերին հետաքրքիր նախագիծ ներկայացրինք՝ Շառլ Ազնավուրի մահվան տարելիցի նախօրեին Համազգային թատրոնում խաղացինք «Ազնավուր» ջազ համերգ-ներկայացումը: Բեմականացման հեղինակը ես էի, իսկ Գարի Քյոսայանն իր ջազ քառյակով նվագակցում էր մեզ:
Խաղում էինք ես, Ստեփան Ղամբարյանն ու Նարեկ Բաղդասարյանը: Երեքով ներկայացնում էինք Ազնավուրին՝ ծնունդից մինչեւ փառահեղ հաղթական ճանապարհը, որը լի էր վայրիվերումներով, հույզերով, տառապանքներով, կորցրած սերերով եւ դժվարություններով։ Այդ ամենն արել ենք հումորով ու զավեշտալի դրվագներով, պատմել ենք նաեւ դրամատիկ իրադարձությունների մասին: Կերպարներով անընդհատ փոխվում էինք, շատ ինքնատիպ ներկայացում է ստացվել, բայց մի քանի անգամ խաղացինք միայն ու հասցրինք ցուցադրել նաեւ մարզերում:
Հիմա նորից ենք որոշել անդրադառնալ այս ներկայացմանը: Բեմադրության առումով ինձ Նարինե Գրիգորյանն է օգնել, ինչի համար շնորհակալ եմ նրան, պարերն Ինեսա Արզաքանցյանինն են, իսկ երաժշտական ձեւավորումն արել է Գարի Քյոսայանը եւ յուրահատուկ ջազային կերպով ներկայացնել Ազնավուրին։
Իր գրքերում էլ, որոնց հիման վրա արել եմ բեմականացումը, հետաքրքիր ձեւով պատմել է, որ սկզբում Եվրոպայի համար ջազը էկզոտիկ էր, բոլորն ազդվում էին ու ցանկանում իրենց ստեղծագործությունները ջազային տարրերով համեմել: Այդ ազդեցություններն իր երգերի ու նաեւ «Ջազնավուր» ալբոմում են երեւում:
Նոյեմբերի 12-ին կրկին կխաղանք «Ազնավուր» համերգ-ներկայացումը, այս անգամ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Կարծում եմ՝ հանդիսատեսը բարձրաճաշակ ներկայացում դիտելու կարիք ունի: Կարոտով ու ափսոսանքով եմ հիշում, որ այդքան քիչ խաղացինք, բայց այդ բացը հիմա կլրացնենք ու ավելի մեծ լսարանի կներկայացնենք:
Մեր ներկայացումից շատերն են ոգեշնչվել. վերջին շրջանում Ազնավուրի մասին շատ ներկայացումներ են բեմադրվել, բայց մերն իր տեսակով առաջինն էր։ Եվ քանի որ նրա 100-ամյա հոբելյանի միջոցառումները ընթացքի մեջ են, հանդիսատեսին գեղեցիկ շոուի մասնակիցը կդարձնենք:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ալլա Սահակյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: